ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին
ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի նպատակները |
Սույն օրենքը կարգավորում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան, որն ստորագրված է 1883 թվականի մարտի 20-ին՝ հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով.
ՄՍՀԿ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.
ԱՀՊ՝ Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիր (PCT), որն ստորագրված է 1970 թվականի հունիսի 19-ին՝ ԱՀՊ հրահանգի և այդ պայմանագրին կից Վարչական հրահանգի հետ միասին՝ հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով.
Եվրասիական կոնվենցիա՝ Եվրասիական արտոնագրային կոնվենցիա, որն ստորագրված է 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում.
TRIPS համաձայնագիր՝ Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրված է 1994 թվականի ապրիլի 15-ին Մարաքեշում.
Լոկառնոյի համաձայնագիր՝ Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգումը հիմնադրող Լոկառնոյի համաձայնագիր, որն ստորագրված է Լոկառնոյում 1968 թվականի հոկտեմբերի 8-ին.
Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնևյան ակտ՝ Արդյունաբերական նմուշների միջազգային ավանդադրման մասին Հաագայի համաձայնագիր, որը 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնևում վերանվանված է «Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագիր».
արդյունաբերական սեփականության օբյեկտ՝ գյուտ, օգտակար մոդել և արդյունաբերական նմուշ.
պետական լիազոր մարմին՝ պետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված է իրականացնելու արդյունաբերական սեփականության պահպանական փաստաթղթեր (արտոնագրեր և վկայագրեր) տալու հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
հայտատու՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, կազմակերպություն, որի անունով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրը.
իրավատեր՝ անձ, ում անունով տրված է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիրը, կամ գրանցված է արդյունաբերական նմուշը (բացառիկ իրավունքի իրավատեր).
հայտ՝ գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու հայտ.
միջազգային հայտ՝ հայտ, որը ներկայացված է ԱՀՊ պայմանագրի համաձայն, որով հայտատուի կողմից պետական լիազոր մարմնի նկատմամբ կատարվել են նշված պայմանագրի 22-րդ հոդվածով նախատեսված գործողությունները.
եվրասիական հայտ՝ եվրասիական արտոնագիր ստանալու հայտ, որը ներկայացված է Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)-րդ հոդվածի համաձայն.
ներկայացուցիչ՝ անձ, որը լիազորված է պետական լիազոր մարմնում ներկայացնելու հայտատուին, իրավատիրոջը կամ այլ շահագրգիռ անձի.
թվական՝ օր, ամիս, տարի.
մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագրում ունեցած իմաստով).
ազգային փուլ՝ միջազգային հայտի քննարկումը` ազգային օրենսդրությանը համապատասխան.
չգրանցված արդյունաբերական նմուշ՝ արդյունաբերական նմուշ, որը սույն օրենքին համապատասխան պահպանվում է առանց հայտ ներկայացնելու։
(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 3. |
Արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին օրենսդրությունը |
1. Արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. |
Ազգային մոտեցումը |
1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար:
2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը:
Հոդված 5. |
Պետական լիազոր մարմինը |
1. Պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝
1) արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու կամ դրանք գրանցելու հայտերի ընդունումը.
2) արտոնագրերի և վկայագրերի տրման և դրանց գրանցման հետ կապված գործընթացների անցկացումը.
3) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցամատյանների և սույն օրենքով նախատեսված այլ գրանցամատյանների վարումը և պահպանումը.
4) արդյունաբերական սեփականության իրավունքներին վերաբերող համապատասխան տեղեկատվական ծառայությունների ապահովումը.
5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
6) ԱՀՊ պայմանագրի ընթացակարգով ներկայացվող միջազգային և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ներկայացվող եվրասիական հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.
7) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:
2. Պետական լիազոր մարմինն ունի պաշտոնական տեղեկագիր, որի մեջ հրապարակում է տեղեկություններ գյուտերի և օգտակար մոդելների տրված արտոնագրերի, գրանցված արդյունաբերական նմուշների վկայագրերի մասին, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։ Նշված տեղեկությունները հրապարակվում են նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Սույն օրենքի համաձայն` պետական լիազոր մարմինը սահմանում է կանոններ, կարգեր և այլ իրավական ակտեր, որոնք վերաբերում են արդյունաբերական սեփականության իրավունքների ձեռքբերմանը կամ գրանցմանը (այդ թվում՝ իրավունքների փոխանցման և լիցենզային պայմանագրերով) և դրանց պահպանմանը, գրանցամատյանների վարմանը և պահպանմանը, տեղեկությունների հրապարակմանն ու փոխանակմանը, ինչպես նաև հավատարմատարների որակավորման քննությունների անցկացմանն ու գրանցմանը։
4. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել վարչական դատարանում:
(5-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-158-Ն, խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 6. |
Հանրության համար տեղեկատվությունը |
1. Պետական լիազոր մարմինը թույլատրում է ցանկացած անձի ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը և ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին` հաշվի առնելով սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում, պետական լիազոր մարմինը տեղեկատվություն է տրամադրում իր տրամադրության տակ գտնվող նյութերից, որոնք վերաբերում են տեխնիկայի մակարդակին, ինչպես նաև իրականացնում է այլ ծառայություններ տեղեկատվության և փաստաթղթագրության բնագավառում։
(6-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 7. |
Հայտերի գործավարության գաղտնիությունը |
1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Գաղտնի օբյեկտի հայտի բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
3. Մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում գյուտերի, օգտակար մոդելների տրված արտոնագրերի կամ գրանցված արդյունաբերական նմուշների մասին տեղեկությունների հրապարակումը դրանց հայտերի նյութերը համարվում են գաղտնի։
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող հայտերի նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի համաձայնությամբ կամ թույլտվությամբ կամ դատարանների համար՝ համապատասխան հարցման դեպքում, ինչպես նաև` քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների համար։ Ընդ որում, նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ ցանկացած թույլատրված միջոցով, այդ թվում՝ անմիջական հաղորդակցման կամ սովորական հրապարակման միջոցով։
5. Ցանկացած անձ, որն ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, կարող է ծանոթանալ գաղտնի համարվող նյութերին առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության։
6. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ավանդադրված կենսաբանական նյութը մատչելի է դրա նմուշի տրամադրմամբ՝
1) մինչև գյուտի հայտի հրապարակումը՝ միայն սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն լիազորություն ունեցող անձանց համար.
2) հայտի հրապարակումից և արտոնագիրը տալուց հետո՝ ցանկացած անձի դիմումի հիման վրա, անկախ արտոնագիրը չեղյալ ճանաչելուց կամ անվավեր հայտարարելուց։
7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նմուշը տրամադրվում է, եթե դիմումը ներկայացնող անձն արտոնագրի գործողության ժամանակահատվածում երաշխավորում է՝
1) նմուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ մատչելի չդարձնել երրորդ անձանց համար.
2) նմուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ չօգտագործել որևէ այլ նպատակով (բացառությամբ հետազոտական նպատակների), եթե հայտատուն կամ իրավատերը չի տվել այդպիսի իրավունք։
8. Եթե կենսաբանական նյութին վերաբերող հայտը մերժվել կամ հետ է կանչվել, ապա, հայտատուի դիմումի հիման վրա, ավանդադրված նյութի մատչելիությունը սահմանափակվում է հայտի ներկայացման թվականից հաշված 20 տարի ժամկետով՝ այդ իրավունքը վերապահելով անկախ փորձագետի։ Այս դեպքում կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները։
9. Մինչև պաշտոնական տեղեկագրում արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է հրապարակել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները՝
1) հայտի համարը.
2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.
3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի համար՝ պաշտոնական անվանումը, գտնվելու վայրը).
4) արդյունաբերական սեփականության օբյեկտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ օբյեկտի էությունը։
(7-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 8. |
Պետական տուրքերը |
1. Սույն օրենքի համաձայն` իրավունքների ձեռքբերման և պահպանման հետ կապված գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր: Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերի չափերը նվազեցնելը կամ վերադարձնելը, պետական տուրքից ազատվելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԳՅՈՒՏԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. |
Գյուտի արտոնագրաունակության պայմանները |
1. Սույն օրենքի իմաստով որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին), օգտագործմանը կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին)։ Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ), եթե նույնիսկ դա վերաբերում է կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքին կամ եղանակին, որի միջոցով արտադրվում, ստացվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ։
2. Կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ։
3. Սույն օրենքի իմաստով «կենսաբանական նյութը» գենետիկական տեղեկատվություն պարունակող և ինքնուրույն կամ կենսաբանական համակարգում վերարտադրվող ցանկացած նյութ է, իսկ «միկրոկենսաբանական եղանակը» ցանկացած եղանակ է, որը ներառում է միկրոկենսաբանական նյութ կամ իրականացվում է դրա նկատմամբ, կամ որի արդյունքում ստացվում է միկրոկենսաբանական նյութ։ Բույսերի կամ կենդանիների ստացման ցանկացած եղանակ ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ կատարվում է բնական եղանակով, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան:
(9-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 10. |
Իրավական պահպանությունից բացառությունները |
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի իմաստով ստորև նշված առարկաներն իրավական պահպանության ենթակա չեն, եթե որպես այդպիսիք դրանք հայտի կամ արտոնագրի անմիջական առարկա են՝
1) գիտական հայտնագործությունները.
2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.
3) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.
4) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.
5) մտավոր գործողությունների կատարման եղանակները.
6) համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը.
7) կառույցների, շենքերի, տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.
8) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
9) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները։
2. Իրավական պահպանության ենթակա չեն այն գյուտերը, որոնց առևտրային օգտագործման արգելումը Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ է հասարակական կարգի կամ բարոյականության սկզբունքների պահպանման նպատակով (ներառյալ՝ մարդկանց, կենդանիների կյանքի և առողջության կամ բույսերի պահպանությունը) կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու համար, եթե այդպիսի բացառումը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ դրանց օգտագործումն արգելված է օրենքով։
3. Իրավական պահպանության ենթակա չեն նաև մարդու կամ կենդանու օրգանիզմի ախտորոշման և բուժման մեթոդները։ Սույն դրույթը չի կիրառվում այդ մեթոդների համար օգտագործվող արտադրանքի, մասնավորապես՝ նյութերի կամ բաղադրանյութերի նկատմամբ։
4. Սույն օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում՝
1) բույսերի սորտերը և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման ըստ էության կենսաբանական եղանակները, բացառությամբ միկրոկենսաբանական եղանակների կամ դրանցով ստացված արտադրանքի։ Սույն կետի իմաստով բույսերի կամ կենդանիների ստացման եղանակն ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ բաղկացած է բնական երևույթից, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան։ Բույսերին կամ կենդանիներին վերաբերող գյուտերն արտոնագրաունակ են, եթե գյուտի տեխնիկական կիրառելիությունը չի սահմանափակվում կոնկրետ սորտի բույսով կամ կենդանիով։ Սույն կետի դրույթները չեն տարածվում միկրոկենսաբանական կամ այլ եղանակների կամ այդպիսի եղանակներով ստացված արտադրանքի արտոնագրաունակության վրա.
2) մարդու կլոնավորման եղանակները.
3) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
4) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.
5) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, որոնք կարող են դրանց տառապանքի ենթարկել առանց մարդու կամ կենդանիների համար էական բուժական օգուտ տալու, ինչպես նաև այդպիսի եղանակով ստացված կենդանիները.
6) մարդու օրգանիզմն իր ձևավորման և զարգացման տարբեր փուլերում, ինչպես նաև դրա տարրերից որևէ մեկի պարզ բացահայտումը, ներառյալ` որևէ գենային հաջորդականությունը կամ մասնակի հաջորդականությունը։ Սույն կետը չի տարածվում մարդու օրգանիզմից առանձնացված տարրի կամ տեխնիկական եղանակներով այլ կերպ ստացված տարրի, ներառյալ` գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության նկատմամբ, որոնք կարող են արտոնագրաունակ գյուտ լինել, եթե նույնիսկ այդ տարրի կառուցվածքը նույնական է բնական տարրի կառուցվածքի հետ։ Այս դեպքում գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության արդյունաբերական կիրառությունը պետք է բացահայտվի գյուտի հայտում:
(10-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 11. |
Նորությունը |
1. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
2. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման, կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրների մեջ բերված տեղեկությունները, որոնց բովանդակությանը ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն կամ դրա մասին ծանուցվել օրինական ճանապարհով, ընդ որում, բաց օգտագործմամբ հանրամատչելի դարձած լուծումները ներառվում են տեխնիկայի մակարդակում, եթե այդպիսի օգտագործումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում։
3. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև պետական լիազոր մարմին ներկայացված գյուտերի և օգտակար մոդելների հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:
(11-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 12. |
Արտոնագրմանը չխոչընդոտող գյուտի էության հրապարակային բացահայտումը |
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի նպատակներով գյուտի էության բացահայտումը հաշվի չի առնվում, եթե դա տեղի է ունեցել գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում՝ հեղինակի (հայտատուի) կամ գյուտի էության մասին նրանից ուղղակիորեն կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն)։
Հոդված 13. |
Գյուտարարական մակարդակը |
1. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե տվյալ բնագավառի մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեխնիկայի մակարդակից:
2. Եթե սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեխնիկայի մակարդակը ներառում է նաև չհրապարակված հայտեր, ապա գյուտարարական մակարդակն ստուգելիս դրանք հաշվի չեն առնվում։
3. Եթե հայտ ներկայացնելուց հետո, բայց մինչև դրա հրապարակումը նույն գյուտի համար հայտատուն ներկայացնում է մեկ այլ հայտ, ապա երկրորդ հայտով գյուտարարական մակարդակը որոշելու համար առաջին հայտը հաշվի չի առնվում։
Հոդված 14. |
Արդյունաբերորեն կիրառելիությունը |
1. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:
Հոդված 15. |
Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները |
1. Որպես օգտակար մոդել՝ սույն օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր, ոչ ակնհայտ և արդյունաբերորեն կիրառելի այն տեխնիկական լուծումը, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես պիտույքներին, սարքերին, գործիքներին կամ դրանց մասերին, նյութին) կամ եղանակին (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ)։
2. Օգտակար մոդելը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
2.1. Օգտակար մոդելը համարվում է ոչ ակնհայտ, եթե այն տեխնիկայի մակարդակից շատ ակնհայտորեն չի բխում տվյալ բնագավառի մասնագետի համար։
3. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը ներկայացված օգտակար մոդելի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրապարակված հանրամատչելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:
4. Արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում՝
1) կենսաբանական նյութին վերաբերող տեխնիկական լուծումները.
2) քիմիական կամ դեղագործական նյութերին կամ եղանակներին վերաբերող տեխնիկական լուծումները, ինչպես նաև մարդու և կենդանիների բուժման եղանակները.
3) սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված օբյեկտները։
5. Սույն օրենքի դրույթները, որոնք վերաբերում են գյուտերին, օգտակար մոդելների նկատմամբ կիրառվում են mutatis mutandis, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2. 1
ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԳՅՈՒՏԱՐԱՐԻ ՆՇՈՒՄԸ, ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
(2.1 գլուխը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 15.1 |
Արտոնագիր ստանալու իրավունքը |
1. Արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գյուտարարին (հեղինակին) կամ նրա ժառանգներին և փոխանցելի է օրենքով սահմանված կարգով։
2. Եթե գյուտն ստեղծվել է որոշ թվով մարդկանց կողմից համատեղ (համահեղինակությամբ), ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է նրանց՝ համատեղ։
3. Եթե նույն գյուտն ստեղծվել է իրարից անկախ տարբեր մարդկանց կողմից, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, ում հայտը սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն ունի ավելի վաղ ներկայացման թվական, պայմանով, որ հայտը սահմանված կարգով կհրապարակվի։
4. Մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտի գրանցումը, արտոնագիր ստանալու գործընթացի նպատակով, հայտատուն կարող է արտոնագիր ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով փոխանցել այլ անձի։
(15.1 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 15.2 |
Արտոնագրի նկատմամբ իրավունքը |
1. Եթե հայտի քննարկման ցանկացած փուլում դատարանի վերջնական որոշմամբ ճանաչվել է հայտատու չհամարվող այլ անձի արտոնագիր ստանալու իրավունքը և պայմանով, որ արտոնագիրը չի տրվել գործն ըստ էության լուծող դատական ակտից հետո` մեկ ամսվա ընթացքում, որից հետո այդ ակտը դարձել է ոչ բողոքարկելի, ապա տվյալ անձը կարող է՝
1) շարունակել հայտի գործընթացը որպես հայտատու.
2) ներկայացնել արտոնագրի նոր հայտ նույն գյուտի համար` օգտվելով նույն առաջնությունից կամ
3) հայտը հետ կանչելու դիմում ներկայացնել։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման համար հայց է ներկայացվել, ապա գյուտի հայտը չի կարող հետ կանչվել առանց հայցվորի համաձայնության։
(15.2 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 15.3 |
Արտոնագրի փոխանցումը դրա տիրապետման իրավունք ունեցող անձին |
1. Եթե արտոնագիրը տրվել է մի անձի, որը սույն օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն իրավասու չէ ստանալու այն, ապա այդպիսի իրավասություն ունեցող անձը կարող է պահանջել արտոնագրի փոխանցումն իրեն` առանց վնաս հասցնելու որևէ այլ անձի համապատասխան իրավունքներին կամ շահերին, գործողություններին։
2. Եթե անձն իրավունք ունի միայն արտոնագրի մի մասի նկատմամբ, ապա կարող է պահանջել արտոնագրի համատիրապետում՝ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավունքները կարող են իրականացվել միայն արտոնագիր տալու մասին տեղեկություններն արդյունաբերական սեփականության պաշտոնական տեղեկագրում հրապարակման օրվանից հետո` երեք տարվա ընթացքում։ Այս ժամկետը չի կիրառվում, երբ արտոնագրի տրման կամ ձեռքբերման ժամանակ արտոնագրատերը գիտեր, որ նա չունի համապատասխան իրավունք։
4. Երրորդ անձանց ծանուցման նպատակով սույն գլխում նշված գործողությունների կատարման դատական հայցի և դատարանի վերջնական որոշման մասին կամ շահագրգիռ կողմի պահանջով որևէ այլ ձևով գործընթացն ավարտելու մասին գրառում է կատարվում գյուտերի պետական գրանցամատյանում։
(15.3 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 15.4. |
Գյուտի օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորումն արտոնագիր ստանալու իրավունք ունեցող անձին արտոնագիր փոխանցելու դեպքում |
1. Եթե արտոնագրատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ՝ սույն օրենքի 15.3-րդ հոդվածի համաձայն, ապա արտոնագրի նկատմամբ երրորդ անձանց ցանկացած լիցենզիա և այլ իրավունքներ չեղյալ են ճանաչվում, երբ նոր արտոնագրատիրոջ մասին տվյալները գրանցվում են գյուտերի պետական գրանցամատյանում։
2. Արտոնագրատերը և մինչև դատական հայցի ներկայացնելը արտոնագրային լիցենզիա ստացած անձը, որոնք մինչև դրա գրանցումը սկսել են գյուտի օգտագործումը (գործողության մեջ են դրել գյուտը) կամ այդ նպատակով կատարել են արդյունավետ և կոնկրետ քայլեր, կարող են շարունակել օգտագործումը կամ սկսել այն, պայմանով, որ ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նրանք դիմեն նոր արտոնագրատիրոջը, որի մասին տեղեկությունները գրանցվել են գյուտերի պետական գրանցամատյանում։ Ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նախկին արտոնագրատերը կարող է դիմել նոր արտոնագրատիրոջ մասին տեղեկությունները գյուտերի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ արտոնագրային լիցենզիա ստացած անձը՝ պետական լիազոր մարմնից նոր արտոնագրատիրոջ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում։ Լիցենզիան պետք է տրվի որոշակի ժամանակահատվածի համար և ողջամիտ պայմաններով, որը համապատասխան դեպքերում սահմանվում է հարկադրական լիցենզիաների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ նախկին արտոնագրատերը կամ լիցենզառուն գործել է անբարեխիղճ այն ժամանակ, երբ սկսել է գյուտի օգտագործումը կամ քայլեր է կատարել դրա համար։
(15.4 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 15.5. |
Գյուտարարի նշումը |
1. Գյուտարարն իրավունք ունի նշվելու արտոնագրում` որպես գյուտարար։
(15.5 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 16. |
Արտոնագրից բխող բացառիկ իրավունքը |
1. Գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագրով արտոնագրատիրոջը բացառիկ իրավունք է տրվում արտոնագրված օբյեկտն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, ինչպես նաև երրորդ անձանց արգելելու՝
1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է՝ առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, շուկա մտցնել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել (տիրապետել) այդ արտադրանքը.
2) եթե արտոնագրի առարկան եղանակ է՝ առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը կամ առաջարկել այդպիսի օգտագործում, երբ երրորդ անձը գիտի թույլտվության անհրաժեշտության մասին կամ դրա հանգամանքներն ակնհայտ են, ինչպես նաև շուկա մտցնել, առաջարկել վաճառքի կամ վաճառել այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքը, օգտագործել, ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել (տիրապետել) այդ արտադրանքը։
1.1. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է վերարտադրման կամ բազմացման եղանակով այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած կենսաբանական նյութի վրա։
1.2. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի ստացման եղանակի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է անմիջականորեն այդ եղանակով ստացված կենսաբանական նյութի վրա և վերարտադրման կամ բազմացման եղանակով անմիջականորեն այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող և միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած այլ կենսաբանական նյութի վրա։
1.3. Գենետիկական տեղեկատվություն պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է ցանկացած նյութի վրա, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշվածի, որի մեջ այդ արտադրանքը ներառված է, և որը պարունակում է այդ գենետիկական տեղեկատվությունը և կատարում է դրա ֆունկցիան։
2. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այս դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է:
2.1. Արտոնագիրը դրա տիրոջն իրավունք է տալիս նաև արգելելու երրորդ անձանց` առանց իր համաձայնության այլ անձի փոխանցել կամ ոչ իրավասու անձանց առաջարկել գյուտի համար կարևոր տարրերը գյուտն օգտագործելու նպատակով այն դեպքում, երբ երրորդ անձը գիտի կամ հանգամանքների բերումով ակնհայտ է դառնում, որ այդ տարրերը հնարավորություն են տալիս գյուտն օգտագործել և օգտագործվում են այդ նպատակով։ Այս դրույթը չի կիրառվում, երբ նշված տարրերը շուկայում առկա սովորական արտադրանք են, քանի դեռ երրորդ կողմը շահագրգիռ անձին չի դրդել կատարելու սույն հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունները:
3. Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձվել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնությունները։ Գյուտի, օգտակար մոդելի նկարագրությունը և գծագրերն օգտագործվում են հավակնության սահմանման մեկնաբանման համար։
(16-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 17. |
Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները |
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված` արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող գյուտի, օգտակար մոդելի օգտագործումը՝
1) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.
2) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.
3) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.
4) այլ պետության պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց.
5) բժշկական (այդ թվում՝ ֆիտոսանիտարական) արտադրանքի փորձարկման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների, տեստերի և փորձերի կատարման համար՝ արտոնագրի ժամկետն ավարտվելուն նախորդող երկու տարվա ընթացքում:
2. Սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում վերարտադրման կամ բազմացման միջոցով ստացված կենսաբանական նյութի վրա, որն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում, երբ վերարտադրումը կամ բազմացումը անհրաժեշտաբար բխում է այն կիրառությունից, որի համար կենսաբանական նյութը շուկա է հանվել, պայմանով, որ ստացված նյութը հետագայում չի օգտագործվի այլ վերարտադրման կամ բազմացման համար։
3. Որպես սույն օրենքի 16-րդ հոդվածի բացառություն, գյուղատնտեսական օգտագործման նպատակով բույսի վերարտադրման նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձևով դրա առևտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ իրավունք է տալիս ֆերմերին իր բերքի արդյունքն իր հողամասում օգտագործելու վերարտադրման կամ բազմացման նպատակով:
4. Որպես սույն օրենքի 16-րդ հոդվածի բացառություն, բազմացող ընտանի կամ այլ կենդանիների վերարտադրության նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձևով դրա առևտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ իրավունք է տալիս ֆերմերին այդ նյութով վերարտադրված կենդանին օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով։ Սա ներառում է կենդանուց կամ դրա բազմացումից ստացված արգասիքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հնարավորություն` բացառությամբ առևտրային շրջանակներում կամ այդ նպատակներով բազմացման գործունեության։
(17-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 18. |
Վաղօրոք օգտագործման իրավունքը |
1. Ցանկացած անձ, որը մինչև գյուտի, օգտակար մոդելի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում բարեխղճորեն օգտագործել է դրա հեղինակից անկախ ստեղծված նույնական լուծումը կամ դրա համար կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ այդպիսի օգտագործման ծավալի չընդլայնման պայմանով (վաղօրոք օգտագործման իրավունք):
2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Հոդված 19. |
Արտոնագրից բխող իրավունքների սահմանափակումները |
1. Արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու արտոնագրով պահպանվող գյուտ կամ օգտակար մոդել պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը կամ իրը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ավելի վաղ առաջնություն ունեցող այլ արտոնագրերի խախտման համար իր դեմ հարուցված գործում պաշտպանվելու նպատակով արտոնագրատերը չի կարող հիմնվել իր արտոնագրի վրա։
4. Այն փաստը, որ արտոնագրված գյուտը չի կարող կիրառվել առանց այլ անձի ավելի վաղ արտոնագրով պաշտպանված գյուտն օգտագործելու, խոչընդոտ չի հանդիսանում տվյալ գյուտի արտոնագրի գործողության համար։ Այսպիսի դեպքերում ավելի վաղ արտոնագրի սեփականատերը չի կարող վերջին արտոնագիրն օգտագործել դրա գործողության ընթացքում` առանց դրա սեփականատիրոջ համաձայնության, ոչ էլ վերջին արտոնագրի սեփականատերը կարող է օգտագործել այդ երկու արտոնագրերից որևէ մեկն ավելի վաղ արտոնագրի գործողության ընթացքում, մինչև չստանա վերջինիս սեփականատիրոջ համաձայնությունը կամ հարկադրական լիցենզիա։
(19-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 20. |
Գյուտի արտոնագրի գործողության ժամկետը |
1. Գյուտի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից մինչև քսան տարին լրանալը։
2. Պատերազմի, տարերային աղետների կամ նմանատիպ այլ անկանխատեսելի իրադարձության դեպքում արտոնագրի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո այն կարող է երկարաձգվել մեկ անգամ, բայց ոչ ավելի, քան հինգ տարով։
3. Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն՝ գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի թույլտվության թվականների միջև ընկած ժամկետով, բայց հինգ տարուց ոչ ավելի։
4. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, պետական լիազոր մարմին է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան արտոնագիրը։
Հոդված 21. |
Օգտակար մոդելի արտոնագրի գործողության ժամկետը |
1. Օգտակար մոդելի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից մինչև տասը տարին լրանալը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22. |
Արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմանները |
1. Որպես արդյունաբերական նմուշ օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող այն լուծումը, որը նոր է և ինքնատիպ (արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմաններ):
2. Սույն օրենքի իմաստով «նմուշը» իրի արտաքին տեսքն է ամբողջությամբ կամ մասնակիորեն, որը դրա բնորոշ հատկանիշների, մասնավորապես ուրվագծերի, գույների, ձևերի, կազմվածքի, ինչպես նաև նյութերի և (կամ) դրա զարդանախշի արդյունքն է։
3. Սույն օրենքի իմաստով «իրը» արդյունաբերական կամ տնայնագործական ցանկացած արտադրանք է, որը ներառում է նաև համալիր (բարդ) արտադրանքում միավորելու համար նախատեսված փաթեթվածքները, ձևավորումները, գրաֆիկական խորհրդանիշները և տպագրական տառաշարերը, բացառությամբ համակարգչային ծրագրերի։ Սույն օրենքի իմաստով «համալիր (բարդ) իրը» այն արտադրանքն է, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք կարող են փոխարինվել իրի թույլատրելի ապամոնտաժման և մոնտաժման դեպքում։
4. Համալիր (բարդ) իրի մասը կարող է լինել պահպանունակ արդյունաբերական նմուշ, եթե այն՝
1) մնում է տեսանելի արտադրանքի բնականոն օգտագործման ընթացքում.
2) համապատասխանում է արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմաններին՝ նորությանը և ինքնատիպությանը։
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իմաստով «բնականոն օգտագործումը» վերջին սպառողի կողմից օգտագործումն է, բացառությամբ շահագործման, սպասարկման և նորոգման աշխատանքների։
Հոդված 23. |
Նորությունը և ինքնատիպությունը |
1. Արդյունաբերական նմուշը նոր է, եթե չի հայտնաբերվել նույնական արդյունաբերական նմուշ, որը հանրամատչելի է դարձել մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, կամ եթե խնդրարկվում է առաջնություն, ապա՝ մինչև առաջնության թվականը, ընդ որում, արդյունաբերական նմուշները համարվում են նույնական, եթե դրանց բոլոր հատկանիշները համընկնում են կամ տարբերվում են ոչ էական մանրամասներով։
2. Արդյունաբերական նմուշը ինքնատիպ է, եթե ընդհանուր տպավորությունը, որը թողնում է տեղեկացված սպառողի վրա, տարբերվում է այդպիսի սպառողի վրա ցանկացած այլ արդյունաբերական նմուշի թողած ընդհանուր տպավորությունից, որը հանրամատչելի է դարձել մինչև հայտի ներկայացման թվականը, կամ եթե խնդրարկվում է առաջնություն, ապա՝ մինչև առաջնության թվականը։
3. Արդյունաբերական նմուշի ինքնատիպությունը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների ազատության աստիճանը։
Հոդված 24. |
Արդյունաբերական նմուշի բացահայտումը |
1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով համարվում է, որ արդյունաբերական նմուշը դարձել է հանրամատչելի, եթե այն հրապարակվել է, ցուցադրվել է ցուցահանդեսում, օգտագործվել է, իրացվել է կամ բացահայտվել է այլ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան ոլորտում մասնագիտացված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ողջամիտ պատճառներով, դրա մասին տեղեկությունները չէին կարող մատչելի լինել՝
1) գրանցված արդյունաբերական նմուշի դեպքում՝ մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու, կամ, եթե խնդրարկվում է առաջնություն՝ մինչև առաջնության թվականը.
2) չգրանցված արդյունաբերական նմուշի դեպքում՝ մինչև արդյունաբերական նմուշի առաջին բացահայտումը:
1.1. Արդյունաբերական նմուշը հանրամատչելի չի համարվում, եթե երրորդ անձին այն բացահայտվել է գաղտնիության պահպանման ուղղակի կամ ենթադրվող պայմանի առկայության դեպքում:
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով արդյունաբերական նմուշի էության բացահայտումը հաշվի չի առնվում, եթե դա տեղի է ունեցել հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում՝ հեղինակի (հայտատուի) կամ արդյունաբերական նմուշի էության մասին նրանից ուղղակի կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն)։
3. Սույն հոդվածի 2-րդ մասը կիրառվում է նաև, եթե արդյունաբերական նմուշը հանրամատչելի է դարձել դիզայների կամ նրա իրավահաջորդի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքում։
(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 25. |
Արդյունաբերական նմուշի գրանցման մերժումը |
1. Արդյունաբերական նմուշը չի գրանցվում որպես այդպիսին, եթե՝
1) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դա արդյունաբերական նմուշ չէ.
2) դա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերի կամ 23-րդ հոդվածի պահանջներին.
3) դա հակասում է Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածի պահանջներին՝ ներկայացվել է առանց համապատասխան իրավասու մարմնի տված թույլտվության.
4) դա ներառում կամ նմանակում է խորհրդանիշներ, խորհրդանշաններ, զինանշաններ, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով սահմանվածները, և որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գրանցման համար առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը.
5) դրա օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին։
2. Որպես արդյունաբերական նմուշ չի կարող գրանցվել այն նմուշը, որը բնութագրվում է միայն տեխնիկական գործառույթով։ Եթե տեխնիկական գործառույթը անմիջականորեն կապված է արտադրանքի արտաքին տեսքի հետ, ապա նա չի կարող պահպանվել որպես արդյունաբերական նմուշ։
3. Որպես արդյունաբերական նմուշ չի կարող գրանցվել այն նմուշը, որը պարտադիր պետք է վերարտադրված լինի իր նույնական ձևով և չափերով, որպեսզի իրը, որում արդյունաբերական նմուշը մարմնավորված կամ օգտագործված է, կարողանա մեխանիկորեն կապակցված կամ տեղադրված լինել ցանկացած այլ իրի մեջ, պայմանով, որ այդ իրերից յուրաքանչյուրը կարողանա կատարել իր գործառույթը։
4. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, նոր և ինքնատիպ արդյունաբերական նմուշը կարող է պահպանվել, եթե այն ծառայում է մոդուլային համակարգում բազմակի մոնտաժման կամ երկուստեք փոխարինելի իրերի կապակցման հնարավորությունն ապահովելուն:
(25-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 25.1. |
Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքի խնդրարկումը |
1. Անձը, որի անունով գրանցված է արդյունաբերական նմուշը (կամ մինչև դրա գրանցումը՝ որի անունից ներկայացված է արդյունաբերական նմուշի հայտը), համարվում է պետական լիազոր մարմնի և ցանկացած այլ մարմինների հետ գործերը վարելու իրավասություն ունեցող անձ, քանի դեռ ապացուցված չէ հակառակը:
2. Եթե չգրանցված արդյունաբերական նմուշը բացահայտված է կամ գրանցման է ներկայացված սույն օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածների համաձայն դրա իրավունքը չունեցող անձի կողմից, կամ գրանցված արդյունաբերական նմուշը գրանցվել կամ գրանցման է ներկայացվել այդպիսի անձի կողմից, ապա նշված հոդվածների համաձայն` արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունք ունեցող անձը կարող է պահանջել, որ ինքը ճանաչվի տվյալ արդյունաբերական նմուշի օրինական իրավատերը՝ առանց վնաս հասցնելու որևէ այլ անձի համապատասխան իրավունքներին կամ գործողություններին։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կարող են իրականացվել երեք տարվա ընթացքում, որը հաշվարկվում է համապատասխանաբար՝
1) գրանցված արդյունաբերական նմուշի դեպքում՝ գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից.
2) չգրանցված արդյունաբերական նմուշի դեպքում՝ դրա բացահայտման օրվանից:
Սույն մասով սահմանված դրույթը չի կիրառվում, եթե արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունք չունեցող անձը գործել է անբարեխիղճ, երբ համապատասխան արդյունաբերական նմուշը նրան բացահայտվել, ներկայացվել կամ վստահվել է:
4. Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների հետ կապված և սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 2.1-ին գլխով սահմանված դրույթները մութաթիս մութանդիս:
(25.1 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 26. |
Արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը և գրանցման վկայագիրը |
1. Արդյունաբերական նմուշի գրանցման հիման վրա դրա իրավատիրոջն ընձեռվում է այն օգտագործելու և առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։ Սույն օրենքի իմաստով օգտագործումը կարող է վերաբերել, մասնավորապես, դրա պատրաստմանը, վաճառքի առաջարկությանը, վաճառքին, ներմուծմանը կամ նմուշը ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի օգտագործմանը, ինչպես նաև նման նպատակներով դրա պահեստավորմանը։
2. Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը որոշվում է տեղեկացված սպառողի վրա արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող ընդհանուր տպավորությամբ։ Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների ինքնուրույնության աստիճանը։
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքները չեն տարածվում՝
1) պահեստամասերի և առարկաների ներմուծման վրա, որոնք նախատեսված են այլ պետության պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա բացառապես պայմանավորված է փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց, և այս դեպքում սույն օրենքի 17-րդ հոդվածում նշված գործողությունները, բացառությամբ 3-րդ կետի, կիրառվում են mutatis mutandis.
