ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը |
1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը (այսուհետ` վերահսկիչ պալատ) բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է:
2. Վերահսկիչ պալատն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
3. Վերահսկիչ պալատը դատարանում կարող է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Վերահսկիչ պալատի նստավայրը Երևան քաղաքն է:
(1-ին հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-88-Ն)
Հոդված 2. |
Վերահսկիչ պալատի գործունեության իրավական հիմքերը |
Վերահսկիչ պալատն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնակարգով:
Հոդված 3. |
Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքները |
1. Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքներն են` անկախությունը, օրինականությունը, անաչառությունը և հրապարակայնությունը:
2. Վերահսկիչ պալատի ղեկավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
արտաքին պետական վերահսկողություն (վերահսկողություն)՝ գործընթաց, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով վերահսկիչ պալատին վերապահված վերահսկողական լիազորությունների կատարմանը.
տարեկան ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվող վերահսկիչ պալատի գործունեության մեկ տարվա ծրագիր.
ծրագրային հարց՝ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրով սահմանված թեմա.
վերահսկվող օբյեկտ՝ ծրագրային հարցի կատարման նպատակով վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական կամ ոչ պետական կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական տեսակից, անհատ ձեռնարկատեր.
տարեկան հաշվետվություն՝ տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների հաշվետվություն.
ընթացիկ հաշվետվություն, եզրակացություն՝ ծրագրային հարցի վերահսկողության արդյունքի վերաբերյալ վերահսկիչ պալատի կողմից կազմվող փաստաթղթեր.
արձանագրություն՝ վերահսկողության ընթացքում կազմվող միջանկյալ փաստաթուղթ, որը հանդիսանում է ընթացիկ հաշվետվության հիմք.
ֆինանսական վերահսկողություն` վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման ընթացքում ֆինանսատնտեսական փաստաթղթերի վարման և արդյունքում ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը.
համապատասխանության վերահսկողություն՝ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման համապատասխանությունն իրավական ակտերով սահմանված պահանջներին.
արդյունավետության (կատարողական) վերահսկողություն՝ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման, ինչպես նաև առաջադրված նպատակին հասնելու արդյունավետությունը.
բնապահպանական վերահսկողություն՝ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական սեփականության օգտագործման համապատասխանությունը բնապահպանության ոլորտի օրենսդրական ակտերի պահանջներին` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը գնահատելու նպատակով.
դիտարկում` վերահսկվող օբյեկտի մասին նախնական պատկերացում կազմելու համար առանց վերահսկվող օբյեկտ մուտք գործելու տեղեկատվության հավաքման միջոցով վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ձև.
ստուգում՝ վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտում իրականացվող վերահսկողության ձև` վերահսկվող օբյեկտի գործունեության վիճակը փաստացի արձանագրելու նպատակով.
վերլուծություն՝ դիտարկումների ու ստուգումների արդյունքների ամփոփման միջոցով կամ առանց դրա վերահսկողության ձև, որը հիմնված է մասնագիտական հետազոտման, համադրման և եզրակացության վրա.
հանդիպակաց ստուգում` վերահսկվող օբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը պարզելու նպատակով վերահսկվող օբյեկտի կնքած գործարքի մյուս կողմի մոտ` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում իրականացվող ստուգում:
Հոդված 5. |
Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը և գործառույթները |
1. Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում վերահսկողական գործառույթների իրականացումն է:
2. Վերահսկիչ պալատի գործառույթներն են`
ա) բյուջետային ելքերի, այդ թվում` պետության կողմից տրվող դոտացիաների, սուբսիդիաների և սուբվենցիաների նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ` բյուջետային մուտքերն ապահովող լիազորված մարմիններին պետական բյուջեից կատարվող հատկացումների արդյունավետությունը գնահատելու նպատակով բյուջեի մուտքերի հավաքագրմանն ուղղված գործառույթների նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
բ) պետական բյուջեի և մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` կենտրոնական բանկ) տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների կազմումը և տրամադրումը.
գ) պետական պարտքի կառավարման, այդ թվում` արտաքին վարկային միջոցների ներգրավման, սպասարկման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
դ) պետական արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պետական պարտքի սպասարկման մասով կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ ֆինանսական, կատարողական և համապատասխանության վերահսկողության իրականացումը, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով պետական բյուջեն և պետական պարտքը սպասարկող առևտրային բանկերի սպասարկման գործունեության նկատմամբ ֆինանսական և համապատասխանության վերահսկողության իրականացումը.
զ) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-228-Ն)
է) համայնքների բյուջեի ելքերի նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև համայնքային բյուջեի մուտքերն ապահովող մարմինների գործառույթների կատարման նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
ը) Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի կողմից իրագործվող խնդիրների օրինական և արդյունավետ կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`
- պետական և համայնքային դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման և ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարման նկատմամբ,
- օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների համակարգման ու հսկման նկատմամբ.
թ) պետական ու համայնքային սեփականության (ներառյալ` մտավոր սեփականությունը, մշակութային արժեքները) կառավարման, օգտագործման` օտարման, մասնավորեցման, վարձակալության և անհատույց օգտագործման, հողամասի կառուցապատման, հավատարմագրային կառավարման, կոնցեսիայի նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`
- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, օգտագործման, մասնավորեցման և ապապետականացման ծրագրերի կատարման նկատմամբ,
-կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորված մարմինների կողմից բաժնեմասի կառավարման գործունեության նկատմամբ կատարողական վերահսկողության իրականացումը,
- պետական և համայնքային հիմնարկների, կազմակերպությունների լուծարման գործընթացների նկատմամբ,
- պետական լիազորված մարմնի և համայնքների կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողերի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև կառուցապատման, անհատույց (մշտական կամ ժամանակավոր) և վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման և հողի հետ կապված այլ գործարքների օրինական և արդյունավետ իրականացման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի (որպես պետության բացառիկ սեփականություն) օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման նկատմամբ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական ու համայնքային գույքի հաշվառման, ինչպես նաև դրանց կողմից այդ գույքի սեփական սպառման (սեփական կարիքների համար օգտագործման) նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների պետական գանձարանի միջոցների և թանկարժեք մետաղների պետական ֆոնդի օգտագործման նկատմամբ.
ժ) վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և պարբերականների կազմումը և հրապարակումը:
(5-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-228-Ն)
Հոդված 6. |
Վերահսկիչ պալատի հիմնական իրավասությունները |
1. Բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման վերահսկողության նպատակով՝ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներառյալ` դրանց աշխատակազմերը, դրանց ենթակա հիմնարկները, ինչպես նաև գնահատում է դրանց ներքին վերահսկողության համակարգը: Բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս վերահսկիչ պալատն իրավասու է հանդիպակաց ստուգում իրականացնել բյուջետային միջոցների, պետական ու համայնքային սեփականության օգտագործման գործարքի մյուս կողմի մոտ (անկախ վերջիններիս կազմակերպաիրավական տեսակից)` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում: Ընդ որում, գործարքի կողմի համար որպես խախտում կարող է որակվել միայն գործարքով սահմանված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը: Սույն մասով նախատեսված դեպքերում վերահսկիչ պալատը կարող է վերահսկողություն իրականացնել ինչպես վերահսկվող օբյեկտում, այնպես էլ վերահսկիչ պալատի աշխատավայրում:
2. Բյուջետային մուտքերի վերահսկողության նպատակով վերահսկիչ պալատն իրավասու է վերահսկողություն իրականացնել միայն բյուջեի մուտքերն ապահովող լիազոր մարմինների կողմից կատարվող գործառույթների փաստաթղթային ստուգման միջոցով` առանց հարկ, տուրք, պարտադիր վճար, վարչական տուգանք, վարչարարությամբ պայմանավորված այլ վճար վճարողի մոտ ստուգում անցկացնելու:
3. Վերահսկիչ պալատը պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության, պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ տալիս է եզրակացություններ, որոնք վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` տասն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան դրանք Ազգային ժողովում օրենքով սահմանված կարգով քննարկվելուց տասն օր առաջ, ներկայացվում են Ազգային ժողով:
4. Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ:
5. Վերահսկիչ պալատն իրավունք ունի ընդունելու ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտեր, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
(6-րդ հոդվածը խմբ. 04.02.10 ՀՕ-10-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 7. |
Վերահսկիչ պալատի կառուցվածքը |
