Գլխավոր տեղեկություն
Номер
Հ-001
Տիպ
Հայտարարություն
Тип
Ինկորպորացիա (05.09.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.09.07/44(918)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.09.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
05.09.2012
Дата вступления в силу
05.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

 

- Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

- Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,

- Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը և այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում և հերոսացվում էր, ուստի և որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար,

- Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաև կոչումների ու տարատեսակ պարգևների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսևորում է միջազգային հանրության նկատմամբ,

- Համարելով, որ այս հանցագործությունը հետևանք է ադրբեջանական իշխանությունների կողմից հետևողականորեն քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով` Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի պատասխանատվությունը,

- Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների և նորմերի ոգուն հակասող գործողություն.

Ազգային ժողովը հայտարարում է.

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետևաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները:

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի միջև 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

5 սեպտեմբերի 2012 թվականի

Հ-001

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան