Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.648
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.07.2014
Дата вступления в силу
28.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

 

«ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար (այսուհետ` Տնօրեն), խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.

խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցելու շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավելի խաղացողների մասնակցելու շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է` ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի.

նախասրահ` խաղասրահի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահ, որտեղ անցկացվում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում տվյալների շտեմարան.

իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու.

միևնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները.

նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 4.1. Շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները

 

1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.

5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).

 6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:

2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ Տնօրենը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին և պահանջներին.

2) որը գտնվում է սնանկացման վարույթում.

3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.

4) որի շահումով խաղերի կամ խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.

5) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):

3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:

 

Հոդված 4.2. Փոխկապակցված անձինք

 

1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապացված, եթե`

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակից(ներ)ը (բաժնետեր(եր)ը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության, հանձնարարության պայմանագրերի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

2) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:

 

Հոդված 4.3. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և ղեկավար պաշտոններ զբաղեցնելը

 

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

2. Անձը ղեկավար պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր է եռամսյա ժամկետում անցնել սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում և ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով տեղեկություններ և փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված հիմքերը, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների խաղային ծրագրերի սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության և կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը և պահանջների պահպանման ճշտությունը:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» և «բ2» կետերով.

«բ1) ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ2) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.».

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» կետերով.

«ժբ) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայություն խաղասրահում.

ժգ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված անձ, կամ 4.3-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Լիազոր մարմինն իրականացնում է շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:»:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «դ» կետի «դադարեցման հայցով դիմում է դատարան» բառերը փոխարինել «դադարեցում» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ2» կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:»:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» կետով.

 

«բ1) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.»:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «ը» կետերով» բառերը փոխարինել «4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «ը» կամ «ժբ» կետերով» բառերով:

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի կողմից տրամադրված` շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա ստացած անձինք սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքից բխող իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչև խախտումը վերացնելը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 4.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմք, կամ լիազոր մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ ներդրված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, ապա լիազոր մարմինը շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնում է մինչև կազմակերպչի՝ սույն օրենքով սահմանած անհրաժեշտ և բավարար հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-122-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան