ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը սահմանում է զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինվորական կարգապահության պահպանման հետ կապված զինծառայողների պարտականությունները, զինծառայողներին տրվող խրախուսանքի և կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների (պետերի) և այլ պաշտոնատար անձանց իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպես նաև կարգավորում է զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում (այսուհետ` զինված ուժեր և այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:
Հոդված 2. | Զինվորական կարգապահության հասկացությունը և զինվորական կարգապահության ապահովման սկզբունքները |
1. Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու զինված ուժերում գործող այլ կանոնագրքերով, ինչպես նաև հրամանատարների (պետերի)` իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով սահմանված պարտականությունների և կարգուկանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է:
2. Զինվորական կարգապահությունը հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, հրապարակայնության, խրախուսման ու կարգապահական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման, զինծառայողների զինվորական, իրավական ու բարոյական դաստիարակության սկզբունքների վրա:
3. Զինվորական կարգապահությունն ապահովվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի և իր պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցմամբ, ինչպես նաև հրամանատարների (պետերի) կողմից իրենց լիազորությունների շրջանակներում տրված հրամանների ճշգրիտ ու ժամանակին կատարմամբ:
Հոդված 3. | Զինծառայողների պարտականությունները զինվորական կարգապահության պահպանման գործում |
1. Զինվորական կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր զինծառայողի`
1) հավատարիմ լինել զինվորական երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները.
2) իր զինվորական պարտքը և գործառնական պարտականությունները, օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները կատարել լիարժեք, բարեխղճորեն և արիաբար, պատշաճ ձևով ուսումնասիրել ռազմական գործը, պահպանել ռազմական և պետական գույքը.
3) աննկուն կրել զինվորական ծառայության դժվարությունները, անմնացորդ նվիրվել զինվորական պարտքի կատարմանը.
4) լինել զգոն, խստորեն պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը.
5) պահպանել զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերությունները, ամրապնդել զորային ընկերականությունը.
6) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել զինվորական բարեկրթության և ողջույնի կանոնները.
7) թույլ չտալ զինծառայողի պատիվն արատավորող արարք:
2. Զինվորական բարձր կարգապահության ապահովման միջոցներն են`
1) զինծառայողների մեջ բարոյակամային ու մարտական հատկանիշներ դաստիարակելը, հրամանատարներին (պետերին) գիտակցաբար ենթարկվելը.
2) իր պարտականությունների և զինվորական կանոնագրքերի պահանջների կատարման համար յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվության գիտակցումը.
3) զորամասում (ստորաբաժանումում) ներքին կարգուկանոնի պահպանումը.
4) մարտական պատրաստության հստակ կազմակերպումը և այդ գործում ամբողջ անձնակազմի ընդգրկումը.
5) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենօրյա պահանջկոտությունը, նրանց արժանապատվության հարգումը, նրանց հանդեպ մշտական հոգատարությունը, համոզման, հարկադրանքի և զինվորական կոլեկտիվի հասարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդումն ու ճիշտ կիրառումը.
6) զորամասում (ստորաբաժանումում) անհրաժեշտ նյութական-կենցաղային պայմանների ստեղծումը:
Հոդված 4. | Հրամանատարի (պետի) դերը զինվորական կարգապահության ապահովման և ամրապնդման գործում |
1. Զինվորական կարգապահության և կանոնադրական կարգի ամրապնդման համար պատասխանատու են բոլոր խմբերի հրամանատարները (պետերը), մյուս սպայական ու ենթասպայական անձնակազմը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի ներքին, կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերի, շարային և մարտական կանոնադրությունների, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների պահանջների կատարումն ապահովելիս հրամանատարը (պետը) պետք է մշտապես դրական օրինակ ծառայի ենթակա անձնակազմին, բարձրացնի վերջիններիս մեջ պատվի և զինվորական պարտքի գիտակցումը, խրախուսի արժանիներին ու պատասխանատվության ենթարկի զինվորական կարգապահությունը խախտողներին:
3. Հրամանատարը (պետը) պարտավոր է`
1) հատուկ ուշադրություն դարձնել ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, զինվորական կանոնագրքերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, զինվորական կոլեկտիվի համախմբմանը, ժամանակին հայտնաբերել կատարված կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ` նպատակ ունենալով ապահովել զորամասի (ստորաբաժանման) մարտունակությունը և առաջադրված խնդիրների կատարումը.
2) իմանալ զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից զինվորական կարգապահության ամրապնդման պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական ըմբռնման.
3) հետևողականորեն վերլուծել ենթակա անձնակազմի զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակը, այդ մասին ժամանակին և օբյեկտիվորեն զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին), իսկ հանցագործությունների ու պատահարների մասին զեկուցել անհապաղ.
4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների բացահայտված խախտումները և վճռականորեն կանխել զորամասի (ստորաբաժանման) մարտունակությանը վնաս հասցնող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու հետևողական աշխատանք տանել հանցագործությունների, պատահարների և կարգապահական խախտումների կանխման ուղղությամբ.
5) ենթակա անձնակազմին դաստիարակել զինվորական կարգապահության պահանջների անշեղ կատարման ոգով, նրանց մեջ զարգացնել և պահպանել անձնական արժանապատվության և զորային ընկերականության զգացում, զինվորական պարտքի ու պատվի գիտակցում, զորամասում (ստորաբաժանումում) անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել զինվորական կարգապահության, հատկապես զինվորական կանոնագրքերով սահմանված փոխհարաբերությունների պահպանման պահանջների խախտումների, սոցիալական անարդարության դրսևորումների նկատմամբ.
6) հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը, բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:
4. Զինվորական կարգապահությունն ամրապնդելու և կարգազանց զինծառայողին կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով սահմանված պատասխանատվության: Զինվորական կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը հիմնվում է օրենքների և զինվորական կանոնագրքերի պահանջների ճշգրիտ պահպանման, իր կարգապահական իրավունքների լիակատար օգտագործման, կարգուկանոն հաստատելու նպատակով իր պարտականությունների կատարման ու զինվորական կարգապահության խախտումները ժամանակին կանխելու վրա: Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում ենթակա զինծառայողի այն իրավախախտումների համար, որոնք հրամանատարի (պետի) ոչ իրավաչափ գործողության կամ անգործության կամ իրավախախտումները կանխելու միջոցներ չձեռնարկելու անմիջական հետևանք չեն:
5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող զինծառայողների ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս ծառայողական փոխհարաբերությունները, ինչպես նաև ավագությունը որոշվում են համաձայն նրանց պաշտոնների, իսկ հավասար պաշտոնների դեպքում` ըստ կոչումների:
6. Հրամանատարական ուղղահայացի և միանձնյա ղեկավարման ապահովման պայմաններն են հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը և ենթակա զինծառայողի անառարկելիորեն ենթարկվելու պարտականությունը:
7. Ենթակա զինծառայողի բացահայտ անհնազանդության, անհարկի հակաճառության կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու նպատակով իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել օրենքներով ու զինվորական կանոնագրքերով սահմանված հարկադրանքի բոլոր միջոցները:
Հոդված 5. | Կարգապահական իրավունքը |
1. Կարգապահական իրավունքը հրամանատարների (պետերի), ինչպես նաև այլ զինծառայողների իրավասությունն է` ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ կիրառելու խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ:
2. Հրամանատարները (պետերը), ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, ովքեր նշված չեն սույն օրենքի 12-րդ և 29-րդ հոդվածներում, իրենց ունեցած զինվորական կոչմանը համապատասխան, օգտվում են հետևյալ կարգապահական իրավունքներից.
1) կրտսեր սերժանտ, սերժանտ` ջոկի (հաշվարկի) հրամանատարի.
2) ավագ սերժանտ, ավագ` դասակի հրամանատարի տեղակալի.
3) ենթասպա, ավագ ենթասպա` վաշտի, մարտկոցի, դիվիզիոնի (խմբի) ավագի.
4) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` դասակի (խմբի) հրամանատարի.
5) կապիտան` վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի հրամանատարի.
6) մայոր` առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատարի.
7) փոխգնդապետ` գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի հրամանատարի.
8) գնդապետ` գնդի, բրիգադի հրամանատարի.
9) գեներալ-մայոր` դիվիզիայի, կորպուսի հրամանատարի.
10) գեներալ-լեյտենանտ` բանակի հրամանատարի.
11) գեներալ-գնդապետ, բանակի գեներալ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի:
3. Օրենքով սահմանված կարգով պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում հրամանատարը (պետը) օգտվում է տվյալ պաշտոնի համար սահմանված կարգապահական իրավունքից:
4. Զինծառայողների միջև ենթակայական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները որոշված չեն հրամանատարի (պետի) կողմից նշանակված համատեղ ծառայություն կատարելիս, պաշտոնով բարձրը, իսկ դրա հավասարության դեպքում զինվորական կոչումով ավագը համարվում է պետ և օգտվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կարգապահական իրավունքից:
5. Զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների տեղակալները ենթակաների նկատմամբ օգտվում են իրենց անմիջական պետերին տրված իրավունքներից մեկ աստիճանով ցածր կարգապահական իրավունքից:
6. Գնդի հրամանատարի տեղակալը և ավելի ցածր պաշտոնի սպաները ստորաբաժանումների կամ անձնախմբերի հետ` որպես դրանց պետեր, գործուղման ժամանակ, ինչպես նաև զորամասի հրամանատարի հրամանով զորամասի տեղաբաշխման վայրից դուրս ինքնուրույն առաջադրանք կատարելիս օգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից:
7. Անձնախմբերի պետեր նշանակված ենթասպայական կազմի զինծառայողները սույն մասի առաջին պարբերությունում նշված դեպքերում օգտվում են հետևյալ կարգապահական իրավունքներից`
1) կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ և ավագ զինվորական կոչում ունեցողները` վաշտի (անձնախմբի) ավագի.
2) ենթասպա և ավագ ենթասպա զինվորական կոչում ունեցողները` դասակի (խմբի) հրամանատարի.
3) դասակի (խմբի) հրամանատարի պաշտոն զբաղեցնող ենթասպան և ավագ ենթասպան` վաշտի հրամանատարի:
8. Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված ստորաբաժանումների սպա հրամանատարներն իրենց ենթակաների նկատմամբ օգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից:
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների զինծառայող ղեկավարներն իրենց ենթակա զինծառայողների նկատմամբ օգտվում են բրիգադի, գնդի, դիվիզիայի հրամանատարին տրված կարգապահական իրավունքից:
10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը սույն օրենքով նախատեսված կարգապահական իրավունքը կիրառում է ամբողջ ծավալով:
11. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման և կարգավորիչ ակտեր ընդունելու մասով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված լիազորություններից օգտվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան պետական լիազոր մարմինների ղեկավարները` այլ զորքերի մասով:
Հոդված 6. | Հայեցողական լիազորությունների սահմանները և կամայականության արգելքը |
1. Հայեցողական լիազորությունն օրենքով հրամանատարին (պետին) վերապահված իրավունք է` կարգապահական իրավունքը իրացնելիս ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:
2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս հրամանատարը (պետը) պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, արդարացիության, կարգապահական իրավունքի իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
3. Հրամանատարին (պետին) արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
4. Հրամանատարները (պետերը) պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
5. Եթե հրամանատարը (պետը) որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Հրամանատարը (պետը) այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 7. | Զինծառայողներին տրվող խրախուսանքները |
1. Խրախուսանքը զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների դաստիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի և դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար:
2. Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ խրախուսանքները.
1) տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում.
5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում.
6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում.
10) գերատեսչական մեդալներով պարգևատրում.
11) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.
12) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում.
13) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում.
14) անվանական զենքով պարգևատրում:
3. Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի օրինակելի ղեկավարման և Հայաստանի Հանրապետությանը, զինված ուժերին ու այլ զորքերին մատուցած ակնառու այլ ծառայությունների, մարտական պատրաստականության գործում դրսևորած բարձր ցուցանիշների համար զինծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պետական պարգևներով պարգևատրման:
4. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի 2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաև պարգևավճարի նշանակման, պարգևավճարի չափի բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունում գործող այլ խրախուսանքներ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Կարգապահական տույժ ունեցող զինծառայողը խրախուսվում է տրված տույժի հանումով:
Հոդված 8. | Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող խրախուսանքները |
1. Շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:
2. Շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-6-րդ և 9-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:
Հոդված 9. | Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին տրվող խրախուսանքները |
1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված խրախուսանքը:
Հոդված 10. | Սպայական կազմի զինծառայողներին տրվող խրախուսանքները |
1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված խրախուսանքը:
Հոդված 11. | Խրախուսանքների կիրառման կարգը |
1. Խրախուսանքները կարող են կիրառվել ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ զինվորական անձնակազմի (ստորաբաժանման) նկատմամբ:
2. Խրախուսանքի տեսակը կիրառելիս հաշվի են առնվում զինծառայողի կողմից խրախուսման արժանի արարք կատարելու բնույթը, նրա վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ, ծառայողական պարտականությունների կատարման գործում նրա հաջողությունները:
3. Զինծառայողին նույն արժանիքի համար կրկնակի խրախուսանք կարող է տալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետը` իրավասու հրամանատարի (պետի) միջնորդությամբ:
4. Խրախուսանքները տրվում են գրավոր, բացառությամբ «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի, որը շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև բանավոր: Տրված խրախուսանքները կարող են հայտարարվել նաև հանդիսավոր պայմաններում: Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն չունեն, ենթակա զինծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառելու դեպքում ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում կիրառված խրախուսանքի, խրախուսման արժանի արարքի բնույթի, տվյալ խրախուսանքը կիրառելու հիմնավորվածության վերաբերյալ տեղեկատվությամբ գրառում են կատարում զինծառայողի հաշվառման (ծառայողական) քարտում:
5. Զինծառայողներին տրվող խրախուսանքներից`
1) «տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը կիրառվում է կարգապահական տույժ ունեցող զինծառայողի նկատմամբ` սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում.
2) «շնորհակալության հայտարարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով կամ բանավոր շնորհակալություն հայտնելով և պարտադիր հայտարարվում է անձնակազմի առջև.
3) «զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և խրախուսանքը տված հրամանատարի (պետի) կողմից հրամանի քաղվածքը, ինչպես նաև նախկինում ստացած խրախուսանքների վերաբերյալ փաստաթղթերը պատվիրված փոստով ուղարկվում են զինծառայողի հաշվառման (փաստացի բնակության) հասցեով: Հրամանի տեքստը պարտադիր կարդացվում է ողջ անձնակազմին.
4) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նմուշի պատվոգիր.
5) «արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է արժեքավոր նվեր կամ միանվագ գումար: Արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը և դրանց տրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով.
6) «զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և լուսանկարը 2 օրինակից առձեռն հանձնվում է զինծառայողին: Լուսանկարումը կատարվում է նախապես, որտեղ զինծառայողն իրեն ամրացված զենքով է, իսկ զորամասի մարտական դրոշը` բացված վիճակում.
7) «լրացուցիչ արձակուրդի տրամադրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետով` հրամանում նշված օրերի քանակով.
8) «զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված կարգով` հրամանում նշված ժամկետով.
9) «գերատեսչական կրծքանշանով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է կրծքանշան: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
10) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է գերատեսչական մեդալ: Մեդալների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
11) «զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, զինծառայողի լուսանկարը փակցվում է զորամասի պատվո գրքում, գրառվում են նրա անունը, հայրանունն ու ազգանունը, իսկ զինծառայողին առձեռն հանձնվում է համապատասխան հավաստագիր: Զորամասի պատվո գրքի վարման կարգը և հավաստագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
12) «վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.
13) «հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.
14) «անվանական զենքով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն տրվում է սառը զենք` սուսեր, թուր կամ դաշույն, կամ հրազեն` ատրճանակ կամ որսորդական հրացան: Անվանական զենքի վրա մակագրություն է արվում պարգևատրման մասին, ինչպես նաև նշվում են պարգևատրվողի զինվորական կոչումը, անվան, հայրանվան առաջին տառերը և ազգանունը:
6. Խրախուսանքների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
Հոդված 12. | Հրամանատարի իրավունքը ենթակա զինծառայողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելիս |
1. Ջոկի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը, վաշտի ավագը և դասակի (խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) իրենց կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում:
2. Վաշտի (մարտկոցի) հրամանատարը և գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) իրենց և ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում:
3. Առանձին զորամասի հրամանատարից սկսած մինչև բանակի հրամանատարը ներառյալ ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) իրենց և ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում.
5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում.
6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում.
10) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.
11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
12) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ:
4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) իր և ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում.
5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում.
6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում.
10) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.
11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.
12) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
Հոդված 13. | Կարգապահական խախտման հասկացությունը |
1. Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական խախտում է համարվում նաև սպայական կազմի զինծառայողի կողմից հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
2. Սույն օրենքով նախատեսված իրավախախտումների համար կարգապահական պատասխանատվություն առաջանում է անկախ այն հանգամանքից, որ այդ խախտումները իրենց բնույթով առաջացնում են քրեական պատասխանատվություն:
3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողները պատասխանատվության են ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 14. | Կարգապահական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը |
1. Կարգապահական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
Հոդված 15. | Կարգապահական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը |
1. Կարգապահական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
Հոդված 16. | Ծայրահեղ անհրաժեշտությունը |
1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենքով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է զինվորական ծառայության կարգին, իր անձին կամ այլ զինծառայողների կամ քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:
Հոդված 17. | Անհրաժեշտ պաշտպանությունը |
1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենքով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիս է եղել պետական կամ հասարակական կարգը, գույքը, իր անձը կամ այլ զինծառայողների կամ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, զինվորական ծառայության սահմանված կարգը, ընդ որում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:
Հոդված 18. | Կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները |
1. Կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը այլ անձի հակաօրինական կամ հակաբարոյական գործողությունների հետևանքով կամ դրանք կանխելու նպատակով:
2. Խախտման բնույթը, խախտումը կատարող անձը բնութագրող հատկանիշը նկատի ունենալով` հրամանատարը տույժ նշանակելիս կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
3. Կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի կողմից ծառայողական քննությանն օժանդակելու, կարգապահական խախտման հանգամանքների և հետևանքների պարզմանը, դրա կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը աջակցելու դեպքում կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ:
Հոդված 19. | Կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները |
1. Կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`
1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.
