Գլխավոր տեղեկություն
Номер
N 1153-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.08.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.08.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.08.2025
Дата вступления в силу
22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2025 թվականի N 1153-Ն

 

ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքերը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացության ձևը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 21-ի N 1153-Ն որոշման

 

ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Պեստիցիդները և ագրոքիմիկատներն առանց փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) տված եզրակացության հիման վրա կարող են ներմուծվել հետևյալ դեպքերում՝

1) «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների կամ պեստիցիդների ներմուծման ժամանակ․

2) օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի կարգավորիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների կամ ագրոքիմիկատների, կենսաբանական, այդ թվում՝ բուսական ծագման պեստիցիդների ներմուծման ժամանակ։

2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված դեպքերում պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասով պահանջվող փաստաթղթերը։

3. Լիազոր մարմինը սույն հավելվածի 1-ին կետով սահմանված դեպքերում պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծման ժամանակ ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանք ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված ձևին համաձայն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական: