ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
գեոդեզիա` երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական և կառավարչական գործունեություն, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.
գեոդեզիական կետ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերը` որոշվող կոորդինատներով և բարձրություններով.
գեոդեզիական ցանց` մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.
գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաև արտադրանքի ստեղծման գործընթաց.
երկրագնդի հեռահար զոնդավորում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.
կոորդինատային համակարգ` երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերին կոորդինատներ վերագրելու մաթեմատիկական կանոններ.
մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.
մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.
տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.
տարածական տվյալներ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձևի և հատկությունների մասին.
տարածական մետատվյալներ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.
քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.».
2) 4-րդ մասի «բ», «գ» և «զ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.
գ) երկրագնդի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի մշակումը, տիեզերական և օդահանութային (աերոհանութային) աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.»,
«զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը և դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.».
3) 4-րդ մասի «է» կետը «ազգային ատլասի» բառից հետո լրացնել «, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և այլ պաշտոնական քարտեզների» բառերով, «թ» կետը «պետական» բառից հետո լրացնել «բազային» բառով, իսկ «ժբ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետի «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության հերթապահ տեղեկատու քարտեզի)» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.
«6. Տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման և սպառողին տվյալների տրամադրման համար և բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային և համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաև` իրավաբանական և ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:
7. Տարածական տվյալների` Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը: Մարզպետները և համայնքների ղեկավարները» բառերը հանել, իսկ «պարտավոր են» բառերը փոխարինել «ով պարտավոր է» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-109-Ն |