Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-6-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (11.02.2006-20.05.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.01/6(461) Հոդ.140
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
18.01.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.01.2006
Дата вступления в силу
11.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով  որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի
«Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-224 կարգադրությունը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի 18
Երևան
ՆԿ-6-Ն

Հավելված
ՀՀ Նախագահի
2006 թ. հունվարի 18-ի
ՆԿ-6-Ն կարգադրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը (այսուհետ՝ գլխավոր ռազմական տեսչություն) գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում՝ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Գլխավոր ռազմական տեսչությունը ստեղծում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Գլխավոր ռազմական տեսչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով:

4. Գլխավոր ռազմական տեսչությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և սույն կանոնադրություններով, իրավական այլ ակտերով:

5. Գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը և տարեկան աշխատանքային ծրագիրը Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի (այսուհետ՝ գլխավոր ռազմական տեսուչ) ներկայացմամբ հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ հաստիքացուցակը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:

6. Գլխավոր ռազմական տեսչության կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից գործուղված զինծառայողներով` գլխավոր ռազմական տեսչի պահանջով:

7. Գլխավոր ռազմական տեսչություն գործուղված զինծառայողները մնում են գործուղող պետական մարմնի անձնակազմի ցուցակներում և նրանց ծառայությունը գլխավոր ռազմական տեսչությունում համարվում է զինվորական ծառայություն:

8. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող ոչ պետական կազմակերպությունները (այսուհետ՝ մարմիններ և կազմակերպություններ), Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել գլխավոր ռազմական տեսչությանը՝ տեսչական ստուգումներ, ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելիս, ապահովել տեսչական ստուգման, ուսումնասիրության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք կատարումը, գլխավոր ռազմական տեսչության պահանջով ներկայացնել տեղեկություններ, փաստաթղթեր և այլ նյութեր:

9. Գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներն անձնական պատասխանատվություն են կրում իրենց ծառայողական պարտականությունները անշեղորեն կատարելու, ներկայացվող տեղեկության արժանահավատության և օպերատիվության, ինչպես նաև վերահսկողության ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար։

10. Գլխավոր ռազմական տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

II. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11.  Գլխավոր ռազմական տեսչության հիմնական խնդիրներն են.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահի, որպես հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը,

բ) երկրի ռազմական անվտանգության ամրապնդմանը, ռազմապաշտպանական համալիրի զարգացմանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի մարտունակության բարձրացմանը նպաստելը,

գ) զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, դրանց զորահավաքային ծավալման և առաջադրված խնդիրների կատարման պատրաստականության ստուգումը,

դ) հանրապետության պաշտպանության և զորահավաքային բնագավառում մարմիններին և կազմակերպություններին առաջադրված ռազմական նշանակության պետական պատվերների, պաշտպանական և զորահավաքային առաջադրանքների և պարտականությունների կատարման, երկրի տնտեսությունը խաղաղից պատերազմական ժամանակի գործելակարգին անցնելու պատրաստականության ուսումնասիրումը:

12. Պատերազմական ժամանակաշրջանում գլխավոր ռազմական տեսչության խնդիրները որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

III. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

13. Գլխավոր ռազմական տեսչության հիմնական գործառույթներն են.

ա)  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների` մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի կողմից կատարման, ինչպես նաև դրանց խաղաղից պատերազմական ժամանակի գործելակարգին անցնելու պատրաստականության ստուգումը և վերահսկումը,

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ զինված ուժերում և այլ զորքերում ոչ պլանային (հանկարծակի) և ըստ աշխատանքային ծրագրի պլանային տեսչական ստուգումների, իսկ մարմիններում և կազմակերպություններում ուսումնասիրությունների անցկացումը,

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի` ռազմական բնագավառի վերաբերյալ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի մշակման մասնակցությունը և դրանց կատարման վերահսկումը,

դ) մարմիններից և կազմակերպություններից, զինված ուժերից և այլ զորքերից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր պահանջելը և ստանալը,

ե) մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեության, դրանց աշխատանքների արդյունավետության և մարտունակության բարձրացման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը,

զ) տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ծրագրերի, ակտերի մշակումը և առաքումը պետական մարմինների ղեկավարներին և դրանց արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցելը,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողներին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությունների (ներկայացումների) քննարկմանը մասնակցելը,

ը) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ուսումնական հաստատություններում, այդ թվում` օտարերկրյա պետություններում, համապատասխան կադրերի ընտրության և պատրաստության ստուգումը,

թ) մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին և գլխավոր ռազմական տեսչությանն ուղղված զինված ուժերի և այլ զորքերի գործունեության վերաբերյալ դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրումը և ստուգումը, անհրաժեշտության դեպքում՝ դրանք համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց վերահասցեագրումը և ամփոփումը,

ժ) մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի, գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը,

ժա) անհրաժեշտության դեպքում, ըստ տեսչական ստուգման արդյունքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների նախագծերի մշակումը,

ժբ) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

14. Գլխավոր ռազմական տեսչության ծառայողները, իրենց լիազորությունների շրջանակում, ստուգում և ուսումնասիրություն իրականացնելիս իրավունք ունեն մուտք գործել վերահսկողության ենթակա մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի զբաղեցրած շենքեր ու տարածքներ։

15. Գլխավոր ռազմական տեսչությունն անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններին և ստուգումներին, հասարակական և պայմանագրային հիմունքներով, կարող է ներգրավել պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների և գիտական կազմակերպություններ։

16. Իր գործառույթների լիարժեք և ժամանակին կատարմանն ուղղված գլխավոր ռազմական տեսչության պահանջները՝ անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում նաև զորքերում տիրող օպերատիվ իրավիճակի մասին, փաստաթղթեր, նյութեր, գրավոր բացատրություններ ներկայացնելու վերաբերյալ, պաշտոնատար անձանց կողմից ենթակա են պարտադիր կատարման օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

IV. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

17. Գլխավոր ռազմական տեսչության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ անմիջական ղեկավարումը՝ գլխավոր ռազմական տեսուչը:

18. Գլխավոր ռազմական տեսուչը՝

ա) անմիջականորեն ենթարկվում և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին,

բ)  պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,

գ) ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի անդամ է,

դ) իրականացնում է գլխավոր ռազմական տեսչության անմիջական ղեկավարումը,

ե) ապահովում է գլխավոր ռազմական տեսչության լիազորությունների և գործառույթների լիարժեք կատարումը,

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներին,

է) կիրառում է անձնակազմին խրախուսելու և տույժեր տալու` կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները,

ը) արձակում է հրամաններ գլխավոր ռազմական տեսչության գործառույթների իրականացման ապահովման և անձնակազմի վերաբերյալ,

թ) իր տեղակալների միջև բաշխում է պարտականությունները,

ժ) սահմանում և հաստատում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողների պարտականությունները,

ժա) սահմանված կարգով որոշում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողների գործուղումների հարցերը,

ժբ) իր իրավասության շրջանակներում որոշում է տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների անցկացման և վերահսկողության իրականացման հետ կապված հարցերը, հաստատում տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների ընթացիկ ծրագրերը և ակտերը,

ժգ) իրավասու է զինված ուժերի և այլ զորքերի ստուգվող զորամասերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի գիտությամբ, բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների՝ զորահամալրմամբ,

ժդ) անհրաժեշտության դեպքում հրավիրում է պաշտոնատար անձանց՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու համար, անցկացնում խորհրդակցություններ և քննարկումներ,

ժե) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ`

- մասնակցում է պետության պաշտպանությանը և անվտանգությանը, ռազմապաշտպանական համալիրին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին,

- իրականացնում է արտածրագրային (հանկարծակի) ստուգումներ,

ժզ) Հայաստանի Հանրապետության Նախագահին`

- պարբերաբար կամ անհրաժեշտության դեպքում անհապաղ զեկուցում է մարմինների և կազմակերպությունների ուսումնասիրությունների, զինված ուժերի և այլ զորքերի տեսչական ստուգումների արդյունքները,

- առաջարկություններ է ներկայացնում՝

գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունում, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերում և աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեության բարելավման, մարտունակության բարձրացման վերաբերյալ,

ներկայացնում է իր առաջին տեղակալին և տեղակալին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդագրեր,

ժէ) ներկայացնում է անձնակազմին հերթական զինվորական կոչումներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդագրեր,

ժը) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին տեղեկացնում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին, առաջարկություններ է ներկայացնում գլխավոր ռազմական տեսչության հաստիքացուցակում և կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

ժթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ։

19. Գլխավոր ռազմական տեսուչն ունի առաջին տեղակալ և տեղակալ, որոնք պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից։ Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալը փոխարինում է գլխավոր ռազմական տեսչին՝ նրա բացակայության ժամանակ։
 

V. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

20. Գլխավոր ռազմական տեսչության ֆինանսական (դրամական բավարարում, գործուղման ծախսեր, սննդի փոխհատուցում, հավելավճարներ, դրամական խրախուսում) իրային, պարենային, նյութատեխնիկական, տրանսպորտային միջոցներով, սարքավորումներով, գույքով, գրենական պիտույքներով ապահովումը և սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

21. Գլխավոր ռազմական տեսչությանն աշխատասենյակներով և անհրաժեշտ կահավորանքով ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը։

22. Գլխավոր ռազմական տեսչության անձնակազմի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
  

Ա. Թումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.07.2008, ՆԿ-125-Ն 26.07.2008, ՆԿ-6-Ն
27.04.2006, ՆԿ-88-Ն 20.05.2006, ՆԿ-6-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան