ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».
2) 11-րդ մասի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
3) 23-րդ մասի «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.
4) 24-րդ մասը «կանգառ կատարելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերով.
5) 25-րդ մասից հանել «, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաև նույն մասի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
6) 26-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.
7) 28-րդ մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 124.4. | Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը |
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:»:
Հոդված 4. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ կամ չորրորդ» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով» բառերը, ինչպես նաև նույն մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.
2) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը,» բառերով, ինչպես նաև նույն մասի «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 132-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «վարելու իրավունք չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով» բառերով, ինչպես նաև նույն մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:
Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:»:
Հոդված 10. Օրենսգրքի 310-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «123.2» թիվը փոխարինել «140» թվով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-78-Ն
ՆախագահՍ. Սարգսյան