Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-126-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (07.08.2008-09.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.08.06/50(640) Հոդ.814
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
18.07.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2008
Дата вступления в силу
07.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագիրը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-223 կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 18

Երևան

ՆԿ-126-Ն

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2008թ. հուլիսի 18-ի

ՆԿ-126-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությունը (այսուհետ՝ Վերահսկողական ծառայություն) գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կառուցվածքում` Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, որը ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը։

2. Վերահսկողական ծառայությունն ստեղծում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Վերահսկողական ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, իսկ աշխատանքային ծրագրերը` Վերահսկողական ծառայության ղեկավարի ներկայացմամբ, հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Վերահսկողական ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում` Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:

5. Վերահսկողական ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ։ Վերահսկողական ծառայության գտնվելու վայրն է՝ Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26, 2-րդ մասնաշենք:

6. Վերահսկողական ծառայության գործունեության ֆինանսական, նյութատեխնիկական ապահովումը և սպասարկումն իրականացնում է Աշխատակազմը` Աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցների ու ամրացված գույքի հաշվին:

 

II. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Վերահսկողական ծառայության խնդիրներն են՝ ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված հետևյալ լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու Հայաստանի Հանրապետության Նախագահի գործառույթի իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

8. Վերահսկողական ծառայությունն իր խնդիրների լուծման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) գործադիր իշխանության հանրապետական մարմինների, գործադիր իշխանության հանրապետական մարմին չհանդիսացող այլ պետական մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման վերահսկումը.

2) գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերում, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, դրանց ենթակա պետական (համայնքային) կազմակերպություններում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.

3) գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման արդյունքների պարբերաբար քննարկումը, ինչպես նաև բացահայտված թերությունների վերացման և ծագած դժվարությունների հաղթահարման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ գործառույթներ:

9. Վերահսկողական ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս`

1) իր աշխատանքային ծրագրերին համապատասխան` ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը և անմիջականորեն Հայաստանի Հանրապետության Նախագահին, ինչպես նաև գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում այդ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների ու թերությունների վերացման ուղղությամբ.

2) քննարկում և վերլուծում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին, Աշխատակազմին և Վերահսկողական ծառայությանն ուղղված դիմումները, բողոքները և առաջարկությունները, օրենքով սահմանված կարգով դրանք վերահասցեագրում է համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց, ամփոփում դրանք և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ.

3) վերահսկողության արդյունքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բացառությամբ, եթե օրենքով կարգապահական պատասխանատվություն կիրառելու գործառույթը վերապահված է այլ մարմնի.

4) համագործակցում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Հայաստանի Հանրապետության դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության դատախազության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց հսկողական ու վերահսկողական գործառույթներ ունեցող համապատասխան ծառայությունների հետ: Անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական գործառույթներ ունեցող համապատասխան ծառայություններին` օրենքով, իրենց իրավասության շրջանակներում, թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ.

5) իր կողմից իրականացվող ստուգումներում և ուսումնասիրություններում կարող է ներգրավել վերահսկվող օբյեկտի ներքին աուդիտ իրականացնող անձանց (տվյալ կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ), իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների (ներկայացուցիչների), կազմավորել ժամանակավոր աշխատանքային խմբեր.

6) կատարողական կարգապահության, ֆինանսատնտեսական ոլորտի խախտումների բացահայտված փաստերն ուսումնասիրելու կամ վերացնելու նպատակով միջնորդություններ է ներկայացնում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին ու վերահսկում դրանց կատարման ընթացքը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ գործառույթներ:

 

III. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Վերահսկողական ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ ծառայության գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը` քաղաքացիական ծառայության, ներքին աշխատանքային կանոնների, գործավարության վարման և նյութատեխնիկական ապահովման հարցերով:

11. Վերահսկողական ծառայության ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

12. Վերահսկողական ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթարկվում և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

13. Վերահսկողական ծառայության ղեկավարը`

1) իրականացնում է Վերահսկողական ծառայության անմիջական ղեկավարումը, պատասխանատու է Վերահսկողական ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) ապահովում է Վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունը.

3) իրականացնում է Վերահսկողական ծառայության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Վերահսկողական ծառայության կանոնադրության, կառուցվածի, աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.

5) ստորագրում է Վերահսկողական ծառայության անունից պատրաստվող փաստաթղթերը, ներառյալ` ստուգման և ուսումնասիրության հանձնարարագրերը, դրանցում նշված` ստուգում կամ ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձանց կազմի փոփոխությունները, ստուգման թեմայի շրջանակներում այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա պետական (համայնքային) կազմակերպություններում հանդիպակաց ստուգման հանձնարարագրերը, պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց ներկայացվող առաջարկությունները և միջնորդությունները.

6) իր իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

7) սահմանում է ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակարգը և հաստատում է աշխատանքային ծրագրերը.

8) իր իրավասության շրջանակներում տալիս է ցուցումներ, հանձնարարականներ, վերահսկում և ստուգում դրանց կատարման ընթացքը, լսում է Վերահսկողական ծառայության վերահսկողություն իրականացնող աշխատակիցների գործողությունների դեմ բերված բողոքները.

9) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, իր իրավասության շրջանակներում, կազմակերպում է արտածրագրային ստուգումներ և ուսումնասիրություններ.

10) հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

11) ներկայացնում է Վերահսկողական ծառայությունը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

12) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.

13) իր իրավասության սահմաններում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր բացատրություններ.

14) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին Վերահսկողական ծառայության աշխատակիցների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

14. Վերահսկողական ծառայության ղեկավարի բացակայության դեպքում՝ նրա, իսկ անհնարինության դեպքում` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում է Վերահսկողական ծառայության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը։

15. Վերահսկողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են:

16. Վերահսկողական ծառայության վերահսկողություն իրականացնող աշխատակիցներն իրավունք ունեն վերահսկողության թեմայի շրջանակներում`

1) ծանոթանալ այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են վերահսկվող օբյեկտի գործունեությանը (պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերին կարող են ծանոթանալ միայն համապատասխան թույլտվություն ունեցող աշխատակիցները).

2) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն և պարզաբանումներ.

3) մուտք գործել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների և այլ օբյեկտների տարածքներ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

4) անհրաժեշտության դեպքում վերահսկողության գործընթացին ներգրավել վերահսկվող օբյեկտի մասնագետներին՝ վերահսկվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ:

17. Վերահսկողություն իրականացնող աշխատակիցը պարտավոր չէ բացատրություններ տալ վերահսկողության և դրա արդյունքների վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18. Վերահսկողական ծառայության վերահսկողություն իրականացնող աշխատակիցները պարտավոր են՝

1) վերահսկվող օբյեկտի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հանձնարարագիրը.

2) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.

3) պահպանել վերահսկվող օբյեկտի՝ օրենքով սահմանված իրավունքները, ներառյալ՝ պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքը.

4) չխոչընդոտել վերահսկվող օբյեկտի բնականոն աշխատանքին.

5) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.

6) Վերահսկողական ծառայության ղեկավարի թույլտվությամբ վերահսկվող օբյեկտի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության նախնական արդյունքներին և վերջնական արդյունքներում ներկայացնել եզրահանգումներ ստացված տարակարծությունների ու առարկությունների վերաբերյալ.

7) մինչև Վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից վերահսկողության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, որևէ ձևով նախնական գնահատականներ և եզրակացություններ չհրապարակել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

19. Վերահսկողություն իրականացնող աշխատակցի վերահսկողության հետ կապված գործողությունները կարող են բողոքարկվել Վերահսկողական ծառայության ղեկավարին:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Հ. Աբրահամյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆԿ-48-Ն 09.04.2018, ՆԿ-126-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան