Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-304
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2015-09.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.174
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.02.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.03.2002
Дата вступления в силу
01.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 6-ին

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Տեղական հանրաքվեի հասկացությունը

 

Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է:

(1-ին հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Հոդված 2. Տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները

 

1. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք:

2. Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Հանրաքվեի մասնակիցների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

(2-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը

 

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձինք:

(3-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 4. Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը

 

Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից և այլ իրավական ակտերից:

(4-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 5. Տեղական հանրաքվեի դրվող հարցերը

 

1. Տեղական հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրությամբ նախատեսված և օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված հարցերը:

2. Տեղական հանրաքվեի չեն կարող դրվել՝

ա) Սահմանադրությամբ կամ օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը.

բ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերը.

գ) պետական մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող հարցերը.

դ) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող հարցերը.

ե) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների կատարման կամ փոփոխման մասին հարցերը.

զ) համայնքի սեփականության օտարման մասին հարցերը.

է) բնակչության առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը.

ը) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին և արգելանոցներին վնաս հասցնող հարցերը:

3. Տեղական հանրաքվեի դրվող հարցը պետք է ձևակերպվի այնպես, որ հնարավոր լինի դրան տալ միանշանակ պատասխան:

(5-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Հոդված 6. Տեղական հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները

 

1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել տվյալ համայնքի տարածքում ռազմական և արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությունը վերացնելուց հետո` երկամսյա ժամկետում:

2. Միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ տեղական կրկնակի հանրաքվե կարող է անցկացվել տվյալ հարցով տեղական հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

3. Տեղական հանրաքվեի դրվելու ենթակա հարցի վերաբերյալ համայնքի ավագանու կամ ղեկավարի ընդունած որոշումը չի կարող այդ հարցով տեղական հանրաքվե անցկացնելու համար բացառող հանգամանք լինել, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքի:

4. Տեղական հանրաքվեի անցկացումը բացառող այլ հանգամանքներ կարող են սահմանվել միայն օրենքով:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

Հոդված 7. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը

 

1. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ համայնքի ավագանին և ղեկավարը:

Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:

2. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5 քաղաքացի կարող են ձևավորել տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբ (այսուհետ՝ նախաձեռնող խումբ):

3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (այսուհետ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)` գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է`

ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը.

բ) իր անդամների և լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության և աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները.

գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին իր ժողովի որոշման արձանագրությունը:

4. Նախաձեռնող խմբի դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն ստուգում է այդ դիմումի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինականությունը և որոշում է ընդունում նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին:

5. Եթե տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագիծը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա նախաձեռնող խմբի առաջարկությամբ կամ համաձայնությամբ հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը, մինչև նախաձեռնող խմբին գրանցելու վերաբերյալ որոշում ընդունելը, կարող է փոփոխել այդ նախագծի ձևակերպումը՝ պահպանելով դրա հիմնական բովանդակությունը:

6. Եթե հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում նախաձեռնող խմբին գրանցելու մասին, ապա նա վերջինիս լիազոր ներկայացուցչին հանձնում է տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի գրանցման վկայականը և հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պաշտպանելու համար ստորագրահավաքի պաշտոնաթերթիկները (այսուհետ՝ պաշտոնաթերթիկներ)՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան մարզպետին, համայնքի ավագանուն, ղեկավարին և զանգվածային լրատվության միջոցներին:

7. Եթե հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին, ապա նա այդ որոշման մեջ նշում է մերժման հիմքերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում դա պաշտոնապես հանձնում է նախաձեռնող խմբին:

8. Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու համար հիմք կարող է լինել միայն նախաձեռնող խմբի կողմից սույն օրենքի պահանջների խախտումը: Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

(7-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, փոփ.  26.12.08 ՀՕ-25-Ն, 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 8. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները պաշտոնաթերթիկում հավաքելու կարգը

 

1. Պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության պաշտպանության նպատակով այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները հավաքելու համար նախատեսված համարակալված գրքույկ է, որի յուրաքանչյուր էջը պատրաստվում է սույն օրենքի հավելվածում նշված ձևով:

2. Մինչև ստորագրություններ հավաքելու գործընթացն սկսելը, պաշտոնաթերթիկում նշվում են համայնքի անվանումը և տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի անվանումը: Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքող անձը պարտավոր է ստորագրող քաղաքացու առաջին իսկ պահանջով նրան ներկայացնել տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագիծը: Պաշտոնաթերթիկում հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստորագրում է անձամբ:

3. Նախաձեռնող խումբն ինքն է որոշում պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքող անձանց՝ նրանց տալով վկայագրեր: Նշված անձինք ստորագրություններ հավաքելիս պարտավոր չեն ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ, բացի վկայագրից, պաշտոնաթերթիկից, հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծից, ինչպես նաև այն նորմատիվ-իրավական ակտից, որի հիման վրա անցկացվում է տեղական հանրաքվեն:

4. Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովից պաշտոնաթերթիկն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Եթե պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններով սահմանված ժամկետում չի հանձնվում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողով, ապա ստորագրություններ հավաքելու գործընթացը դադարում է, իսկ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը համարվում է ավարտված: Ստորագրությունների հավաքման հետ կապված ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:

5. Տեղական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ստորագրությունների նվազագույն քանակը տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի 5 տոկոսից պակաս չպետք է լինի:

6. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ կարող են հավաքվել միայն տվյալ համայնքի ամբողջ տարածքում՝ առանց որևէ համամասնության սահմանման: Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու գործընթացն իրականացվում է այն վայրերում, որտեղ օրենքով արգելված չէ քարոզչություն անելը և ստորագրություններ հավաքելը:

7. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով հանրաքվեի մասնակիցներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը): Արգելվում է պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքել աշխատավարձի, թոշակի և նպաստի վճարման ընթացքում և վայրում:

(8-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Հոդված 9. Պաշտոնաթերթիկում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների վավերականության ստուգումը

 

1. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու գործընթացի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետի ավարտը, նախաձեռնող խումբը հաշվում է պաշտոնաթերթիկում առկա՝ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների ընդհանուր թիվը և կազմում է ամփոփիչ արձանագրություն, որտեղ նշվում են նախաձեռնող խմբի գրանցման տարեթիվը, ամսաթիվը, ստորագրություններ հավաքելու գործընթացն ավարտելու տարեթիվը, ամսաթիվը և հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվն ու հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողով է հանձնում սահմանված կարգով կազմված պաշտոնաթերթիկը և նախաձեռնող խմբի ամփոփիչ արձանագրության օրինակը: Պաշտոնաթերթիկն ընդունելիս հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը հաշվում է հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվը և պաշտոնաթերթիկը հանձնող լիազորված անձին տալիս է ստացական:

2. Պաշտոնաթերթիկն ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն ստուգում է դրա օրինականությունը, ինչպես նաև հավաքված ստորագրությունների վավերականությունը: (նախադասությունը հանվել է 17.12.14 ՀՕ-225-Ն)

3. Ստորագրությունների վավերականությունը ճշտվում է տեղական հանրաքվեի նշանակման համար անհրաժեշտ ստորագրությունների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 2 տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով:

4. Ընտրանքային կարգով ստորագրություններն ստուգելու նպատակով հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը՝

ա) կենտրոնական հանձնաժողովի սահմանած վիճակահանության կարգով որոշում է ստուգման ենթակա ստորագրությունների համարները.

բ) մինչև ստուգումն սկսելն արձանագրում է ստուգման ենթակա ստորագրությունների համարները և համապատասխան քաղաքացիների մասին տվյալները.

գ) ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են պաշտոնաթերթիկի համարը, ստորագրությունների համարները և համապատասխան քաղաքացիների մասին տվյալները.

դ) ստուգված ստորագրությունների ընդհանուր թվի վավեր և անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն բաժանում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա՝ ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր և անվավեր ստորագրությունների քանակը.

ե) ստուգման արդյունքների մասին կազմում է արձանագրություն:

5. Ստուգման և հաշվառման ենթակա չեն պաշտոնաթերթիկում առկա այն ստորագրությունները, որոնք, մինչև պաշտոնաթերթիկները հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնելը, նախաձեռնող խմբի լիազորած ներկայացուցիչը հատուկ նշումով հանել է:

6. Եթե ընտրանքային կարգով ստուգման ժամանակ հայտնաբերվում է միևնույն անձին պատկանող մի քանի ստորագրություն, ապա վավեր է համարվում դրանցից միայն մեկը:

7. Անվավեր են համարվում՝

ա) քվեարկության օրը տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ստորագրությունները, ինչպես նաև կեղծ տեղեկություններով ստորագրությունները.

բ) օրենքով պահանջվող տվյալների բացակայությամբ ստորագրությունները.

գ) տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձի կամ պաշտոնաթերթիկը վավերացնող անձի ստորագրության ամսաթվի փոփոխություններով ստորագրությունը, եթե այդ փոփոխության պատճառը ստորագրողը գրավոր չի ներկայացնում.

դ) մատիտով կատարված ստորագրությունները.

ե) սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա ուժը կորցրած համարված ստորագրությունները.

զ) այն ստորագրությունները, որոնք տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձը պաշտոնաթերթիկում անձամբ չի ստորագրել, և նշված հանգամանքը փաստացի պարզվել է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձի կողմից հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված գրավոր հավաստիացմամբ.

է) սույն հոդվածի 6-րդ կետում նախատեսված դեպքում՝ մյուս բոլոր ստորագրությունները:

(9-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 10. Ստորագրությունների ստուգման արդյունքում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը

(վերնագիրը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

1. Ստորագրությունների ստուգման արդյունքում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն ընդունում է որոշում:

2. Եթե ստորագրությունների հավաքման ընթացքում խախտվել է սույն օրենքով սահմանված կարգը, կամ նախաձեռնող խմբի ներկայացրած վավեր ստորագրությունների քանակը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված անհրաժեշտ թվին, ապա հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն ընդունում է տեղական հանրաքվեի անցկացումը մերժելու մասին որոշում, որի պատճենը դրա ընդունման օրվանից երկու օրվա ընթացքում ուղարկվում է նախաձեռնող խմբին: Նշված որոշման ընդունման օրվանից երկու տարվա ընթացքում տվյալ նախաձեռնող խմբի անդամները չեն կարող հանդես գալ տեղական կրկնակի հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ:

3. Եթե տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնության իրականացման ընթացքը համապատասխանում է սույն օրենքի, այլ օրենքների պահանջներին, ապա հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15 օրվա ընթացքում, ներկայացված պաշտոնաթերթիկները, նախաձեռնող խմբի ամփոփիչ արձանագրության և իր որոշման պատճեններն ուղարկում է համապատասխան համայնքի ղեկավարին, ավագանուն և տվյալ համայնքն ընդգրկող մարզի մարզպետին: Հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն իր որոշման պատճենն ուղարկում է նաև նախաձեռնող խմբին:

(10-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, 26.12.08 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 11. Տեղական հանրաքվեի նշանակումը

 

1. Տեղական հանրաքվե նշանակվում է համապատասխան համայնքի ավագանու, իսկ եթե դա կազմավորված չէ, ապա տվյալ համայնքն ընդգրկող մարզի մարզպետի որոշմամբ՝

ա) սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 7 օրվա ընթացքում.

բ) համայնքի ավագանու կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու մասին որոշման հետ միաժամանակ.

գ) տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

11. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում տեղական հանրաքվեն նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հանրաքվե նախաձեռնելը և նշանակելը կատարվում են մեկ ակտով:

2. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման մեջ նշվում են տեղական հանրաքվեն անցկացնելու տարեթիվը և ամսաթիվը, ինչպես նաև հանրաքվեի դրվող հարցը:

3. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև հանրաքվեի դրվող որոշման, նորմատիվ-իրավական ակտի նախագիծը պետք է միաժամանակ պաշտոնապես հրապարակվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում հրապարակվում է միայն տեղական հանրաքվե նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

4. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Չի թույլատրվում տեղական հանրաքվե նշանակել տոնական օրը: Տեղական հանրաքվեի նշանակման օրվանից մինչև քվեարկության օրվա ժամկետը չի կարող լինել պակաս 50 և ավելի 70 օրից:

5. Տեղական հանրաքվեի անցկացումն այլ հանրաքվեի կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հետ համատեղելու նպատակով տեղական հանրաքվե նշանակող մարմինը, ոչ ուշ, քան տեղական հանրաքվեի անցկացման օրվանից 25 օր առաջ, կարող է տեղական հանրաքվեի անցկացման օրը տեղափոխել ավելի ուշ ժամկետ (ոչ ավելի, քան 90 օրով):

6. Տեղական հանրաքվեի նշանակման մասին, ինչպես նաև սույն հոդվածի նախորդ կետին համապատասխան՝ քվեարկության օրը հետաձգելու մասին որոշումները հրապարակվում են դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո:

7. Եթե համայնքի ավագանին ընդունում է որոշում տեղական հանրաքվեի անցկացումը մերժելու մասին, ապա տվյալ նախաձեռնությամբ հանդես եկած անձինք այդ որոշումը հրապարակվելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում, չեն կարող կրկին հանդես գալ նույն հարցով տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ:

(11-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-244-Ն, փոփ.  26.12.08 ՀՕ-25-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 12. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների համակարգը

 

1. Տեղական հանրաքվեն կազմակերպում և անցկացնում են՝

1) կենտրոնական հանձնաժողովը.

2) տեղական հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովները (այսուհետ` ընտրատարածքային հանձնաժողովներ).

3) տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները (այսուհետ` տեղամասային հանձնաժողովներ):

(12-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը

 

1.  Կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:

Եթե նույն հարցով միաժամանակ հանրաքվե է անցկացվելու մի քանի համայնքներում, որոնք ընդգրկված են տարբեր ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 47 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին վերապահվում է լիազորություն կազմակերպելու և անցկացնելու տեղական հանրաքվեն:

Եթե տեղական հանրաքվեն անցկացվում է այնպիսի համայնքում, որն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա նշված համայնքում տեղական հանրաքվեն կազմակերպում և անցկացնում է տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կազմակերպող և անցկացնող ընտրական հանձնաժողովը:

2. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 13.1. Կենտրոնական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Կենտրոնական հանձնաժողովը տեղական հանրաքվեն կազմակերպող և դրա անցկացման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է: Կենտրոնական հանձնաժողովը`

1) տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության պահպանման նկատմամբ և ապահովում է սույն օրենքի միատեսակ կիրառումը.

2) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.

3) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.

4) ընդունում է սույն օրենքով նախատեսված որոշումներ, տեղական հանրաքվեի քվեարկության գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենքին չհակասող որոշումներ.

5) վերահսկողություն է իրականացնում տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

6) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և տեղական հանրաքվեի այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, հանրաքվեի հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերով.

7) կազմակերպում է տեղական հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցումը.

8) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(13.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 14. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները

(վերնագիրը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

1. Ընտրատարածքային հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում օրինականության ապահովման, սույն օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ.

2) սահմանում է տեղական հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանած կարգին համապատասխան և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.

3) իր և տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.

4) քննարկում է տեղամասային հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին հակասող որոշումները.

5) ըստ հանրաքվեի տեղամասերի` տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

6) հետևում է տեղական հանրաքվեի մասնակիցների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.

7) վերահսկում է տեղամասային կենտրոնների` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սույն օրենքի պահանջներին համապատասխան կահավորումը.

8) վերահսկողություն է իրականացնում տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.

9) անվավեր է ճանաչում տեղամասում քվեարկության արդյունքները.

10) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(14-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 15. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները

 

1. Տեղամասային հանձնաժողովը`

1) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները տեղամասում.

2) կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.

3) հանձնաժողովի կնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, տեղական հանրաքվեի փաստաթղթերի պարկը և քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողով.

4) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(15-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում

 

1. Տեղական հանրաքվեն նախապատրաստվում և անցկացվում է հրապարակայնորեն:

2. Կենտրոնական հանձնաժողովի որոշումները հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, քվեարկության օրվա, քվեարկության և տեղական հանրաքվեի արդյունքների մասին:

4. Քվեարկության օրը տեղամասային հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը ընտրատարածքային հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ տեղամասում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը: Ընտրատարածքային հանձնաժողովները այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են կենտրոնական հանձնաժողով:

5. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա լինելու դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով քվեարկության գաղտնիության իրավունքը:

6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:

(16-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 17. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

 

1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

(17-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 18. Հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովներում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում:

2. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը, տեղական հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը, ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկը, ինչպես նաև դիմումներին և բողոքներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովներում դրանց քննարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

3. Դիմումներն իրավասու սուբյեկտների կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ: ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ: ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 19. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելու կարգը

 

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, անձանց ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմելուն, վարելուն, անձանց ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հանձնաժողովներին ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:

(19-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 20. Տեղամասերը և տեղամասային կենտրոնները

 

Տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը

 

1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաև հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:

(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Քարոզչությունը տեղական հանրաքվեի ընթացքում

 

1. Տեղական հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով իրականացվում է քարոզչություն:

2. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:

3. Քարոզչությունն սկսվում է տեղական հանրաքվեի նշանակման օրվանից և ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

4. Քվեարկության և դրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:

5. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.

2) Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.

3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.

4) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին:

6. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձևով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հավաքներ), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:

7. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական տպագիր այլ նյութեր:

8. Համայնքների ղեկավարները քարոզչական պաստառները փակցնելու համար, հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:

9. Տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցումն անցկացնելու ժամանակը, հարցման ենթարկվածների թիվը (ընտրանքի ձևը), տեղեկատվության հավաքման միջոցը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր անճշտությունների վիճակագրական գնահատականը: Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա հեռուստաընկերություններով, տպագիր մամուլով տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, քվեարկողների հարցման արդյունքները հրապարակելը:

10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման (հրապարակման) համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

11. Անանուն քարոզչական նյութեր տարածելն արգելվում է: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններ՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

12. Քարոզչության փուլում արգելվում է քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

13. Քվեարկության և դրան նախորդող օրն արգելվում է տեղամասային կենտրոնում և դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վրա բանավոր կամ գրավոր ձևով ազդեցություն գործելը՝ երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ այլ եղանակներով քարոզչություն կատարելը:

14. Արգելվում է մինչև քվեարկության ավարտը հրապարակել տեղական հանրաքվեին մասնակցած անձի քվեարկության արդյունքը:

15. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերի հավաքվելը:

16. Տեղական հանրաքվեի հանձնաժողովները հսկում են քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Դրա խախտման դեպքում հանձնաժողովները կարող են դրանք կանխելու համար դիմել իրավասու մարմիններ, ինչպես նաև դատարան՝ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

(22-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, 14.04.11 ՀՕ-80-Ն, խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 23. Քարոզչության ֆինանսավորումը

 

1. Նախաձեռնող խումբը կարող է քարոզչության ֆինանսավորման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով բացել բանկային միասնական հաշիվ (այսուհետ՝ քարոզչության հաշիվ): Քարոզչության նպատակով նախաձեռնող խմբի կողմից ֆինանսավորման այլ աղբյուրներից ծախսեր կատարելն արգելվում է:

2. Տեղական ինքնակառավարման մարմնի նախաձեռնությամբ անցկացվող տեղական հանրաքվեի քարոզչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:

4. Քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք չունեն՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.

դ) քաղաքացիություն չունեցող անձինք.

ե) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.

զ) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:

5. Քարոզչության հաշվից ծախսեր կարող է կատարել նախաձեռնող խմբի կողմից դրա համար լիազորված անձը: Նախաձեռնող խումբը մինչև քարոզչության ավարտը, եռօրյա պարբերականությամբ, ընտրատարածքային հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում քարոզչության հաշվից կատարվող ֆինանսական գործողությունների վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված անձանց կողմից քարոզչության հաշվին մուծված գումարները, ինչպես նաև քարոզչության ավարտից հետո քարոզչության հաշվի մնացորդը երկու բանկային օրվա ընթացքում փոխանցվում են համապատասխան համայնքի տեղական բյուջեի ֆոնդային մաս:

7. Քարոզչության ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, նախաձեռնող խումբը ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացնում քարոզչության հաշվի միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որին կցվում են կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

8. Քարոզչության հաշվի միջոցների տնօրինման սահմանված կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

(23-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԴԻՏՈՐԴՆԵՐ

 

Հոդված 24. Դիտորդական առաքելության իրավունքը

 

1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝

ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.

բ) հասարակական կազմակերպությունները.

գ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

2. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության և հավատարմագրման կարգը սահմանվում է ընտրական օրենսգրքով:

(24-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Հոդված 25. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգն ու պայմանները, դիտորդների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

(25-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 26. Քվեարկության կարգը

 

Քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 27. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Կենտրոնական հանձնաժողովը սահմանում է քվեաթերթիկի և քվեարկության ծրարի նմուշները:

2. Քվեաթերթիկի հատման գիծը պետք է լինի դակված (պերֆորացված): Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից:

3. Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը: Քվեաթերթիկի վրա հատման գծից ներքև նշվում է քվեարկության դրվող հարցը, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց՝ աջ կողմում, նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:

4. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը:

5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:

6. Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից 2 քվեաթերթիկ ավելին:

7. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ծրարներն ընտրատարածքային հանձնաժողովը հատկացնում է տեղամասային հանձնաժողովին՝ քվեարկության նախորդ օրը:

(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 28. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ անձի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Եթե հանձնաժողովի անդամը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում:

(28-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 29. Քվեաթերթիկների վավերականությունը

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

2) որևէ նշում չի ներառում.

3) բացի քվեարկության համար կենտրոնական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.

4) ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ անհատական կնիքով կնքված չէ.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:

2. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

(29-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 30. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1.  Չսահմանված նմուշի է սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը, ինչպես նաև՝

1) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.

2) ծրարում գտնվող քվեաթերթիկները, եթե դրանց թիվը մեկից ավելի է.

3) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները:

(30-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 31. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Քվեարկության չսահմանված նմուշի ծրար է սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, ինչպես նաև՝

1) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարը.

2) մեկից ավելի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.

3) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.

4) քվեարկությանը մասնակցողի ինքնությունը բացահայտող նշումներ ներառող քվեարկության ծրարը:

(31-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 32. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Տեղամասում տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

(32-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 33. Տեղամասային հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) տեղամասում տեղական հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում ընդգրկված անձանց թիվը, ինչպես նաև քվեարկության օրը հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թվերը` առանձին-առանձին.

2) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թվերի գումարին.

3) յուրաքանչյուր ցուցակի քվեարկության մասնակիցների թիվը՝ առանձին-առանձին (լրացվում է ըստ յուրաքանչյուր ցուցակի գրանցված և քվեաթերթիկներ ստացած անձանց ստորագրությունների թիվը).

4) հանրաքվեի տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակում գրանցված և քվեաթերթիկներ ստացած անձանց ստորագրությունների թվերի գումարին.

5) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային հանձնաժողովը).

6) մարված քվեաթերթիկների (չօգտագործված և քվեարկությանը մասնակցած անձանց կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.

7) անվավեր քվեաթերթիկների թիվը.

8) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:

2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, տեղական հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

(33-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 34. Ընտրատարածքային հանձնաժողովում տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը

(վերնագիրը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

1. Ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ըստ համայնքների ամփոփում է տեղական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և արձանագրություններով վավերացնում դրանք:

 2. Ընտրատարածքային հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` հինգերորդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ըստ համայնքների կազմում է արձանագրություններ` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված անձանց թիվը, լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թիվը` առանձին-առանձին.

2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թվերի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ յուրաքանչյուր ցուցակի՝ առանձին-առանձին.

4) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակում գրանցված և քվեաթերթիկներ ստացած անձանց ստորագրությունների թվերի գումարին.

5) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.

6) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

7) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

9) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.

11) անճշտությունների գումարային չափը:

4. Տեղական հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է համայնքում կազմավորված բոլոր տեղական հանրաքվեի տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Ընտրատարածքային հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

7. Ընտրատարածքային հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` հինգերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ որոշումը, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է համայնքում տեղական հանրաքվեի արդյունքները և ըստ համայնքների՝ առանձին-առանձին ընդունում որոշում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

(34-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 35. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը

 

1. Ընտրատարածքային հանձնաժողովը սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին.

2) տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) տեղական հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին.

4) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված անձանց մեկ երրորդը:

3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Ընտրատարածքային հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված տեղական հանրաքվեի արդյունքները և ըստ համայնքների ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքում հանրաքվեի արդյունքները հաստատելու մասին.

2) համայնքում տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:

5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել համապատասխան համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկությունը նշանակվում է որոշման կայացման օրվանից հետո՝ իններորդ օրը:

6. Եթե տեղական հանրաքվեի նախապատրաստման ընթացքում կամ տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և համայնքում նշանակում է նոր քվեարկություն:

7. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում վարչական դատարան կարող է ներկայացվել տեղական հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը մինչև ժամը 18.00-ն:

8. Նոր քվեարկությունն անցկացվում է տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:

(35-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 36. Տեղական հանրաքվեով ընդունված որոշման ուժի մեջ մտնելը

 

1. Տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը հրապարակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում չի ներկայացվել:

2. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում դատարանի վճիռը հրապարակվելու պահից, եթե այդ վճռով այլ բան նախատեսված չէ:

3. Տեղական հանրաքվեի միջոցով ընդունված որոշումները փոփոխվում են միայն տեղական հանրաքվեով:

(36-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

 

Հոդված 37. Տեղական հանրաքվեի փաստաթղթերի պահպանումը

 

(հոդվածն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(գլուխն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 38. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

 

(հոդվածն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-225-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 մարտի 2002 թ.
ՀՕ-304

 

 

Հավելված

 

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ

 

_________________________________________________________

 (Այն համայնքի անվանումը, որտեղ իրականացվում է տեղական հանրաքվեի մասնակիցների ստորագրությունների հավաքը)

 

Մենք՝ ներքոստորագրողներս, պաշտպանում ենք հետևյալ հարցով (հարցերով) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը՝

 

_________________________________________________________

(տեղական ինքնակառավարման մարմնի որոշման ընդունման նախաձեռնությամբ)

______________________________________________________________________________

և________________________________________________________

(ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը)

 

գրանցված:

 

Գրանցման վկայական թիվ ___, տրված «___» «___________».

Թիվ

Ազգանունը, անունը

Ծննդյան
ամսաթիվը
(օրը, ամիսը,
տարին)

Հաշվառման
հասցեն

Անձնագրի
համարը

Անձնագրի ստացման ամսաթիվը (օրը, ամիսը,
տարին)

Ստորագրելու
ամսաթիվը (օրը, ամիսը,
տարին)

Ստորա-
գրությունը

                 
               


Գրքույկի համարը

 

(հավելվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան