Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-221
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2012-07.01.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.05.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.06.1998
Дата вступления в силу
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:

(1-ին հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն)

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:

(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222, խմբ., լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-279-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն)

Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն):

2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով:

 

Հոդված 31.  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(31-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն)

Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները

Հարկադիր կատարման միջոցներն են`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.

4.1) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.

5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

(5-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 6. Կատարողական վարույթի մասնակիցները

Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել փորձագետներ և թարգմանիչներ:

Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը`

ա) երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս.

բ) երեխայի տեսակցության հետ առնչվող կատարողական գործողություններ իրականացնելիս` անհրաժեշտություն առաջանալու դեպքում:

(6-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 7. Կատարողական վարույթի կողմերը

Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

(7-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն)

Հոդված 8. Կողմերի իրավունքները և պարտականությունները կատարողական վարույթում

1. Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`

1) կնքել հաշտության համաձայնություն.

2) կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի.

3) ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ.

4) անել միջնորդություններ.

5) մասնակցել կատարողական գործողություններին.

6) տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ.

7) առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ.

8) հայտնել բացարկներ.

9) բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները.

10) օգտվել սույն օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից:

2. Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել սույն օրենքի պահանջները:

Հոդված 9. Կատարողական վարույթի կողմերի իրավահաջորդությունը

1. Կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում` օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:

2. Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:

Հոդված 10. Կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը կատարողական վարույթին

1. Քաղաքացիները կարող են կատարողական վարույթին մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

2. Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:

Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

21. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք և քաղաքացիները:

Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձևով:

3. Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով:

(10-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն)

Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 12. Ներկայացուցչի լիազորությունները

Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարել կատարողական վարույթի հետ կապված գործողություններ:

Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետևյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում`

1) կատարողական թերթ ներկայացնելը և հետ վերցնելը.

2) լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում).

3) բռնագանձված գույքը և (կամ) դրամն ստանալը.

4) հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:

(12-րդ հոդվածը փոփ. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 13. Օրինական ներկայացուցիչները

1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:

Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:

Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

2. Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:

Հոդված 14. Փորձագետների մասնակցությունը կատարողական վարույթին

1. Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):

2. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

4. Փորձագետը վարձատրվում է կատարողական վարույթի ծախսերի հաշվին:

Հոդված 15. Փորձագետին բացարկ հայտնելը

1. Փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:

2. Փորձագետին բացարկ հայտնելու հարցը լուծում է հարկադիր կատարողը:

3. Փորձագետին բացարկ հայտնելու դիմումի քննության արդյունքներով հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Հոդված 16. Թարգմանչի մասնակցությունը կատարողական վարույթին

1. Կատարողական գործողությունների ընթացքում հայերենին չտիրապետող կողմերն իրավունք ունեն հրավիրել թարգմանիչ:

2. Թարգմանչի ծառայությունները վարձատրում է հրավիրած կողմը:

3. Թարգմանիչ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

(16-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 16.1. Ընթերական` կատարողական գործողություններով

1. Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության, ինչպես նաև պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:

2. Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաև այլ դեպքերում:

3. Ընթերական կատարողական վարույթով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մասնակցելու կատարողական գործողությունների կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:

4. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

5. Ընթերական պարտավոր է`

1) հարկադիր կատարողի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան կատարողական վարույթի կողմի հետ իր հարաբերությունների մասին.

2) ենթարկվել հարկադիր կատարողի օրինական կարգադրություններին.

3) չլքել համապատասխան կատարողական գործողությունների վայրը՝ առանց հարկադիր կատարողի թույլտվության.

4) ստորագրել համապատասխան արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց:

6. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Ընթերական իրավունք ունի`

1) ծանոթանալու համապատասխան արձանագրությանը.

2) արձանագրությանը ծանոթանալիս անելու դիտողություններ, որոնք ներառվում են արձանագրության մեջ:

(16.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ

Հոդված 17. Կատարողական թերթ տալու հիմքը

Կատարողական թերթը տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

(17-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն)

Հոդված 18. Կատարողական թերթ տալը

1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

4. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:

(18-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, 28.11.07 ՀՕ-279-Ն)

Հոդված 19. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն)

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:

2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի վճռի և որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:

(19-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.10.04 ՀՕ-118-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-69-Ն)

Հոդված 19.1.

