Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-121-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.28/72(1012).1 Հոդ.1179.2
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.12.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.12.2013
Дата вступления в силу
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,

ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,

ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից):

2. Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չի կարող պակաս լինել զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նախկինում սահմանված չափից:»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21.

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`

1) առաջին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.

2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.

3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը (ըստ հաշմանդամության խմբերի) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը չի կարող ցածր լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափից:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի (այդ թվում՝ երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1) փոխվել է զինծառայողների բազային աշխատավարձի չափը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, ինչպես նաև զինծառայողի բազային աշխատավարձի չափը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»:

 

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված զինվորական կենսաթոշակների չափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը և զինվորական ծառայության ստաժի տարիները: Այս դեպքում անձնական գործակիցը որոշվում է կենսաթոշակառուի` որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնի և զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության, իսկ այդ մասնակցի մահվան կապակցությամբ նրա ընտանիքի անդամին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:

3. Եթե հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-121-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան