Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-258
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.07.2015-09.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.11.1998
Дата вступления в силу
30.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 հոկտեմբերի 1998 թ.

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 2. «Զինծառայող» հասկացությունը

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:

(2-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-173-Ն, 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

 

Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, այդ թվում՝ երկրապահ կամավորականները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 29 (երրորդ մաս), 33 (երկրորդ, երրորդ և չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 38 հոդվածով նախատեսված դրույթները.

դ) (կետն ուժը կորցրել է 02.11.07 ՀՕ-250-Ն)

ե) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք՝ նրանց վրա տարածվում են սույն օրենքի 32-րդ հոդվածի յոթերորդ մասով, 33-34 հոդվածներով, 37 հոդվածի երրորդ մասի «ա» կետով, 38-40 հոդվածներով նախատեսված դրույթները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:

(3-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-204, խմբ. 15.05.01 ՀՕ-186, փոփ. 18.11.03 ՀՕ-36-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-57-Ն, փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-225-Ն, 02.11.07 ՀՕ-250-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-287-Ն, 06.12.07 ՀՕ-289-Ն, 17.11.09 ՀՕ-219-Ն, փոփ.  22.12.10 ՀՕ-248-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-21-Ն, 19.06.13 ՀՕ-76-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-160-Ն)

 

Հոդված 4. Պետական մարմինների և գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում

 

Համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները, զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով, պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(4-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 6. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 7.

Կենսաթոշակների նշանակման պայմանները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 12. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի հաշվարկման կարգը և պայմանները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները 

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 14. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 15. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 17. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

 

Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 19. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 22. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 23. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների բողոքարկումը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 27. Պահումներ կենսաթոշակից

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 28. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29. Զինծառայողների աշխատանքային երաշխիքները

 

Զինծառայողները` բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը դադարեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելն իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին, զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` երկամսյա ժամկետում, ընդունել աշխատանքի` նախկինից ոչ ցածր պաշտոնով:

Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, զինծառայողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են աշխատանքում թողնվելու նախապատվության իրավունքից:

 

Հոդված 30. Զինծառայողների դրամական ապահովությունը

(վերնագիրը խմբ. 09.06.14 ՀՕ-56-Ն)

 

1. Զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու հիմնական միջոց է:

2. Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համապատասխան ոլորտները կարգավորող օրենքների պահանջներին համապատասխան:

3. Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և հավելավճարներից: Սույն հոդվածով զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի վրա:

5. Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով:

7. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է 7 մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում սահմանվում է նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու` բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:

8. Առաջին անգամ զինվորական պաշտոնում նշանակված անձի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:

9. Նախորդ պաշտոնի նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր պաշտոնի նշանակված զինծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է նոր պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:

10. Զինծառայողին զինվորական ծառայության ստաժի համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը:

11. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է հետևյալ սխեմայով.

1) 1-7-րդ մակարդակների համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի միավոր ավելացում` կախված զինվորական ծառայության ստաժից.

2) մինչև 2 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 1-ին մակարդակի գործակցի միջոցով.

3) 2-ից մինչև 5 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 2-րդ մակարդակի գործակցի միջոցով.

4) 5-ից մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 3-րդ մակարդակի գործակցի միջոցով.

5) 10-ից մինչև 15 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 4-րդ մակարդակի գործակցի միջոցով.

6) 15-ից մինչև 20 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 5-րդ մակարդակի գործակցի միջոցով.

7) 20-ից մինչև 25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 6-րդ մակարդակի գործակցի միջոցով.

8) 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 7-րդ մակարդակի գործակցի միջոցով.

9) սանդղակի 7-րդ մակարդակից պաշտոնային դրույքաչափը մնում է անփոփոխ:

12. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճի հերթական միավոր ավելացումն իրականացվում է սահմանված զինվորական ծառայության ստաժը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից:

13. Կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելու կամ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություն ընդունվելու կամ վերադառնալու կապակցությամբ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ թողնված, ինչպես նաև արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանվում է օրենքով սահմանված կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածի համար:

14. Ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններն ավարտած և սկզբնական սպայական զինվորական կոչում ստացած զինծառայողների համար՝ մինչև պաշտոնի նշանակումը, իսկ ռազմաբժշկական ուսումնական հաստատություններն ավարտած և ինտերնատուրայում կամ օրդինատուրայում սովորելու հրամանագրված զինծառայողների համար՝ նաև ինտերնատուրայում և օրդինատուրայում սովորելու ընթացքում, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպայական կազմի նվազագույն խմբի 2-րդ մակարդակի գործակցով:

15. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ուսման (այդ թվում` որակավորման բարձրացման նպատակով տարբեր դասընթացներ, կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա, ասպիրանտուրա, ադյունկտուրա) կամ օտարերկրյա պետություններ ծառայության գործուղված և զինվորական պաշտոնից ազատված զինծառայողների համար ուսումնառության ընթացքում պահպանվում է զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնային դրույքաչափը:

16. Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա (զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

17. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողներին դրամական ապահովություն չի հաշվարկվում:

18. Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

19. Ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) աշխատանքների որակյալ կատարման համար զինծառայողներին կարող են տրվել պարգևատրումներ` օրենքով սահմանված կարգով:

(30-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-104-Ն, լրաց. 13.11.12 ՀՕ-203-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-160-Ն, 09.06.14 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 30.1.

Զինծառայողների պարենային և իրային ապահովությունը

 

1. Զինծառայողները, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ պարենային և իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պարենային և իրային ապահովության կարգը ներառում է սննդով և իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, հատկացվող սննդի տեսականին ու դրանց օրական չափաբաժինները, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Կառավարության սահմանած դեպքերում իրային ապահովությունը կարող է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ:

2. Զինծառայողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների սննդի ու իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(30.1-ին հոդվածը լրաց. 09.06.14 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 30.2.

Զինծառայողներին տրվող դրամական օգնությունները

 

1. Երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով տրվում է դրամական օգնություն`

1) 3 տարուց մինչև 10 տարի զինվորական ծառայության համար.

2) 10 տարուց մինչև 15 տարի զինվորական ծառայության համար.

3) 15 տարուց մինչև 20 տարի զինվորական ծառայության համար.

4) 20 տարուց մինչև 25 տարի զինվորական ծառայության համար.

5) 25 և ավելի տարի զինվորական ծառայության համար:

2. Մինչև 3 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է դրամական օգնություն` վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով:

3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ընտանեկան պայմաններից ելնելով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողների համար հաշվարկվում է դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նույն կազմից այն զինծառայողի համար, որի ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են, դրամական օգնությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական օգնության իրավունք տվող պայմանագրային զինվորական ծառայության համապատասխան ստաժում:

4. Զինվորական ծառայության ընթացքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու կամ զինվորական կոչումից զրկվելու կապակցությամբ կամ կարգապահական տույժի կարգով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված նախկին զինծառայողն օգտվում է դրամական օգնություն ստանալու իրավունքից զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված զինվորական ծառայության ստաժի համար սահմանված չափով, եթե չի դիմել վերականգնվելու զինվորական ծառայության մեջ: Նշված դեպքում զինծառայողի զինվորական ծառայության ժամկետը` մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակվելը, համարվում է անընդմեջ:

5. Նախկինում զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից հերթական անգամ արձակելիս դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զինվորական ծառայության լրիվ ստաժի մեջ առանձին ժամանակահատվածների համար սահմանված դրամական օգնության չափի տարբերության չափով: Ընդ որում, հերթական անգամ հաշվարկվող և նախկինում հաշվարկված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված չափը: Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և օրենքով սահմանված այլ հիմքով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակելիս դրամական օգնություն հաշվարկվում է կրկին զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածին համապատասխան սահմանված չափով:

6. Պայմանագրի ժամկետը լրացող և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած զինծառայողին իր ցանկությամբ տրվում է դրամական օգնություն` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխան սահմանված չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված դրամական օգնությունը համապատասխան ստաժի շրջանակներում տրվում է մեկ անգամ, ինչպես նաև դրա հաշվարկման համար կիրառվում են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնները:

7. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), ինչպես նաև նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով`

1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կիլոմետր լինելու դեպքում.

2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կիլոմետրը գերազանցելու դեպքում:

8. Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`

1) զինծառայողի ամուսնության կամ

2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ

3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ

4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:

9. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

10. Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա:

11. Սույն հոդվածի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և համատեղ բնակվող ծնողները:

12. Սույն հոդվածով սահմանված դրամական օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(30.2-րդ հոդվածը լրաց. 09.06.14 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 31. Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակը

 

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակի տևողությունն ու բաշխումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ օրենսդրական ակտերով:

Զինավարժությունները, մարտական հրաձգությունները և մարտական հերթապահություններն անցկացվում են շաբաթվա ցանկացած օր` առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերումով զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:

Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):

Զինծառայողների վերակարգերը և հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:

 

Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդ տալը

 

Ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է`

մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,

15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,

25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի համար` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:

Զինծառայողի կնոջը (ամուսնուն), իր ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու (կնոջ) արձակուրդի հետ միաժամանակ:

Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Ուղեգրի գնի փոխհատուցման կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

(32-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-382-Ն, լրաց., փոփ.  25.12.06 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

2) ծնողները, ամուսինը.

3) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

(33-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-222-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-35-Ն, լրաց. 18.06.15 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

 

Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասում նշված անձանց ընտանիքի անդամ են համարվում.

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

3) համատեղ բնակվող ծնողները.

4) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Մինչև բնակարանով ապահովվելը զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

Պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

(34-րդ հոդվածը փոփ. 29.12.98 ՀՕ-268-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-57-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 11.11.05 ՀՕ-222-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, խմբ.  25.12.06 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-248-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 34.1.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի իրավունքը

(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-155-Ն)

 

1. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգևատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները.

2) մահացած զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից.

4) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է ամենամսյա մեկ պարգևավճար՝ իր ընտրությամբ:

3. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամները:

4. Զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված, ինչպես նաև 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին նշանակվում է մեկ պարգևավճար՝ իրենց ընտրությամբ: Ընտանիքի` ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:

5. Սույն հոդվածի իմաստով` զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի`

1) ծնողները, ամուսինը.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը).

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

6. Ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(34.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-248-Ն, 19.03.12 ՀՕ-104-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-155-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 35. Լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ` ժամկետային զինծառայողների ու մարտական գործողությունների մասնակիցների համար

 

Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները` անկախ բնակարանի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:

 

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ հոդվածը լրաց. 26.06.02 ՀՕ-384-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 37. Զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները

 

Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները` նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներում:

Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով` հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Պետությունը երաշխավորում է`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

(37-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, խմբ. 14.12.04 ՀՕ-65-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-199-Ն)

 

Սույն օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) պաշտոնային դրույքաչափերը եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ:

(38-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն, 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-203-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-160-Ն, 01.12.14 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

Զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(39-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն, խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-104-Ն)

 

Հոդված 40. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների (ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

(40-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և համապատասխան մարմինների` սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:

 

Հոդված 42. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հունվարի 7-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա լրացումներով և փոփոխություններով:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
25 նոյեմբերի 1998 թ.
ՀՕ-258

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2017, ՀՕ-195-Ն 16.12.2017, ՀՕ-258
01.03.2017, ՀՕ-80-Ն 15.04.2017, ՀՕ-258
01.03.2017, ՀՕ-48-Ն 30.03.2017, ՀՕ-258
15.12.2016, ՀՕ-246-Ն 09.01.2017, ՀՕ-258
18.06.2015, ՀՕ-72-Ն 18.07.2015, ՀՕ-258
01.12.2014, ՀՕ-199-Ն 01.01.2015, ՀՕ-258
09.06.2014, ՀՕ-56-Ն 01.07.2014, ՀՕ-258
12.12.2013, ՀՕ-160-Ն 01.07.2014, ՀՕ-258
12.12.2013, ՀՕ-155-Ն 01.01.2014, ՀՕ-258
19.06.2013, ՀՕ-76-Ն 20.07.2013, ՀՕ-258
13.11.2012, ՀՕ-203-Ն 01.01.2013, ՀՕ-258
19.03.2012, ՀՕ-104-Ն 05.05.2012, ՀՕ-258
19.03.2012, ՀՕ-35-Ն 21.04.2012, ՀՕ-258
22.12.2010, ՀՕ-21-Ն 05.02.2011, ՀՕ-258
22.12.2010, ՀՕ-248-Ն 01.01.2011, ՀՕ-258
05.10.2010, ՀՕ-133-Ն 01.11.2010, ՀՕ-258
17.11.2009, ՀՕ-219-Ն 02.01.2010, ՀՕ-258
26.12.2008, ՀՕ-38-Ն 05.02.2009, ՀՕ-258
06.12.2007, ՀՕ-289-Ն 17.01.2008, ՀՕ-258
28.11.2007, ՀՕ-287-Ն 01.01.2008, ՀՕ-258
02.11.2007, ՀՕ-250-Ն 01.12.2007, ՀՕ-258
25.12.2006, ՀՕ-25-Ն 03.02.2007, ՀՕ-258
29.11.2006, ՀՕ-225-Ն 01.01.2007, ՀՕ-258
04.10.2006, ՀՕ-168-Ն 18.11.2006, ՀՕ-258
14.12.2004, ՀՕ-65-Ն 01.06.2006, ՀՕ-258
11.11.2005, ՀՕ-222-Ն 01.01.2006, ՀՕ-258
08.07.2005, ՀՕ-173-Ն 01.09.2005, ՀՕ-258
14.12.2004, ՀՕ-49-Ն 27.01.2005, ՀՕ-258
18.02.2004, ՀՕ-35-Ն 03.04.2004, ՀՕ-258
25.12.2003, ՀՕ-57-Ն 01.01.2004, ՀՕ-258
25.12.2003, ՀՕ-56-Ն 01.01.2004, ՀՕ-258
18.11.2003, ՀՕ-36-Ն 25.12.2003, ՀՕ-258
26.06.2002, ՀՕ-384-Ն 29.08.2002, ՀՕ-258
03.07.2002, ՀՕ-382-Ն 20.07.2002, ՀՕ-258
15.05.2001, ՀՕ-186 01.01.2002, ՀՕ-258
27.07.2001, ՀՕ-204 01.10.2001, ՀՕ-258
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան