Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.467
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.03.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.04.2012
Дата вступления в силу
05.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:»,

բ. երկրորդ պարբերությունը «ունենալու» բառից հետո լրացնել «և բնակվելու» բառերով,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:».

2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.».

2) 2-րդ կետի «ծառայել» բառը փոխարինել «աշխատել» բառով.

3) 3-րդ կետը «25» թվից հետո լրացնել «օրացուցային» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի աղյուսակի «Տարիքային խումբը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Տարիքային խումբը

մինչև 23

23-ից մինչև 26

26-ից մինչև 29

29-ից մինչև 32

32-ից մինչև 35

35-ից մինչև 38

38-ից մինչև 41

41-ից մինչև 44

44-ից բարձր

2) 2-րդ մասի «ստաժից» բառը փոխարինել «ստաժի տևողությունից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասում`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.»,

բ. 5-րդ կետը «խնամքով» բառից հետո լրացնել «, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով,

գ. 6-րդ կետը «պապին» բառից առաջ լրացնել «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված» բառերով,

դ. վերջին պարբերության «համատեղ բնակվել են նույն բնակության վայրում (հասցեում)» բառերը փոխարինել «նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի 5-րդ կետում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:».

2) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:».

4) 8-րդ մասում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ստաժը` ըստ տարիքային խմբերի:»,

բ. երկրորդ պարբերությունը «անդամներին» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «հիվանդության» բառից հետո լրացնել «, վնասվածքի կամ խեղման» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը «չափով» բառից հետո լրացնել «, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափի 150 տոկոսից ոչ պակաս» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «սույն օրենքով» բառերը.

2) 2-րդ մասի «Դրամական» բառը փոխարինել «Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայության,» բառերով.

2) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայության,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու) հանգամանքից:»:

 

Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «աշխատանքային ստաժում» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության ստաժում» բառերով.

2) 2-րդ մասի «աշխատանքային» բառը փոխարինել «երկարամյա ծառայության» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:

8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից:»:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33.

Կենսաթոշակ նշանակելը

 

1. Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակի իրավունք ունեցող` տասնչորս տարին լրացած անձը կարող է կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ:

2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը և առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:

7. Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:

9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.».

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:»:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը «կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի» բառերով.

2) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը և 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:»:

 

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37.

Կենսաթոշակի տեսակը փոխելը

 

1. Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:

4. Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը կենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ:

5. Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 38.

Կենսաթոշակը վերահաշվարկելը

 

1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը` տվյալ ամսվա 1-ից:

3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենսաթոշակի չափը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6‑րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը և ամսական դրամական բավարարման ու սննդի փոխհատուցման գումարը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`

1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) մահացել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողը` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

 

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «կենսաթոշակառուին» բառը փոխարինել «անձին» բառով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «կազմակերպությունում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպություններում» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 41-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասում`

ա. 4-րդ կետի «1-ին մասի 3-րդ,» բառերը փոխարինել «1-ին մասի» բառերով,

բ. 6-րդ կետը «լրանալու» բառից հետո լրացնել «կամ բնակվելու իրավունքը դադարելու» բառերով,

գ. 8-րդ կետը լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում» բառերով,

դ. 9-րդ կետից հանել «կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն» բառերը, և նույն կետը «նշանակելու» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.

«12) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

13) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

14) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:».

2) 3-րդ մասում`

ա. 3-րդ կետի «ա» ենթակետի «լրանալուն հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «լրանալու օրվանից» բառերով,

բ. 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. աշխատանքից ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.»,

գ. 6-րդ կետի «արձակվելու կամ ազատվելու օրվանից» բառերը փոխարինել «արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

3.2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի և կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:»:

 

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը «վրա» բառից հետո լրացնել «, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի» բառերով.

2) 2-րդ կետից հանել «ընտանիքի անդամների թվի փոփոխությունների,» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածում`

 

1) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը «անձին» բառից հետո լրացնել «նշանակվում և» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:».

3) 6-րդ մասը «նպաստ» բառից հետո լրացնել «նշանակելու և վճարելու կարգը,» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը» ենթակետից հանել «, թաղման նպաստի» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:»:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է այն կենսաթոշակառուների աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնց վերջին անգամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 60-րդ ամսվա կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է այն կենսաթոշակառուների սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնց վերջին անգամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, և կենսաթոշակը վճարելը վերսկսվում է օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի դիմելու դեպքում: Սույն մասով սահմանված դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում):

Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակվող (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմում է ներկայացրել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, սակայն դիմումի հետ (կամ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը) չի ներկայացրել այլ պետությունից կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող երեք տարվա՝ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Սույն մասով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակառուն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին դիմում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, ապա չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում):

Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակվող (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմում է ներկայացրել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և դիմումի հետ (կամ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը) ներկայացրել է այլ պետությունից կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նրան օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ապա տեղեկացվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Սույն հոդվածի, ինչպես նաև Օրենքի 41-րդ հոդվածի դրույթների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, համապատասխան փոփոխություններ են կատարվում Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակառուների միասնական հաշվառումն ապահովող տվյալների շտեմարանում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. ապրիլի 12

Երևան

ՀՕ-100-Ն