Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-90-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.05.2012-09.04.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.426
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.03.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.04.2012
Дата вступления в силу
18.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման և ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները և ապահովում գրադարանային գործի զարգացման իրավական հիմքերը:

 

Հոդված 2. Գրադարանների և գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը

 

1. Հայաստանի Հանրապետության գրադարանների և գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրադարանների վրա` անկախ դրանց ստեղծման կարգից, ֆինանսավորման աղբյուրից, գործունեության բնույթից և իրավական կարգավիճակից:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գրադարան` տեղեկատվական, մշակութային, գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն, որն ունի համակարգված հավաքածու, և այն տրամադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր օգտագործման համար.

2) գրադարանային գործ` տեղեկատվական, մշակութային, գիտական և կրթական ոլորտ, որը ներառում է գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, հավաքածուների ձևավորումը, մշակումը և պահպանումը, գրադարանից օգտվողների գրադարանային-տեղեկատվական ու մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանային կադրերի վերապատրաստումը, ինչպես նաև գրադարանների զարգացման գիտամեթոդական գործունեության ապահովումը.

3) Հայաստանի ազգային գրադարան` համաշխարհային և ազգային մշակութային ժառանգության կենտրոն, որը հանրային գրադարան է` մշակութային, կրթական, գիտատեղեկատվական կազմակերպություն, հանդիսանում է հայկական տպագիր արտադրանքի և լեզվի տարածման ոլորտի հետ կապված նյութերի մշտական հավաքող, պահպանող, գրադարանագիտության, մատենագիտության մեթոդական և գիտահետազոտական աշխատանքները համակարգող, հայկական տպագիր ժառանգության հավաքածուները հաշվառող (անկախ դրանց տեղակայման վայրից), որն իրականացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գործառույթները.

4) գրադարանային համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրադարաններ` անկախ սեփականության ձևից, հավաքածուի կազմից, կիրառական նշանակությունից, որոնք կամավորության սկզբունքով կապված են համագործակցությամբ ու տեղեկատվական պաշարների միասնական օգտագործմամբ.

5) գրավոր հուշարձան` հնատիպ և հազվագյուտ գրքեր, տպագիր հրատարակություններ, որոնք ունեն բացառիկ հոգևոր և նյութական արժեք, հատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն: Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ կանոնակարգ (ռեժիմ).

6) Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածու` գրադարանային համակարգում միավորված գրադարանների հավաքածուներ.

7) ազգային գրադարանային հավաքածու` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի բաղկացուցիչ մաս` գրավոր հուշարձաններ և պարտադիր օրինակներ, որն ունի առանձնահատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն և նախատեսված է հանրային օգտագործման համար ու մշտապես պահպանվում է պետության կողմից.

8) գրադարանային հավաքածու` տեղեկատվական նյութական տարբեր կրիչների ամբողջություն.

9) հանրային գրադարան` սույն օրենքով սահմանված կարգով կարգավիճակ ստացած գրադարան, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է գրադարանային հավաքածուներն ու ծառայությունները առանց սահմանափակումների, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված գործառույթները.

10) գրադարանից օգտվող` գրադարանի ծառայություններից օգտվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

11) գրադարանային փաստաթուղթ՝ ելից տեղեկույթ ունեցող` պահպանության, հանրային օգտագործման, փոխանցման ենթակա տեքստային, թվանշանային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութ պարունակող կրիչ.

12) համահավաք գրացուցակ (պետական գրացուցակ)` մատենագիտական գրառումների ամբողջություն, որը ներառում է գրադարանային հավաքածուների կազմը և բովանդակությունը.

13) տեղեկատվական պաշարներ` գրադարաններում, արխիվներում հավաքված փաստաթղթերի ամբողջություն.

14) գրադարանի գլխավոր մատյան՝ գրադարանային հավաքածուների հաշվառման փաստաթուղթ, որը պարունակում է հիմնական տվյալներ գրադարանային հավաքածուի մասին և պարտադիր է բոլոր գրադարանների համար.

15) գրադարանային փաստաթղթի հաշվառում՝ նյութական բոլոր տեսակի կրիչների գրանցում գրադարանի գլխավոր մատյանում.

16) գրադարանային փաստաթղթի պահպանում՝ նպաստավոր պայմանների ստեղծում գրադարանային հավաքածուների ամբողջության ապահովման, ամրակայման և վերականգնման համար.

17) գրադարանային փաստաթղթի պաշտպանում՝ գրադարանային հավաքածուների պաշտպանում բոլոր տեսակի ռիսկերից.

18) գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգ՝ տեղեկույթի ավտոմատացված տվյալների շտեմարան` տեղեկատու և մատենագիտական հրատարակությունների քարտային և էլեկտրոնային գրացուցակ.

19) ազգային մատենագիտություն՝ գրադարանային հավաքածուի տվյալների համապարփակ ամբողջություն.

20) գրադարանների խորհուրդ` հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին, որը նպաստում է գրադարանների զարգացմանը և համագործակցությանը, ձևավորում է առաջարկություններ` դրանց գործունեությանը նպաստող պետական ռազմավարության ծրագրերի մշակման համար.

21) միջգրադարանային բաժնույթ` գրադարանային ծառայության տեսակ` հիմնված գրադարանային հավաքածուների փոխօգտագործման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Գրադարանների ստեղծումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրադարանները ստեղծվում և գործում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գրադարանները կարող են հիմնադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

 

Հոդված 6. Գրադարանների տեսակները

 

1. Գրադարանային համակարգը ներառում է բոլոր գրադարանները` ըստ սեփականության ձևի, տարածքային բաժանման և բնույթի.

1) ըստ սեփականության ձևի` գրադարանները լինում են`

ա. պետական գրադարաններ` հիմնադրված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,

բ. համայնքային գրադարաններ` հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

գ. ոչ պետական գրադարաններ` հիմնադրված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև քաղաքական, կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից.

2) ըստ տարածքային բաժանման` գրադարանները լինում են`

ա. հանրապետական` այդ թվում՝ ազգային համապարփակ, հատուկ և մասնագիտացված գրադարաններ, որոնք ամբողջացնում են գիտության, տեխնիկայի կամ արվեստի որևէ ճյուղի տեղեկատվական պաշարները,

բ. մարզային` ապահովում է մարզի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը, օգտվում է ցանցի հնարավորություններից, ապահովում է մարզի կազմակերպությունների գրադարանային ծառայության մեթոդական, մասնագիտական և տեղեկատվական ծառայությունը,

գ. համայնքային` ապահովում է համայնքի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային հավաքածուն հանրապետական, մարզային, տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական կրիչով, ինչպես նաև էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացնում է դրանց պահպանումը.

3) ըստ բնույթի` գրադարանները լինում են`

ա. մասնագիտացված` իրականացնում են գիտության և մշակույթի որևէ ճյուղի ազգային և օտարերկրյա տպագիր արտադրանքի ու տեղեկատվական պաշարների համակարգված համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովմանն ուղղված ծառայությունների մատուցումը,

բ. կրթական` գործում են ուսումնական հաստատությունների կառուցվածքում և, դրանց բնույթին համապատասխան, ձևավորում են հավաքածուներ, մասնակցում ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին, ապահովում են դասախոսների, ուսանողների, գիտական աշխատողների, մասնագետների և այլ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկումը,

գ. այլ գրադարաններ` հասարակական, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնադրած միջազգային կազմակերպությունների, թանգարանների, արխիվների, հրատարակչությունների, առողջապահական կազմակերպությունների, եկեղեցիների, ազատազրկման վայրերի և հատուկ փաստաթղթերի հետ աշխատող գրադարաններ:

 

Հոդված 7. Գրադարանի պարտադիր գործառույթները

 

1. Գրադարանը իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ և այլ բնույթի տեղեկույթ.

2) ցուցակագրում, դասակարգում և կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը և մատենագիտությունը.

3) ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը.

5) նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը, ինքնակրթությանը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին.

6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.

7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը և վերականգնումը.

8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

Հոդված 8. Հանրային գրադարանի հավատարմագրումը և կարգավիճակը

 

1. Գրադարանը կարող է հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հանրային գրադարանի կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով, որի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական: Վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գրադարանը ենթակա է հավատարմագրման, եթե համապատասխանում է հետևյալ պահանջներին.

1) ունի իրավաբանական անձի կարգավիճակ.

2) ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը).

3) ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք.

4) ապահովված է մշտական ֆինանսավորմամբ.

5) ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետներ.

6) գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար.

7) օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:

4. Հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու դեպքում գրադարանը կարող է օգտվել`

1) գրադարանի հավաքածուների համալրման ծրագրից.

2) գրադարանի աշխատողների պետական վերապատրաստման ծրագրից և մեթոդական օգնությունից.

3) գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային միասնական շտեմարանին միանալու իրավունքից.

4) պետական աջակցության այլ աղբյուրներից:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է հանրային գրադարանի կարգավիճակի մերժման համար, որը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածով նախատեսված նպատակների և կանոնադրական խնդիրների լուծման համար հանրային գրադարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ` հիմնադրի որոշմամբ:

7. Պետական և համայնքային հանրային գրադարանների շենքերը և զբաղեցրած տարածքները հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 9. Հայաստանի ազգային գրադարանը

 

1. Հայաստանի ազգային գրադարանը հանրային գրադարան է՝ Հայաստանի Հանրապետությունում գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության գիտահետազոտական և տպագիր արտադրանքի վերականգնման կենտրոն:

2. Հայաստանի ազգային գրադարանն ունի խորհրդակցական մարմին` գիտական խորհուրդ, որի գործառույթները սահմանվում են կանոնադրությամբ:

3. Հայաստանի ազգային գրադարանը`

1) հավաքում, ձևավորում, պահպանում է գրավոր ժառանգության պատմական հիշողությունը, հայրենական և արտասահմանյան գրադարանային փաստաթղթերը, ինչպես նաև փաստաթղթերի պարտադիր օրինակը, ունի համապարփակ, լիակատար, հայատառ և Հայաստանի մասին այլ լեզուներով հավաքածու.

2) իրականացնում է միջազգային միջգրադարանային բաժնույթի ծառայությունները և օժանդակում է գրադարաններին կազմակերպելու դրանք.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի մասին տեղեկույթի տարածում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և նրա սահմաններից դուրս.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գրադարանների մատենագիտական գրացուցակների համակարգում և ձևավորում է միասնական մատենագիտական համահավաք գրացուցակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

5) ապահովում է խորհրդատվական և գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.

6) իրականացնում է հայ տպագիր գրքի, մամուլի և հայագիտական հրապարակումների մատենագիտական ցանկերի կազմում, հրատարակում, փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակի պատրաստում և օգտվողներին է տրամադրում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

7) ապահովում է ֆիզիկապես մաշված, եզակի և (կամ) հազվագյուտ գրավոր հուշարձանների, գրադարանային փաստաթղթերի ամրակայումը և վերականգնումը.

8) իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության տարածքում գրավոր հուշարձան համարվող գրադարանային փաստաթղթերի պահպանության և պաշտպանության նկատմամբ` անկախ նրանց սեփականության ձևից.

9) ձևավորում է համապարփակ նշանակություն ունեցող միջգրադարանային գրքափոխանակության հավաքածու, որի ձևավորման և օգտագործման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը.

10) կազմակերպում և իրականացնում է գրադարանային կադրերի վերապատրաստումը արդի պահանջներին համապատասխան.

11) կազմակերպում և համակարգում է հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակը (թվանշանային գրադարանը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Արգելվում է Հայաստանի ազգային գրադարանի սեփականության ձևի և բնույթի փոփոխումը, շենքերի և զբաղեցրած տարածքների օտարումը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10. Ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման, օգտագործման պայմանները

 

1. Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակը և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը: Փաստաթղթերը արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակում կարող են ընդգրկվել իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրավոր հուշարձանները սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` նրա և լիազորված պետական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Գրացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ազգային գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպես նաև չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա:

4. Ազգային գրադարանային հավաքածուի` պետական սեփականություն համարվող հավաքածուները ամրացվում են գրադարանին մշտական, անհատույց օգտագործման իրավունքով:

5. Ազգային գրադարանային հավաքածուին վերաբերող փաստաթղթերի պահպանության, օգտագործման և երկարաժամկետ պահպանվածության ապահովումը իրականացվում է գրադարանների, արխիվների, թանգարանների և ազգային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների միջոցով:

6. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, պաշտպանությունը և մատչելիությունը

 

1. Պետական սեփականություն համարվող գրադարանային հավաքածուները գրադարաններին ամրացվում են մշտական և անհատույց օգտագործման իրավունքով:

2. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուներում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա են գրանցման գլխավոր մատյանում՝ անկախ դրանց սեփականության իրավունքից և պահպանության վայրից: Գրադարանի հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման), ինչպես նաև գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

3. Գրադարանների հավաքածուների համալրման կարևորագույն սկզբունքը անընդհատությունն է: Գրադարանը գնման, նվիրատվության, ժառանգության կամ փոխանակման պայմանագրերով կարող է ձեռք բերել ցանկացած նյութական կրիչ` ապահովելով գրադարանից օգտվողների պահանջարկը համալրվող նյութական կրիչի բովանդակությամբ, լեզվի, տեսակի բազմազանությամբ:

4. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերը սույն օրենքով սահմանված կարգով պահպանում են դրանց սեփականատերերը: Գրադարաններին փաստաթղթերը ժամանակավոր պահպանության կարող են հանձնվել պայմանագրի հիման վրա:

5. Գրադարանային հավաքածուները գրադարանների կողմից վերցվում են մշտական պահպանության, որը ներառում է անվտանգ պահպանության ապահովումը և վերականգնման աշխատանքների իրականացումը:

6. Գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված նյութական բոլոր տեսակի կրիչները անվճար, ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

7. Գրադարանային հավաքածուները մատչելի են հանրության բոլոր շերտերի համար:

8. Գրադարանային հավաքածուների մատչելիությունն իրականացվում է`

1) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված նյութական կրիչի առկայության մասին տեղեկույթի, դրա աղբյուրների որոնման և ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, այդ թվում` տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.

2) միջգրադարանային բաժնույթի միջոցով:

9. Գրադարանային հավաքածուների մատչելիության սահմանափակումը գրաքննություն կատարելու նպատակով արգելվում է:

10. Գրադարանային հավաքածուի սեփականատերը հավաքածուի մատչելիության վերաբերյալ կարող է սահմանել սահմանափակումներ միայն`

1) ֆիզիկական պահպանվածության ոչ բավարար վիճակի,

2) վերականգնման ընթացքում գտնվելու,

3) այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ստեղծում, լուծարում և վերակազմակերպում է պետական գրադարանները.

2) ձևավորում է գրադարանային գործի ոլորտում պետական քաղաքականությունը.

3) սահմանում է արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուների տարահանման և պաշտպանության կարգը.

4) սահմանում է ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը.

5) սահմանում է փաստաթղթերը արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը և հաստատում է ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը.

6) սահմանում է գրադարանների ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման պետական քաղաքականությունը.

7) սահմանում է հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և հաստատում վկայականի ձևը.

8) հաստատում է գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը.

9) սահմանում է Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը.

10) սահմանում է հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակը (թվանշանային գրադարանը), կազմակերպման և համակարգման կարգը.

11) սահմանում է ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը:

 

Հոդված 13. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

 

1. Լիազորված պետական մարմինը`

1) ապահովում է ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը.

2) սահմանում է գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգը.

3) հաստատում է գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը.

4) սահմանում է գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը.

5) ապահովում է արտակարգ իրավիճակներում գրադարանային հավաքածուի տարահանումը, ամբողջականությունը և անվտանգությունը.

6) ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից նյութական կրիչների օտարման կամ պահպանության տեղի փոփոխման վերաբերյալ.

7) վերահսկում է պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը և օգտագործումը.

8) ապահովում է գրադարանների գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը և հրատարակումը.

9) աջակցում է սոցիալապես առավել խոցելի խմբերի (երեխաների, հաշմանդամների, կենսաթոշակային տարիքի մարդկանց, փախստականների, անաշխատունակների, գյուղական` հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի բնակչության) գրադարանային սպասարկման զարգացմանը.

10) աջակցում է գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը.

11) սահմանում է գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները.

12) սահմանում է հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը.

13) սահմանում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ձևավորման և օգտագործման կարգը:

 

Հոդված 14. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված լիազորությունները:

 

Հոդված 15. Գրադարանների խորհրդի լիազորությունները

 

1. Գրադարանների խորհրդի կազմում ընդգրկվում են ազգային և պետական նշանակության, մարզային ու համայնքային գրադարանների, գրադարանային աշխատողների, հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, գիտնականներ ու մասնագետներ:

2. Գրադարանների խորհուրդը գրադարանների ռազմավարական զարգացման, գիտական ծրագրերի, դրանց ֆինանսավորման, բյուջետային միջոցների բաշխման հարցերի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացնում է պետական լիազորված մարմին:

3. Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` 3 տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16. Գրադարանների իրավունքները

 

1. Գրադարաններն իրավունք ունեն`

1) իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագիր կնքելիս սահմանելու գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները.

2) ինքնուրույն որոշելու իրենց գործունեության բովանդակությունը, ուղղություններն ու ձևերը` գրադարանի կանոնադրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան.

3) հիմնադրի հետ համաձայնեցնելով՝ հաստատելու գրադարանից օգտվելու կանոնները.

4) պահանջելու գրադարաններին պատճառած վնասի փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով.

5) առաջարկելու գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնում լիազորված պետական մարմնի հաստատած գրադարանային ծառայությունների ցանկում.

6) ստեղծելու գրադարանային միավորումներ` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) մասնակցելու դրամաշնորհային կամ այլ մրցութային ծրագրերին՝ գրադարանային գործի զարգացման նպատակով.

8) համագործակցելու օտարերկրյա պետությունների գրադարանների և այլ կազմակերպությունների հետ, անդամակցելու միջազգային կազմակերպություններին, մասնակցելու միջազգային գրադարանային ծրագրերի իրականացմանը.

9) ինքնուրույն որոշելու հավաքածուների համալրման աղբյուրները.

10) գրադարանային հավաքածուներից դուրս գրելու և օտարելու նյութական կրիչներ, բացառությամբ ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվածների՝ համաձայնեցնելով հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 17. Գրադարանների պարտականությունները

 

1. Գրադարանները պարտավոր են`

1) իրենց գործունեությունն իրականացնել գործող օրենսդրությանը, սույն օրենքին, գրադարանի կանոնադրությանը, գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան.

2) իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել հիմնադրին կամ լիազորված պետական մարմին և ազգային վիճակագրական ծառայությանը` գործող օրենսդրությանը համապատասխան.

3) գրադարանից օգտվողների պահանջին համապատասխան՝ տրամադրել տեղեկույթ իրենց գործունեության, հավաքածուների օգտագործման և համալրման վերաբերյալ.

4) իրականացնել գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով.

5) պահպանել գրադարանից օգտվողի հարցումների և օգտագործած տեղեկույթի գաղտնիությունը` որպես նրա անձնական տեղեկույթ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

6) իրականացնել ազգային գրադարանային հավաքածուի հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և օգտագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

7) իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր ոք ունի գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունք` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

2. Քաղաքացիների գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքն ապահովվում է`

1) գրադարանների համակարգի միջոցով, գրադարանների տեսակների բազմազանությամբ.

2) գրադարանների զարգացման գործում պետական հոգածությամբ` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից, սեփականության ձևից, բնույթից և գործունեության ծավալից:

 

Հոդված 19. Գրադարանի ծառայություններից օգտվողների իրավունքները

 

1. Գրադարանի ծառայությունից օգտվողներն իրավունք ունեն՝

1) օգտվելու գրադարանի հավաքածուից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգին և գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).

2) օգտվելու միջգրադարանային բաժնույթի ծառայություններից.

3) անվճար ստանալու տեղեկույթ գրադարանային հավաքածուներում ընդգրկված պահանջվող փաստաթղթի վերաբերյալ.

4) օգտվելու գրադարանի ընտրության և մատչելիության իրավունքից` իր պահանջմունքներին և հետաքրքրություններին համապատասխան:

2. Ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձինք իրավունք ունեն գրադարանային ծառայություններից օգտվելու համապատասխան սպասարկման այլ միջոցներով:

 

Հոդված 20. Գրադարանի ծառայությունից օգտվողների պարտականությունները

 

1. Գրադարանի ծառայությունից օգտվողները պարտավոր են պահպանել գրադարանի ծառայություններից և գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները:

2. Գրադարանի հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը վերականգնում է գրադարանի հավաքածուն և (կամ) այլ գույքը կամ փոխհատուցում դրանց շուկայական արժեքի չափով: Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 21. Գրադարանների ֆինանսավորումը

 

1. Պետական գրադարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Համայնքային գրադարանների ֆինանսավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Պետությունն աջակցում է հանրային գրադարանների ցանցի ձևավորման և զարգացման գործընթացներին:

4. Ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանային տեղեկատվական սպասարկումն իրականացվում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրերով:

5. Գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով տրամադրվում է պետական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 22. Պատասխանատվությունը գրադարանների և գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան

ՀՕ-90-Ն