Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-8-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2011-22.12.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.103
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2004
Дата вступления в силу
01.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

(1-ին հոդվածը խմբ. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, փոփ., լրաց. 29.04.09 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-178-Ն, 23.06.11 ՀՕ-217-Ն)

 

Հոդված 2. Պարտադիր վճարների դրույքաչափերը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.

 

1. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և 27 տարին լրացած զինապարտ
քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
100-ապատիկի չափով

2. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած
զինապարտ այն քաղաքացին`

 

1) ով հանրապետական զորակոչային
հանձնաժողովի կողմից առողջական վիճակի
պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ
պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

2) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել
(զոհվել) է Հայաստանի Հանրապետության
պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում
և այլ զորքերում ծառայողական պարտականություններ
կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի
միակ արու զավակն է՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից

0

3) ով ունի գիտական աստիճան (գիտության
թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է
մասնագիտական, գիտական կամ
մանկավարժական գործունեությամբ

նվազագույն աշխատավարձի
50-ապատիկի չափով

3. (կետն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-100-Ն)

4. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից ուսումը շարունակելու համար
տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
50-ապատիկի չափով

5. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում ընտանեկան դրության
բերմամբ տարկետման իրավունք ստանալու հիմք
ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ
անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն
Հայաստանի Հանրապետության քաղաքացի
համարվող աշխատունակ, պարտադիր
զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ
զավակ (անաշխատունակ ծնողներ են`

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող

տարիքի հասած հայրը և մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ

հայրը և մայրը,

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված

հայրը և մայրը)

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու երեխա.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.

6) երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.

7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք

6. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ
առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները`
անկախ 27 տարին լրանալու հանգամանքից

0

7. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից առողջական վիճակի պատճառով
տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք
բերած զինապարտ քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

8. (կետն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-100-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-100-Ն)

10. (կետը հանվել է 24.10.05 ՀՕ-201-Ն)

 

Սույն օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև նրանց 27 տարեկան դառնալը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և մինչև 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները՝ մինչև ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար։

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, 29.04.09 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 3. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները, համապատասխան մարմինների ներկայացմամբ, կատարում է դիմումատուն:

(3-րդ հոդվածը փոփ. 29.04.09 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկող մարմինների ցանկը և դիմումի քննարկման կարգն ու ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 5. Վճար մուծելու և գոյացած գումարների օգտագործման կարգը

(վերնագիրը լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5-րդ հոդվածը լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)

 

 

Հոդված 6. Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը և պահեստազորում հաշվառելը

 

Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-8-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան