ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «համարանիշը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հատկացվող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ.
3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «անձի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով.
2) 4-րդ կետի «անձանց» բառը փոխարինել «քաղաքացիների» բառով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերում դրանք օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս (փոխանակելիս):».
2) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:».
4) 5-րդ մասը «նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից» բառերով, իսկ նույն մասի «կամ պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «պաշտոնատար կամ իրավասու այլ անձինք» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-92-Ն |