ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագրի 9-րդ կետի` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը (կցվում է):
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է ՀՀ Նախագահի 2000 թ. ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Սույն կարգը սահմանում է միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների պարտականությունների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ նրանց փոխգործունեության շրջանակները և նպատակ ունի բարձրացնել նշված բնագավառում իրականացվող գործունեության արդյունավետությունը:
1. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների միջազգային գործունեություն և միջազգային կապեր հասկացությունները ներառում են.
Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ հարաբերությունները, այդ թվում`
- նամակագրություն և գրագրություն,
- բանակցություններ,
- փաստաթղթերի ստորագրում,
- հանդիպումներ (երկկողմ և բազմակողմ),
- պաշտոնական և աշխատանքային հրավերներ և ընդունելություններ,
- պաշտոնական և աշխատանքային այցեր,
- խորհրդակցություններ,
- պաշտոնական հայտարարություններ,
- այլ պայմանավորվածություններ:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին հասցեագրված նամակները և գրությունները առաքում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով: Նշված գրությունները համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կարող են վերադարձվել առաքողին:
Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին ուղղակիորեն հասցեագրված գրությունների պատճենները վերջիններս ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` 10-օրյա ժամկետում:
Արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին հասցեագրված թղթակցությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ առաքվող թղթակցությունը փոխանցվում են բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները իրենց պաշտոնական այցերի, հանդիպումների, խորհրդակցությունների, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում ընդունելու հրավերների մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնեցմանն են ուղարկվում առնվազն 10 օր առաջ: Նշված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից առարկություն չստանալու դեպքում դրանք համարվում են ընդունելի: Հրատապ դեպքերում համաձայնեցումը և պատասխանների ներկայացումը կարող են կատարվել բանավոր և համաձայնեցված սեղմ ժամկետներում:
4. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման մասին նախօրոք տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ է համարում, ապա վերոհիշյալ հանդիպումներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Նշված կարգը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպումների համար:
5. Սույն կարգադրության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված պայմաններն ու ժամկետները չեն տարածվում այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացվող հարաբերությունների վրա, որոնց կանոնադրություններով նախատեսվում են ուղղակի շփումներ համապատասխան պետական մարմինների հետ: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները վերոհիշյալ կազմակերպությունների հետ իրականացվող գործունեության մասին պարբերաբար իրազեկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
6. Սույն կարգադրության դրույթները չեն տարածվում վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորվող այնպիսի հարաբերությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համար օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների համապատասխան մարմինների հետ նախատեսում են անմիջական օպերատիվ հաղորդակցության կարգ:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունները օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չպահանջող, տեխնիկական բնույթի հարցերին առնչվող հարաբերություններն իրականացնում են ուղղակի շփումների միջոցով:
8. Պաշտոնական այցերի, պաշտոնական հանդիպումների և խորհրդակցությունների ընթացքում փաստաթղթերի ստորագրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
9. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները և դրանց ղեկավարները պաշտոնական այցերից հետո մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում հաշվետվություն, որին կցվում են ստորագրված փաստաթղթերի պատճենները: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմնի տրամադրած փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Նույն կարգը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պատվիրակությունների հետ կազմակերպված հանդիպումների համար:
Ներկայացված հաշվետվությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է գործադիր իշխանության մարմիններից լրացուցիչ տեղեկություններ և բացատրություններ պահանջել հաշվետվությունների և դրանց կցված նյութերի վերաբերյալ, ինչպես նաև հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը տեղեկատվական տեղեկանքներ է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների (հանդիպումների) արդյունքների մասին, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այլ ցուցումներ չեն տրվել:
10. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ներկայացնում տեղեկություններ իրենց ոլորտին առնչվող` ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի և դրանց կիրառմանն ուղղված հնարավոր միջոցառումների վերաբերյալ:
11. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններում սույն կարգադրությամբ նախատեսված հանձնարարականների կատարման համակարգումը և դրանց հետ կապված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ ընթացիկ համագործակցության ապահովումը դրվում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններում արտաքին հարաբերությունները համակարգող նախարարների տեղակալների կամ արտաքին հարաբերությունների վարչությունների ու նման այլ ստորաբաժանումների ղեկավարների վրա: (Սույն կետում նշված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկամսյա ժամկետում համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ):
12. Միջկառավարական հանձնաժողովների գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմում ընդգրկվելիք Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի անհատական կազմը, իսկ հանձնաժողովների ղեկավարներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
Միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի ղեկավարները տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:
Միջկառավարական հանձնաժողովները վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության վերաբերյալ:
13. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները և հանգուցային խնդիրները լուսաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար (ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ) կազմակերպում է հանդիպումներ և խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների և այդ մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին ներկայացնում է տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնախնդիրների և ուղղությունների մասին:
14. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները, իրենց միջազգային գործունեությունը և կապերը առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու նպատակով, 2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնեցմանն են ներկայացնում յուրաքանչյուր տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումների ծրագրի նախագիծը:
15. Սույն կարգի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆԿ-48-Ն | 09.04.2018, ՆԿ-557 | |
06.03.2010, ՆԿ-38-Ն | 18.03.2010, ՆԿ-557 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|