ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Հոդված 2. Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող` բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է փոխհատուցում սույն հոդվածի 1-ին մասում նշված բնական գազի օգտագործման բաժանորդներին բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցման չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների կողմից 2013 թվականին գազի և էլեկտրաէներգիայի տարեկան սպառված 1 բաժանորդի հաշվով միջինացված ծավալների ու տվյալ տարում փաստացի ծախսված ոռոգման ջրի վարձավճարի առնվազն 50 տոկոսը:
Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 4. Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում:
Հոդված 5. Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում:
Հոդված 6. Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով՝ հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար:
Հոդված 7. Սույն օրենքի 4-6-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-203-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.11.2023, ՀՕ-357-Ն | 09.12.2023, ՀՕ-203-Ն | |
06.10.2020, ՀՕ-450-Ն | 17.10.2020, ՀՕ-203-Ն | |
08.12.2017, ՀՕ-247-Ն | 06.01.2018, ՀՕ-203-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|