Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-84-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.08.2014-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.23/40(1053) Հոդ.601
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.07.2014
Дата вступления в силу
02.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածի 5-րդ մասը «329-րդ,» բառից հետո լրացնել «329.1-ին» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «քաղաքական» բառը:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 329.1-ին հոդվածով.

 

«Հոդված 329.1.

Անօրինական միգրացիայի կազմակերպումը

 

1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում,

4) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-84-Ն