2) մեկ տարվա ընթացքում կրկին կարգապահական իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է կարգապահական տույժի.
3) իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.
4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.
5) իրավախախտումը մարտական խնդիր իրականացնելիս կամ ռազմական դրության կամ պատերազմի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.
6) իրավախախտումը ալկոհոլ կամ թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում կատարելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքներում կատարված կարգապահական իրավախախտումները համարվում են կոպիտ կարգապահական խախտումներ:
Հոդված 20. | Կարգապահական խախտման կանխարգելումը |
1. Զինծառայողի կողմից ակնհայտ կոպիտ կարգապահական կամ այլ իրավախախտում կատարելու դեպքում նրա հետագա հակաիրավական վարքագիծը կանխելու կամ խափանելու նպատակով մինչև վերջինիս արարքին իրավական գնահատական տալը զորամասի հրամանատարը վերջինիս կարող է փոխադրել այլ զորանոցային վիճակի` մինչև երեք օր տևողությամբ, կասեցնելով զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:
2. Քրեական գործով նախաքննության իրականացման նկատառումներից ելնելով` զինծառայողները կարող են նախաքննության մարմնի գրավոր պահանջով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման զորամասից այլ զորամաս` կասեցնելով մշտական տեղակայման զորամասում զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 21. | Օրինականության սկզբունքը կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս |
1. Զինծառայողը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության այլ կերպ, քան սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
2. Հրամանատարները կարգապահական տույժի միջոցներ կիրառում են իրենց իրավասության շրջանակներում` սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
3. Կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս օրենսդրության պահանջների կատարումն ապահովվում է վերադաս մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից անընդմեջ վերահսկողությամբ, գանգատարկման իրավունքով, օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով:
Հոդված 22. | Կարգապահական տույժի նպատակները |
1. Կարգապահական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով իրավախախտում կատարած անձին դաստիարակել զինվորական ծառայության կանոնագրքերի ու այլ օրենքների պահանջները պահպանելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտի, այնպես էլ այլ անձի կողմից նոր իրավախախտումների կատարումը:
2. Զինծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է հիշեցնել զինծառայողի պարտականություններն ու զինվորական պարտքը և կիրառել կարգապահական տույժ: Ընդ որում, կարգապահական տույժը, որպես կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է համապատասխանի կարգապահական խախտման ծանրությանը և զինծառայողի մեղքի աստիճանին:
3. Զինծառայողին նույն կարգապահական խախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել:
Հոդված 23. | Զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը |
1. Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
10) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով.
12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.
13) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերի հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
3. Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
Հոդված 24. | Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը |
1. Շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 4-րդ (միայն շարքային կազմին), 5-7-րդ, 9-11-րդ կետերով, իսկ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին` նաև 12-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերը:
2. Շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ (միայն շարքային կազմին), 6-րդ, 7-րդ, 9-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
Հոդված 25. | Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը |
1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:
Հոդված 26. | Սպայական կազմի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը |
1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:
Հոդված 27. | Կարգապահական տույժեր տալու կարգը |
1. Կարգապահական տույժը կիրառվում է անհատական կարգով` կարգապահական իրավախախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, իրավախախտի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
2. Զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է 6 ամիս: Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ տրվում է կարգապահական իրավախախտման մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Կարգապահական տույժն ի կատար է ածվում կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանում նշված ժամկետում:
3. Կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով: Կարգապահական տույժ տալու մասին հրամանում պարտադիր նշվում են կարգապահական խախտման էությունը, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը, զինծառայողի մեղքի աստիճանը: Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն չունեն, ենթակա զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան 1-օրյա ժամկետում, կիրառված տույժի, կարգապահական խախտման բնույթի, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածության և զինծառայողի մեղքի աստիճանի վերաբերյալ տեղեկատվությամբ գրառում են կատարում զինծառայողի հաշվառման (ծառայողական) քարտում:
4. Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ սպաների կատարած կարգապահական խախտման պարագայում` պարտադիր կարգով, ինչպես նաև հրամանատարի (պետի) կողմից որոշված այլ դեպքերում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն` կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները և հետևանքները պարզելու, կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու, զինծառայողի մեղքի աստիճանը և կարգապահական տույժի տեսակը որոշելու համար: Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը և ծառայողական քննության անցկացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
5. Զինծառայողը, որի նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն, իրավունք ունի ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաև մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու:
6. Տրված կարգապահական տույժերը, ինչպես նաև թույլ տրված կարգապահական խախտումներն իրավասու հրամանատարի (պետի) որոշմամբ կարող են քննարկվել համապատասխանաբար շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` անձնակազմի և սերժանտական ժողովներում, ավագ ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` ենթասպայական ժողովներում, սպայական կազմի զինծառայողների նկատմամբ` սպայական ժողովներում կամ սպայի պատվի դատարաններում: Սույն մասում նշված ժողովների և սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
7. Եթե ենթակա զինծառայողի կողմից թույլ տրված կարգապահական խախտման ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իր իրավասությանը վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը համարում է ոչ բավարար, ապա կարող է միջնորդել ավելի բարձր հրամանատարին (պետին)` կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ: Իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է կարգապահական պատասխանատվության:
8. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի նվազեցնելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը: Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը և կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառելու ավելի խիստ կարգապահական տույժ, եթե գտնում է, որ կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը չի համապատասխանում կարգապահական խախտման ծանրությանը:
9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկելու ըստ վերադասության` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
10. Զինծառայողներին տրված կարգապահական տույժերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
Հոդված 28. | Կարգապահական տույժերը կիրառելու կարգը |
1. «Նկատողություն» և «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով և կարող են հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ:
2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» և «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով և կարող են հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակման իրավունքից, իսկ «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողին տրվում է ոչ պակաս, քան 1 արտահերթ աշխատանքի վերակարգ, որի տևողությունը չի կարող գերազանցել 4 ժամը և օրվա կարգացուցակով նախատեսված երեկոյան անվանականչի հայտարարումը:
3. «Հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում զինծառայողին չի տրվում արձակուրդ: Ընդ որում, նման կարգապահական տույժ չի կարող տրվել պարտադիր զինծառայողի ծառայության վերջին երեք ամիսների ընթացքում:
4. «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժը տրվում է մեկից ավելի անգամ դիտավորությամբ կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժերի ենթարկված կամ մեկ կոպիտ խախտում թույլ տված զինծառայողին, կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժ տրվում է զորամասի հրամանատարից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող հրամանատարների (պետերի) հրամանով: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժի ենթարկված զինծառայողներն ուղարկվում են համապատասխան կարգապահական վաշտեր, որոնք ստեղծվում են կայազորային սկզբունքով: Կարգապահական վաշտերում իրականացվում է օրվա խստացված կարգացուցակով ծառայություն: Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
5. «Գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժ տալու դեպքում զինծառայողից վերցվում է ստացած համապատասխան գերատեսչական կրծքանշանը:
6. «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:
7. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և նշանակվում է զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի:
8. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը համարվում է շնորհված զինվորական կոչումից մեկ աստիճան ցածր զինվորական կոչում ունեցող:
9. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի կրման ժամանակահատվածը չի հաշվարկվում զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետում:
10. «Ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ուղարկվում է օրենքով սահմանված կարգով հետագա զինվորական ծառայությունը շարունակելու կամ արձակվում է զինվորական ծառայությունից:
11. «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և կարող է հայտարարվել անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 29. | Հրամանատարի իրավունքը` ենթակա զինծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելիս |
1. Ջոկի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` 1 շաբաթ ժամկետով:
2. Դասակի հրամանատարի տեղակալը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` 1 շաբաթ ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` 1 վերակարգ:
3. Վաշտի, մարտկոցի, ավիաէսկադրիլիայի, դիվիզիոնի (խմբի) ավագները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 2 շաբաթ ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 2 վերակարգ:
4. Դասակի (խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 2 շաբաթ ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 3 վերակարգ:
5. Վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի (խմբի) հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 3 շաբաթ ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 4 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` 1 ամիս ժամկետով:
6. Գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի, առանձին վաշտի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` 2 ամիս ժամկետով:
7. Առանձին գումարտակի, դիվիզիոնի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչև «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչև «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչև «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ.
11) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչև «կապիտան» զինվորական կոչումը ներառյալ:
8. Գնդի և բրիգադի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
11) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչև «մայոր» զինվորական կոչումը ներառյալ:
9. Կորպուսի և դիվիզիայի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.
11) զինվորական ծառայությունից արձակում` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
12) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչև «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
10. Բանակի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.
11) զինվորական ծառայությունից արձակում` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
12) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչև «գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
11. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչև 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչև «կապիտան» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչև «կապիտան» զինվորական կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչև «կապիտան» զինվորական կոչումը ներառյալ.
11) զինվորական ծառայությունից արձակում` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.
12) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչև «գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
Հոդված 30. | Կարգապահական տույժերը հանելու կարգը |
1. Զինծառայողները համարվում են կարգապահական տույժ չունեցող` կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքում:
2. Կարգապահական տույժը կրելու ժամկետը համարվում է լրացած`
1) «նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո.
2) «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 4 ամիս հետո.
3) «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.
4) «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի տրման օրվանից 2 ամիս հետո.
5) «հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.
6) «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.
7) «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.
8) «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
9) «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
10) «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
11) «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար զինծառայողին կարգապահական տույժ տալու դեպքում նախորդ կարգապահական տույժի կրման ժամկետը կասեցվում է, և ժամկետի հաշվարկը սկսվում է նոր կարգապահական տույժի կրման համար նախատեսված ժամկետով, եթե նոր կարգապահական տույժի կրման ժամկետը պակաս չէ նախորդ կարգապահական տույժի կրման համար մնացած ժամկետից:
4. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը զինծառայողին կարող է տրվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր կարգապահական տույժը կրելու ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում: Միաժամանակ մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող հանվել, և մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում հանվում է ստացած վերջին կարգապահական տույժը:
5. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը չի կարող տրվել «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի դեպքում:
6. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում նշանակվում է մինչև կարգապահական տույժը ստանալը զբաղեցրած կամ դրան հավասարազոր պաշտոնում` համապատասխան թափուր հաստիքի առկայության դեպքում և ատեստավորման կարգով:
7. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում շնորհվում է մինչև կարգապահական տույժը ստանալն ունեցած զինվորական կոչումը` անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս դեպքում մինչև զինվորական կոչման իջեցումն ունեցած զինվորական կոչման կրման ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ զինվորական կոչման կրման համար օրենքով սահմանված ժամկետում:
8. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողի հերթական զինվորական կոչման կրման հաշվարկի ընթացքը վերսկսվում է:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
Հոդված 31. | Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև քսան օր տևողությամբ, իսկ ենթասպաների կամ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ կոչումը մեկ աստիճանով իջեցնելով կամ հերթական կոչում ստանալու ժամկետը կասեցնելով` վեց ամիս ժամկետով, կամ զինվորական ծառայությունից արձակմամբ:
2. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից ժամանակին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով, իսկ ենթասպաների կամ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
4. Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ հերթական կոչում ստանալու ժամկետը կասեցնելով` երեք ամիս ժամկետով:
5. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական խախտման համար ռազմաուսումնական հաստատությունում սովորող զինծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի տեսակը:
6. Սույն գլխի իմաստով հրամանատար (պետ) է ի պաշտոնե կամ կոչումով ավագ համարվող այն անձը, որը տվյալ իրավահարաբերությունների շրջանակներում տվյալ զինծառայողի նկատմամբ ունեցել է վերադասություն` իր լիազորություններից բխող հրամաններ, հանձնարարականներ տալու և դրանց կատարումը ապահովելու իրավասությամբ:
Հոդված 32. | Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը |
1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, բայց ոչ ավելի, քան երեք օրից ավելի տևողությամբ, կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը, եթե դա չի առաջացնում քրեական պատասխանատվություն, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև տասնհինգ օր ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարել է սպան կամ ենթասպան, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին կամ հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` երեք ամիս ժամկետով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`
կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, կամ հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ:
5. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով:
Հոդված 33. | Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 34. | Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը |
1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
2. Նույն արարքը, որը կատարվել է սահմանապահ ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 35. | Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը |
1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 36. | Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը |
1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև քսան օր ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 37. | Հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը |
1. Հասարակական կարգը պահպանելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 38. | Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը |
1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 39. | Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը |
1. Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 40. | Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը |
1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
Հոդված 41. | Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը |
1. Հրամանատարի (պետի) կամ այլ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
Հոդված 42. | Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ |
1. Ծառայության նկատմամբ հրամանատարի (պետի) կամ այլ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև տասնհինգ օր ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` երեք ամիս ժամկետով:
Հոդված 43. | Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը |
1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև քսան օր ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` երեք ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
Հոդված 44. | Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը |
1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
Հոդված 45. | Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը |
1. Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը` վերջինիս նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունները իրականացնելիս, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 46. | Զինծառայողին հրամաններ տալու սահմանները |
1. Զինծառայողին տրվող բանավոր կամ գրավոր հրամանները կամ ցուցումները պետք է համապատասխանեն հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ դրանք կատարողի լիազորությունների սահմաններին:
Հոդված 47. | Զինծառայողի կողմից զեկուցագիր ներկայացնելու կարգը |
1. Զինվորական ծառայության անցման հետ կապված հարցերով զինծառայողն իրավունք ունի իր անմիջական հրամանատարին (պետին), իսկ սույն օրենքի 46-րդ հոդվածում նշված սահմանների վերազանցման դեպքերում, ինչպես նաև իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու կամ այլ զինծառայողների կողմից անօրինական ու անարդար գործողություններ կատարելու մասին վերադաս հրամանատարներին (պետերին) ներկայացնելու զեկուցագիր: Զեկուցագրում պարտադիր նշվում են առաջարկվող կամ բողոքարկվող հարցի էությունը, այն հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողի տվյալները, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են, ինչպես նաև զեկուցագիր ներկայացնող զինծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, զինվորական կոչումը, բնակության (ուսման) վայրը:
2. Զինծառայողն իրավունք չունի զեկուցագիր ներկայացնելու մարտական հերթապահության մեջ, շարքում, պահակախմբում, օրվա վերակարգում կամ ուսումնական պարապմունքներում գտնվելու ժամանակ, բացառությամբ նշված ժամանակ զինծառայողին տրվող նպատակային հարցման դեպքի: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կարող է բողոքարկել տույժի մասին իրեն հայտարարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
3. Այն հրամանատարը (պետը), որի իրավասությունների մեջ չի մտնում զեկուցագրում նշված հարցերի լուծումը, 3-օրյա ժամկետում զեկուցագիրն ուղարկում է վերադաս կամ դրանք լուծելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին)` այդ մասին տեղյակ պահելով զեկուցողին: Զեկուցագիրը չի կարող ուղարկվել այն հրամանատարի (պետի) քննարկմանն ու կարծիքին, որի գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են զեկուցագրում:
4. Զեկուցագիր ներկայացրած զինծառայողի նկատմամբ անօրինական կամ անարդար գործողություններ կատարած կամ անգործություն թույլ տված հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով նախատեսված պատասխանատվության, եթե նրա գործողությունները կամ անգործությունը չեն առաջացնում քրեական պատասխանատվություն: Արգելվում է խոչընդոտել զինծառայողին ներկայացնելու զեկուցագիր, դրա համար նրան պատժել, նսեմացնել նրա պատիվն ու արժանապատվությունը կամ դրսևորել այլ անարդարացի վերաբերմունք, ինչպես նաև ամբողջ ծավալով իրականացնելու իր խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանությունը:
5. Զեկուցագրի մասին որոշումներն ընդունվում են անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող զեկուցագրի մասին որոշումն ընդունվում է մինչև 30 օր ժամկետում` լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության մասին տեղեկացնելով զեկուցագիր ներկայացնողին:
6. Զեկուցագրում ներկայացված հարցերը համարվում են լուծված, եթե քննարկվել են ամբողջությամբ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և տրվել է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող սպառիչ գրավոր պատասխան:
7. Զեկուցագրում ներկայացված հարցերի լուծումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է զեկուցագիր ներկայացրած զինծառայողին` նշելով մերժման պատճառները, մերժման համար հիմք համարվող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև պարզաբանելով մերժումը բողոքարկելու կարգը:
8. Զորամասերում վարվում է զինծառայողների ներկայացրած զեկուցագրերի հաշվառման մատյան, որի վարման կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 48. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան ՀՕ-91-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2023, ՀՕ-3-Ն | 09.01.2024, ՀՕ-91-Ն | |
13.04.2023, ՀՕ-125-Ն | 26.05.2023, ՀՕ-91-Ն | |
01.03.2023, ՀՕ-62-Ն | 06.04.2023, ՀՕ-91-Ն | |
12.12.2019, ՀՕ-311-Ն | 27.12.2019, ՀՕ-91-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|