Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-66
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.02.2007-08.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.05.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.06.2000
Дата вступления в силу
20.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի մայիսի 30-ին

 

 ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվում է պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների (այսուհետ` բնակարաններ) անհատույց մասնավորեցման հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

(1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 2. Սույն օրենքի համաձայն անհատույց մասնավորեցման են ենթակա 1999 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված (վարձակալության տրված) պետական սեփականություն համարվող բնակարանները:

Մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն համարվող և 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարաններ:

Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 3. Բնակարանային ֆոնդի մասնավորեցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով, մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` քաղաքապետի կողմից:

 

Հոդված 4. Պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Մասնավորեցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Մասնավորեցման մասին դիմումը կարող է տրվել տվյալ բնակարանի վարձակալի հետ վարձակալության պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Սույն ժամկետի խախտմամբ տրված դիմումները չեն քննարկվում:

 

Հոդված 5. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանները մասնավորեցվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

 

Հոդված 6. 1999 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների վարձակալության պայմանագիր կնքած անձինք այդ բնակարանների մասնավորեցման համար կարող են դիմել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 7. Պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

 

Հոդված 8. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
23 հունիսի 2000 թ.
ՀՕ-66

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.2014, ՀՕ-147-Ն 08.11.2014, ՀՕ-66
25.12.2006, ՀՕ-26-Ն 03.02.2007, ՀՕ-66
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան