Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-106-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.990
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.09.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.10.2013
Дата вступления в силу
09.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին

 

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22.1. Լրատվական նյութի օգտագործման պայմանները

 

1. Տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի (ցանցային լրատվության միջոց) լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:

2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաև քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր են, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է:

3. Հեռարձակող կազմակերպության այն հաղորդումները, որոնք իրենց բնույթով ուղղված են մամուլի տեսության ներկայացմանը, պարտավոր են պահպանել սույն հոդվածով նախատեսված դրույթները:

4. Սույն հոդվածով նախատեսված դրույթները չեն տարածվում հերքման և (կամ) պատասխանի իրավունքի իրականացման վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Սույն օրենքի 22.1-ին հոդվածի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-106-Ն