Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-226-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1046
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.06.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.07.2011
Дата вступления в силу
30.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «է» կետում «հաղորդակցությունների համակարգերը» բառերը փոխարինել «ենթակառուցվածքները» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «(այսուհետ` օգտագործող)» բառերը հանել, իսկ նույն մասը «կառուցապատող» բառից հետո լրացնել «(այսուհետ` կառուցապատող)» բառերով.

2) 4-րդ մասի «գ» կետի «(բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» բառերով.

3) 4-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք, այդ թվում` ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմաններ ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից.».

4) 4-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 4-րդ մասի «զ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց մշակած նախագծերի փորձաքննությանը.».

6) 4-րդ մասի «թ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տեխնիկապես ոչ բարդ օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կառուցապատողի և շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ.»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «ընդունել բնակավայրի» բառերը փոխարինել «ընդունել համայնքի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերի կառուցապատումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության և քանդման թույլտվություններում քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների և այլ պարտադիր պահանջների սահմանումն իրականացվում են գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին և թույլատրված օգտագործումներին (կառուցապատումներին) համապատասխան:»:

 

Հոդված 5. Օրենքի 14.2-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «Հողատարածքները գոտիավորվում են» բառերը փոխարինել «Գոտիավորումն իրականացվում է» բառերով.

2) 2-րդ և 3-րդ մասերի «ա» և «բ» կետերից հանել «հողամասերի» բառը.

3) 2-րդ մասի «ա» կետի «ըստ նպատակային» բառերը փոխարինել «ըստ հողերի նպատակային» բառերով.

4) 3-րդ մասի «ա» կետը «օգտագործումների» բառից հետո լրացնել «` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ» բառերով.

5) 3-րդ մասի «բ» կետը «չափորոշիչների» բառից հետո լրացնել «, որոնք սահմանում են կառուցապատման բնույթն ու օգտագործման աստիճանն արտահայտող համակողմանի ցուցանիշներ (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն)` տվյալ գոտու տարածքի համար թույլատրելի չափաբաժիններով» բառերով.

6) 4-րդ մասի «Գոտիավորմամբ» բառը փոխարինել «Հիմնական (բազային) գոտիավորմամբ» բառերով, իսկ «հանրապետության և մարզերի համար մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով» բառերը` «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Օժանդակ գոտիավորմամբ սահմանված պահանջները չեն կարող հակասել համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված հիմնական (բազային) գոտիավորման պահանջներին:»:

 

Հոդված 6. Օրենքի 14.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

 

1. Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով և այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտիավորման նախագծով:

2. Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաև տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու և արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:

3. Գլխավոր հատակագծով տարածքային ռեսուրսների ու կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա սահմանվում են համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, ամրագրվում են սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրման ու զարգացման փոխկապակցված լուծումները, ինչպես նաև բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, լանդշաֆտների, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր ապահովմամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների համար մշակվում է պարզեցված գլխավոր հատակագիծ, որը սահմանում է նվազագույն պարտադիր պահանջներ` մարդկանց անվտանգության, շենքերի, շինությունների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կայունության ու երաշխավորված շահագործման, քաղաքաշինական և բնական միջավայրերի միջև ներդաշնակության ապահովման համար:

5. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը (այդ թվում` վերջիններիս կազմում մշակվող` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները և նախագծման առաջադրանքը) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

6. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և նախագծման առաջադրանքները ենթակա են դրանց մշակմանն առնչվող պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցման (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանն աջակցելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնում ստեղծվում է համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով)` պետական կառավարման շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմում ներառված դրույթների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին` պետական կառավարման շահագրգիռ մարմինների կանոնադրական նպատակներին և խնդիրներին առնչվող մասով:

8. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և դրանց նախագծման առաջադրանքները համայնքի ղեկավարի ներկայացմամբ քննարկվում են հանձնաժողովի նիստում և կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և (կամ) դրանց փոփոխություններն առ ոչինչ են:

9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերը, միաժամանակ իրավունք է ստանում փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը` գլխավոր հատակագծով սահմանված ծավալով ու փուլերով:

10. Համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարվում կամ օգտագործման են տրամադրվում համայնքի ավագանու հաստատած ամենամյա և քառամյա ծրագրերին համապատասխան:

11. Համայնքի ղեկավարը իր իրավասությունների սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, սույն հոդվածի իններորդ մասի համաձայն, նպատակային նշանակությունը փոփոխած հողամասերը կարող է տրամադրել սեփականության կամ օգտագործման իրավունքով, ինչպես նաև տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանքներ` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:

12. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասը և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման: Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը: Սույն մասին համապատասխան` պետական գրանցում չունեցող հողամասերում նախատեսվող օբյեկտի համար շինարարության թույլտվություն չի տրվում:

13. Մինչև սույն հոդվածի տասներկուերորդ մասով սահմանված համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը հողամասը դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:

14. Սույն հոդվածի տասներկուերորդ մասի համաձայն` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:

15. Համայնքների հաստատված, այդ թվում` սույն օրենքի 30 հոդվածի երրորդ մասով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխությունները (ներառյալ` կառուցապատման փուլերը) կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով և սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգով:

16. Հաստատված գլխավոր հատակագծեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:

17. Քաղաքաշինական գոտիավորման նախագիծը (այսուհետ` գոտիավորման նախագիծ) համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ է և հիմք է քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:

18. Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված կամ նախատեսվող տարածքների կառուցապատման ռեժիմները սահմանվում են գոտիավորման նախագծերով` «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, սույն օրենքի 14.2 հոդվածով սահմանված օժանդակ գոտիավորման միջոցով` հիմք ընդունելով գլխավոր հատակագծով սահմանված հիմնական (բազային) գոտիավորումը: Ըստ առանձնացված գոտիների սահմանված քաղաքաշինական նպատակներով հողերի օգտագործման և կառուցապատման թույլատրելի տեսակներն ու պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:

19. Գյուղական համայնքներում և մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքներում գոտիավորման նախագիծը մշակվում է բնակավայրի, ինչպես նաև բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` գլխավոր հատակագծի կազմում:

20. Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքային համայնքների (բացառությամբ Երևան քաղաքի) գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագիծը մշակվում է գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների, ինչպես նաև գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքով նախատեսված և տվյալ համայնքի առանձնահատկություններից բխող` կարևոր քաղաքաշինական հանգույցներ ներառող տարածքների համար:

Քաղաքային համայնքների այլ տարածքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են գլխավոր հատակագծով սահմանված ժամկետներում ու հերթականությամբ` որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ընդ որում` դրանց մշակման ժամանակացույցը ներառվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրում:

21. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագծեր չեն մշակվում: Դրանք մշակվում, հաստատվում և փոփոխվում են որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր` սույն հոդվածի քսաներորդ մասի երկրորդ պարբերությամբ և քսաներեքերորդ մասի պահանջներին համապատասխան` սույն օրենքով սահմանված կարգով:

22. Գլխավոր հատակագծի կազմում մշակված գոտիավորման նախագիծը հաստատվում և փոփոխվում է սույն օրենքով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված կարգով:

23. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` մշակված գոտիավորման նախագիծը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է ավագանին: Եթե այն պարունակում է հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պահանջների փոփոխություն, ապա համայնքի ավագանու կողմից գոտիավորման նախագիծը հաստատվում է գլխավոր հատակագծի` սույն օրենքին համապատասխան կատարված փոփոխությունները հաստատվելուց հետո:

Գոտիավորման նախագծի և դրա հաստատման մասին որոշման պատճենները եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին:

24. Գլխավոր հատակագիծը և գոտիավորման նախագիծը մշակվում են համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով:

25. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական համալիր և բնապահպանական փորձաքննության:

26. Պետության կողմից համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր չունեցող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակմանը:

27. Մինչև սույն օրենքի 30 հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետը, որպես համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելուն ուղղված պետական խրախուսման միջոց, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով, կախված տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից, կարող են նախատեսվել պետական բյուջեի միջոցների հաշվին համաֆինանսավորում` ըստ տարիների աստիճանաբար նվազող համամասնությամբ, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի (տոպոգրաֆիական հանույթներ և կադաստրային քարտեզագրման նյութեր) անվճար տրամադրում համայնքներին:

28. Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր ներառվում են համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման (եթե համայնքը չունի սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագիծ և (կամ) գոտիավորման նախագիծ) կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին դրույթներ:

29. Պետական կամ համայնքային նշանակության նոր ծրագրի ընդունման հետևանքով առաջ եկած պահանջի դեպքում համայնքի հաստատված գլխավոր հատակագծում և (կամ) գոտիավորման նախագծում սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ` նշված ծրագրով այդ նպատակի համար նախատեսվող միջոցների հաշվին:

30. Գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46 հոդվածի պահանջներին համապատասխան:

31. Հաստատված գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:

32. Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

33. Գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

 Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասի`

ա. «ա» կետը «նախագծերը» բառից հետո լրացնել «(ազգային մակարդակ)» բառերով, «բ» կետը «մարզերի» բառից հետո` «(տարածքային/ռեգիոնալ մակարդակ)» բառերով, իսկ «տարածքներ ընդգրկող» բառերից հետո` (միկրոռեգիոնալ մակարդակ) բառերով,

բ. «գ» և «դ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման ռազմավարական փաստաթուղթ).

դ) քաղաքաշինական գոտիավորման նախագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ).».

2) 11-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (բացառությամբ սույն օրենքի 14.3 հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերի)» բառերը փոխարինել «համայնքի ավագանու կողմից` սույն օրենքի 14.3 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան» բառերով.

3) 12-րդ և 16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:».

5) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը` սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:»:

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, կառուցապատման նախագծերին,» բառերը փոխարինել «տարածական պլանավորման փաստաթղթերին, սույն օրենքին և» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 18.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 

«Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի «համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և» բառերը հանել:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը

 

1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:

Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, և կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:

3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու կամ օգտագործման տրամադրելու դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը ներառվում է աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում կամ մրցույթի պայմաններում: Օրենսդրությամբ սահմանված հողամասի տրամադրման այլ դեպքերում ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է հողամասը հատկացնելու մասին որոշման հետ միաժամանակ:

4. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից սույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

5. Ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

6. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:»:

 

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը» բառերը հանել.

2) 5-րդ մասի «և տարածքների բարեկարգման» բառերը փոխարինել «տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնություն ունեցող» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը» բառերը հանել:

 

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը» բառերը հանել.

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2 հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 26.2. Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24 հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 13 և 14 հոդվածներով, 17 հոդվածի տասնութերորդ մասով, 23 հոդվածի երկրորդ մասով, 24 հոդվածի երկրորդ մասով, 25 հոդվածի երկրորդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների ապահովմամբ:»:

 

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30. Անցումային դրույթներ

 

 1. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայության դեպքերում մինչև դրանց մշակումն ու հաստատումը տվյալ համայնքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Մինչև համայնքների գլխավոր հատակագծերի հաստատումը համայնքի վարչական տարածքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունները հաստատում է համայնքի ավագանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հատուկ այդ նպատակով ստեղծված ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

4. Սույն օրենքի 14.3 հոդվածի երեսուներկուերորդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-226-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան