Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-160-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2013-01.01.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1357
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.11.2010
Дата вступления в силу
01.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման և վճարման պայմաններն ու կարգը:

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց վրա: Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայողների ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում են նրանց դրամական և նյութական բավարարումները:

(1-ին հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

 Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենսդրությունը

 

1. Ժամանակավոր անաշխատունակության նպաստին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

 Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները

 

1. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի (այսուհետ` նպաստ) հետևյալ տեսակները.

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

 Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք

 

1. Նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):

2. Անձը նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:

3. Սույն օրենքով սահմանված նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):

5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:

6. Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

 Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նպաստի իրավունքը

 

1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:

(5-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

 Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

 

1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:

2. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաև վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. (մասն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-95-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն,  20.06.13 ՀՕ-95-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

 Հոդված 7. Վարձու աշխատողներին տրվող նպաստները

 

1. Վարձու աշխատողին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) առողջարանային բուժման.

4) հղիության ու ծննդաբերության.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

 

 Հոդված 8. Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը

 

1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

2. Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

 

 Հոդված 9. Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը

 

1. Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

 

 Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը

 

1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

2. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Հոդված 11. Վարձու աշխատողին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը

 

1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

4. Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

 

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.

3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

(12-րդ հոդվածը լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն)

 

 Հոդված 13. Նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

 

1. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:

Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

2. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

 

 Հոդված 14. Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում

 

1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

 

 Հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում

 

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` ընդհանուր հիմունքներով:

(15-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

 Հոդված 16. Նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին

 

1. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս: Հղիության և ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

 Հոդված 17. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող նպաստները

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) հղիության ու ծննդաբերության.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

 

 Հոդված 18. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

 

 Հոդված 19. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 20. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածների համար:

 

 Հոդված 21. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

 

 1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում` դրանցով նախատեսված ժամանակահատվածի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 22. Նպաստները և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

 

(վերնագիրը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն)

 

1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:

Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտում հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`

1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ.

3) վարձու աշխատողը չունի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտ:

(22-րդ հոդվածը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

Հոդված 23. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող նպաստի հաշվարկումը և վճարումը

 

1. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

 Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:

2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:

5. Նպաստ չի տրվում`

1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.

2) եթե վարձու աշխատողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության.

3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

6. Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:

7. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

 Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:

Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:

2. Մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուսապատճենը:

3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.

4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

Հոդված 26. Նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելը

 

1. Աշխատողին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում:

2. Չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 27. Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը

 

1. Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից` սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

2. Ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով:

Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

3. Եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալով, ապա ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:

4. Եթե նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում:

5. Հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

 

1. Հարկային մարմինը`

1) եկամտային հարկի ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինը`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.

2) (կետն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-95-Ն)

3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն)

 

Հոդված 29. Նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը

 

1. Լիազոր մարմնի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Գործատուի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

 Հոդված 30. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 22

Երևան

ՀՕ-160-Ն