Վերահսկիչ պալատը կազմված է վերահսկիչ պալատի նախագահից, վերահսկիչ պալատի խորհրդից և աշխատակազմից:
Հոդված 8. |
Վերահսկիչ պալատի նախագահը |
1. Վերահսկիչ պալատի նախագահը վերահսկիչ պալատի ղեկավարն է։
2. Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով։ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:
3. Իր գործունեության ընթացքում վերահսկիչ պալատի նախագահը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, իրավական այլ ակտերով, վերահսկիչ պալատի կանոնակարգով:
4. Վերահսկիչ պալատի նախագահը`
ա) կառավարում է վերահսկիչ պալատի գործունեությունը և ապահովում է նրա բնականոն աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը.
գ) սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում վերահսկիչ պալատի խորհրդի անդամների թեկնածությունների առաջարկություններ, ինչպես նաև նրանց պաշտոնազրկման վերաբերյալ վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկներ.
դ) որոշում է վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգման բաշխվածությունը վերահսկիչ պալատի խորհրդի անդամների միջև.
ե) օրենքով սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում վերահսկիչ պալատի աշխատակիցներին.
զ) օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ և կնքում է պայմանագրեր, իրականացնում է վերահսկիչ պալատին հատկացված բյուջետային միջոցների կարգադրիչի լիազորությունները.
է) ներկայացնում է վերահսկիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, հանդես է գալիս վերահսկիչ պալատի անունից, գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.
ը) լսում է վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցների գործողությունների (կազմված արձանագրությունների) դեմ բերված վարչական բողոքները.
թ) իրականացնում է սույն օրենքով և վերահսկիչ պալատի կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունները:
5. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`
ա) վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում.
բ) վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
գ) վերահսկիչ պալատի նախագահի ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա:
6. Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին։ Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:
7. Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովի նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
8. Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում, ինչպես նաև նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Հոդված 9. |
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը |
1. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը փոխարինում է վերահսկիչ պալատի նախագահին` նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում:
2. Եթե վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է, ապա վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում վերահսկիչ պալատի նախագահի պարտականությունները կատարում է վերահսկիչ պալատի խորհրդի տարիքով ավագ անդամը:
3. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի լիազորությունները սահմանվում են վերահսկիչ պալատի կանոնակարգով:
Հոդված 10. |
Վերահսկիչ պալատի խորհուրդը և նրա իրավասությունները |
1. Վերահսկիչ պալատի ղեկավարման մարմինը վերահսկիչ պալատի խորհուրդն է: Վերահսկիչ պալատի խորհուրդը բաղկացած է յոթ անդամներից` վերահսկիչ պալատի նախագահից, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալից և խորհրդի մյուս հինգ անդամներից: Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը և խորհրդի մյուս հինգ անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ, վեց տարի ժամկետով, բացառությամբ խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետների:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` վերահսկիչ պալատի նախագահի կողմից: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև վերահսկիչ պալատի խորհրդի անդամների առնվազն երեքի պահանջով:
3. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը նախագահում է վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
4. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ չի կարող գումարվել վերահսկիչ պալատի նախագահի և տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում:
5. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը արձանագրվում են։ Արձանագրությունները ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը։
6. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն խորհրդի չորս անդամ։
7. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի պատգամավորները և կառավարության անդամները, իսկ վերահսկիչ պալատի նախագահի հրավերով նաև պետական այլ մարմինների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք։
8. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով` առնվազն չորս կողմ ձայնի դեպքում: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Արգելվում է ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին:
9. Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը: Եթե վերահսկիչ պալատի խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը, ապա խորհրդի նիստի արձանագրության մեջ պետք է նշվի վերջինիս դեմ լինելու հիմքերը:
10. Վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկում և հաստատում է՝
ա) վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը.
բ) տարեկան ծրագրում չընդգրկված վերահսկողության նոր թեմա, որը տարեկան ծրագրի բաղկացուցիչ մաս է, և որի վրա տարածվում են ծրագրային հարցին վերաբերող սույն օրենքով սահմանված դրույթները: (նախադասությունը հանվել է 22.02.07 ՀՕ-88-Ն)
գ) վերահսկիչ պալատի ընթացիկ և տարեկան հաշվետվությունը.
դ) Ազգային ժողով ներկայացվող հետևյալ եզրակացությունները՝
- պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ,
- պետական գույքի մասնավորեցման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ,
- կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
ե) վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, նախահաշիվը, վերջինիս կատարողականը, սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պահուստային ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումը.
զ) տարեկան ծրագրով նախատեսված թեմայի շրջանակներում տվյալ վերահսկվող օբյեկտի նկատմամբ վերահսկողության իրականացման վերաբերյալ որոշումը.
է) վերահսկիչ պալատի կանոնակարգի և դրանում փոփոխությունների և լրացումների նախագծերը.
ը) վերահսկիչ պալատի լոկալ իրավական ակտերը.
թ) վերահսկիչ պալատի պարբերականը.
ժ) վերահսկիչ պալատի խորհրդի հաստատած ընթացիկ հաշվետվության, եզրակացության դեմ բերված վարչական բողոքները.
ժա) օրենսդրությամբ սահմանված այլ հարցեր:
(10-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-88-Ն)
Հոդված 11. |
Վերահսկիչ պալատի խորհրդի անդամները |
1. Յուրաքանչյուր տարի վերահսկիչ պալատի նախագահը, խորհրդի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո` տասն օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին է առաջարկում պաշտոնավարման ժամկետը լրացած վերահսկիչ պալատի խորհրդի մեկ անդամի փոխարեն նոր թեկնածություն։ Վերահսկիչ պալատի խորհրդում վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է պաշտոնավարման չլրացած ժամկետով, այս դեպքում առաջադրումը և նշանակումը կատարվում է պաշտոնավարման ամբողջ ժամկետով խորհրդի անդամի նշանակման համար սահմանված ընթացակարգով:
2. Խորհրդի անդամները, այդ թվում` վերահսկիչ պալատի նախագահը, չեն կարող առաջադրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, զբաղեցնել պաշտոն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
3. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենա բարձրագույն կրթություն: Խորհրդի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
գ) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
4. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներից առնվազն հինգը պետք է ունենան մասնագիտական փորձ` աուդիտի, պետական վերահսկողության, ֆինանսական կամ տնտեսագիտական բնագավառներում։
5. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը համակարգում է վերահսկիչ պալատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (ների) աշխատանքները: Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը նշագրում է իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանման (ների) կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմված ընթացիկ հաշվետվությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախագծերը` մինչև դրանց վերահսկիչ պալատի խորհրդին ներկայացվելը:
6. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը սույն օրենքով և վերահսկիչ պալատի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակներում որոշում է իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական հարցերը և այդ ստորաբաժանումների գործունեության արդյունքների համար վերահսկիչ պալատի խորհրդի առջև կրում է պատասխանատվություն։
7. Վերահսկիչ պալատի խորհրդի անդմաների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`
ա) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնեական պարտականությունները թերի կատարելու դեպքում` վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից.
բ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի դեպքում.
գ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
դ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի ազատազրկման, դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.
ե) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի մահվան դեպքում:
8. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի մասին դիմումը տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով` նախապես տեղեկացնելով վերահսկիչ պալատի նախագահին։
9. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի մահվան դեպքում, ինչպես նաև նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է վերահսկիչ պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
10. Վերահսկիչ պալատի նախագահի աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.60 գործակցով, նախագահի տեղակալինը` 6.55 գործակցով, իսկ վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամներինը` 5.50 գործակցով:
11. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներն օգտվում են վերահսկիչ պալատի նախագահի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական և իրավական բոլոր երաշխիքներից:
(11-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-192-Ն)
Հոդված 12. |
Վերահսկիչ պալատի աշխատակազմը |
1. Վերահսկիչ պալատի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով: Հիմնարկի հիմնադրի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է վերահսկիչ պալատի խորհուրդը:
2. Վերահսկիչ պալատի աշխատակազմում գործում են կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, վերահսկիչ պալատի աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով վերահսկիչ պալատին լիազորված խնդիրների և գործառույթների իրականացման ապահովմանը:
3. Վերահսկիչ պալատի քաղաքացիական ծառայության ղեկավարման պաշտոնատար անձը աշխատակազմի ղեկավարն է:
Հոդված 13. |
Վերահսկիչ պալատի ֆինանսական անկախությունը |
1. Վերահսկիչ պալատի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի վերահսկիչ պալատի բնականոն գործունեությունը:
2. Վերահսկիչ պալատի նախագահը վերահսկիչ պալատի կանոնակարգով սահմանված կարգով բյուջետային համակարգի մասին օրենքի հիման վրա սահմանված ժամկետում վերահսկիչ պալատի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
3. Վերահսկիչ պալատի բյուջեն պետական բյուջեի մաս է:
4. Վերահսկիչ պալատի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` փոփոխված, միաժամանակ հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
5. Կառավարությունը Ազգային ժողով և վերահսկիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:
6. Վերահսկիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է վերահսկիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով վերահսկիչ պալատի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
7. Վերահսկիչ պալատի ֆինանսական գործունեությունը յուրաքանչյուր տարի ենթարկվում է աուդիտի անկախ միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից, որն ընտրում է վերահսկիչ պալատի խորհուրդը:
Հոդված 14. |
Վերահսկիչ պալատի կանոնակարգը |
1. Վերահսկիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգն ու վերահսկիչ պալատի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխումը, այդ հարցերի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում են վերահսկիչ պալատի կանոնակարգով։
2. Վերահսկիչ պալատի կանոնակարգը, դրանում փոփոխություններն ու լրացումները հաստատում է խորհուրդը, ստորագրում` վերահսկիչ պալատի նախագահը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. |
Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը |
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը (այսուհետ՝ տարեկան ծրագիր) հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ։
2. Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար վերահսկիչ պալատը տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` ոչ ուշ, քան բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:
3. Տարեկան ծրագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով վերահսկիչ պալատի իրավասությանը վերապահված հարցերը։
Հոդված 16. |
Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը |
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում ընդգրկված ծրագրային հարցի վերահսկողության արդյունքում կազմվում է ընթացիկ հաշվետվություն:
2. Ընթացիկ հաշվետվությունն ըստ անհրաժեշտության կարող է ներառել՝
ա) գրառում` խախտումներ չհայտնաբերելու մասին.
բ) գրառումներ` խախտումների վերաբերյալ.
գ) առաջարկություններ` վերահսկվող օբյեկտի ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին.
դ) վերահսկվողի ներկայացրած առարկություններ.
ե) եզրակացություններ.
զ) այլ համապատասխան տեղեկատվություն:
Հոդված 17. |
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը |
1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն ընդգրկում է գործունեության տարեկան ծրագրի բոլոր ծրագրային հարցերի ընթացիկ հաշվետվությունները:
2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։
3. Տարեկան հաշվետվությունը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու։
4. Ազգային ժողովի քննարկումից հետո տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», տեղադրվում վերահսկիչ պալատի և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում։
(17-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-133-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 18. |
Վերահսկողության ձևերը և տեսակները |
1. Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է դիտարկումների, ստուգումների, վերլուծությունների ձևերով:
2. Վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողության հետևյալ տեսակները` ֆինանսական, համապատասխանության, արդյունավետության (կատարողական) և բնապահպանական վերահսկողություն։
3. Իր գործունեության իրականացման ընթացքում վերահսկիչ պալատն ազատ է վերահսկողության ձևի և տեսակի ընտրության հարցում, բացառությամբ, եթե սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է տվյալ վերահսկողության առարկայի համար վերահսկողության որոշակի տեսակ։
Հոդված 19. |
Վերահսկողություն իրականացնելու կարգը, պայմանները և արձանագրությունները |
1. Վերահսկողությունն իրականացվում է վերահսկիչ պալատի խորհրդի որոշման հիման վրա, որտեղ նշվում են վերահսկողության օբյեկտ(ներ)ը, տեսակ(ներ)ը, ձև(եր)ը, վերահսկողության կատարման ժամկետը, ընդգրկվող ժամանակաշրջանը և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք։ Վերահսկվող օբյեկտում ստուգման իրականացման ժամկետը սահմանվում է մինչև քսանչորս աշխատանքային օր, որն ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տասներկու աշխատանքային օրով` վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ:
2. Վերահսկողությունը կարող է իրականացվել և վերահսկվող օբյեկտի գտնվելու վայրում, և վերահսկիչ պալատի աշխատավայրում։
3. Վերահսկողության իրականացման ընթացքում վերահսկիչ պալատը կարող է իրականացնել ընտրանքային (մեծածավալ ծրագրային հարցի պարագայում) և հանդիպակաց ստուգումներ։
4. Հանդիպակաց ստուգումն իրականացվում է վերահսկիչ պալատի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են վերահսկողության օբյեկտը, տեսակ(ներ)ը, ստուգման իրականացման ժամկետը, ստուգման ենթակա գործարքները, ստուգման հարցերը և ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք։ Հանդիպակաց ստուգման իրականացման ժամկետը սահմանվում է մինչև տասներկու աշխատանքային օր, որը ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց աշխատանքային օրով` վերահսկիչ պալատի նախագահի հրամանով:
5. Ստուգման (ներառյալ` հանդիպակաց ստուգման) իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում ստուգումը կարող է կասեցվել վերահսկիչ պալատի նախագահի հրամանով: Կասեցման հիմքերի վերացումից հետո վերահսկիչ պալատի նախագահի հրամանով ստուգումը կարող է վերսկսվել մնացած ժամկետով, եթե ստուգման անհրաժեշտությունը չի վերացել:
6. Վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերն արձանագրում և այդ արձանագրություններն ստորագրում են վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք: Արձանագրությունն ստորագրած աշխատակիցները պատասխանատվություն են կրում դրանում արձանագրված փաստերի արժանահավատության և ամբողջականության համար:
7. Ծանոթացման և ստորագրման նպատակով արձանագրությունը ներկայացվում է վերահսկվող օբյեկտի ղեկավարին: Վերահսկվող օբյեկտի ղեկավարը, ինչպես նաև վարչական վերադաս ունենալու դեպքում դրա վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն արձանագրությանը ծանոթանալուց հետո իրավունք ունեն ներկայացնելու առարկություններ և տալու բացատրություններ` կազմված արձանագրությունում նշված փաստերի, դատողությունների և եզրահանգումների վերաբերյալ, որոնք կցվում են արձանագրությանը:
8. Արձանագրությունն ըստ անհրաժեշտության կարող է ներառել՝
ա) գրառում` խախտումներ չհայտնաբերելու մասին.
բ) գրառումներ` խախտումների վերաբերյալ.
գ) վերահսկվողի ներկայացրած առարկություններ.
դ) այլ համապատասխան տեղեկատվություն:
9. Վերահսկողության ընթացքում կազմվող արձանագրությունը (ները) հանդիսանում են ընթացիկ հաշվետվության հիմք:
10. Վերահսկիչ պալատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվետվությունները, ինչպես նաև եզրակացություններն իր գործունեությունը համակարգող վերահսկիչ պալատի խորհրդի համապատասխան անդամի կողմից նշագրվելուց հետո ներկայացնում է վերահսկիչ պալատի խորհրդին` հաստատման նպատակով:
11. Վերահսկիչ պալատի խորհուրդը վերահսկողության արդյունքների վերլուծության հիման վրա քննարկում է հայտնաբերված բացթողումների և խախտումների պատճառներն ու հետևանքները, որի արդյունքում պետական մարմիններին կարող է ներկայացնել առաջարկություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ:
Հոդված 20. |
Վերահսկիչ պալատի կողմից տեղեկատվության տրամադրման կարգը |
1. Վերահսկիչ պալատն իր տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, եզրակացությունները վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` տասն օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով, դրանց մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում է վերահսկիչ պալատի ինտերնետային էջում:
2. Վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ընթացիկ հաշվետվության վերանայման մասին տեղեկատվությունը վերահսկիչ պալատի նախագահը տասնօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում է վերահսկիչ պալատի ինտերնետային էջում:
Հոդված 21. |
Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակցի հիմնական իրավունքները |
1. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցներն իրավունք ունեն վերահսկողության թեմայի շրջանակներում`
ա) ծանոթանալու այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեությանը (պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերին կարող են ծանոթանալ միայն համապատասխան թույլտվություն ունեցող աշխատակիցները).
բ) վերահսկվող օբյեկտի ղեկավարից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ և պարզաբանումներ.
գ) մուտք գործելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բանկերի, հիմնարկների և այլ օբյեկտների տարածքներ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
դ) անհրաժեշտության դեպքում վերահսկողության գործընթացին ներգրավելու վերահսկվող օբյեկտի մասնագետներին՝ վերահսկվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ:
2. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցը պարտավոր չէ բացատրություններ տալ վերահսկողության և դրանց արդյունքների վերաբերյալ, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
3. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 22. |
Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակցի հիմնական պարտականությունները |
1. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցները պարտավոր են՝
ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին որոշումը.
բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.
գ) պահպանել վերահսկվող մարմնի՝ օրենքով սահմանված իրավունքները, ներառյալ` պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիքը.
դ) չխոչընդոտել վերահսկվող մարմնի բնականոն աշխատանքին.
ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.
զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին։
2. Վերահսկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը։
3. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 23. |
Վերահսկիչ պալատի աշխատակիցների պատասխանատվությունը |
1. Վերահսկիչ պալատի աշխատակիցները, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում վերահսկիչ պալատի կողմից կատարվող վերահսկողության օրինականության և անաչառության, ինչպես նաև պետական, բանկային և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար։
2. Մինչև վերահսկիչ պալատի խորհրդի կողմից վերահսկողության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, քաղաքացիական ծառայողներին և վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից։
3. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակցի և պաշտոնատար այլ անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վարչական և դատական կարգով։
Հոդված 24. |
Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Վերահսկվող օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը, ինչպես նաև օբյեկտի վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձն իրավունք ունի`
ա) ծանոթանալու վերահսկողության արդյունքներին.
բ) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ և օրենքով սահմանված կարգով բողոքարկելու վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը.
գ) արգելելու վերահսկողության իրականացումը (վերահսկողությունն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե վերահսկողություն իրականացնողները խախտել են սույն օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով վերահսկիչ պալատի նախագահին:
2. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ.
բ) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, բավարարել վերահսկողների օրինական պահանջները.
գ) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկություններ.
դ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վերահսկողություն իրականացնող անձանց գործունեության համար.
ե) վերահսկիչ պալատին տրամադրել արժանահավատ տեղեկատվություն.
զ) մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին գրավոր տեղեկատվություն տրամադրել ընթացիկ հաշվետվություններում և եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ:
3. Վերահսկիչ պալատի աշխատակիցների` վերահսկողությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են վերահսկվող օբյեկտների համար:
4. Սույն օրենքի և վերահսկիչ պալատի աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու դեպքում վերահսկվող օբյեկտի ղեկավարները կամ պատասխանատու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:
Հոդված 25. |
Վերահսկիչ պալատի գործողությունների բողոքարկումը |
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, պաշտոնատար անձինք և քաղաքացիներն իրավունք ունեն վարչական և(կամ) դատական կարգով բողոքարկելու վերահսկիչ պալատի գործողությունները` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 26. |
Վերահսկիչ պալատի համագործակցությունն այլ մարմինների հետ |
1. Վերահսկիչ պալատն իր տարեկան ծրագրի իրականացման շրջանակներում կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմինների, այդ թվում` դատական դեպարտամենտի և իրավապահ մարմինների, այլ օրենքներով սահմանված վերահսկողական, հսկողական գործունեություն, ստուգումներ, ինչպես նաև պետական համակարգում ներքին հսկողություն և (կամ) ներքին աուդիտ իրականացնող մարմինների հետ, որոնք պարտավոր են վերահսկիչ պալատի պահանջով վերջինիս տեղեկություն տրամադրել իրենց իրականացրած վերահսկողության, հսկողության և ստուգումների արդյունքների վերաբերյալ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կարող է պետական վերահսկողական, հսկողական մարմիններին և դրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև պայմանագրային կարգով անկախ աուդիտորներին, մասնագետներին ու փորձագետներին ընդգրկել վերահսկողության գործընթացում:
Հոդված 27. |
Միջազգային կապերը |
1. Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների և կազմակերպությունների հետ, կարող է դրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին միջազգային վերահսկողական մարմիններ, ինչպես նաև վերջիններիս աշխատակիցներին աշխատանքային կարգով հրավիրել վերահսկիչ պալատ:
2. Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ և կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ
Հոդված 28. |
Վերահսկիչ պալատում պետական ծառայությունը |
1. Վերահսկիչ պալատի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ: Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայությունը վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում վերահսկիչ պալատի խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով վերահսկիչ պալատում կազմակերպվող մասնագիտական գործունեություն է:
2. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայությանը վերաբերող սույն օրենքով չնախատեսված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ:
Հոդված 29. |
Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի վարձատրությունը |
Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 30. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.4-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-65 օրենքը:
3. Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատում է վերահսկիչ պալատի խորհուրդը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:
4. Սույն օրենքով նախատեսված վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
Հոդված 31. |
Վերահսկիչ պալատի խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները |
1. Վերահսկիչ պալատի առաջին նախագահն իր նշանակումից հետո` տասն օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում վերահսկիչ պալատի խորհրդի առաջին անդամների, այդ թվում` վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի առաջին անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի,
մեկ անդամը` չորս տարի,
մեկ անդամը` հինգ տարի,
վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը` վեց տարի:
Հոդված 32. |
Վերահսկիչ պալատի իրավահաջորդությունը |
1. Վերահսկիչ պալատը հանդիսանում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի իրավահաջորդը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովի վերահսկիչ պալատում համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները համարվում են վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողներ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահսկիչ պալատն առաջին տարում իրագործում է Ազգային ժողովի արդեն ընդունած Ազգային ժողովի վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, իսկ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատը:
4. Վերահսկիչ պալատը պատասխանատվություն է կրում Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերջին տարում իրականացված վերահսկողության արդյունքների արժանահավատության համար:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|