2) մեջբերման կամ ուսուցման նպատակով արդյունաբերական նմուշի վերարտադրման գործողությունների վրա, պայմանով, որ այդպիսի գործողությունները համատեղելի լինեն բարեխիղճ առևտրային փորձի հետ և նշվի սկզբնաղբյուրը, ինչպես նաև անօրինական կերպով չվնասեն արդյունաբերական նմուշի բնականոն օգտագործմանը։
4. Ցանկացած երրորդ անձ կարող է պաշտպանել արդյունաբերական նմուշի նկատմամբ իր իրավունքները, որոնք վերաբերում են դրա վաղօրոք օգտագործմանը։ Այս դեպքում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջները կիրառվում են mutatis mutandis։
5. Գրանցված արդյունաբերական նմուշի համար տրվում է արդյունաբերական նմուշի գրանցման վկայագիր (այսուհետ` արդյունաբերական նմուշի վկայագիր): Արդյունաբերական նմուշի վկայագիրը տրվում է այն անձին, որի անունով գրանցված է արդյունաբերական նմուշը (այսուհետ` արդյունաբերական նմուշի իրավատեր):
6. Արդյունաբերական նմուշի վկայագիրը հաստատում է արդյունաբերական նմուշի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև դրա նկատմամբ բացառիկ իրավունքը:
Հոդված 27. |
Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների սահմանափակումները |
(Վերնագիրը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Պահպանվող արդյունաբերական նմուշի իրավատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու պահպանվող արդյունաբերական նմուշ ներառող կամ այն մարմնավորող արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
2. Արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև արդյունաբերական նմուշ ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
(27-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 28. |
Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության այլ ձևերը |
1. Սույն օրենքի դրույթները, որոնք վերաբերում են արդյունաբերական նմուշներին, չեն սահմանափակում այլ օրենքների դրույթները, որոնք վերաբերում են չգրանցված նմուշներին, ապրանքային նշաններին կամ այլ տարբերակման նշաններին, գյուտերին և օգտակար մոդելներին, տպագրական տառատեսակներին, պատասխանատվությանը կամ անբարեխիղճ մրցակցությանը։
2. Արդյունաբերական նմուշը կարող է չպահպանվել սույն օրենքով սահմանված կարգով և իր ստեղծման կամ ցանկացած ձևով ամրագրման օրվանից կարող է օրենքով սահմանված կարգով պահպանվել որպես հեղինակային իրավունքի օբյեկտ:
(28-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 29. |
Արդյունաբերական նմուշի պահպանության ժամկետը |
(Վերնագիրը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Գրանցված արդյունաբերական նմուշը կարող է պահպանվել հայտի ներկայացման թվականից սկսած 5 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` արդյունաբերական նմուշի իրավատերը կարող է երկարաձգել դրա պահպանության ժամկետը մեկ կամ մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով, ընդհանուր առմամբ մինչև հայտի ներկայացման թվականից քսանհինգ տարին լրանալը։
2.1. Չգրանցված արդյունաբերական նմուշը պահպանվում է երեք տարվա ընթացքում այն օրվանից սկսած, երբ արդյունաբերական նմուշը առաջին անգամ բացահայտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերի:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես համալիր (բարդ) իր պահպանվող արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն՝ միայն դրա որոշ բաղադրիչների համար։
(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՅՏԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 30. |
Առաջնության իրավունքը |
(Վերնագիրը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնությունը որոշվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:
2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն), եթե գյուտի կամ օգտակար մոդելի հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից տասներկու ամսվա ընթացքում, իսկ արդյունաբերական նմուշինը` վեց ամսվա ընթացքում:
3. Միջազգային առաջնության իրավունքից օգտվելու համար պետական լիազոր մարմին ներկայացվող հայտում պետք է նշվի խնդրարկվող առաջնության թվականը: Հայտի ներկայացման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, հայտատուն պետք է պետական լիազոր մարմնին հայտնի առաջին հայտի համարը, դրա ներկայացման երկրի կամ գերատեսչության անվանումը, ինչպես նաև առաջին հայտի՝ այն ստացող գերատեսչության կողմից վավերացված պատճենը։ Սույն պահանջը չկատարելու դեպքում միջազգային առաջնություն խնդրարկելու մասին դիմումը չի բավարարվում:
4. Եթե առաջին հայտի պատճենը ներկայացված է ոչ հայերեն և ներկայացված օբյեկտի արտոնագրաունակության (պահպանունակության) որոշման նպատակով անհրաժեշտ է տվյալ հայտի հայերեն թարգմանությունը, ապա պետական լիազոր մարմինը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում։
5. Մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում։
6. Գյուտի հայտով հայտատուն կարող է առաջնություն խնդրարկել օգտակար մոդելի հայտի հիման վրա, իսկ օգտակար մոդելի հայտով՝ գյուտի հայտի հիման վրա։
7. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է որոշվել նույն գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով, պայմանով, որ այն հետ կանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած 12 ամսվա ընթացքում։ Այդ դեպքում սկզբնական հայտը համարվում է հետ կանչված։
8. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն։
9. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), առաջնությունը որոշվում է միևնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը վիճարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչև սկզբնական հայտի հրապարակումը, պայմանով, որ զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված համարված չէ։
10. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին, և նրանց համաձայնությամբ տրվում է մեկ արտոնագիր, որում նշվում են երկու հայտերի բոլոր հեղինակները։ Նշված ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, համաձայնության չգալու դեպքում հայտերը համարվում են հետ կանչված։
11. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգը։
(30-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 31. |
Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում |
1. Անձը, որը գյուտը, օգտակար մոդելը կամ իրի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրում է պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետությունում կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, կարող է ցուցահանդեսի փակման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում գյուտը, օգտակար մոդելը կամ արտադրանքի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)։
2. Անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման և փակման թվականները, ցուցադրման առաջին օրը և ներկայացնում է ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տրվել է ցուցահանդեսն անցկացրած մարմնի կողմից։ Նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում։
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի երկարաձգում սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջազգային առաջնության խնդրարկման ժամկետը։
(31-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 32. |
Խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումը |
1. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն՝ այդ փոփոխված առաջնության թվականից տասնվեց ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից չորս ամսվա ընթացքում։
2. Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, առանց որի դիմումը համարվում է չներկայացված:
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ցանկացած դիմում, որը պետական լիազոր մարմին է ներկայացվել սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հրապարակման մասին հայտատուի դիմումից հետո, համարվում է չներկայացված, եթե հրապարակման մասին դիմումը հետ չի կանչվել մինչև հայտի հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը։
4. Եթե խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն, ապա սահմանված ժամկետները հաշվարկվում են փոփոխված առաջնության թվականից։
Հոդված 33. |
Առաջնության իրավունքի վերականգնումը |
1. Եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից պետական լիազոր մարմին է ներկայացվում ուշացումով՝ առաջին հայտի ներկայացման թվականից տասներկու ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով)։
2. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը։ Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, առանց որի դիմումը համարվում է չներկայացված։
Հոդված 34. |
Հայտի իրավական ծավալի ընդլայնման արգելքը |
1. Գյուտի կամ օգտակար մոդելի հայտի ներկայացման թվականից հետո հայտով խնդրարկվող իրավական ծավալը չպետք է ընդլայնվի սկզբնական ծավալից։
2. Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման թվականից հետո հայտով խնդրարկվող արտադրանքի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն չպետք է էապես փոփոխվի կամ ավելացնի համալիր իրի բաղադրիչների ներկայացված քանակը։
Հոդված 35. |
Սահմանված ժամկետների երկարաձգումը |
1. Մինչև որոշակի գործողություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը հայտատուն կամ իրավատերը կարող է դրանց երկարաձգման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Պետական լիազոր մարմինը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել մինչև երեք ամիս։
2. Սույն օրենքի 12-րդ հոդվածով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 47-րդ հոդվածի 3-րդ մասով, 52-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 2-րդ մասով, 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածով, 74-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները սույն հոդվածի 1-ին մասի համաձայն չեն երկարաձգվում։
(35-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 36. |
Սահմանված ժամկետները խախտելու դեպքում հայտով գործավարությունը |
1. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել արդյունաբերական սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները, որի հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով։
2. Հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի օրենքով սահմանված պետական տուրքը։ Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու և համապատասխան պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։
3. Պետական լիազոր մարմինը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի, ինչպես նաև պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու կամ սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն իրավունքների վերականգնման մասին կամ խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու ժամկետների խախտմանը։
4. (Մասն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-98-Ն)
(36-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 37. |
Իրավունքների վերականգնումը |
1. Պետական լիազոր մարմնի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը հանգամանքներից ելնելով՝ սույն օրենքի և վերջինիս կիրարկումն ապահովող կարգերի համաձայն պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները հարգելի պատճառներով, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը կապված է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչման, մերժման կամ իրավունքից զրկելու հետ:
2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին՝ այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։ Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված։
3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։
4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է տարեկան պետական տուրքերի չվճարմանը՝ ոչ ուշ, քան Փարիզյան կոնվենցիայի 5bis հոդվածով սահմանված լրացուցիչ ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներին, պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին։
6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է պետական լիազոր մարմնի ծանուցագրում նշված ժամկետում։
(37-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 38. |
Դիմումի հետկանչումը |
1. Գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել պետական լիազոր մարմին ներկայացրած իր ցանկացած դիմումը։
2. Դիմումը համարվում է հետ կանչված՝ պետական լիազոր մարմնի կողմից հետկանչման դիմումն ստանալու օրվանից։
3. Արտոնագիր (վկայագիր) ստանալու դիմումի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու մասին։
4. Եթե արտոնագիր (վկայագիր) ստանալու մասին դիմումը հայտատուն հետ է կանչում հրապարակման տեխնիկական նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց և հայտը հրապարակելուց հետո, ապա հրապարակված հայտը չի կարող սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կազմել տեխնիկայի նախորդող մակարդակի առանձին մաս։
Հոդված 39. |
Հայտատուի ծանուցումը մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը |
(Վերնագիրը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Մինչև արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման ընդունումը պետական լիազոր մարմինը նախատեսվող մերժման մասին նախապես գրավոր ծանուցում է հայտատուին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում իր հավակնությունները ճշգրտելու առաջարկությամբ։
2. Արտոնագիր (վկայագիր) տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինն ընդունում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտատուի նկատառումները կամ ճշգրտումներն ստանալու օրվանից հետո, երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում։
(39-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 40. |
Հեղինակը (գյուտարարը, դիզայները) |
1. Հեղինակը (գյուտարարը, դիզայները) այն ֆիզիկական անձն է, որը, որպես այդպիսին, նշված է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր ստանալու մասին դիմումում կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու մասին դիմումում, քանի դեռ դատարանի վճռով ապացուցված չէ հակառակը։
2. Եթե որպես հեղինակ դիմումում նշված են մի քանի ֆիզիկական անձինք, ապա նրանք համարվում են համահեղինակներ, որոնց փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ։
3. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
4. Պետական լիազոր մարմինը պատասխանատու չէ հեղինակներին վերաբերող տվյալների իսկության համար։
Հոդված 41. |
Իրավատերը |
1. Արտոնագիրը տրվում է կամ արդյունաբերական նմուշը գրանցվում է այն անձի անունով (այսուհետ նաև՝ իրավատեր), որն արտոնագիր տալու կամ արդյունաբերական նմուշը գրանցելու պահին նշված է որպես հայտատու։
2. Եթե մի քանի անձ նշված են որպես համահայտատուներ, ապա սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է mutatis mutandis, և նշված անձանց տրվում է մեկ արտոնագիր կամ մեկ վկայագիր։ Այս դեպքում իրավատերերի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի պահպանվող օբյեկտն օգտագործելու իր հայեցողությամբ, ցանկացած անձի կողմից առանց թույլտվության պահպանվող օբյեկտի օգտագործումն արգելելու հայցով դիմելու դատարան, սակայն իրավունք չունի առանց մնացած իրավատերերին ծանուցելու հրաժարվել արտոնագրից կամ վկայագրից և առանց նրանց համաձայնության իր իրավունքները զիջելու այլ անձի կամ կնքելու լիցենզային պայմանագիր։
3. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտի (ծառայողական արդյունաբերական սեփականության օբյեկտ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե դա նախատեսված է նրանց միջև կնքված պայմանագրով:
4. Ծառայողը, որը գյուտարար կամ դիզայներ է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ գյուտի կամ արդյունաբերական նմուշի մեջ իր անձնական ներդրումը և գործատուի համար դրա կարևորությունն ակնհայտ են և գերազանցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները։ Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:
5. Աշխատողը պարտավոր է իր ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտի մասին գործատուին գրավոր հայտնել ստեղծման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
6. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում պետական լիազոր մարմին, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին:
7. Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ օբյեկտի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:
8. Հայտ ներկայացնելու և արտոնագիր կամ վկայագիր ստանալու իրավունքը, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաև դրանց օգտագործումից առաջացած եկամուտներն ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:
9. Բուհական հաստատություններում կամ գիտական և գիտահետազոտական (այսուհետ՝ գիտական) կենտրոններում ուսուցման և (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ՝ գիտաշխատող) կողմից ստեղծված գյուտի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե դա նախատեսված է նրանց միջև կնքված պայմանագրով։
10. Սույն հոդվածի 9-րդ մասի պայմանների համաձայն ստեղծված ցանկացած գյուտի կամ արդյունաբերական նմուշի մասին դրա հեղինակ հանդիսացող դասախոսը կամ գիտաշխատողը պարտավոր է մեկամսյա ժամկետում ծանուցել բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնին։
11. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնը՝ սույն օրենքով նախատեսված կարգով գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործման կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են բուհական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։
12. Բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնը գյուտի արտոնագիր և արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը կարող է զիջել դրանց հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին՝ պահպանելով անփոխանցելի հասարակ կամ անհատույց լիցենզիայի իրավունքը։
13. Բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումից կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում ստացել է դասախոսը կամ գիտաշխատողը։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են բուհական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։
14. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողը գյուտը կամ արդյունաբերական նմուշն ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ պայմանագրի կատարման արդյունքում, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում գյուտի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը։
(41-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 42. |
Իրավունքների փոխանցման և լիցենզային պայմանագրի կնքումը |
1. Արտոնագրատերը, ինչպես նաև արդյունաբերական նմուշի իրավատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով զիջել այլ անձի և (կամ) կնքել լիցենզային պայմանագիր։
2. Արտոնագրատերը կամ արդյունաբերական նմուշի իրավատերը (լիցենզատուն) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառուին) արտոնագրով պահպանված օբյեկտը կամ գրանցված արդյունաբերական նմուշը պայմանագրով նախատեսված ծավալով օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:
3. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում, ընդ որում, լիցենզատուն պահպանում է արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:
4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը լիցենզառուին փոխանցելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում նաև երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:
5. Արտոնագրատերը կամ արդյունաբերական նմուշի իրավատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Հայտարարություն հրապարակելուց հետո` երկու տարվա ընթացքում, լիցենզային պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն չստանալու դեպքում նա կարող է դիմել լիազոր մարմին՝ իր դիմումը հետ կանչելու մասին խնդրանքով։ Այս դեպքում հայտարարությունը հրապարակելուց մինչև դրա հետկանչման թվականն ընկած ժամանակահատվածի համար արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքերը ենթակա են լրավճարման, իսկ հետագա ժամկետների համար դրանք վճարվում են լրիվ դրույքաչափերով։ Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում դիմումը հետ կանչելու մասին։
6. Լիցենզային պայմանագիրը և զիջման մասին պայմանագրերը (ակտը) ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական լիազոր մարմնի սահմանած կարգով։
7. Պետական լիազոր մարմնում չգրանցված զիջման մասին պայմանագիրը կամ լիցենզային պայմանագիրն առոչինչ է:
8. Լիցենզային պայմանագրի և զիջման մասին պայմանագրի գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները կարող են վիճարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով։
9. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է նաև հայտատուի նկատմամբ mutatis mutandis։
10. Գյուտերի հայտերի կամ արտոնագրերի նկատմամբ իրավունքները երրորդ անձանց նկատմամբ չեն գործում, եթե դրանք գրառված չեն համապատասխան գրանցամատյանում։ Առանց նշված իրավունքների գրառման արտադրանքը չի կարող նշել գյուտի հայտը կամ արտոնագիրը։ Սույն մասի դրույթների խախտումը որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։
(42-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 43. |
Իրավունքների ծագումը |
1. Սույն օրենքի 16-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները ծագում են տվյալ օբյեկտը համապատասխան պետական գրանցամատյանում գրանցելու թվականից` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները։
2. Մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը չի կարող կիրարկվել օրենքով սահմանված կարգով։
3. Գյուտի հայտի հրապարակման և արտոնագիր տալու օրվանից մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակման թվականը գյուտին տրվում է նախնական պահպանություն, որի ընթացքում արտոնագրատերը չի կարող օգտվել առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից տվյալ գյուտի օգտագործումն արգելելու իրավունքից, սակայն արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումից հետո արտոնագրատերը կարող է համապատասխան հատուցում պահանջել այդպիսի օգտագործման համար։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախնական պահպանությունը կիրառվում է նաև մինչև հայտի հրապարակումն ընկած ժամանակահատվածի համար, երբ գյուտն օգտագործող երրորդ անձը տեղեկացված է տվյալ գյուտի հայտի ներկայացված լինելու և դրա բովանդակության մասին։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը միկրոօրգանիզմներին վերաբերող գյուտերի նկատմամբ կիրառվում են այն թվականից, որից սկսած տվյալ միկրոօրգանիզմը հասարակության համար դարձել է մատչելի։
6. Օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների նկատմամբ բացառիկ իրավունքները գործում են սույն հոդվածի 1-ին մասում նշված թվականից, քանի դեռ ապացուցված չէ նշված օբյեկտների արտոնագրաունակության (պահպանունակության) բացակայությունը:
(43-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 43.1. |
Արտոնագիրը կամ վկայագիրն անվավեր ճանաչելը |
1. Իր գործողության ողջ ժամկետի ընթացքում արտոնագիրը կարող է ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա դատարանի որոշմամբ ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) ապացուցված է, որ արտոնագրի առարկան սույն օրենքի 10-13-րդ և 15-րդ հոդվածների իմաստով արտոնագրաունակ չէ.
2) գյուտը բավարար չափով պարզ և հստակ բացահայտված չէ, որը թույլ կտա տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետին իրականացնել այն.
3) արտոնագրի առարկան գերազանցում է ներկայացված սկզբնական հայտի բովանդակությունը.
4) գյուտի արտոնագրատերը, սույն օրենքի համաձայն, արտոնագիրն ստանալու իրավունք չի ունեցել:
2. Եթե անվավեր ճանաչման հիմքերը վերաբերում են միայն արտոնագրի մի մասին, մասնակի անվավեր ճանաչվում է գյուտի հավակնության սահմանման համապատասխան անկախ կետը կամ կետերը։ Հավակնության սահմանման անկախ կետը չի կարող անվավեր ճանաչվել մասնակիորեն։
3. Եթե արտոնագիրն անվավեր է ճանաչվել մասնակիորեն, ապա այն շարունակում է ուժի մեջ մնալ հավակնության սահմանման այն անկախ կետերի համար, որոնք անվավեր չեն ճանաչվել, պայմանով, որ այն կարող է դառնալ առանձին արտոնագրի առարկա։
4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալու տվյալ արտոնագիրը։
5. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողությունը կարող է ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա դատարանի որոշմամբ ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) ապացուցված է, որ արդյունաբերական նմուշը սույն օրենքի 22-25-րդ հոդվածների իմաստով պահպանունակ չէ.
2) արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշների համախմբությունը գերազանցում է ներկայացված սկզբնական հայտով տրված արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշները.
3) արդյունաբերական նմուշի իրավատերը, սույն օրենքի համաձայն, վկայագիրն ստանալու իրավունք չի ունեցել։
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-դ կետով նախատեսված դեպքի համար դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալու տվյալ վկայագիրը:
7. Հայտի նկատմամբ մեկ կամ մի քանի ձևական պահանջները չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կանխամտածված խաբեության արդյունք է:
8. Սույն օրենքի 16-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված՝ արտոնագրի և 26-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված՝ վկայագրի գործողությունը համարվում է չկայացած ի սկզբանե այն մասով, որով դա անվավեր է ճանաչվել:
9. Արտոնագրի, վկայագրի անվավեր ճանաչումը չի ազդում՝
1) դրանից բխող իրավունքների խախտման վերաբերյալ վերջնական որոշումների վրա, որոնք ուժի մեջ են մտել մինչև դա անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը.
2) արտոնագիրը, վկայագիրն անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչև նշված որոշման ընդունումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել որոշակի գումարի հատուցում, որը վճարվել է պայմանագրի համաձայն:
(43.1 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 44. |
Իրավունքների դադարեցումը |
(Վերնագիրը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ տրամադրված իրավունքները դադարեցվում են, եթե`
1) իրավատերը դրանցից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազոր մարմին։ Այս դեպքում արտոնագրի կամ վկայագրի նկատմամբ նա կորցնում է իր իրավունքը դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
2) արտոնագիրը կամ վկայագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել.
3) սույն օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն` անվավեր է ճանաչվել արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրը.
4) այն իրավատիրոջ կողմից բավարար չափով չի օգտագործվել առաջին հարկադրական լիցենզիան տրամադրելուց հետո` երկու տարվա ընթացքում.
5) լրացել է այն ժամկետը, որի համար տրամադրվել են իրավունքները։
(44-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 45. |
Սխալների ուղղումը |
1. Պետական լիազոր մարմինը կարող է ցանկացած ժամանակ իր նախաձեռնությամբ կամ հայտատուի դիմումի համաձայն` անվանումների, թվականների, համարների և այլ ակնհայտ սխալների վերաբերյալ կատարել ուղղումներ իր հրապարակումներում և գրանցամատյաններում։
2. Ուղղված սխալների մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում։
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 46. |
Հայտին ներկայացվող ընդհանուր պահանջները |
1. Հայտը ներառում է՝
1) դիմում՝ արտոնագիր կամ վկայագիր ստանալու մասին.
2) արտոնագիր ստանալու համար՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը.
3) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու համար՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը։
2. Հայտին կցվում են՝
1) լիազորագիր, եթե այն ներկայացվել է հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օտարերկրյա հայտատուների կողմից հայտը ներկայացվել է այլ լեզվով.
3) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։
3. Հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են պետական լիազոր մարմնի սահմանած կարգով, որտեղ նշվում են մանրամասն տեղեկություններ հայտի բովանդակության և իրավունքների ձեռքբերման ընթացակարգի մասին։
Հոդված 47. |
Հայտի ձևակերպումը և ներկայացման ձևերը |
1. Հայտի բովանդակությունը և ձևը պետք է համապատասխանեն սույն օրենքի և պետական լիազոր մարմնի սահմանած կարգի պահանջներին։ Հայտը պետք է լինի ընթեռնելի, իսկ գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկարագրությունը՝ պարզ ձևակերպված, որը բավարար է տվյալ բնագավառի մասնագետի կողմից իրականացվելու համար։
2. Հայտը գրավոր ներկայացվում է պետական լիազոր մարմին անմիջականորեն կամ փոստային առաքմամբ, ֆաքսով՝ ֆաքսիմիլային պատկերի տեսքով կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոցներով։ Հաղորդակցության էլեկտրոնային միջոցներով հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը։
3. Եթե ֆաքսով կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոցներով ստացված փաստաթղթերն ամբողջությամբ կամ մասամբ ընթեռնելի չեն, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացնել հայտի գրավոր պատճենը։ Սահմանված ժամկետում հայտի պահանջվող պատճենը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
4. Եթե հայտ ներկայացնելու համար պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, լրավճարել պետական տուրքը: Սահմանված ժամկետում պետական տուրքը չլրավճարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
Հոդված 48. |
Հայտի լեզուն |
1. Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն:
2. Հայտի մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են ներկայացնել հայերեն, իսկ օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել այլ լեզվով։ Այս դեպքում նրանք պարտավոր են պետական լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում:
3. Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
4. Պետական լիազոր մարմինը հայտով գործավարությունն իրականացնում է հայերեն։
Հոդված 49. |
Հայտի ներկայացման թվականը |
1. Պետական լիազոր մարմինն արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է առնվազն՝
1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.
3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրություն.
4) (կետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-98-Ն)
5) արդյունաբերական նմուշների համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն իրի արտաքին տեսքի լուսանկարը կամ գրաֆիկական տեսքը, իսկ երկչափ արտադրանքի համար՝ դրա կամ դրա մի մասի նմուշը։
2. Պետական լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, ստուգում է դրա համապատասխանությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին և անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` առաջարկելով նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները)։ Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
Եթե նշված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվական է սահմանվում բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականը։ Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` հայտնելով նաև հայտին տրված գրանցման համարի մասին։
(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 50. |
Հայտի ներկայացման թվականի առանձնահատկությունները |
1. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս պետական լիազոր մարմինը գտնում է, որ գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` նշելով ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտությունը։
2. Հայտատուի կողմից նշված եռամսյա ժամկետում ծանուցագրում նշված նկարագրության բացակայող մասը կամ բացակայող գծագիրը ներկայացնելու դեպքում դրանք ներառվում են հայտի կազմում։ Այս դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով։ Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվում են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով։ Սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
3. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` արտաքնապես գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով։ Դիմումը պետք է ներկայացվի հայերեն և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման թվականը։ Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:
Հոդված 51. |
Հայտի փորձաքննությունը |
1. Հայտի փորձաքննությունը պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո` եռամսյա ժամկետում, որի ընթացքում ստուգվում է հայտի փաստաթղթերի կամ լրացուցիչ նյութերի բովանդակության և ձևի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին։
2. Պետական լիազոր մարմինն ստուգում է նաև գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված պահանջներին և վճարված պետական տուրքերի համապատասխանությունը օրենքով սահմանված չափերին, ներառյալ` սույն օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` տարեկան պետական տուրքերը։
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը։
4. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է եռամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում։
5. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված եռամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը։ Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ այն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ։
6. Հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից։
7. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում։ Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է դա ձևակերպել որպես առանձին հայտ։
8. Սահմանված ժամկետում հարցման մեջ նշված բոլոր թերությունները հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ սույն օրենքի 73-րդ և 74-րդ հոդվածներում նշված դեպքերի։
9. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա նա գործավարությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով:
(51-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 52. |
Հայտին ներկայացվող հատուկ պահանջները |
1. Հայտը պետք է պարունակի՝
1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին.
2) գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը.
3) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ.
4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի կամ օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.
5) գյուտի կամ օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
2. Ոչ ուշ, քան մինչև հայտի հրապարակումը, հայտատուն կարող է ներկայացնել զատված հայտ այն գյուտի առարկայի նկատմամբ, որն ավելի վաղ ներկայացված հայտում դուրս է գալիս այդ հայտի շրջանակներից։ Զատված հայտը համարվում է ներկայացված ավելի վաղ հայտի ներկայացման թվականով և ունի ավելի վաղ ներկայացված հայտի առաջնության իրավունք։
3. Մինչև գյուտի արտոնագիր տալու մասին պետական լիազոր մարմնի որոշման կայացումը հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ տվյալ գյուտի հայտն օգտակար մոդելի հայտի փոխակերպելու խնդրանքով։
4. Հայտատուի դիմումի համաձայն` պետական լիազոր մարմինը գյուտի հայտը փոխակերպում է օգտակար մոդելի հայտի, եթե այն համապատասխանում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։
5. Օգտակար մոդելի հայտը կարող է փոխակերպվել գյուտի հայտի մինչև օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ պետական լիազոր մարմնի որոշման ընդունումը։
6. Սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:
(52-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 53. |
Հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը |
1. Գյուտի արտոնագիր ստանալու մասին դիմումում նշվում են տվյալներ հայտատուի մասին (անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության պաշտոնական անվանումը և գտնվելու վայրը), գյուտի անվանումը, որը բնորոշում է գյուտի առարկան և պետական լիազոր մարմնի սահմանած այլ տվյալներ։
2. Գյուտի նկարագրությունը ներառում է տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը, տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ, տեղեկատվություն՝ տեխնիկայի մակարդակի կամ այլ տեխնիկական լուծումների մասին, որոնք հանրամատչելի են դարձել մինչև գյուտի առաջնության թվականը և հայտատուին հայտնի՝ պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները, ինչպես նաև տեխնիկական խնդրի տեխնիկական լուծման նկարագրությունը: Գյուտի նկարագրությունը պետք է պարզ և հստակ բացահայտի գյուտը՝ տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով:
3. Եթե գյուտը վերաբերում է կենսաբանական նյութի, որը մատչելի չէ հանրությանը և չի կարող որոշակիորեն նկարագրվել տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով, ապա այդ գյուտի նկարագրությունը լրացվում է Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրի Հրահանգի 7-րդ հոդվածի համաձայն տրված կամ միկրոօրգանիզմների ավանդադրման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած հաստատության տված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքով։
4. Գյուտի հավակնության սահմանումը տեխնիկական հատկանիշների համախմբության միջոցով որոշում է գյուտի առարկան, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն։ Հավակնության սահմանումը, որը ներկայացվում է մեկ կամ ավելի կետերով, պետք է լինի պարզ ու հստակ և ամբողջապես հիմնված նկարագրության վրա։
5. Գծագրերը և այլ նյութերը ծառայում են գյուտի էությունը հասկանալուն։
6. Գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատը) գյուտի նկարագրության բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է միայն արտոնագրային որոնման նպատակներին։ Համառոտ շարադրանքը ներառում է գյուտի անվանումը, գյուտին վերաբերող տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը և (կամ) գյուտի կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ գյուտի անվանումից, գյուտի էության բնութագիրը՝ նշելով ստացվող տեխնիկական արդյունքը։ Համառոտ շարադրանքը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, մասնավորապես՝ գյուտի իրավական ծավալի մեկնաբանման նպատակով։
7. Գյուտի հայտը կարող է վերաբերել մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի (գյուտի միասնության պահանջ):
Հոդված 54. |
Արտոնագիր տալու համար սահմանված պահանջների փորձաքննությունը |
1. Գյուտի արտոնագիր տալու գործընթացն իրականացնելիս պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) հայտարկված գյուտի առարկայի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված արտոնագրաունակության պայմաններին.
2) հայտարկված գյուտի՝ առաջին հայացքից (ակնհայտորեն, բացահայտորեն), համապատասխանությունը սույն օրենքի 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված արտոնագրաունակության պայմաններին՝ տեխնիկայի մակարդակը որոշելով միայն իր տրամադրության տակ գտնվող նյութերով։
2. Օգտակար մոդելի արտոնագիր տալու գործընթացն իրականացնելիս պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) հայտարկված օգտակար մոդելի առարկայի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին.
2) հայտարկված օգտակար մոդելի համապատասխանությունը սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված արտոնագրաունակության պայմաններին՝ տեխնիկայի մակարդակը որոշելով միայն իր տրամադրության տակ գտնվող նյութերով։
3. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ գյուտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին։
4. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում հայտը մերժելու մասին։
5. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին միայն մասամբ, ապա որոշում է կայացնում միայն այդ մասի նկատմամբ հայտը մերժելու մասին։
(54-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 55. |
Հայտի հրապարակումը |
1. Պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է այն ներկայացնելու թվականից, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից տասնութ ամիս լրանալուց հետո։
2. Հայտատուն կարող է պահանջել, որ հայտը հրապարակվի մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված տասնութամսյա ժամկետի լրանալը, բայց ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից երեք ամիս լրանալուց հետո։
3. Պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է արտոնագիր տալու մասին տեղեկությունների հետ միասին։ Հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը:
(55-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 56. |
Արտոնագիր տալը |
1. Պետական լիազոր մարմինը գյուտը գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում և տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին։ Արտոնագիր տալու թվական համարվում է հայտի հրապարակման թվականը։
2. Մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը իրավական պահպանության ծավալը որոշվում է հրապարակված հավակնության սահմանման բովանդակությամբ։
Հոդված 56.1. |
Առարկությունները |
1. Հայտի հրապարակման օրվանից հետո, գյուտի արտոնագրի գործողության ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն որևէ եզրակացության հրապարակումը, ցանկացած անձ կարող է պետական լիազոր մարմին առարկություն ներկայացնել գյուտի արտոնագիր տալու դեմ՝ սույն օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկության մասին պետական լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում ծանուցում է արտոնագրատիրոջը` դրա վերաբերյալ իր նկատառումները երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկությունը և 2-րդ մասի համաձայն ստացված արտոնագրատիրոջ նկատառումները պետական լիազոր մարմինը դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, հրապարակում է իր պաշտոնական կայքէջում:
4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում օգտակար մոդելների հայտերի նկատմամբ:
(56.1 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 57. |
Գրավոր ապացույցի ներկայացման ժամկետը |
1. Գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը ոչ ուշ, քան մինչև արտոնագրի գործողության իններորդ տարվա ավարտը գրավոր ապացույց է ներկայացնում պետական լիազոր մարմին այն մասին, որ արտոնագրված գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։
2. Գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, գրավոր ապացույցը պետական լիազոր մարմին ներկայացնելուց կամ այն ներկայացված լինելու մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, վճարում է արտոնագրաունակության մասին եզրակացությունը հրապարակելու համար պետական տուրքը։ Սահմանված ժամկետում նշված պետական տուրքը չվճարելու դեպքում գրավոր ապացույցը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը։
3. Եթե գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը խախտում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը, ապա արտոնագիրը դադարում է գործել արտոնագրի գործողության 10-րդ տարին լրանալուց հետո։
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` արտոնագրատերը ներկայացնում է գրավոր ապացույց, որը վերաբերում է իրավատիրոջ բացառիկ իրավունքի խախտման հետ կապված դատական հայցերին, ապա պետական լիազոր մարմինը հրապարակում է սույն օրենքի 59-րդ հոդվածում նշված արտոնագրաունակության մասին եզրակացություններից որևէ մեկը:
5. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում օգտակար մոդելների նկատմամբ։
(57-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 58. |
Գրավոր ապացույցի ձևերը |
1. Սույն օրենքի 57-րդ հոդվածի համաձայն տրված գրավոր ապացույց կարող է համարվել ԱՀՊ պայմանագրի 2-րդ գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ԱՀՊ պայմանագրի 1-ին գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը կամ նույնական գյուտի համար ըստ էության փորձաքննության հիման վրա տրված արտոնագիրը, եթե տվյալ արտոնագիրը տրվել է ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային նախնական փորձաքննության մարմնի կարգավիճակ ունեցող արտոնագրային կազմակերպության կողմից, կամ այլ արտոնագրային գերատեսչության կողմից տրված եզրակացությունը, որի հետ պետական լիազոր մարմինը կնքել է համապատասխան պայմանագիր։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, ապա դրա մասին արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը տեղեկացնում է պետական լիազոր մարմնին՝ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում։
Պետական լիազոր մարմինն այս տեղեկատվությունն ընդունում է ի գիտություն և տվյալ արտոնագրի նկատմամբ գործավարությունը շարունակում է, եթե սույն հոդվածի համաձայն գրավոր ապացույցը ներկայացվում է սահմանված ժամկետից հետո՝ մինչև երեք ամիսը լրանալը։ Եթե սահմանված ժամկետում գրավոր ապացույցը սույն հոդվածի համաձայն չի ներկայացվում, ապա արտոնագրի գործողությունը դադարեցվում է տասներորդ տարին լրանալուն պես։
3. Եթե գրավոր ապացույցը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ապա արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը ներկայացնում է գրավոր ապացույցի հիմք հանդիսացող բոլոր այլ արտոնագրերի ցանկը և պատճենները, ներառյալ՝ մերժված հայտերի և դրանց տվյալների ցանկը։ Գրավոր ապացույցին կից արտոնագրերի պատճենները և ցանկը չներկայացվելու դեպքում այն համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը։
4. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ սույն հոդվածի համաձայն ներկայացված գրավոր ապացույցը կեղծված է կամ ճիշտ չէ, ապա արտոնագիրը ճանաչվում է անվավեր։
5. Գրավոր ապացույց չունենալու դեպքում արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը կարող է պահանջել, որ պետական լիազոր մարմինը համապատասխան պետական տուրքի վճարման դիմաց ձեռք բերի անհրաժեշտ տվյալներ կամ կարծիքներ, որոնք որպես հիմք կօգտագործվեն սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` եզրակացություններից որևէ մեկը հրապարակելու համար։
(58-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 59. |
Արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը |
1. Սույն օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածների համաձայն ներկայացված գրավոր ապացույցի, փաստաթղթերի և սույն օրենքի 56.1-ին հոդվածի համաձայն ստացված առարկությունների ու նկատառումների հիման վրա պետական լիազոր մարմինը հրապարակում է արտոնագրաունակության մասին եզրակացությունը, որը հավաստում է հետևյալներից որևէ մեկը՝
1) գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներին, և դրա հավակնության սահմանումն ամբողջությամբ համապատասխանում է այդ պահանջներին.
2) գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներին մասամբ, և այդ պատճառով դրա հավակնության սահմանման մեջ կատարվում են համապատասխան ճշգրտումներ.
3) հայտի ներկայացման թվականի դրությամբ գյուտը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներին, և տրված արտոնագիրը ճանաչվում է անվավեր։
2. Պետական լիազոր մարմինը չի կարող հրապարակել արտոնագրաունակության մասին եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե նա նախապես չի ծանուցել արտոնագրատիրոջը՝ հավակնության սահմանման նախատեսվող փոփոխությունների կամ արտոնագիրն անվավեր ճանաչելու հնարավորության մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, հավակնության սահմանումը ճշգրտելու կամ պարզաբանելու առաջարկությամբ։ Այս դեպքում, մինչև արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը, պետական լիազոր մարմինն ստուգում է արտոնագրաունակության մասին այդպիսի եզրակացության հրապարակման համար հիմքերի առկայությունը։ Եթե արտոնագրատերը սահմանված ժամկետում պարզաբանումներ չի ներկայացնում, ապա համարվում է, որ նա համաձայն է արտոնագրաունակության մասին պետական լիազոր մարմնի եզրակացությանը։
3. Հավակնության սահմանումը, որը, արտոնագրաունակության մասին եզրակացության համաձայն, ճշգրտվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, չի կարող ապահովել ավելի լայն իրավական պահպանություն, քան այն հավակնության սահմանումը, որը հրապարակվել է սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն։
4. (Մասն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-98-Ն)
5. (Մասն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-98-Ն)
(59-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 60. |
Արդյունաբերական նմուշի հայտին ներկայացվող հատուկ պահանջները |
1. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի՝
1) դիմում՝ արդյունաբերական նմուշը գրանցելու մասին.
2) իրի կամ մեկ հայտում ներառված մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները)՝ պետական լիազոր մարմնի կողմից նախատեսված քանակով։ Արդյունաբերական նմուշի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս և դրա քննարկման փուլում, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն արդյունաբերական նմուշի գրանցման համար պետական տուրքի անդորրագիրը պետական լիազոր մարմին ներկայացնելը, հայտատուն կարող է դիմել պետական լիազոր մարմին` արդյունաբերական նմուշի գրանցման մասին տվյալների հրապարակումը հետաձգելու խնդրանքով։ Նշված տվյալների հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչև հայտի ներկայացման օրվանից 12 ամիսը լրանալը։
3. Եթե արդյունաբերական նմուշը, ներառյալ` մանածագործական նմուշը կամ հոլոգրամը, երկչափ է և սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ներկայացվել է հրապարակումը հետաձգելու մասին խնդրանք, ապա իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) լուսանկարի կամ գրաֆիկական պատկերի փոխարեն հայտին կարող է կցվել իրի կամ դրա մի մասի նմուշը։ Իրերի սահմանած քանակով լուսանկարները կամ գրաֆիկական պատկերները ներկայացվում են ոչ ուշ, քան սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հրապարակման հետաձգված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։ Սույն պահանջը չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված։
(60-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 61. |
Արդյունաբերական նմուշի հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը |
1. Արդյունաբերական նմուշի գրանցման դիմումում նշվում են տվյալներ հայտատուի մասին (ազգանունը, անունը և բնակության վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը), արտադրանքի նշումը, որում արդյունաբերական նմուշը կարող է մարմնավորվել կամ օգտագործվել, արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման ցուցիչը և պետական լիազոր մարմնի սահմանած այլ տվյալներ։
2. Արդյունաբերական նմուշի հայտը կարող է ներառել մի քանի արդյունաբերական նմուշներ, պայմանով, որ դրանք վերաբերում են արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի։
3. Իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) լուսանկարը կամ գրաֆիկական պատկերը պետք է հստակ բացահայտի արտաքին տեսքի նորությունը և ինքնատիպությունը։
Հոդված 62. |
Հայտի փորձաքննությունը |
(Վերնագիրը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման թվականից հետո` երկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի անհրաժեշտ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանված կարգի պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի՝
1) 22-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջներին.
2) 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին՝ իր տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա։
2. Եթե փորձաքննության արդյունքում պետական լիազոր մարմինը պարզի, որ՝
1) հայտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա որոշում է կայացնում արդյունաբերական նմուշի գրանցման մասին և հայտատուի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արդյունաբերական նմուշը գրանցում է արդյունաբերական նմուշների պետական գրանցամատյանում և այդ մասին տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.
2) հայտը մասնակիորեն կամ ամբողջությամբ չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա հայտը մերժվում է մասնակիորեն (մասնակի գրանցում) կամ ամբողջությամբ, հաշվի առնելով սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված պահանջները։
(62-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ
Հոդված 63. |
Պետական գրանցամատյանները |
1. Պետական լիազոր մարմինը վարում է գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանները (այսուհետ՝ գրանցամատյաններ)։ Գրանցամատյանները բաց են հանրության համար, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Արտոնագրի տրման թվականը կամ արդյունաբերական նմուշի վկայագրի տրման թվականը գրանցամատյանում դրա գրանցման թվականն է։
3. Ցանկացած անձի դիմումի հիման վրա և սահմանված պետական տուրքի վճարման դիմաց պետական լիազոր մարմինը քաղվածք է տրամադրում գրանցամատյանից։
4. Գրանցամատյանների բովանդակությունը, դրանցում փոփոխություն կատարելու մասին դիմումի բովանդակությունը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, գրանցամատյանից կատարվող քաղվածքի բովանդակությունը և դրա առաքման, ինչպես նաև գրանցամատյանների վարման հետ կապված այլ գործողությունների կատարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը։
Հոդված 64. |
Գրանցամատյանի բովանդակությունը |
1. Գյուտերի և օգտակար մոդելների գրանցամատյանը հիմնականում պարունակում է գյուտի գրանցման համարը (արտոնագրի համարը), հայտի համարը և ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հրապարակման թվականը, գրանցամատյանում գրանցման թվականը, սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն տրված արտոնագրաունակության մասին եզրակացության համարը և տրման թվականը, սեփականատիրոջը վերաբերող տվյալները (անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), արտոնագրի տեսակը, գյուտարարին վերաբերող տվյալները (անունը և բնակության վայրը), գյուտի անվանումը, արտոնագրի գործողության մասին տվյալները, արտոնագրի գործողության դադարեցման թվականը, ինչպես նաև լրացուցիչ պահպանություն տրամադրելու մասին տվյալներ։
2. Արդյունաբերական նմուշների գրանցամատյանը հիմնականում պարունակում է արդյունաբերական նմուշի գրանցման համարը (վկայագրի համարը), հայտի համարը և ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հրապարակման թվականը, գրանցամատյանում գրանցման թվականը, սեփականատիրոջը վերաբերող տվյալները (անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), դիզայներին վերաբերող տվյալները (անունը և բնակության վայրը), նրա ցանկությամբ՝ արտադրանքի նշումը, արտադրանքի քանակը, դասակարգման ցուցիչը` ըստ Լոկառնոյի դասակարգչի, արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության մասին տվյալները, արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության դադարեցման թվականը։
3. Դատական գործերի և վերջնական վճիռների մասին տեղեկատվությունը, որի մասին ծանուցվել է պետական լիազոր մարմինը, գրանցվում է սույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում նշված գրանցամատյանում։
Հոդված 65. |
Գրանցամատյաններում փոփոխությունների կատարումը |
1. Իրավունքներին և իրավատերերին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն։ Սույն հոդվածի դրույթները mutatis mutandis կիրառվում են հայտերի և հայտատուների նկատմամբ։
2. Իրավունքների փոխանցումը և լիցենզիաների տրամադրման մասին տվյալները մուտքագրվում են համապատասխան գրանցամատյան՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն։
3. Մինչև փոփոխությունների կատարումը, գրանցամատյանում նշված անձը որպես իրավատեր, համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում կարող է դատական կարգով վիճարկել ցանկացած փոփոխություն, որն անօրինական ձևով կատարվել է առանց իր համաձայնության։
Հոդված 66. |
Փոփոխություններ կատարելու ընթացակարգը |
1. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել գրանցամատյանում կատարել մի քանի փոփոխություն։ Մեկ դիմումը բավարար է նաև, եթե փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի հայտերի և (կամ) միևնույն անձի իրավունքի համար՝ պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինեն քննարկվող բոլոր հայտերի և իրավունքների համար, և բոլոր հայտերի ու իրավունքների համարները նշված լինեն դիմումում։
2. Յուրաքանչյուր հայտի կամ իրավունքի վերաբերյալ փոփոխությունը գրանցամատյանում գրանցելու համար դիմում ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագիր ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վճարվում է պետական տուրք։ Սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։
3. Եթե փոփոխությունները խնդրարկվում են գրանցամատյանում որպես իրավատեր նշված անձի կողմից, ապա պետական լիազոր մարմինը փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցամատյանում։
4. Եթե փոփոխությունները խնդրարկվում են գրանցամատյանում որպես իրավատեր չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը դիմումը ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագիրն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, իր հայեցողությամբ ներկայացնում է իրավատիրոջ համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր։ Եթե պետական լիազոր մարմինը կասկածներ ունի փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որևէ նշման վերաբերյալ, կամ եթե ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա նա կարող է պահանջել, որ դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը։
5. Եթե դիմողը ժամանակին չի ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ փաստաթղթերը կամ փաստաթղթերի թարգմանությունը, ապա փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետ կանչված։
6. Փոփոխությունները կատարվում են պետական լիազոր մարմնի որոշման հիման վրա։
Հոդված 67. |
Իրավունքների պահպանության ժամկետների երկարաձգումը |
1. Գյուտի, օգտակար մոդելի արտոնագրով վերապահված, ինչպես նաև արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների պահպանության ժամկետը երկարաձգվում է սահմանված ժամկետներում պետական տուրքի վճարման հիման վրա, որը հաշվարկվում է հայտը ներկայացնելու թվականից՝
1) արտոնագրերի համար յուրաքանչյուր տարի՝ մեկ տարով.
2) արդյունաբերական նմուշի համար յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ հինգ տարով։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված պետական տուրքերը (տարեկան պետական տուրքեր) վճարվում են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև գործողության ընթացիկ տարվա ավարտը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքը վճարվում է յուրաքանչյուր հինգ տարվա համար՝ գործողության ընթացիկ հինգերորդ տարվա ընթացքում:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության երկրորդ տարվանից:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պետական տուրքերը վճարվում են արդյունաբերական նմուշի գրանցման գործողության առաջին հինգ տարվանից:
6. Եթե արտոնագիր տալու գործընթացը տևում է հայտը ներկայացնելու թվականից սկսած մեկ տարուց ավելի, ապա սույն հոդվածի 1-ին մասի դրույթները կիրառվում են mutatis mutandis։
7. Գյուտի, օգտակար մոդելի արտոնագրով վերապահված, ինչպես նաև արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների պահպանության ժամկետները կարող են երկարաձգվել նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետների ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում վճարված պետական տուրքի հիման վրա: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
8. Պետական լիազոր մարմինն իրավատիրոջը հիշեցումով ծանուցում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և սույն հոդվածի 7-րդ մասով վճարելու հնարավորության ու չվճարելու դեպքում դրա հետևանքների մասին՝ իրավունքների պահպանության ժամկետը լրանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։
9. Պետական տուրքերը ժամանակին չվճարելը կամ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամանակահատվածի համար պետական լիազոր մարմնի հիշեցումն անհետևանք թողնելը հանգեցնում է արդյունաբերական սեփականության օբյեկտի իրավական պահպանության (գյուտի, օգտակար մոդելի արտոնագրի գործողության կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների) դադարեցման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին հաջորդող օրվանից։
10. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը mutatis mutandis կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի նկատմամբ։ Եթե այդ դեպքերում պետական տուրքը և լրացուցիչ պետական տուրքը չեն վճարվում սահմանված ժամկետում, ապա հայտը համարվում է հետ կանչված։
Հոդված 68. |
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնումը և հետօգտագործման իրավունքը |
1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները, որոնք դադարեցվել են սույն օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, կարող են վերականգնվել իրավատիրոջ դիմումի հիման վրա։ Դիմումն անհրաժեշտ է պետական լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետը լրանալուց հետո` երեք տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև արտոնագրի կամ արդյունաբերական նմուշի գրանցման վկայագրի գործողության` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը։ Դիմումին կցվում է արտոնագրի կամ վկայագրի գործողության վերականգնման համար սահմանված պետական տուրքի, ինչպես նաև արտոնագիրը գործողության մեջ պահելու համար կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար չվճարված տարեկան պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը։
2. Գյուտի, օգտակար մոդելի արտոնագրի գործողության վերականգնման կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում։
3. Ցանկացած անձ, որը սույն օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի իրավական պահպանության դադարեցման թվականից մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականը բարեխղճորեն սկսել է սույն օրենքի համաձայն պահպանվող գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը կամ կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք)։
4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավունքը կորցնելու և դրա վերականգնման մասին հայտարարություն հրապարակելու ժամանակահատվածի համար սույն հոդվածի 3-րդ մասը կիրառվում է mutatis mutandis:
5. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։
Գ Լ ՈՒ Խ 9
ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
Հոդված 69. |
Հարկադրական լիցենզիան |
1. Ցանկացած անձ կամ Հայաստանի Հանրապետությունը, առանց արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) համաձայնության, դատարանի որոշմամբ կարող է օգտագործել պահպանվող գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը, բույսի սորտը (հարկադրական լիցենզիա), եթե՝
1) դա պահանջում է հասարակության շահերը, մասնավորապես՝ ազգային անվտանգության, սննդի, առողջապահության կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառները.
2) արտոնագրատերը կամ լիցենզառուն արտոնագրային իրավունքներն օգտագործում է անբարեխիղճ, մասնավորապես, երբ օգտագործման ձևերը հակասում են ընդունված կանոններին` սահմանափակելով մրցակցությունը.
3) գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը հայտը ներկայացնելու թվականից` 4 տարվա կամ արտոնագիր (վկայագիր) տալու օրվանից հետո` 3 տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը), չի օգտագործվել կամ օգտագործվել է անբավարար։
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը հարկադրական լիցենզիաները տրամադրում է հանգամանքներին ծանոթանալուց և իրավատիրոջը լսելուց հետո։
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրական լիցենզիաները տրամադրվում են, եթե դիմում ներկայացնող անձն ապացուցում է, որ ինքը փորձել է իրավատիրոջ հետ կնքել լիցենզային պայմանագիր ողջամիտ առևտրային ժամկետում, և որ այդպիսի փորձերը չեն հաջողվել այդ ժամկետում։
4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում, եթե հայտարարվել է ռազմական կամ արտակարգ դրություն։
(69-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 70. |
Հարկադրական լիցենզիայի տրամադրման պայմանները |
1. Սույն օրենքի 69-րդ հոդվածի համաձայն` հարկադրական լիցենզիաները տրամադրվում են հետևյալ պայմաններով՝
1) սահմանափակ ժամկետով ու ծավալով՝ ելնելով լիցենզիա տալու նպատակից,
2) դրանք պետք է լինեն միայն ոչ բացառիկ.
3) չեն կարող փոխանցվել երրորդ անձանց, բացառությամբ լիցենզիա ստացողի (լիցենզառու) կազմակերպության կամ գործարարության հետ միասին, որին տրվում է լիցենզիան.
4) հիմնականում տրամադրվում են ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար:
2. Եթե արտոնագիրը (այսուհետ՝ «երկրորդ արտոնագիր») չի կարող օգտագործվել առանց այլ արտոնագրի (այսուհետ՝ «առաջին արտոնագիր») խախտման, ապա «առաջին արտոնագրի» համար հարկադրական լիցենզիա ստանալու համար, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասում բերված պայմանների, անհրաժեշտ է, որ՝
1) գյուտը, որը պահպանված է «երկրորդ արտոնագրով», «առաջին արտոնագրով» պահպանված գյուտի համեմատությամբ ապահովի ավելի մեծ տնտեսական կարևորության տեխնիկական առավելություն.
1.1) «երկրորդ արտոնագրի» արտոնագրատիրոջ դիմումը լիցենզային պայմանագրի համար մերժված լինի «առաջին արտոնագրի» արտոնագրատիրոջ կամ բույսի սորտի իրավատիրոջ կողմից.
2) «առաջին արտոնագրի» արտոնագրատերն ընդունելի պայմանների դեպքում «երկրորդ արտոնագրով» պահպանված գյուտի օգտագործման համար ունենա փոխադարձ լիցենզիայի իրավունք.
3) «առաջին արտոնագրով» պահպանված գյուտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը փոխանցում է միայն կազմակերպության այն մասի հետ միասին, որտեղ իրականացվում է նշված օբյեկտի օգտագործումը:
3. Դատական ակտով հարկադրական լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) դրան հանգեցնող հանգամանքները վերացված են, իսկ դրանց կրկնվելը քիչ հավանական է.
2) հարկադրական լիցենզիան ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պահպանվող օբյեկտի օգտագործման համար լիցենզառուն չի ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
4. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է տրամադրել միայն պետությունը՝ բացառապես ոչ առևտրային օգտագործման համար, ինչպես նաև դատական կամ վարչական մարմինները՝ անբարեխիղճ մրցակցությունը կանխելու համար:
5. Եթե սելեկցիոները չի կարող բույսի սորտի նկատմամբ իրավունք ձեռք բերել` առանց խախտելու ավելի վաղ առաջնություն ունեցող գյուտի արտոնագիրը, ապա կարող է դիմել արտոնագրով պահպանվող գյուտի ոչ բացառիկ օգտագործման հարկադրական լիցենզիա ստանալու համար այն ծավալով, որն անհրաժեշտ է պահպանվող բույսի սորտի օգտագործման համար։
6. Եթե կենսատեխնոլոգիական գյուտի արտոնագրատերը չի կարող գյուտն օգտագործել` առանց խախտելու բույսի սորտի նկատմամբ ավելի վաղ իրավունքը, ապա նա կարող է դիմել այդ իրավունքով պահպանվող բույսի սորտի օգտագործման հարկադրական ոչ բացառիկ լիցենզիա ստանալու համար։
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված հարկադրական լիցենզիաները տրվում են` կիրառելով սույն օրենքի 69-71-րդ հոդվածների դրույթները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis)։
(70-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 71. |
Հարկադրական լիցենզիայի համար վարձատրությունը |
1. Հարկադրական լիցենզիան տրամադրվում է արտոնագրատիրոջը համարժեք դրամական վարձատրության պայմանով։
2. Վարձատրության չափը որոշվում է՝ ելնելով յուրաքանչյուր դեպքի հանգամանքներից և հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 10
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 72. |
Պետական լիազոր մարմնի առջև ներկայացուցչությունը |
1. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարությունը կարող են վարել ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց կողմից տրված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձևով։
2. Ներկայացուցիչ նշանակող կողմը կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են պետական լիազոր մարմնի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ, և ներկայացուցիչ նշանակող կողմը չի նշանակում ընդհանուր ներկայացուցչին, որի հետ պետական լիազոր մարմինը պետք է վարի գործավարությունը, ապա պետական լիազոր մարմինը գործավարությունը վարում է այն ներկայացուցչի հետ, որը լիազորագրում նշված է առաջինը։
3. Ներկայացուցիչ նշանակող կողմը մեկ լիազորագրով կարող է լիազորել ներկայացուցչին կատարել միևնույն հայտատուի՝ պետական լիազոր մարմին ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հայտերին վերաբերող գործողությունները: Այս դեպքում հայտերից մեկի համար ներկայացվում է լիազորագրի բնօրինակը (դրա վավերացված պատճենը), իսկ մնացած հայտերից յուրաքանչյուրի համար՝ լիազորագրի պատճենը, որի վրա նշվում է այն հայտի համարը, որում պահվում է լիազորագրի բնօրինակը (վավերացված պատճենը)։
4. Ներկայացուցչի լիազորագիրը ներկայացվում է պետական լիազոր մարմին հայտը ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագիրն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են անօրինական և հաշվի չեն առնվում:
Հոդված 73. |
Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը |
1. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն (այսուհետ՝ օտարերկրյա անձինք), սույն օրենքի համաձայն` իրենց իրավունքների ձեռքբերման և պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից և հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները` օտարերկրյա անձինք կարող են պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել, հայտի ներկայացման թվականի առնչությամբ գործողություններ կատարել, գործավարության կատարման համար վճարել պետական տուրքեր, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` առաջնության իրավունքի խնդրարկման դեպքում ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենները և այդ գործավարության վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստանալ ծանուցագիր՝ առանց ներկայացուցչի:
3. Եթե օտարերկրյա անձը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու համար չունի ներկայացուցիչ, ապա նա պետական լիազոր մարմնի հետ նամակագրության համար տալիս է փոստային հասցե, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկացած ծանուցագիր, որը պետական լիազոր մարմինն ուղարկում է տվյալ փոստային հասցեով, համարվում է բավարար ծանուցում:
4. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից` տարեկան պետական տուրքը կարող է վճարել ցանկացած անձ:
5. Եթե օտարերկրյա անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարության համար չի նշանակում ներկայացուցիչ և չի նշում Հայաստանի Հանրապետությունում գտնվող նամակագրության հասցե, ապա պետական լիազոր մարմինը նրան ծանուցագիր է ուղարկում այն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացուցիչ նշանակելու և լիազորագիր ներկայացնելու, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նամակագրության համար փոստային հասցե նշելու առաջարկությամբ։ Եթե օտարերկրյա անձը ժամանակին ներկայացուցիչ չի նշանակում և լիազորարագիր չի ներկայացնում, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոստային հասցե չի նշում, ապա պետական լիազոր մարմինը մերժում է գործավարության հետ կապված ցանկացած դիմում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 74. |
Ներկայացուցչի լիազորագրի գործողության դադարեցնելը և ծառայություններից հրաժարվելը |
1. Ներկայացուցիչ նշանակող կողմը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը՝ հրաժարվել իր նշանակումից` այդ մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին:
2. Ներկայացուցչի լիազորագրի գործողության դադարեցման մասին ներկայացուցիչ նշանակող կողմի որոշումն ուժի մեջ է մտնում պետական լիազոր մարմնի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից, պայմանով, որ այդ մասին ծանուցված է ներկայացուցիչ նշանակող կողմը: Նշանակող կողմն ավելի ուշ ծանուցվելու դեպքում ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը նշանակող կողմի ստանալու օրվանից:
3. Եթե ներկայացուցչի լիազորություններն անվավեր ճանաչելու մասին ներկայացուցիչ նշանակող կողմի որոշման կամ իր լիազորություններից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշման պատճառով օտարերկրյա անձը մնում է առանց ներկայացուցչի, ապա սույն օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասը կիրարկվում է mutatis mutandis:
Հոդված 75. |
Հավատարմատարները |
1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված իրավունքների ձեռքբերման և տնօրինման հետ կապված գործողությունները կատարելու համար հայտատուն կարող է նշանակել հավատարմատար:
Արդյունաբերական նմուշների հավատարմատարներն իրականացնում են միայն այն կողմերի գործողությունները, որոնք կապված են արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների ձեռքբերման և տնօրինման, ինչպես նաև այդ իրավունքներին վերաբերող այլ գործողությունների հետ։
2. Արտոնագրային հավատարմատար կարող են լինել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որպես արտոնագրային հավատարմատարներ՝ պետական լիազոր մարմնում հանձնել են որակավորման քննություն.
2) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնցում աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ։
3. Արդյունաբերական նմուշների հավատարմատար կարող են լինել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որպես արդյունաբերական նմուշների հավատարմատարներ՝ պետական լիազոր մարմնում հանձնել են որակավորման քննություն.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու վայր ունեցող իրավաբանական անձինք, որոնցում աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ։
4. Կողմերը, որոնք, սույն օրենքի համաձայն, իրականացնում են իրավունքների հետ կապված գործողություններ, կարող են նաև դատարաններում և այլ պետական մարմիններում ներկայացվել արտոնագրային և արդյունաբերական նմուշների հավատարմատարների կողմից, պայմանով, որ նրանք համապատասխանում են դատարանում և այլ պետական մարմիններում հանդես գալու մասին կանոնակարգերով սահմանված պահանջներին, ինչպես նաև հավատարմատարի մոտ աշխատող լիազորված անձի միջոցով, պայմանով, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում, ինչը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կողմից, հանձնել է պետական քննություն և ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ, ազատ տիրապետում է հայերենին։ Այս դեպքերում հավատարմատարն իրավասու է իր աշխատանքի դիմաց վարձատրվելու ըստ հավատարմատարների ամրագրված գնացուցակի և իր ծախսերի դիմաց հատուցում ստանալու հակառակ կողմից:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` պետական լիազոր մարմինն անցկացնում է հավատարմատարների որակավորման քննություններ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իր սահմանած կարգով:
Հոդված 76. |
Հավատարմատարների գրանցումը գրանցամատյանում |
1. Պետական լիազոր մարմինը վարում է արտոնագրային և արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյանները:
2. Գրանցամատյանում գրանցվելու համար վճարվում է օրենքով սահմանված պետական տուրք: Պետական տուրքի վճարումից հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագրային հավատարմատարին կամ արդյունաբերական նմուշների հավատարմատարին գրանցելու մասին:
3. Արտոնագրային հավատարմատարը կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ իրեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանից արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյան տեղափոխելու խնդրանքով: Արդյունաբերական նմուշների հավատարմատարը կարող է խնդրել, որ իրեն արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյանից տեղափոխեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյան, պայմանով, որ նա համապատասխանում է սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
4. Հավատարմատարները կարող են հանվել գրանցամատյանից, եթե՝
1) այդ մասին դիմում են ներկայացրել.
2) դատարանի որոշմամբ զրկվել են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
5. Գրանցամատյանում գրանցվում են, մասնավորապես, հետևյալ տվյալները՝ ներկայացուցչի գրանցման համարը, ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), գրանցամատյանում գրանցման թվականը և այն անձի տվյալները, ով համապատասխանում է սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կամ 3-րդ մասի 1-ին կետի պահանջներին և ընդունված է մշտական կամ պայմանագրային աշխատանքի հավատարմատարի կողմից (անունը, ազգանունը, բնակության վայրը և կրթությունը):
6. Հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրությամբ: Հավատարմատարների գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 77. |
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություններ ներկայացնելը |
1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում:
2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել պետական լիազոր մարմին՝ հայտնելով նաև օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն պետական լիազոր մարմնի միջոցով՝ ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում։
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշն օտարերկրյա պետությունում արտոնագրելու մտադրության մասին հաղորդումն ստանալու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով արտոնագրումն օտարերկրյա պետություններում չի արգելում, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ։
4. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության:
5. ԱՀՊ պայմանագրի ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրո (այսուհետ՝ Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային կազմակերպություն ներկայացվող եվրասիական հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող պետական մարմին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար։
Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն, իսկ եվրասիական հայտը՝ ռուսերեն։
Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքներով սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտերի ներկայացման թվականը, և այդ թվականից հետո` մեկամսյա ժամկետում, առաքում է դրանք համապատասխանաբար Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային գերատեսչություն։
Հոդված 78. |
Միջազգային և եվրասիական հայտերը, որոնք ունեն սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտերի ուժ |
1. ԱՀՊ ընթացակարգով Միջազգային բյուրո ներկայացված գյուտի կամ օգտակար մոդելի միջազգային հայտը կարող է Հայաստանի Հանրապետությունում ազգային փուլ փոխադրվել, եթե այն պետական լիազոր մարմին է ներկայացվել խնդրարկվող առաջնության թվականից երեսունմեկ ամսվա ընթացքում, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հայտում նշված է որպես նշված պետություն։
2. Միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը պետական լիազոր մարմինը սահմանում է, եթե պետական լիազոր մարմին ներկայացվել է առնվազն հետևյալ փաստաթղթերի ստացման թվականով՝
1) սույն օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան՝ դիմում արտոնագիր ստանալու մասին, որում նշված է նաև միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը.
2) Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի հրապարակման առաջին էջը։
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը երեսունմեկ ամսվա ընթացքում չեն ներկայացվել պետական լիազոր մարմին, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարեցվում է։
4. Միջազգային հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան։
5. Մերժված եվրասիական հայտի հիման վրա, Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն, սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր տալու հայտը քննարկում է պետական լիազոր մարմինը՝ Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից տվյալ հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից։ Նշված օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը։
(78-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
Հոդված 79. |
Նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրը |
1. Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են տարբեր արտոնագրատերերի, ապա այդպիսի գյուտերը կամ գյուտը և օգտակար մոդելը կարող են օգտագործվել միայն` պահպանելով դրանց բոլոր արտոնագրատերերի իրավունքները։
2. Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են միևնույն անձին, ապա այդպիսի գյուտերի կամ գյուտի և օգտակար մոդելի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ցանկացած անձի՝ այդ արտոնագրերի հիման վրա կնքված լիցենզային պայմանագրի համաձայն։
Հոդված 80. |
Անցումային դրույթներ |
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված գյուտի հիմնական արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն գյուտի արտոնագրաունակության մասին հրապարակված եզրակացությամբ գյուտի արտոնագրեր:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված գյուտի նախնական արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված գյուտի արտոնագրեր:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված օգտակար մոդելի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված օգտակար մոդելի արտոնագրեր:
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործողությունը դադարեցված գյուտի նախնական ու հիմնական արտոնագրերով և օգտակար մոդելի արտոնագրով իրավունքները վերականգնվում են սույն օրենքով սահմանված կարգով:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված արդյունաբերական նմուշի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված արդյունաբերական նմուշի վկայագրեր: Ընդ որում, նշված վկայագրերը համարվում են գործողության մեջ հերթական հինգ տարում, եթե սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն վճարված է այդ հինգ տարիներից որևէ տարվա համար օրենքով նախատեսված տարեկան պետական տուրքը:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված, նախնական փորձաքննության փուլում գտնվող և համընդհանուր ծանոթացման չդրված գյուտերի հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ըստ էության փորձաքննության փուլում գտնվող գյուտի հայտերով գործավարությունն իրականացվում է և արտոնագիր տրվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենքով սահմանված կարգով:
8. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված, նախնական փորձաքննություն անցած և համընդհանուր ծանոթացման դրված գյուտերի հայտերով արտոնագիր տրվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ հրապարակման թվականը և արտոնագիր տալու թվականը համարելով համընդհանուր ծանոթացման դնելու թվականը:
9. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող օգտակար մոդելների հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
10. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննությունն ավարտված օգտակար մոդելների հայտերով արտոնագիր տրվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքով սահմանված կարգով:
11. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող արդյունաբերական նմուշների հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
12. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննությունն ավարտված արդյունաբերական նմուշների հայտերով վկայագիր տրվում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդյունաբերական նմուշի արտոնագիր տրված չէ:
13. Ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-175-Ն օրենքը:
Հոդված 81. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
|