Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովմանը,
ղեկավարվելով Անկախ պետությունների ներքին գործերի մարմինների միջև համագործակցության և փոխադարձ վստահության ամրապնդման և զարգացման ցանկությամբ,
ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության հիմքում ընկած են պետությունների ինքնիշխանության, հավասարության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրության հիման վրա, համագործակցությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում`
ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,
բ) բանդիտիզմի, ահաբեկչության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի,
գ) զենքի ու զինամթերքի, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործառույթների դեմ պայքարի,
դ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,
ե) կեղծ դրամանիշների, արժեթղթերի և փաստաթղթերի պատրաստման և իրացման դեմ պայքարի,
զ) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
է) մաքսանենգության, ինչպես նաև այն հանցագործությունների դեմ պայքարի, որոնց առարկան համարվում են մշակութային և պատմական արժեքները,
ը) հանցագործների, քննությունից և դատից, պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և, ըստ հայցերի, դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,
թ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,
ժ) ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի:
Կողմերը նաև համագործակցում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հրդեհների վերացման, տարերային աղետների, վթարների, համաճարակների, անասնահամաճարակների հետևանքների վերացման բնագավառներում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը, ազգային օրենսդրության և փոխադարձության հիման վրա, պարտավորվում են քրեական գործերով, ինչպես նաև օպերատիվ- հաշվառման և վարչական իրավախախտումների նյութերի վերաբերյալ հարցումների ու խնդրանքների կատարման միջոցով իրականացնել համագործակցություն հանցագործությունների դեմ տարվող պայքարում:
Կողմերի համագործակցությունն իրականացվում է նաև հետևյալ ձևերով`
ա) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և քրեագիտական, ինչպես նաև արխիվային տեղեկության փոխանակմամբ,
բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանն օժանդակելով,
գ) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխադարձաբար աջակցություն ցույց տալով,
դ) քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների, գույքային ունեցվածքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,
ե) հատուկ և այլ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների փոխադրմանը և ուղեկցմանն աջակցելով,
զ) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,
է) ծածկագրային կապի կազմակերպմամբ,
ը) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սանատորաառողջարանային բուժման կազմակերպման օժանդակությամբ:
Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակել և զարգացնել համագործակցության փոխընդունելի այլ ձևեր:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված հարցումներն ու խնդրանքները պետք է համապատասխան կերպով ձևակերպվեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները`
ա) ներքին գործերի հարցում անող կամ խնդրատու մարմնի և ներքին գործերի այն մարմնի անվանումները, ում դիմում են,
բ) հարցմանը կամ հանձնարարությանը վերաբերող գործի կամ նյութի անվանումը,
գ) վկաների, տուժածների, կասկածյալների, մեղադրյալների, հետախուզվողների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները և անունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը, մշտական բնակության կամ գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները, անունները և հասցեները,
դ) հարցման կամ հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրանց էությանը և իրավախախտման հանցակազմի նկարագրությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:
Հարցմանը կամ հանձնարարությանը կցվում են նաև պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումները, որոնք անհրաժեշտ են թույլատրված գործողությունները կատարելու համար:
Հարցումները կամ հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի` զինանշան պատկերող կնիքով և ղեկավարի ստորագրությամբ: Հարցումների և հանձնարարությունների իրականացման ժամանակ Կողմերն օգտվում են ռուսերենից:
Հարցումն ուղարկող Կողմի հարցումներին ու հանձնարարություններին կցված` պետական լեզվով կազմված փաստաթղթերին միացվում է դրանց պատշաճ կերպով հաստատված ռուսերեն թարգմանությունը:
Հարցումը կամ հանձնարարությունը կատարելիս կատարող Կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերը թարգմանվում են ռուսերեն:
Թարգմանությունները վավերացվում են իրավասու հաստատության կնիքով և պաշտոնատար անձի ստորագրությամբ:
Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
ՀՈԴՎԱԾ 4
Հարցումների կամ հանձնարարությունների բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցում անող Կողմը գտնի, որ դրա կատարումը առաջ կբերի մարդու իրավունքների, իր պետության ինքնիշխանության, անվտանգության և այլ կարևոր շահերի խախտումներ: Նման որոշում կայացնելու դեպքում հարցում անող Կողմը տեղեկացվում է գրավոր` մերժման պատճառների նշումով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերից յուրաքանչյուրը ապահովում է մյուս Կողմին հաղորդվող տեղեկությունների գաղտնիությունը, եթե այդ տեղեկությունները կրում են գաղտնի բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց բովանդակության հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած տվյալները և տեղեկությունները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները երրորդ կողմի կարող են փոխանցվել բացառապես դրանք տրամադրող Կողմի համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման համաձայնությունը ստանալուց հետո միայն:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը, ղեկավարվելով ազգային օրենսդրությամբ, մյուս Կողմի հարցման և հանձնարարության դեպքում պարտավորվում են աջակցել միմյանց`
ա) հետաքննությունից, դատից և պատիժը կրելուց խուսափողներին ձերբակալելու և, անհրաժեշտության դեպքում, կալանավորելու հարցերում,
բ) քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրանց նկատմամբ կայացված դատավճիռն ի կատար ածելու համար անձանց համապատասխան Կողմին հանձնելու հարցերում:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ, որտեղ նրանց ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն ստացած հանձնարարությունը կատարելու համար, միջոցներ են ձեռք առնվում նրանց իրավական պաշտպանվածությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը պայմանավորվեցին, անհատական կարգով և հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, քննարկել ՆԳ մարմիններում մյուս Կողմի աշխատակիցներին ծառայության ընդունելու հարցերը, լուծել նրանց ծառայողական ստաժի պահպանման հարցերը` երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու և պետական կենսաթոշակ նշանակելու համար. այն չափերով, որ սահմանված է ընդունող Կողմի ՆԳ մարմինների աշխատակիցների համար:
ՀՈԴՎԱԾ 9
Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են ռուսերենից:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվում:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև վեց ամիս լրանալը` սկսած այն օրից, երբ Կողմերից մեկը կստանա դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը:
Ի հաստատումն դրա` պատվիրակությունների ղեկավարները, ընդունված կարգի համաձայն, որի համար լիազորված են իրենց կառավարությունների կողմից, 1992 թվականի ապրիլի 24-ին Ալմա-Աթա քաղաքում ռուսերենով, երկու օրինակով ստորագրել են սույն Համաձայնագիրը:
Կողմերը ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում Համաձայնագրի տեքստը կթարգմանեն հայերեն և լատիշերեն և կուղարկեն մեկը մյուսին` ստորագրելու և պահելու համար:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի ապրիլի 24-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|