ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը, վերջինիս հետ 3,250,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և 2025 թվականի ընթացքում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)։
2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի օգոստոսի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|