Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-294
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2014-30.03.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.77
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.12.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.01.2002
Дата вступления в силу
05.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴԵՐն ու ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների միասնական համակարգը կազմված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից (այսուհետ` լիազորված մարմին), նրան ենթակա մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Լիազորված մարմինը հանրապետական գործադիր մարմին է, որի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական և ռազմական հակահետախուզության մարմիններ:

Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է` ելնելով սույն օրենքից և լիազորված մարմնի կանոնադրությունից:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, այդ թվում` լիազորված մարմնի` իր իրավասության սահմաններում ընդունած գերատեսչական նորմատիվ ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ՄԱՐԴՈՒ և ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերի:

Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ և տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:

Պետական մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցում:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիքին առնչվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում:

Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) հետախուզական գործունեություն.

բ) հակահետախուզական գործունեություն.

գ) ռազմական հակահետախուզական գործունեություն.

դ) պետական սահմանի պահպանություն.

ե) պայքար հանցագործությունների դեմ:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, դրանց կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները չպետք է խախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված` մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, վնասեն մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների հետ լիազորված մարմնի հետախուզական մարմնի համագործակցության կարգը և պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համատեղ ընդունված իրավական ակտերով, իսկ միջազգային կազմակերպությունների հետ` միջազգային պայմանագրերով:

Հետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպես նաև հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերն են`

ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայությունը.

բ) իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.

գ) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման անհրաժեշտությունը.

դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը.

ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերը կարող են փոփոխվել միայն օրենքով: Հակահետախուզական գործունեության ընթացքում ազգային անվտանգության մարմինները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդներ ու միջոցներ, որոնց բնույթը որոշվում է այդ գործունեության պայմաններով:

Հակահետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, քաղաքացիների բնակարանների անձեռնմխելիությունը շոշափող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինները, հակահետախուզական գործունեության իրականացման համար, դատարանի պահանջով, ներկայացնում են հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերին վերաբերող ծառայողական փաստաթղթեր (բացառությամբ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերի, որոնք տեղեկություններ են պարունակում ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև հակահետախուզական գործունեության իրականացման կազմակերպման, գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին):

Հակահետախուզական գործունեության իրականացման իրավունքի վերաբերյալ դատարանի որոշումը և դրա ընդունման համար հիմք ծառայած նյութերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահվում են ազգային անվտանգության մարմիններում:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասերում և այլ զինվորական կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում` իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները բացահայտելու, կանխելու և խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաև մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով:

(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-8-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

 

Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով և այլ օրենքներով իրենց առջև դրված խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարում են հետաքննություն և նախաքննություն` ուղղված իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Ազգային անվտանգության մարմինների վրա օրենքով կարող են դրվել հանցագործությունների դեմ պայքարի այլ խնդիրներ:

Հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեական դատավարության և օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող օրենսդրությանը, սույն օրենքին և գերատեսչական նորմատիվ ակտերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ եվ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն`

ա) գաղտնի հիմունքներով համագործակցել դրա համար համաձայնություն տված անձանց հետ.

բ) ներթափանցել հետախուզական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.

գ) օրենքով սահմանված կարգով հետաքննություն և նախաքննություն կատարել, իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ունենալ և օգտագործել ձերբակալվածներին պահելու վայրեր.

դ) օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում իրականացնել պետական վերահսկողություն, ինչպես նաև համակարգել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը, սահմանել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը.

ե) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև կազմակերպություններին ու քաղաքացիներին պատկանող կապի միջոցները` համարժեք հատուցմամբ.

զ) հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բուժհիմնարկներ հասցնելու, ինչպես նաև դեպքի վայր մեկնելու համար, անհետաձգելի դեպքերում օգտագործել քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.

է) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, օրենքով սահմանված կարգով, մուտք գործել քաղաքացիներին պատկանող բնակելի և այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, և հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.

ը) ստուգել քաղաքացիների և պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.

թ) ձերբակալել այն անձանց, ովքեր ներթափանցել են կամ ներթափանցվելու փորձ են կատարել հատուկ ռեժիմային օբյեկտների և պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաև ստուգել նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից բացատրություններ ստանալ, կատարել այդ անձանց զննում, նրանց իրերի ու փաստաթղթերի զննում և առգրավում.

ժ) սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպություններ առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված է լիազորված մարմնի իրավասությանը.

ժա) պետական մարմիններից և կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

ժբ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ունենալ տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և տեխնիկական կենտրոններ.

ժգ) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունենալ հատուկ նշանակության ստորաբաժանումներ.

ժդ) անցկացնել քրեագիտական և այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.

ժե) իրենց իրավասության սահմաններում հրապարակել ազգային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ գերատեսչական ակտեր ու վերահսկել պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից դրանց կատարումը.

ժզ) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, համագործակցել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակել օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ:

Իրենց իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մասնակցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և կնքել միջգերատեսչական պայմանագրեր.

ժէ) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղել օտարերկրյա պետություններ` այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով.

ժը) իրականացնել միջոցառումներ` ուղղված սեփական անվտանգության ապահովմանը, ազգային անվտանգության մարմինների պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործել տեխնիկական միջոցներ` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.

ժթ) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների անձի, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործել այլ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների փաստաթղթերը.

ի) անցկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտություններ.

իա) պայմանագրային հիմունքներով օգտվել կազմակերպությունների ծառայողական շինություններից, ինչպես նաև քաղաքացիների բնակելի և այլ շինություններից.

իբ) կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ համապատասխան ուսումնական հաստատություններ.

իգ) հատուցմամբ կամ անհատույց իրականացնել կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին:

Ազգային անվտանգության մարմինները չեն կարող ունենալ այլ իրավունքներ և կրել այլ պարտականություններ, բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

(15-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-146-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինները պարտավոր են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ու նրանց հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.

բ) բացահայտել, կանխել, խափանել Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեությունը.

գ) հետախուզական տեղեկություններ հավաքել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

դ) բացահայտել, կանխել և խափանել իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները, իրականացնել այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

ե) բացահայտել, կանխել և խափանել ահաբեկչական գործողությունները.

զ) մշակել և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ` ուղղված գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների մարմիններում առանձնապես խոշոր չափերի կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ կապված զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ պայքարին.

է) իրենց իրավասության սահմաններում ապահովել անվտանգությունը Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում և հիմնարկներում.

ը) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.

թ) իրենց իրավասության սահմաններում մասնակցել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմինների անվտանգության ապահովմանը.

ժ) մասնակցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը և իրականացմանը, վերահսկել պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով միջոցառումներ իրականացնել` կապված քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու հետ.

ժա) անցկացնել միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովմանը.

ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.

ժգ) իրենց իրավասության սահմաններում, մյուս պետական մարմինների հետ համատեղ, մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը.

ժդ) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնել հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները և ռադիոալիքները.

ժե) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և քաղաքացիությունը դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու նրա սահմաններից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.

ժզ) պահպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.

ժէ) մասնակցել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը և իրացնել դա: Ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը:

(16-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-81-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառել:

 

ՀՈԴՎԱԾ 18.

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Ազգային անվտանգության մարմինները կարող են համագործակցել պետական մարմինների և կազմակերպությունների հետ:

Ազգային անվտանգության մարմիններն իրավապահ մարմինների հետ համագործակցում են հանցագործությունների բացահայտման և կանխման ու այլ հարցերի լուծման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ իրականացնելիս, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նորմատիվ ակտերով:

Ազգային անվտանգության մարզային մարմիններն իրենց օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ անկախ են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից:

Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման այլ ուժերի հնարավորությունները:

Պետական մարմինները և կազմակերպությունները պարտավոր են աջակցել ազգային անվտանգության մարմիններին դրանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները կատարելիս:

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի, էլեկտրոնային կապի, այդ թվում` հեռակոդային, գաղտնի, արբանյակային կապի համակարգերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և քաղաքացիները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների պահանջով ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրների լուծման նպատակով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է գործուղվել պետական մարմիններ և կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ: Նշված սպաներին կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործուղվող սպաները կենսաթոշակի ընտրության և ստանալու իրավունք ունեն` ըստ մինչև գործուղվելը կամ գործուղվելուց հետո զբաղեցրած պաշտոնի:

Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ ազգային անվտանգության մարմինների համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակից կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ընդունակ է իր անձնական ու գործնական հատկանիշներով, կրթությամբ և առողջական վիճակով կատարել իր վրա դրված պարտականությունները:

Ազգային անվտանգության մարմինների հիմնական կադրերը դրանց զինծառայողներն են: Բացառիկ դեպքերում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ):

Ազգային անվտանգության մարմինների սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նրանց կողմից կատարվող պարտականությունների յուրահատկությամբ:

Ազգային անվտանգության մարմինների սպաները և ենթասպաները գտնվում են լիազորված մարմնի կադրային կազմում (ներառյալ` պետական կառավարման հանրապետական և մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները) և պահեստազորում:

Ենթակա զինծառայողներին խրախուսելու, կարգապահական տույժ տալու, ինչպես նաև զինվորական կոչումներ շնորհելու, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական անձնակազմի պարտականությունները, իրավունքները և արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:

Ազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին պարգևատրել առանց հրապարակման (գաղտնի):

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ):

Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո: Միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով լիազորված պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավունք ունեն միջամտել նրանց ծառայողական գործունեությանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` ազգային անվտանգության մարմինների աշխատակցի և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության և գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծառայողական պարտականությունները կատարող ազգային անվտանգության մարմինների աշխատակցին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում և կազմակերպություններում, ինչպես նաև հանցավոր խմբերում ազգային անվտանգության մարմինների հատուկ առաջադրանք կատարած (կատարող) աշխատակիցների վերաբերյալ եղած տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիք են ու կարող են հրապարակվել միայն նշված աշխատակիցների գրավոր համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը պատասխանատվություն չի կրում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար:

 

ՀՈԴՎԱԾ 21.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողների սոցիալական պաշտպանությունը

(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն)

 

1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

(21-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինները կարող են առանձին անձանց, նրանց համաձայնությամբ, ներգրավել ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման գործում բացահայտ կամ գաղտնի համագործակցության, ընդ որում, նաև որպես արտահաստիքային աշխատակիցներ: Ազգային անվտանգության մարմինների արտահաստիքային աշխատակցի գործունեության կարգը սահմանվում է լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:

Ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձն իրավունք ունի`

ա) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից պարզաբանում ստանալ իր առջև դրված խնդիրների, իրավունքների և պարտականությունների մասին.

բ) գաղտնագործունեության նպատակով օգտագործել օպերատիվ քողարկման փաստաթղթեր.

գ) պարգևատրում ստանալ առանձին հանձնարարությունների անթերի կատարման համար.

դ) փոխհատուցում ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս առողջությանը կամ գույքին պատճառված վնասի համար:

Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձը պարտավոր է`

ա) կատարել ազգային անվտանգության մարմինների հանձնարարությունները.

բ) թույլ չտալ, որ ոչ օբյեկտիվ, կեղծ կամ զրպարտչական տեղեկությունները միտումնավոր ներկայացվեն.

գ) չհրապարակել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս:

 

ՀՈԴՎԱԾ 24.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Իրենց գործունեությունն իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինները, լիազորված մարմնի գիտությամբ կամ հանձնարարությամբ, առանց լիցենզավորման, կարող են մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, կապի և տվյալների փոխանցման համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պահպանության միջոցներ (ներառյալ` գաղտնագրային պաշտպանության միջոցները):

Տեղեկատվական համակարգերում իրավաբանական անձանց և քաղաքացիների մասին տեղեկությունների առկայությունն ազգային անվտանգության մարմինների կողմից նշված անձանց իրավունքների սահմանափակման հիմք չէ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնագավառում կատարված իրավախախտումների մասին տեղեկությունների, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, առանձին անձանց հետախուզական և այլ գործունեության մասին տեղեկությունների հաշվառման ու օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ և ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինները մշակում, ստեղծում, ձեռք են բերում և օգտագործում են սպառազինության և հանդերձավորման միջոցներ (ներառյալ` տեխնիկական և այլ հատուկ միջոցներ), ձեռք են բերում և օգտագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների համար նախատեսված և սպառազինության համար ընդունված մարտական զենք, ինչպես նաև ծառայողական զենք ու ռազմամթերք:

Ազգային անվտանգության մարմինների կողմից օգտագործվող սպառազինության և հանդերձավորման միջոցների (ներառյալ` հատուկ տեխնիկական և այլ միջոցներ) փոխանցումը, Հայաստանի Հանրապետությունից արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն ազգային անվտանգության մարմիններն իրագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

Լիազորված մարմնի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված:

Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, կարող է կառուցել բնակելի շենքեր` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների կարիքները հոգալու համար:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 27.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, կապված իրենց պատգամավորական գործունեության իրականացման հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 28.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
24 հունվարի 2002 թ.
ՀՕ-294