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը

1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու դատարանը:

2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Պահանջատերն ու պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժելու կատարողական թերթ տալը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:

(19.1-րդ հոդվածը լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն)

Հոդված 20. Մեկ դատական ակտով մի քանի կատարողական թերթ տալը

Եթե դատական ակտը կայացվել է հօգուտ մի քանի հայցվորի կամ ընդդեմ մի քանի պատասխանողի, ապա տրվում են համապատասխան քանակի կատարողական թերթեր, որոնցից յուրաքանչյուրում նշվում է դատական ակտի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:

Հոդված 21. Կատարողական թերթի բովանդակությունը

1. Կատարողական թերթում պետք է նշվեն`

1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.

2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.

3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.

5) դատական ակտի եզրափակիչ մասը.

6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը և այն կատարման ներկայացնելու ժամկետը:

Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:

Եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:

2. Կատարողական թերթը կազմում, ստորագրում և դատարանի կնիքով հաստատում է դատավորը:

(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 22. Դատական ակտի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, կատարման եղանակի և կարգի փոփոխումը

1. Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:

Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:

2. Դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը, այդ թվում՝ որպես հայցի ապահովման միջոց:

3. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

4. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

5. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

(22-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-193-Ն)

Հոդված 23. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը

1. Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

2. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

3. Սույն օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

(23-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 24. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը

1. Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Ներմուծեք նկարագրությունը_21507

Հոդված 25. Կատարողական թերթի կրկնօրինակը տալը

1. Կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ:

2. Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Հոդված 26. Վճռի կատարման շրջադարձը

1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:

2. Եթե ի կատար չածված դատական ակտը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը լրիվ կամ մասնակի թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` բեկանված դատական ակտով լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:

Ներմուծեք նկարագրությունը_21507

Հոդված 27. Վճռի կատարման շրջադարձի հարցի լուծումը

1. Վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:

Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:

2. Դատարանը վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Գ Լ ՈՒ Խ  4

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները

1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

2. Որոշման մեջ պետք է նշվեն`

1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը.

3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.

4) քննվող հարցը.

5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.

6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.

7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:

3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:

4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

(28-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222, լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 29. Հարկադիր կատարողին բացարկ հայտնելը

1. Հարկադիր կատարողը չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը և (կամ) պարտապանը:

3. Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված և հայտնվի կատարողական գործողություններն սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությունը հայտնի է դարձել կատարողական գործողություններն սկսելուց հետո:

4. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը:

5. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքներով հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կայացնում է որոշում և այն պատշաճ ձևով ուղարկում հարկադիր կատարողին ու դիմողին:

6. Ինքնաբացարկը կամ բացարկը մերժելու մասին հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

7. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:

(29-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը

Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավարարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասին:

Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ ոչ գույքային բնույթի, ինչպես նաև մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:

Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

(30-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 31. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելը

1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11, 12 կամ 20 հոդվածներով նախատեսված պահանջները, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:

(31-րդ հոդվածը լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

 

1. Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում:

2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:

3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`

1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.

2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 33. Կատարողական գործողությունների կատարման ժամանակը

1. Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:

2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե`

1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.

2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է.

3) սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքերում.

4) դա նախատեսված է կատարողական թերթով:

2.1. Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:

3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222, լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը

1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:

Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաև հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:

2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:

3. Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը:

(34-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, 20.05.02 ՀՕ-349-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 35. Կատարողական թերթի պարզաբանումը

1. Կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար:

2. Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Հոդված 36. Կատարողական գործողությունների հետաձգումը

1. Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը`

1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով.

2) դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքի 50 հոդվածին համապատասխան` գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս:

2. Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ:

(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 37. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը

Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե`

1) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

 2) պարտապանը ճանաչվել է անգործունակ.

3) պարտապանը զինված ուժերի և այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.

4) դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել.

5) հայց է ներկայացվել դատարան այն գույքն արգելանքից հանելու մասին, որի վրա բռնագանձում է տարածվել կատարողական թերթով.

6) դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին.

7) առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը:

8) եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը:

Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա գույքն արգելանքից հանելու մասին դատարան հայց ներկայացվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:

Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում:

(37-րդ հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-259, փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-14-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, 23.06.11 ՀՕ-236-Ն)

Հոդված 38. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը

Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`

1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.

2) նշանակել է փորձաքննություն.

3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:

(38-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 39. Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը

1. Կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

2. Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը

1. Պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:

2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով տուգանքների բռնագանձման և գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով:

3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:

Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկերին և դեպոզիտարիա պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

4. Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:

Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում են ոստիկանությունը, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):

5. Եթե պահանջատերը (պահանջատերերը) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, ապա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին:

6. Պետական մարմինները և այլ կազմակերպություններ պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:

(40-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը

1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին.

2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

2.1) անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն. 

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար.

4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.

5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.

6) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.

7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ.

8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:

2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրավոր պահանջի դեպքում:

Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:

(41-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, փոփ., լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը

1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

1) կատարողական թերթը փաստացի կատարվել է.

2) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.

3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.

4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.

5) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

 6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.

7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.

8) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

9) պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է.

10) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է:

1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին: 

2. Կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:

(42-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, խմբ., լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին

1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը:

3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

4. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

բ) պատրաստի արտադրանք,

գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:

Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի), ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում:

7. Պարտապանին պատկանող ոչ փաստաթղթային ձևով թողարկված Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի վրա արգելանք դնելու, դրանք առգրավելու և հարկադիր իրացնելու համար հարկադիր կատարողի կողմից պահառուին (ենթապահառուին) ներկայացվող դեպո-հանձնարարականների ձևին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

(43-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-78-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն, 22.12.10 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 43.1. Կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ այլ շինություններ մուտք գործելը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

 

Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:

Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:

(43.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը

1. Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը:

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

2. Արգելանքը կիրառվում է`

1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.

3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:

3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:

Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:

Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:

4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:

6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:

(44-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-349-Ն, 16.12.05 ՀՕ-18-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն)

 

44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը

Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`

1) առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.

2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.

3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:

(44.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 45. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս

1. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

2. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:

3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը:

4. Դատարանը գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հոդված 46. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:

2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

4. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:

5. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

(46-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:

2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

4. Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային բաժնի) դեպոզիտ հաշվին:

(47-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 47.1.

Բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը

1. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է, և բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից:

Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Հարկադիր կատարողը, պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտապանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին: Որոշումն ստացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատվության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվելու դեպքում գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքով սահմանված կարգով գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում հետագա վաճառքներ կազմակերպելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:

2. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:

3. Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:

(47.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն, 22.12.10 ՀՕ-254-Ն)

Հոդված 47.2.

Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը

Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:

(47.2-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-68-Ն)

Հոդված 48. Կատարողական թերթում նշված գույքը պահանջատիրոջը հանձնելը

Կատարողական թերթում նշված որոշակի գույքը պահանջատիրոջը հատկացնելու դեպքում հարկադիր կատարողն այն առգրավում է պարտապանից և հանձնում պահանջատիրոջը` կազմելով արձանագրություն:

Եթե պահանջատերը հրաժարվում է նշված գույքն ընդունելուց, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական վարույթը կարճվում է:

Հոդված 49. Պարտապանին պատկանող` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը

Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով` այդ գույքը պարտապանին պատկանելու վերաբերյալ փաստաթղթային տվյալների առկայության դեպքում:

Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:

Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ:

2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ:

(50-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 51. Գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել

Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.

4) մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ:

(51-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 52. Պարտապանի գույքի պահատվությունը

Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց` համապատասխան ստացականի հիման վրա:

(52-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը
(վերնագիրը խմբ. 08.10.03 ՀՕ-18-Ն)

1. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են սույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

(53-րդ հոդվածը խմբ. 08.10.03 ՀՕ-18-Ն, 25.05.11 ՀՕ-191-Ն)

Հոդված 531.

Գույքի ուղղակի վաճառքը

1. Ուղղակի վաճառք է համարվում գույքի իրացումը որոշակի գնորդի, որն իրականացնում է հարկադիր կատարողը` կատարողական թերթին համապատասխան:

2. Շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (օրինակ` ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, սահմանափակ շրջանառության և յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաև օգտագործված կենցաղային իրերը իրացվում են ուղղակի վաճառքի միջոցով:

Սույն օրենքի իմաստով`

ա) շուտ փչացող գույք են համարվում սննդամթերքը, օծանելիքակոսմետիկական ապրանքները, դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, կենցաղային քիմիայի ապրանքները և նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը գույքի վաճառքի պահին պակաս է մեկ տարուց.

բ) պահպանման էական ծախսեր պահանջող գույք են համարվում ընտանի և այլ կենդանիները և այլ նմանատիպ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվելիք ծախսերը գերազանցում են գույքի արժեքի10 տոկոսը.

գ) սակավարժեք գույք է համարվում մինչև 10.000 դրամ արժողությամբ գույքը, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

դ) օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող գույք են համարվում կիսաքանդ մեխանիզմները, հաստոցները, որոնց օգտագործման համար պիտանի դարձնելու անհրաժեշտ ծախսերը սովորաբար գերազանցում են գույքի արժեքի 30 տոկոսը.

ե) սահմանափակ շրջանառության գույք է համարվում օրենքով այդպիսին ճանաչված գույքը.

զ) յուրահատուկ հատկանիշներով գույք է համարվում այն գույքը, որն իր սպառողական հատկանիշներով հետաքրքրություն է ներկայացնում սահմանափակ թվով սպառողների համար.

է) օգտագործված կենցաղային իրեր են համարվում կենցաղային օգտագործման համար նախատեսված առարկաները:

Անշարժ գույքը, բաժնեմասերը (բաժնետոմսերը, փայը), ինչպես նաև մշակութային արժեք հանդիսացող գույքը իրացվում են միայն հրապարակային սակարկություններով:

Պարտապան հանդիսացող հաշվետու թողարկողների արժեթղթերի իրացումը կատարվում է հրապարակային սակարկությունների միջոցով` ֆոնդային բորսայում:

3. Ուղղակի վաճառքի մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ: Որոշման մեջ նշվում են գույքի անվանումը, ուղղակի վաճառքի գինը, ինչպես նաև այն ժամն ու վայրը, որտեղ պարտապանը կամ պահանջատերը սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով իրավունք ունի գնելու այդ գույքը:

Գույքի ուղղակի վաճառքի գինը որոշում է հարկադիր կատարողը: Որպես գույքի ուղղակի վաճառքի գին` սահմանվում է գույքային շրջանառության սովորական մասնակցից տվյալ տեսակի գույքի համար ակնկալվող ողջամիտ գինը:

Ուղղակի վաճառքի մասին որոշումը առձեռն հանձնվում է պարտապանին և ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո` մեկ օրվա ընթացքում, պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պահանջատիրոջը (պահանջատերերին): Եթե գույքագրմանը մասնակցում է նաև պահանջատերը, ապա որոշումը նրան հանձնվում է առձեռն:

Եթե պարտապանին հնարավոր չէ գտնել, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, և որոշումը պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պարտապանի բնակության վայրի կամ կատարողական թերթում նշված հասցեով:

4. Ուղղակի վաճառքի մասին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո` երկշաբաթյա ժամկետում, կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն  սահմանված ժամին և վայրում որոշմամբ սահմանված գնից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում գույքը վաճառվում է ավելի բարձր գին առաջարկողին:

Եթե սահմանված ժամկետում կողմերը չեն գնում գույքը սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով, ապա հարկադիր կատարողը գույքը վաճառում է ուղղակի վաճառքի մասին որոշմամբ սահմանված գնով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ  սահմանված կարգով տասնօրյա ժամկետում գույքը չիրացվելու դեպքում ուղղակի վաճառքի ներկայացված գույքի համար հարկադիր կատարողը սահմանում է նոր գին, սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է կողմերին և գույքի ուղղակի վաճառքն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով:

(53.1-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-157-Ն)

Հոդված 53.2.

Պարտապանի իրացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

(53.2-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 54. Պարտապանի գույքի իրացումը

(54-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 55. Գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը

(55-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  6

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 56. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը

Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`

1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.

2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:

Հոդված 57. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափի հաշվարկի կարգը

Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը

1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի, պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:

3.1. Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

(58-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-254-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-105-Ն)

Հոդված 59. Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը

Ժամանակավոր անաշխատունակության և գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:

 

Հոդված 59.1.

Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը

 

1. Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:

(59.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-254-Ն)

Հոդված 60. Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել

Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

3) (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)

5) որպես պետական նպաստ.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.

8) հաշմանդամներին.

9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:

(60-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-34-Ն)

Հոդված 61. Ալիմենտի և ալիմենտային պարտքերի բռնագանձման կարգը

Ալիմենտների և ալիմենտային պարտավորություններով պարտքերի բռնագանձման կարգը, այդ թվում նաև` պարտապանի արտասահման աշխատանքի կամ մշտական բնակության մեկնելու դեպքում, սահմանվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

(61-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 61.1.

Ալիմենտային պարտավորություններով բռնագանձումներ կատարելը

Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:

Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչև 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:

Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:

Եթե մինչև կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:

(61.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7

ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի կատարման ընդհանուր պայմանները

Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:

Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:

(62-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 63. Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը համարվում է ավարտված` աշխատանքից անօրինական ազատված կամ տեղափոխված աշխատողին իր նախկին աշխատանքային պարտականությունների կատարմանը փաստացի թույլ տալու պահից, որը հաջորդել է աշխատողին աշխատանքից ազատելու կամ տեղափոխելու անօրինական հրամանը վերացնելու վերաբերյալ հրամանի հրապարակմանը:

Հոդված 64. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

1. Վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է:

2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին հարկադիր վտարման օրվա և ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:

3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:

Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը` վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը:

4. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:

(64-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 64.1.

Աճուրդի ներկայացված շինություններից վտարումը

Բնակարանները, բնակելի տները և այլ շինություններն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչև աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:

Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:

(64.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 65. Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

1. Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է:

2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա և ժամանակի մասին: Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:

3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն:

4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

5. (կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-222)

(65-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8

ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 66. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը

1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են`

1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար.

2) փորձագետների վճարման համար.

3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.

4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար.

5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:

Հոդված 67. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը
(վերնագիրը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն)

1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.

բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:

Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:

3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը դատական կարգով բռնագանձվում է պարտապանից:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:

5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետևանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ միևնույն հերթում:

7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով:

(67-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն)

Հոդված 68. Ծախսերի դիմաց պահանջատիրոջ կողմից կանխավճար տրամադրելը
(վերնագիրը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն)

1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից:

(68-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222, 07.07.05 ՀՕ-157-Ն)

Գ Լ ՈՒ Խ  9

ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը

1.  Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջև կատարում է հարկադիր կատարողը:

2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ.

- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,

- երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,

- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,

- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,

- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,

- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,

- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:

3. Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել: Հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, եթե դատարանը հայցը թողել է առանց քննության կամ մերժել է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, և կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միևնույն հերթի պահանջատերեր:

4. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց և կատարողական ծախսերը գանձելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:

(69-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 70.

Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը

(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 70.1.

Պահանջատերերի պահանջների բավարարումը նույն պարտատիրոջ գույքի նկատմամբ բռնագանձման երկու կամ ավելի վճիռների առկայության դեպքում

(70.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 71. Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը

Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 72. Պատասխանատվությունը կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում հարկադիր կատարողն իրավունք ունի իր որոշմամբ կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:

2. Դատական ակտի կատարմամբ պայմանավորված՝ հարկադիր կատարողին զրպարտելու, ինչպես նաև նրա կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի կամ հարկադիր կատարողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

(72-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222, 16.12.05 ՀՕ-18-Ն)

Հոդված 72.1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը

1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:

Դատարանը տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումը քննում է դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը և տուգանքի ենթարկված անձը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:

(72.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 73. Պատասխանատվությունը բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթը չկատարելու համար

Պարտապանի հաշիվների սպասարկում իրականացնող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթով սահմանված պարտապանից դրամական միջոցներ բռնագանձելու պահանջները չկատարելը հիմք է հարկադիր կատարողի կողմից այդ բանկին կամ վարկային կազմակերպությանը բռնագանձվող գումարի հիսուն տոկոսի չափով տուգանելու համար:

 

Հոդված 73.1.

Դատախազության լիազորությունները՝ կապված դատական ակտի կատարման հետ

 

1. Դատախազության մարմիններն իրավունք ունեն ուսումնասիրելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների և գույքի բռնագրավումներով կատարողական վարույթների վերաբերյալ գործերը, իսկ որպես կողմ՝ ծանոթանալու միայն իրենց հայցերով կատարողական վարույթներին:

2. Դատախազությունն իրավունք ունի վերացնելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների և գույքի բռնագրավումներով կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը այն կայացնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե որոշումը կայացնելիս թույլ են տրվել սույն օրենքով սահմանված ընթացակարգային խախտումներ:

Հարկադիր կատարողն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը այն կայացվելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում:

(73.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Գ Լ ՈՒ Խ  11

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 74. Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը հարկադիր կատարելիս նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

(74-րդ հոդվածը խմբ. 04.02.04 ՀՕ-32-Ն)

Հոդված 75. Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի ճանաչումը և կատարումը

(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 04.02.04 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 76. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 77. Անցումային դրույթներ

(77-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 78. Սակարկությունների կազմակերպումը

(78-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 79. Աճուրդի անցկացման մասին հաղորդագրությունը

(79-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը

(80-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 81. Աճուրդի անցկացման կարգի խախտման հետևանքները

(81-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 82. Աճուրդը չկայացած հայտարարելը

(82-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)

Հոդված 83. Կրկնակի աճուրդը (աճուրդները)

(83-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.10.03 ՀՕ-18-Ն)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հունիսի 1998 թ.
ՀՕ-221