Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-110-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2014-04.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.636
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.07.2014
Дата вступления в силу
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների (այսուհետ՝ գնահատում), այդ թվում՝ անդրսահմանային, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) ոլորտի հասարակական հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 11.09.14 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 2. Օրենքի գործողությունը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթուղթ մշակող, ընդունող կամ նախատեսվող գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սուբյեկտների վրա:

 

Հոդված 3. Գնահատման և փորձաքննության մասին օրենսդրությունը

 

1. Գնահատման և փորձաքննության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շրջակա միջավայր` բնական և մարդածին տարրերի (մթնոլորտային օդ, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ՝ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնակավայրերի կանաչ տարածքներ, կառույցներ, պատմության և մշակույթի հուշարձաններ) և սոցիալական միջավայրի (մարդու առողջության և անվտանգության), գործոնների, նյութերի, երևույթների ու գործընթացների ամբողջությունը և դրանց փոխազդեցությունը միմյանց ու մարդկանց միջև.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցություն՝ հիմնադրութային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր փոփոխությունները.

3) անդրսահմանային ազդեցություն՝ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում շրջակա միջավայրի վրա ազդեցություն, որը կառաջանա հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում, և որի ֆիզիկական աղբյուրն ամբողջությամբ կամ մասամբ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում է.

4) ազդակիր պետություն` պետություն, որն այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով կարող է ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության.

5) ծագման պետություն` պետություն, որի իրավազորության ներքո նախատեսվում է իրականացնել հիմնադրութային փաստաթղթի դրույթները կամ նախատեսվող գործունեությունը.

6) հիմնադրութային փաստաթուղթ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուրվագիծ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) նախագիծ.

7) նախատեսվող գործունեություն՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում.

8) նախագծային փաստաթուղթ՝ նախատեսվող գործունեության տեխնիկական զեկույց, տեխնիկատնտեսական հիմնավորում, տեխնիկատնտեսական հաշվարկ, ճարտարապետաշինարարական նախագիծ.

9) ռազմավարական գնահատում՝ հիմնադրութային փաստաթղթի գործողության արդյունքում հնարավոր ազդեցության ամբողջական, գումարային գնահատման գործընթաց.

10) գնահատում` նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր ազդեցության ամբողջական, գումարային գնահատման գործընթաց.

11) փորձաքննություն` հիմնադրութային փաստաթղթի, նախատեսվող գործունեության հայտի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում դրանց թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց (այսուհետ` փորձաքննություն).

12) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլ` հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հայտի ուսումնասիրության և վերլուծության իրականացման արդյունքում համապատասխան որոշման կայացման գործընթաց.

13) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական փուլ` հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում դրանց թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց.

14) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կառույց.

15) պետական փորձաքննական եզրակացություն` հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության թույլատրելիության վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրվող պաշտոնական փաստաթուղթ` համապատասխան հիմնավորումներով.

16) լիազոր մարմին` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած բնապահպանական ոլորտի պետական կառավարման մարմին.

17) ձեռնարկող՝ սույն օրենքի համաձայն՝ փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթուղթ մշակող, ընդունող, իրականացնող և (կամ) գործունեություն իրականացնող կամ պատվիրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

18) փորձագետ` փորձաքննության գործընթացում լիազոր մարմնի ներգրաված իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

19) հանրություն՝ մեկ կամ մեկից ավել ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

20) ազդակիր համայնք` շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա համայնքի (համայնքների) բնակչություն` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք.

21) շահագրգիռ հանրություն` փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթի ընդունման և (կամ) նախատեսվող գործունեության իրականացման առնչությամբ հետաքրքրություն ցուցաբերող իրավաբանական և ֆիզիկական անձինք.

22) գործընթացի մասնակիցներ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ներառյալ` ազդակիր համայնք, շահագրգիռ հանրություն, որոնք, սույն օրենքի համաձայն, մասնակցում են գնահատումների և (կամ) փորձաքննության գործընթացին.

23) հայտ` ձեռնարկողի կամ նրա պատվերով կազմած հիմնադրութային փաստաթղթի մշակման և (կամ) նախատեսվող գործունեության նախաձեռնության մասին ծանուցման փաթեթ.

24) տեխնիկական առաջադրանք` հայտի ուսումնասիրության արդյունքում` գնահատման պահանջներն ամփոփող, ինչպես նաև հաշվետվության բովանդակությունն ու գործընթացի մասնակիցների շրջանակները սահմանող փաստաթուղթ.

25) հաշվետվություն` ռազմավարական գնահատման և գնահատման արդյունքներն ամփոփող փաստաթուղթ.

26) շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիր` հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության և (կամ) նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում և դրանից հետո շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկմանը, հետնախագծային վերլուծությանը, փորձաքննական եզրակացության պահանջների կատարմանը կամ արտադրական հսկմանը (ինքնահսկմանը) ուղղված գործողությունների ամբողջություն:

 

Հոդված 5. Գնահատման և փորձաքննության հիմնադրույթները և սկզբունքները

 

1. Գնահատումը և փորձաքննությունը ելնում են`

1) առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից.

2) բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից.

3) էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և կենդանական ու բուսական աշխարհի պահպանման անհրաժեշտությունից` նկատի ունենալով ներկա և ապագա սերունդների շահերը.

4) շրջակա միջավայրին և մարդու առողջությանը հասցվող վնասի հատուցելիության ճանաչումից:

2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության սկզբունքներն են՝

1) գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավորության ընդունումը.

2) գնահատման ընթացքում ազդեցությունների, ներառյալ` անդրսահմանային, համալիր դիտարկումը.

3) նախատեսվող գործունեության իրականացման այլընտրանքային, այդ թվում՝ զրոյական (գործունեության իրականացման բացառում) տարբերակների դիտարկումը.

4) հաշվետվությունների լիարժեքության, հավաստիության և գիտական հիմնավորվածության ապահովումը.

5) փորձաքննական եզրակացության հիմնավորվածության, օրինականության, օբյեկտիվության ապահովումը.

6) գնահատման և փորձաքննության գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

7) գնահատման և փորձաքննության գործընթացում հանրության մասնակցության ապահովումը.

8) ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցումը:

3. Նախատեսվող գործունեության կամ հիմնադրութային փաստաթղթի գործողության հետևանքով մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ռիսկի դեպքում պատասխանատվությունը կրում է ձեռնարկողը, եթե տվյալ գործունեության վնասակարության բացակայությունը գիտականորեն հիմնավորված չէ:

 

Հոդված 6. Գնահատման և փորձաքննության նպատակն ու խնդիրները

 

1. Գնահատման նպատակն է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:

2. Փորձաքննության նպատակն է հայտի կամ գնահատման հավաստիության ստուգումը, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության թույլատրելիության որոշումը:

3. Գնահատման և փորձաքննության խնդիրներն են՝

1) էկոլոգիական անվտանգության պահանջների և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացմանը նպաստելը.

2) հիմնադրութային փաստաթղթի դրույթների և նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը.

3) արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի գնահատման ապահովումը:

 

Հոդված 7. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկվող շրջակա միջավայրի օբյեկտները և բնութագրերը

 

1. Գնահատման և փորձաքննության իրականացման ընթացքում դիտարկվում են՝

1) մթնոլորտային օդի որակական և քանակական ցուցանիշները, մթնոլորտն աղտոտող նյութերը, աղտոտվածության մակարդակը.

2) մակերևութային և ստորերկրյա ջրերը, դրանց կատեգորիան, հոսքի ռեժիմը, որակական և քանակական ցուցանիշները, ջրօգտագործումը, ջրահեռացումը, ջրային համակարգը կամ դրա առանձին մասերը և այլ բնութագրերը.

3) հողը` նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը, կարգը, որակը, վիճակը, կազմը, աղտոտվածությունը, դեգրադացիան, բերրի շերտի օգտագործումը, հողերի այլ բնութագրեր.

4) երկրաբանական կառուցվածքը, գոյացությունները, օգտակար հանածոները, ընդերքի պահպանությանն ու օգտագործմանը վերաբերող այլ բնութագրեր.

5) ռելիեֆը, լանդշաֆտը, բնության հատուկ պահպանվող տարածքները, բնակավայրերի կանաչ գոտիները, միգրացիոն գոտիները և ուղիները.

6) բուսական ու կենդանական աշխարհը, դրանց տեսակային կազմը և գոյության պայմանները, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, Հայաստանի Հանրապետության կենդանիների կամ Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքերում գրանցված կենդանիների, բույսերի առկայությունը.

7) անտառները` գործառնական նշանակությունը, տեսակային կազմը, վիճակը և անտառի այլ բնութագրեր.

8) կառույցները, պատմության և մշակույթի հուշարձանները.

9) թափոնների կազմը, վտանգավորության աստիճանը, ծավալը, օգտագործումը, վերամշակումը, տեղափոխումը, վնասազերծումը, պահեստավորումը, թաղումը, պահումը, պահպանումը.

10) ֆիզիկական ազդեցությունները՝ աղմուկը, տատանումները, իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումները.

11) ազդեցությունների հետ կապված առողջապահական գործոնները.

12) սոցիալական գործոնները, ժողովրդագրական կազմն ու բնակչությունը.

13) արտակարգ իրավիճակների հավանականությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 8. Գնահատման և փորձաքննության գործընթացի պետական կառավարման մարմինները

 

1. Գնահատման և փորձաքննության գործընթացի պետական կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցության բնագավառի լիազոր մարմինը:

 

Հոդված 9. Գնահատման և փորձաքննության գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Գնահատման և փորձաքննության գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝

1) գնահատման և փորձաքննության գործընթացներին վերաբերող քաղաքականության իրականացման ապահովումը.

2) իր իրավասության սահմաններում գնահատման և փորձաքննության գործընթացը կարգավորող իրավական ակտերի ընդունումը.

3) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության փորձաքննական եզրակացության հաստատումը:

 

Հոդված 10. Փորձաքննության գործընթացում լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները

 

1. Փորձաքննության գործընթացում լիազոր մարմնի լիազորություններն են՝

1) փորձաքննության գործընթացին վերաբերող քաղաքականության մշակումն ու իր իրավասության սահմաններում դրա իրականացումը.

2) փորձաքննության գործընթացը կարգավորող իրավական ակտերի մշակումը.

3) իր իրավասության սահմաններում փորձաքննության գործընթացին վերաբերող միջազգային համագործակցության իրականացումը.

4) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ գործունեության փորձաքննական եզրակացության տրամադրումը.

5) սույն օրենքով սահմանված հիմքերով ու կարգով` անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության փորձաքննական եզրակացության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

6) իր կողմից պատվիրվող կամ նախաձեռնվող հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության ազդեցության գնահատումների իրականացումը կամ կազմակերպումը.

7) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ գործունեության փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավումը.

8) օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

9) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փորձաքննության գործընթացում հանրության ծանուցման և մասնակցության հնարավորության ապահովումը.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

 

Հոդված 11. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները

 

1. Փորձաքննության ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորություններն են՝

1) փորձաքննության գործընթացին վերաբերող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը.

2) փորձաքննության գործընթացը կարգավորող իրավական ակտերի մշակմանը մասնակցելը.

3) իր իրավասության սահմաններում փորձաքննություն իրականացնելը, փորձաքննական եզրակացություն կազմելն ու տրամադրելը.

4) փորձաքննության գործընթացում պայմանագրային հիմունքներով փորձագետներ ներգրավելը.

5) առնչվող մարմինների հետ անհրաժեշտության դեպքում հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեություն համաձայնեցնելը.

6) հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցությունն ապահովելը.

7) տեխնիկական առաջադրանք կազմելն ու ձեռնարկողին տրամադրելը:

 

Հոդված 12. Գնահատման և փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

 

1. Գնահատման և փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) տարածքին առնչվող հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրում, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

2) իր լիազորության սահմաններում` սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովում.

3) ձեռնարկողի պահանջով տարածքին առնչվող գործող հիմնադրութային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

4) գնահատման գործընթացներում ձեռնարկողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվության տրամադրում:

 

Հոդված 13. Գնահատման և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Գնահատման և փորձաքննության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են`

1) համայնքին առնչվող հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրում, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

2) իր լիազորության սահմաններում սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովում.

3) ձեռնարկողի պահանջով տարածքին առնչվող գործող հիմնադրութային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

4) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում ձեռնարկողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվության տրամադրում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը և նախատեսվող գործունեության տեսակները

 

1. Ռազմավարական գնահատման և փորձաքննության ենթակա են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, բնապահպանության, ռեկրեացիայի, սպասարկման, անտառատնտեսության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը:

2. Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը:

3. Գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակները ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:

4. Ա կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. ատոմակայաններ կամ ատոմային ռեակտորով աշխատող այլ կառույցներ,

բ. մշակված միջուկային վառելիքի պահեստավորման և հերմետիկացման կայանքներ,

գ. միջուկային վառելիքի հարստացման արտադրություն,

դ. ջերմային էլեկտրակայաններ,

ե. 800 մմ տրամագծով և 40 կմ ու ավելի երկարությամբ նավթի կամ գազի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,

զ. 50 ՄՎտ և ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

է. 30 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում,

բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում և (կամ) հանքաքարի, հանքանյութի վերամշակում, ներառյալ՝ պոչամբարներ կամ պոչատարեր,

գ. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում և (կամ) հանքանյութի վերամշակում,

դ. հանքային կամ ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,

ե. քաղցրահամ ստորերկրյա ջրերի հանքավայրերի օգտագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,

զ. նավթի ու գազի արդյունահանում և (կամ) հանքանյութի վերամշակում,

է. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում,

ը. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում,

թ. օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնում (ռեկուլտիվացիա).

3) քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի և այլ օրգանական նյութերի արտադրություն և վերամշակում,

բ. նավթավերամշակման արտադրություն,

գ. մազութի արտադրություն,

դ. պայթուցիկների արտադրություն,

ե. անօրգանական թթուների կամ ալկալիների և այլ նյութերի արտադրություն,

զ. թունաքիմիկատների կամ քիմիական պարարտանյութերի արտադրություն,

է. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա և ավելի.

4) դեղագործական արտադրության բնագավառում՝

ա. դեղանյութերի արդյունաբերական արտադրություն.

5) մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում`

ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ` սուլֆիդային հանքանյութերի) թրծում և ագլոմերացիա,

բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սև մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն,

գ. գունավոր մետաղների մշակում, ներառյալ` լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն),

դ. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ` անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը,

ե. մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ և ավելի ծավալով ավազաններում.

6) թափոնների օգտագործման բնագավառում`

ա. վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտագործում, մշակում, վերամշակում, հեռացում, վնասազերծում, տեղադրում, թաղում,

բ. 15 000 և ավելի բնակչության սպասարկման համար կամ օրական 10 տոննա և ավելի աղբ ընդունող աղբավայրերի կազմակերպում և (կամ) կենցաղային թափոնների վերամշակում.

7) շինանյութի արդյունաբերության բնագավառում`

ա. ցեմենտի, կրի, գաջի արտադրություն` օրական 100 տոննա և ավելի,

բ. հանքային նյութերի հալեցում` 20 տոննա և ավելի, ներառյալ` հանքային մանրաթելի արտադրությունը,

գ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի, աղյուսի, հրակայուն աղյուսի, կերամիկական սալիկի, քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 75 տոննա և ավելի.

8) թեթև արդյունաբերության բնագավառում`

ա. բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա և ավելի.

9) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում`

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ,

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 500 գլուխ և ավելի.

10) ենթակառույցների բնագավառում`

ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ և ավելի,

բ. էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ և ավել երկարությամբ, 220 կՎ լարման,

գ. չորս և ավելի երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկուսից ոչ ավելի երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս և ավելի երթևեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ և ավելի անընդհատ երկարություն.

11) ջրային տնտեսության բնագավառում`

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 1 մլն խմ և ավելի,

բ. կոյուղաջրերի մաքրման կայաններ` 50 000 և ավել բնակչի համարժեք հզորությամբ,

գ. հանրային նշանակության ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով.

12) քաղաքաշինության բնագավառում`

ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա և ավելի տարածքների համար.

13) անտառային տնտեսության բնագավառում`

ա. անտառահատում.

14) գյուղատնտեսության բնագավառում`

ա. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա և ավելի արտադրական հզորությամբ:

5. Բ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ` 30-50 ՄՎտ ջերմային հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` 10-30 ՄՎտ հզորությամբ,

գ. երկրաջերմային ջրերի արդյունահանում կամ էներգիայի արտադրություն՝ 8 ՄՎտ և ավել հզորությամբ.

2) քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի ստորգետնյա 5 000 և ավելի տոննա տարողության պահեստներ.

3) ենթակառույցների բնագավառում`

ա. 1 կմ և ավելի երկարությամբ թունելների, մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում, գետերի վրա 25 տոննա բեռնատարողությամբ կամուրջների կառուցում,

բ. 300 մմ և ավելի տրամագծով, 20 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիկատների խողովակաշարեր,

գ. էլեկտրահաղորդման գծեր` 110 կՎ և ավելի լարման,

դ. բենզալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ,

ե. գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այնպիսի օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության գործակիցը 5-ից ավելի է, կամ առավելագույն հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ մակարդակները՝

900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,

500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,

25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում,

զ. 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար.

4) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում`

ա. կեղտաջրերի ընդունման կետեր կամ մաքրման կայաններ` 5000-50 000 բնակչության համար.

5) շինանյութի արդյունաբերության բնագավառում`

ա. ապակու, ապակաթելի, ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի.

6) փայտի և թղթի արդյունաբերության բնագավառում`

ա. թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի ծավալով.

7) թեթև արդյունաբերության բնագավառում`

ա. արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր և ավելի.

8) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա և ավելի,

բ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա և ավելի.

9) գյուղատնտեսության բնագավառում`

ա. թռչնաբուծական` 40000 առանձնյակ և ավելի,

բ. խոզաբուծական` 2000 գլուխ և ավելի:

6. Գ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետևյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները`

ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ և ավելի հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` 1-10 ՄՎտ հզորությամբ,

գ. հողմաէլեկտրակայաններ՝ 8 ՄՎտ և ավելի ընդհանուր հզորության, արևային էլեկտրակայաններ՝ 40 հա և ավելի տարածք զբաղեցնող.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ.

3) ջրային տնտեսության բնագավառում՝

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 100 000 - 1 մլն խմ,

բ. 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր կամ մայր ջրանցքներ.

4) գյուղատնտեսության բնագավառում`

ա. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա և ավելի,

բ. ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ և ավելի,

գ. անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ և ավելի,

դ. թռչնաբուծական՝ 10000-40000 առանձնյակ.

5) անտառային տնտեսության բնագավառում`

ա. անտառավերականգնում, անտառապատում.

6) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. մսի կամ մսամթերքի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 50 տոննա և ավելի,

բ. շաքարի կամ շաքարավազի արտադրություն` օրական 10 տոննա և ավելի,

գ. ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` օրական 10000 դեկալիտր և ավելի,

դ. գարեջրի արտադրություն` օրական 10000 դեկալիտր և ավելի,

ե. գինու և (կամ) շամպայն գինիների և (կամ) լիկյորի և (կամ) օղու և (կամ) կոնյակի արտադրություն` օրական 1000 դեկալիտր և ավելի,

զ. կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100-200 տոննա արտադրական հզորությամբ,

է. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա և ավելի,

ը. մարգարինի արտադրություն` օրական 1 տոննա և ավելի.

7) քաղաքաշինության բնագավառում`

ա. քաղաքաշինական կառույցներ` 1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով.

8) ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում`

ա. հիմնադրութային փաստաթղթով չնախատեսված զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառապուրակներ, հանգստի գոտիներ,

բ. ճոպանուղիներ.

9) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում`

ա. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով` 100 հա և ավելի,

բ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ և ավելի երկարությամբ:

7. Փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի միջոցառումները:

8. Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:

(14-րդ հոդվածը խմբ. 11.09.14 ՀՕ-144-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 15. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը

 

1. Գնահատումը և փորձաքննությունն իրականացվում են մինչև հիմնադրութային փաստաթղթի ընդունումը և (կամ) նախատեսվող գործունեության իրականացումը: Փորձաքննության իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գնահատումը և փորձաքննությունն իրականացվում են՝ հիմք ընդունելով նախատեսվող գործունեության տեսակը, չափերն ու տեղադրությունը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր գումարային, ամբողջական ազդեցության աստիճանը:

3. Փորձաքննությունն իրականացվում է երկու փուլով՝

1) նախնական փուլ, որի ընթացքում ուսումնասիրվում է նախնական գնահատման հայտը.

2) հիմնական փուլ, որի ընթացքում փորձաքննվում է հիմնական գնահատման հաշվետվությունը:

 

Հոդված 16. Փորձաքննության նախնական փուլը

 

1. Փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից նախնական գնահատման հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Ընդերքօգտագործման բնագավառի նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտը փորձաքննության է ներկայացնում ձեռնարկողը ոլորտի լիազոր մարմնի միջոցով:

3. Փորձաքննության նախնական փուլում՝

1) քննարկվում է ներկայացված նախնական գնահատման հայտի լրակազմությունը.

2) կանխորոշվում են շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները, սահմանվում են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվում են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվում և ձեռնարկողին է տրամադրվում այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը:

4. Փորձաքննության ներկայացվող հայտը պարունակում է՝

1) ձեռնարկողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը.

3) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի համառոտ նկարագիրը և իրադրության սխեման.

4) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).

5) շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիրը.

6) տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության վերաբերյալ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Հայտի ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հիմնադրութային փաստաթղթի դրույթի կամ նախատեսվող գործունեության իրականացման անթույլատրելիության վերաբերյալ, որը կայացվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական պահանջները.

2) հայտը ձեռնարկողին` լրակազմման վերադարձնելու վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները սխալներով կամ թերի ներկայացնելու դեպքում.

3) հիմնադրութային փաստաթուղթը կամ նախատեսվող գործունեությունը անդրսահմանային համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

4) հիմնադրութային փաստաթուղթը կամ Ա և Բ կատեգորիաների դեպքում՝ նախատեսվող գործունեությունը, տեխնիկական առաջադրանքներին համապատասխան, ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

5) Գ կատեգորիայի գործունեության տեսակներին` եզրակացություն տրամադրելու վերաբերյալ:

6. Տեխնիկական առաջադրանքները կազմվում են սույն օրենքի դրույթների համաձայն:

7. Հայտի լրակազմ չլինելու և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու: Հայտը վերադարձնելու պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված` մինչև ձեռնարկողի լրակազմած հայտը լիազոր մարմին ներկայացնելու պահը:

8. Տեխնիկական առաջադրանքը կազմվում է՝ հաշվի առնելով սույն օրենքի 7-րդ, 18-րդ հոդվածների համաձայն դիտարկվող օբյեկտները, շրջակա միջավայրի ազդեցություններն ու բնութագրերը, ինչպես նաև սահմանում է հաշվետվության բովանդակության ու գործընթացի մասնակիցների շրջանակները, այդ թվում՝ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների եզրակացության վերաբերյալ պահանջը:

9. Տեխնիկական առաջադրանքի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 17. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության հիմնական գնահատման գործընթացները

 

1. Հիմնական գնահատումն իրականացնում է ձեռնարկողը համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով:

2. Ազդեցության գնահատման փուլում՝

1) գնահատվում է հիմնադրութային փաստաթղթի դրույթների և նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

2) բացահայտվում են հիմնադրութային փաստաթղթի մոտեցումների և նախատեսվող գործունեության լուծումների այլընտրանքային տարբերակները և գնահատվում է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության և սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա.

3) կատարվում է նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում.

4) մշակվում են բնապահպանական միջոցառումներ, ներառյալ` ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագիր` շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կանխարգելելու, նվազեցնելու կամ բացառելու նպատակով.

5) հաշվի են առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, ազդեցության հավանականությունը, բարդությունը, աստիճանը, տևողությունը, հաճախականությունը և տարբեր ազդեցությունների գումարային բնույթը.

6) գնահատման ընթացքում հաշվի է առնվում նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցությունը:

3. Գնահատումն իրականացվում է սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի և տեխնիկական առաջադրանքի համաձայն: Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած դիտողությունները և առաջարկությունները: Դրանք չընդունելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ: Գնահատման մեթոդիկան հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ազդեցության գնահատման արդյունքում ձեռնարկողը կամ նրա պատվերով ազդեցության գնահատումն իրականացնողը կազմում է հաշվետվություն` սույն օրենքի 18-րդ հոդվածի համապատասխան, և ներկայացնում փորձաքննության:

6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում ձեռնարկողը կարող է խորհրդակցել լիազորված մարմնի, պետական կառավարման մարմինների, ազդակիր համայնքի ղեկավարների, շահագրգիռ հանրության հետ:

 

Հոդված 18. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների բովանդակությունը

 

1. Հիմնադրութային փաստաթղթի` ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներն են՝

1) հիմնադրութային փաստաթղթի համառոտ բովանդակությունը, նպատակը, կապը և (կամ) համապատասխանությունը տվյալ տարածքի համար հաստատված այլ առնչվող հիմնադրութային փաստաթղթերի հետ.

2) հիմնադրութային փաստաթղթին առնչվող` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը և առնչվող այլ իրավական ակտերը, ազդեցության ենթակա տարածքին առնչվող բնապահպանական խնդիրները և դրանց արտացոլումը հիմնադրութային փաստաթղթում.

3) հիմնադրութային փաստաթղթի շրջանակներում նախատեսվող գործունեության ֆիզիկական բնութագրերը և ռեսուրսային պահանջների, օգտագործվող նյութերի, տեխնոլոգիական գործընթացների, արտանետումների, արտահոսքերի, թափոնների, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների և արտակարգ ու վթարային իրավիճակների հնարավոր ռիսկերի նկարագրությունը.

4) հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի նկարագիրը և դրանց հնարավոր փոփոխությունը` առանց հիմնադրութային փաստաթղթի դրույթների իրականացման.

5) հիմնադրութային փաստաթղթի մոտեցումների բոլոր հնարավոր տարբերակների (այդ թվում` զրոյական) համեմատությունը և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորումը.

6) հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները, դրանց արդյունավետությունը, բավարարությունն ու ծախսերը.

7) հիմնադրութային փաստաթղթի գործողության ընթացքում ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) և հետնախագծային վերլուծության ծրագիրը.

8) գնահատման մեթոդների, դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, դժվարությունների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

9) հաշվետվությունում ներառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները.

10) հաշվետվության ամփոփ բովանդակությունը:

2. Նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը ներկայացվող ընդհանուր պահանջներն են՝

1) նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, ֆիզիկական, տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների և արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի նկարագրությունը.

2) բոլոր հնարավոր տարբերակների նկարագիրը, ներառյալ` նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.

3) շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական վնասի գնահատումները: Տնտեսական վնասի հատուցման արժեքը և վճարման ժամանակացույցը.

4) հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների ու դրանց օգտագործման նկարագիրը.

5) նախատեսվող գործունեության (շինարարության և շահագործման փուլ, ռիսկերի գնահատում), ներառյալ` այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագիրն առանձին, գումարային և ամբողջական գնահատումը.

6) սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.

7) հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով ազդեցության ծավալը, աստիճանը, ազդեցության նվազեցման կամ վերացման հնարավորությունները, ուղիները և միջոցները.

8) նախատեսվող գործունեության համապատասխանությունը տվյալ տարածքի համար հաստատված հիմնադրութային փաստաթղթերին.

9) բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքում` ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.

10) հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման և շրջակա միջավայրին հասցվող վնասի փոխհատուցման համար նախատեսվող միջոցառումները (շինարարության շահագործման և փակման փուլ, ռիսկային իրավիճակներ). դրանց հիմնավորվածությունն ու բավարարությունը, ծախսերի գումարային գնահատումը.

11) նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) և հետնախագծային վերլուծության ծրագիրը.

12) նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմող ամփոփ բովանդակության նյութեր` քարտեզներ, սխեմաներ, գրաֆիկներ, աղյուսակներ և այլն.

13) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները.

14) գնահատման և հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

15) հաշվետվության ամփոփ բովանդակությունը:

3. Հաշվետվություններին կից փորձաքննության ներկայացվող փաստաթղթերն են`

1) հիմնադրութային փաստաթղթի նախագիծը, առնչվող այլ հաստատված հիմնադրութային փաստաթղթերը.

2) նախատեսվող գործունեության նախագծային փաստաթուղթը.

3) գործընթացի մասնակիցների մասնակցությանը վերաբերող փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների արձանագրությունները, ձայնագրությունները, տեսագրությունները).

4) իրավաբանական անձի դեպքում` նրա կանոնադրության և ներդիրի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում` տվյալ նախատեսվող գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի կամ թույլտվության պատճենը.

6) պետական տուրքի անդորրագիրը:

 

Հոդված 19. Փորձաքննության հիմնական փուլը

 

1. Փորձաքննության հիմնական փուլն սկսվում է սույն օրենքով սահմանված տեխնիկական առաջադրանքին համապատասխան կազմված հաշվետվությունը կից փաստաթղթերով ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացնելու պահից:

2. Փորձաքննության հիմնական փուլում լիազորված մարմինը գործընթացին ներգրավում է գործընթացի մասնակիցներին:

3. Փորձաքննության հիմնական փուլում կազմվում է փորձաքննական եզրակացություն հետևյալ ցուցանիշների գնահատման վերլուծության արդյունքում՝

1) հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը.

2) հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության այլընտրանքային մոտեցումներն ու լուծումները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը.

4) շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը.

5) գործընթացի մասնակիցների ծանուցման ու քննարկումների ապահովման և կարծիքների դիտարկման արդյունավետությունը, հիմնավորվածությունը:

4. Փորձաքննության հիմնական փուլի ժամկետները չպետք է գերազանցեն՝

1) հիմնադրութային փաստաթղթերի դեպքում՝ մինչև 60 աշխատանքային օր.

2) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում` մինչև 60 աշխատանքային օր.

3) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում` մինչև 40 աշխատանքային օր:

5. Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու ու այլ տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմնի հիմնավորված որոշմամբ փորձաքննության հիմնական փուլի ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր կատեգորիայի համար, լիազոր մարմնի հիմնավորված որոշմամբ, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի կեսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ, գրավոր տեղեկացնելով ձեռնարկողին:

6. Եթե ձեռնարկողի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները, ապա լիազոր պետական մարմինը այդ մասին գրավոր տեղեկացնում է ձեռնարկողին` նշելով հայտնաբերած անհամապատասխանությունները, թերացումները և դրանք վերացնելու համար տրամադրելով մինչև 10 աշխատանքային օր, որը չի հաշվարկվում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ժամկետներում:

7. Լիազոր մարմնի սահմանած ժամկետում պահանջված նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը չներկայացնելը, թերություններով կամ ոչ լիարժեք ներկայացնելը հիմք են փորձաքննական բացասական եզրակացություն տալու համար:

 

Հոդված 20. Փորձաքննական եզրակացությունը

 

1. Փորձաքննական եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ հետևյալ մասերից.

1) ներածական` համառոտ տեղեկատվություն ձեռնարկողի, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության մասին.

2) նկարագրական` շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցության նկարագրությունը` ըստ ներկայացված հիմնադրութային կամ նախագծային փաստաթղթի.

3) պատճառաբանական` հիմնադրութային փաստաթղթի դրույթների կամ նախատեսվող գործունեության թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ հիմնավորված եզրահանգումները.

4) եզրափակիչ` եզրակացություն փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու վերաբերյալ:

2. Փորձաքննական դրական եզրակացությունը կարող է պարունակել պարտադիր կատարման ենթակա պահանջներ կամ պայմաններ, որոնց համար նշվում են ժամկետներ: Սահմանված ժամկետում նշված պահանջները կամ պայմանները չկատարելու դեպքում եզրակացությունը կորցնում է ուժը:

3. Փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության փաստաթղթերում նշված ժամկետով, եթե եզրակացությունում այլ ժամկետ չի սահմանված, որը պետք է ունենա հիմնավոր պատճառաբանություն:

4. Փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած եզրակացությունները կամ կարծիքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները չընդունելու դեպքում լիազոր մարմինը տալիս է հիմնավոր պատճառաբանումներ: Փորձաքննական եզրակացությունը հաստատում է լիազոր մարմինը:

5. Փորձաքննական եզրակացությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

6. Առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը:

7. Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 21. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Շրջակա միջավայրի վիճակի և (կամ) բնապահպանության բնագավառը կանոնակարգող օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների փոփոխման դեպքում լիազոր մարմինը ձեռնարկողին ծանուցում է բնապահպանական նոր պայմանների և դրանց իրականացման ժամկետների վերաբերյալ: Ծանուցումը ստանալուց հետո ձեռնարկողի՝ սահմանված ժամկետում այդ պայմանները չկատարելու դեպքում լիազոր մարմինը ուժը կորցրած է ճանաչում իր տված փորձաքննական եզրակացությունը:

2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.

2) փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու.

3) սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված պայմանները չեն կատարվել սահմանված ժամկետներում.

4) ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն.

5) փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:

3. Ձեռնարկողը սույն հոդվածի 1-ին մասով նշված ծանուցումն ստանալուն պես պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել լիազոր մարմնի ներկայացրած պահանջներին, չկատարելու դեպքում լիազոր մարմնի կողմից գործունեությունը դադարեցվում է մինչև պահանջների կատարումը:

4. Ձեռնարկողը, փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

5. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրութային փաստաթուղթը կամ նախատեսվող գործունեությունը, ինչպես նաև այլ պետությունների տարածքում հիմնադրութային փաստաթուղթը կամ նախատեսվող գործունեությունը կարող են ունենալ անդրսահմանային ազդեցություն, ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը իրականացվում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերի, միջազգային առողջապահական կանոնների և սույն օրենքի պահանջներին համապատասխան:

2. Անդրսահմանային ազդեցության փորձաքննական եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման ընթացակարգերի լիարժեքությունն ապահովելու և գնահատման արդյունքներն ամփոփելու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինը համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարաձգել սույն օրենքով սահմանված ժամկետները:

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության փորձաքննությունը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 4-րդ կամ 14-րդ հոդվածով սահմանված որևէ հիմնադրութային փաստաթուղթ կամ նախատեսվող գործունեություն կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա նշանակալի վտանգավոր անդրսահմանային ազդեցություն, ապա լիազորված մարմինը դրա մասին սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ծանուցում է ազդակիր պետության համապատասխան լիազորված պետական մարմնին` միաժամանակ հայցելով տեղեկատվություն այդ պետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար պահանջվող փաստաթղթերի և հասարակական լսումների ընթացակարգի վերաբերյալ:

2. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով, ապա ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության, ներառյալ` դրանց հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ.

2) հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հնարավոր որոշումների կայացման բնութագրերը.

3) փորձաքննության ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ.

4) փորձաքննությանը մասնակցելու մտադրության մասին տվյալ երկրի պատասխան տալու ժամկետները: Ձեռնարկողն աջակցում է լիազորված մարմնի կողմից ծանուցումը և հարցումը նախապատրաստելու գործընթացին:

3. Փորձաքննությանը մասնակցելու մտադրության մասին ազդակիր պետության պատասխան տալու ժամկետը չի կարող գերազանցել ծանուցումն ստանալու օրվանից 45 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ չի նախատեսված:

4. Եթե ծանուցում ստացած պետությունը պաշտոնապես հրաժարվել է փորձաքննությանը մասնակցելուց կամ սահմանված ժամկետում չի պատասխանել մասնակցելու իր մտադրության մասին, ապա փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

5. Լիազորված մարմինը ծանուցում ստացած երկրի կողմից փորձաքննության գործընթացին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական գրությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազդակիր երկիր ներկայացնում է ազդեցության գնահատմանն անհրաժեշտ փաստաթղթերը` նշելով դրանց վերաբերյալ կարծիքի ներկայացման ժամկետը, որը չի կարող գերազանցել նրա կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից 60 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ չի նախատեսված:

6. Լիազորված մարմինը և ձեռնարկողը օժանդակում են ազդակիր պետության համապատասխան լիազորված մարմնին տվյալ երկրի համապատասխան մարմինների և առավել հնարավոր ազդեցության ենթակա տարածքների հասարակայնության շրջանում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:

7. Լիազորված մարմինը և ձեռնարկողը հնարավոր ազդեցության ենթակա պետության համապատասխան լիազորված մարմնի հետ համաձայնեցնում են հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձևն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները և օժանդակում են այդպիսի խորհրդակցությունների իրականացմանը:

8. Ձեռնարկողն ապահովում է ազդակիր պետությունից ստացված կարծիքների և այլ անհրաժեշտ նյութերի թարգմանությունը:

9. Եթե հնարավոր անդրսահմանային ազդեցությունը պարզվում է փորձաքննության ընթացքում, ապա լիազորված մարմինը ձեռնարկողի հետ պարտավոր է ապահովել սույն հոդվածով սահմանված պահանջները:

 

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա այլ պետության հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության փորձաքննությունը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստացվում է ծանուցում Հայաստանի Հանրապետության վրա անդրսահմանային ազդեցություն առաջացնելու հնարավորություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ, և ստացողը լիազորված մարմինը չէ, ապա ծանուցումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկվում է լիազորված մարմին:

2. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկում է ծագման պետության համապատասխան լիազորված մարմնին` ծանուցումն ստանալու և փորձաքննությանը մասնակցելու կամ չմասնակցելու իր մտադրության մասին:

3. Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը փորձաքննությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է ծագման երկրի համապատասխան լիազորված մարմնին ծանուցման մեջ նշված ժամկետում և կարգով: Եթե ծանուցման մեջ պատասխան տալու ժամկետ ամրագրված չէ, ապա լիազորված մարմինը ծանուցող երկրին պատասխանում է ծանուցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա լիազորված մարմինը ծանուցման քննարկումն ապահովում է սույն օրենքի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված կարգով:

5. Եթե լիազորված մարմինը որոշում է ընդունել փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ, ապա փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջները, միաժամանակ տեղեկացնելով ծագման պետության լիազորված մարմնին սույն օրենքի պահանջների, ներառյալ` փորձաքննության, փաստաթղթերի թարգմանության, հասարակայնության մասնակցության ապահովման և սույն օրենքով պահանջվող այլ ծախսերի համար նրա կողմից անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու մասին:

6. Լիազորված մարմինը ծագման պետության համապատասխան լիազորված մարմնի հետ համաձայնեցնում է անհրաժեշտ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձևն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները:

7. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն այլ բան չի նախատեսված, ապա լիազորված մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո սույն օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով ապահովում է փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց քննարկումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փորձաքննական եզրակացությունն ուղարկում է ծանուցող երկիր:

8. Եթե լիազորված մարմինը տեղեկացված է եղել այլ երկրի տարածքում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության մասին, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա, և դրա վերաբերյալ տվյալ երկրից ծանուցում չի ստացվել, ապա լիազորված մարմինը, դրա մասին նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է տվյալ երկրի համապատասխան լիազոր պետական մարմնին` հայեցակարգի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի վերաբերյալ ծանուցում ստանալու նպատակով:

 

Հոդված 25. Անդրսահմանային ազդեցության բնագավառում միջազգային համագործակցությունը

 

1. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կարող է կնքել երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր կամ ձեռք բերել այլ պայմանավորվածություններ:

2. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների հետ կարող է ստեղծել ժամանակավոր կամ մշտական գործող մարմիններ, որոնց գործունեության կարգը որոշվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով կամ այլ գրավոր համաձայնություններով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 26. Հանրության ծանուցումը և քննարկումների իրականացումը

 

1. Հանրության իրազեկումն ու մասնակցությունն ապահովելու նպատակով գնահատումների և փորձաքննության գործընթացները ենթակա են հանրային ծանուցման և քննարկման:

2. Հանրության ծանուցումն իրականացնում են՝

1) լիազոր մարմինը` ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվությունների և փորձաքննական եզրակացության նախագծի մասին` լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ.

2) ձեռնարկողը` հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության ու դրանց ազդեցության գնահատումների գործընթացների իրականացման մասին` լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ.

3) ազդակիր համայնքի տարածքային կառավարման մարմինները և համայնքի ղեկավարը` հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության ու դրանց ազդեցության գնահատումների գործընթացների իրականացման մասին` լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

3. Ծանուցման բովանդակությունը պարունակում է ձեռնարկողի մասին տվյալները, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությունը, իրականացման վայրը, դրանց հետ ծանոթանալու և քննարկումների իրականացման վայրը, պայմանները, դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու ժամկետները և այլ տեղեկություններ:

4. Ծանուցումը, հիմնադրութային և նախագծային փաստաթղթերը տեղադրվում են նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում` լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

5. Հանրային քննարկումներն իրականացնում են՝

1) ձեռնարկողը` հիմնադրութային փաստաթղթի, նախատեսվող գործունեության և դրանց ազդեցության գնահատման գործընթացների մասին.

2) պետական կառավարման տարածքային մարմինը, ձեռնարկողը` հիմնադրութային փաստաթղթի և դրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության նախագծի մասին.

3) տեղական ինքնակառավարման մարմինը, ձեռնարկողը, նախատեսվող գործունեության և դրա ազդեցության գնահատման հաշվետվության մասին:

6. Լիազոր մարմինը քննարկումներում ապահովում է իր ներկայացուցչի մասնակցությունը:

7. Հանրային քննարկումների արդյունքում իրականացնողը կազմում է համապատասխան արձանագրություն` կցվում է տեսաձայնագրությունը:

8. Հանրության հիմնավորված դիտողությունները և առաջարկությունները ձեռնարկողը և լիազորված մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:

9. Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 27. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացներում ձեռնարկողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Գնահատման և փորձաքննության գործընթացում ձեռնարկողն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու գնահատման և փորձաքննության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու տարածքին առնչվող գործող հիմնադրութային փաստաթղթերը, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու փորձաքննական եզրակացությունը և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

2. Փորձաքննության գործընթացում ձեռնարկողը պարտավոր է՝

1) պահպանել սույն օրենքով սահմանված պահանջները.

2) տրամադրել սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները լիազոր մարմնին.

3) ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը.

4) իրականացնել փորձաքննության ընթացքում հանրության ծանուցումը և քննարկումները.

5) տրամադրել համապատասխան նյութերն ու փաստաթղթերը հանրային քննարկումներ անցկացնողներին.

6) ընդունել կամ հաստատման ներկայացնել հիմնադրութային փաստաթուղթը և իրականացնել նախատեսվող գործունեությունը միայն փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Հոդված 28. Փորձաքննության գործընթացում փորձագետի ներգրավմանը ներկայացվող պահանջները

 

1. Լիազոր մարմինը փորձաքննության գործընթացին որպես փորձագետ կարող է ներգրավել համապատասխան իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող փորձագետ(ներ)ի:

2. Որպես փորձագետ կարող է հանդիսանալ այն իրավաբանական անձը, որի կանոնադրական գործառույթները համապատասխանում են փորձաքննության ենթակա առարկային:

3. Ֆիզիկական անձ հանդիսացող փորձագետը պետք է ունենա համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

4. Փորձաքննության ընթացքում փորձագետների ներգրավումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, փորձագետների աշխատանքի բովանդակությունը, ծավալն ու ժամկետները, վճարման կարգն ու չափը և կողմերի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

6. Փորձաքննության գործընթացում որպես փորձագետ չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնք մասնակցել են տվյալ հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի մշակմանը և (կամ) դրանց ազդեցության գնահատման գործընթացին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 29. Փորձաքննության գործընթացում փորձագետի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու փորձաքննության ներկայացված բոլոր փաստաթղթերը.

2) լիազոր մարմնից և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու փորձաքննության ենթակա փաստաթղթերին առնչվող բոլոր նյութերը.

3) մասնակցելու իր տված կարծիքի կամ եզրակացության ու փորձաքննական եզրակացության նախագծերի քննարկմանը.

4) մասնակցելու իր կողմից փորձաքննվող փաստաթղթերի հասարակական քննարկումներին.

5) փորձաքննական եզրակացության կամ դրա առանձին դրույթների հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնելու հատուկ կարծիք:

2. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետը պարտավոր է՝

1) հիմնադրութային փաստաթղթի ու նախատեսվող գործունեության փորձաքննությունն իրականացնել սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

2) ապահովել իր կազմած մասնագիտական եզրակացության հիմնավորվածությունը.

3) պահպանել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը.

4) ցուցաբերել անաչառ, անկախ և օբյեկտիվ մոտեցում.

5) ապահովել պայմանագրային պահանջների կատարումը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 30. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը

 

1. Փորձաքննության գործընթացի իրականացման համար վճարվում է պետական տուրք:

2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի պահպանման, փորձագետի, տեղական ինքնակառավարման մարմինների՝ հանրության իրազեկման և լսումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(30-րդ հոդվածը փոփ. 11.09.14 ՀՕ-144-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 31. Փորձաքննության գործընթացում պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 32. Փորձաքննության գործընթացում վերահսկողությունը

 

1. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են լիազոր մարմինը և հանրությունը` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 33. Անցումային դրույթ

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

 

Հոդված 34. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-21 օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-110-Ն