Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-458-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.17/55(230) Հոդ.1290
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.11.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.12.2002
Дата вступления в силу
18.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ` բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակարաններ:

 

Հոդված 3. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը

 

Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչև 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) և փախստականի միջև կնքված՝ բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:

Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:

 

Հոդված 4. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը

 

Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց` մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:

(4-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն)

 

 

Հոդված 5. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համար դիմում ներկայացնելը

 

Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

(5-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն)

 

Հոդված 6. Դիմում ներկայացնելու ժամկետները

 

Մինչև 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

2009 թվականի հունիսի 30-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, և դրանք տնօրինում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:

(6-րդ հոդվածը խմբ. 20.05.05 ՀՕ-110-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-81-Ն, 24.10.12 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 7. Սեփականության ձևը

 

Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-458-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2012, ՀՕ-186-Ն 24.11.2012, ՀՕ-458-Ն
04.02.2010, ՀՕ-9-Ն 04.03.2010, ՀՕ-458-Ն
07.04.2009, ՀՕ-81-Ն 16.05.2009, ՀՕ-458-Ն
20.05.2005, ՀՕ-110-Ն 25.06.2005, ՀՕ-458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան