ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«30» սեպտեմբերի 2025 թ. |
N 72-Ն |
ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ մենթոր հաստատությունների (նախադպրոցական) ընտրության կարգը՝ համաձայն Հավելված 1-ի:
2. Սահմանել մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները՝ համաձայն Հավելված 2-ի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
ՆԱԽԱՐԱՐ`
9/30/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Հավելված 1 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի N 72-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական մենթոր ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
2. Մենթոր հաստատություններն ընտրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման, վերապատրաստումների, խորհրդատվությունների, հաստատությունների բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար:
3. Մենթոր հաստատությունների ցանկը (այսուհետ՝ Ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և վերանայվում է առնվազն 3 տարին մեկ անգամ:
4. Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը դիմում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ դիմումին կից ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 764-Ն որոշմամբ հաստատված ներքին գնահատման արդյունքները:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումների ուսումնասիրության արդյունքում հիմնադրամը 20 աշխատանքային օրվա ընթացքում Ցանկի ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
6. Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %).
2) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %).
3) նախադպրոցական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:
7. Մենթոր հաստատությունների թիվը յուրաքանչյուր մարզում առնվազն 2-ն է, Երևան քաղաքում՝ 4-ը:
8. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների թվի աճով պայմանավորված՝ Ցանկը պարբերաբար կարող է վերանայվել:
9. Հաստատությունը ցանկից կարող է հանվել հետևյալ դեպքերում.
1) հիմնադրամի կողմից հաստատության գործունեության մշտադիտարկման ամենամյա հաշվետվությամբ ներկայացվող կատարողականի ցածր արդյունքների.
2) Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձևավորված ռիսկային միավորների.
3) հաստատության գործունեության դադարեցման:
Հավելված 2 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի N 72-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Նախադպրոցական Մենթոր ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ հաստատություն) կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և, ըստ անհրաժեշտության, վերանայվում է տվյալ տարվա մինչև մայիսի 30-ը:
3. Հաստատությունն իրեն կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ համագործակության շրջանակում՝
1) իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրման, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ուղղություններով, կազմակերպում է բովանդակային և մեթոդական բնույթի աջակցություն.
2) ապահովում է հետադարձ կապ ուսումնամեթոդական, բովանդակային, կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներում։
4. Նախադպրոցական կրթության մենթորի (այսուհետ՝ մենթոր) թեկնածուն պետք է՝
1) համապատասխանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին.
2) ներկայացնի դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը.
3) լինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող, այդ թվում՝ որպես «ամսվա լավագույն» կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական աշխատող.
5. Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ հարցազրույցի միջոցով:
6. Ընտրությունը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ:
7. Ընտրության մասին հայտարարության տեքստը հրապարակվում է նախարարության և հիմնադրամի պաշտոնական կայքերում:
8. Ընտրված մենթորների հետ համապատասխան (ըստ մարզերի և տարածաշրջանների) ծրագրերի ղեկավարները կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր:
9. Մենթորական ծրագիրն իրականացվում է ծրագրի ղեկավարի՝ հաստատության տնօրենի, համակարգողի, մենթորի, հաստատության հաշվապահի միջոցով։
10. Ծրագրի ղեկավարը՝
1) մենթորական աշխատանքների պլանի և ժամանակացույցի նախագիծը մինչև մարտի 1-ը ներկայացնում է հիմնադրամ՝ հաստատման.
2) համակարգում է մենթորների աշխատանքները՝ հաստատված պլանի և ժամանակացույցի համապատասխան.
3) կարող է իրականացնել մենթորական աշխատանքներ.
4) նշանակում է ծրագրի համակարգող.
5) մենթորների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր․
6) իրականացնում է մենթորների աշխատանքի մշտադիտարկում և գնահատում․
7) ապահովում է հաշվետվությունների բովանդակային համապատասխանությունը ծրագրային պահանջներին.
8) հավաքագրում և հիմնադրամին է ներկայացնում աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները.
9) ապահովում է հետադարձ կապ հիմնադրամի և մենթորների միջև.
10) ապահովում է սահմանված աշխատանքների կատարումը՝ հիմնադրամի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան:
11. Մենթորը սահմանված ժամանակացույցի համաձայն՝
1) ցանկում ընդգրկված նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մասնագիտական աջակցություն, մշտադիտարկումներ՝ նպաստելով նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը.
2) հավաքագրում, վերլուծում և ծրագրի ղեկավարին է ներկայացնում մանկավարժական աշխատողների կողմից նախադպրոցական կրթության բովանդակության լավարկմանն ուղղված առաջարկներ.
3) կազմում և ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
12. Ծրագրի համակարգողը՝
1) ապահովում է հիմնադրամի և մենթորների հետ պայմանագրերի (համաձայնագրերի) կնքումը․
2) ապահովում է մենթորների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունների պատշաճ ներկայացումը․
3) վերահսկում է պայմանագրերի (համաձայնագրերի) կետերի կատարումը:
13. Հաստատության հաշվապահը՝
1) «Պետական եկամուտների կոմիտե» համակարգում ապահովում է տվյալ ծրագրի մենթորների գրանցումները․
2) իրականացնում է ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված վճարումները․
3) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների որակը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2025 թվական: