ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 10-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մաքսային ծառայության պաշտոնի նկարագիրը տվյալ պաշտոնը զբաղեցնող մաքսային ծառայողի համար օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքները և պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մաքսային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև մաքսային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող` վերադաս մաքսային մարմնի հաստատած փաստաթուղթն է:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
2. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 9.1-ին և 9.2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.1. Այն մաքսային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքել են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայողների տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` մաքսային ծառայությունների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին`
1) շնորհել ավելի բարձր հատուկ կոչում.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
3) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3-րդ մասով.
«9.3. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն մաքսային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեստերը հաստատում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր տարի մաքսային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:
2. Մաքսային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 41.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հիմնական աշխատավարձից (պաշտոնային դրույքաչափից), որը պայմանավորված է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և մաքսային ծառայողի` մաքսային մարմնում ունեցած աշխատանքային ստաժով.»:
Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կանոնադրությանը համապատասխան» բառերը փոխարինել «կարգով» բառով.
2) 1.1-ին մասի «ծառայողական քննության հանձնաժողովի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «կողմից» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-69-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|