Գլխավոր տեղեկություն
Номер
N 712-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.06.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.06.2025
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2025 թվականի N 712-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետը և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 712-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող մշակութային արժեքների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ արտահանվող մշակութային արժեքների նկատմամբ.

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող մշակութային արժեքների նկատմամբ:

3. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր), որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2․20-րդ բաժնի համաձայն:

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մշակութային արժեքների արտահանման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են սույն կարգի 3-րդ կետում նշված մշակութային արժեքների նկատմամբ:

5. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրվում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների՝ ժամանակավոր արտահանման նպատակով:

6. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, որը ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին): Մինչև սույն կետով նախատեսված համակարգի լիարժեք գործարկումը, հայտը և եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող են ներկայացվել և տրամադրվել էլեկտրոնային այլ եղանակով:

7. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում հայտը և եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող են ներկայացվել և տրամադրվել թղթային տարբերակով:

8. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը.

2) մշակութային արժեքի նկարագիրը.

3) ժամանակավոր արտահանման երկիրը.

4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում).

5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերը:

9. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝

1) ժամանակավոր արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով.

2) թղթային հայտի դեպքում՝ ժամանակավոր արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ.

3) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում գործող էլեկտրոնային պարտավորությունների վճարման գործիքով վճարման փաստը հաստատող տեղեկատվությունը, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը.

4) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում).

5) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում).

6) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում).

7) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում).

8) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին նշումը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում).

9) լիազորված պետական մարմնի որոշման պատճենը, որով թույլատրվում է մշակութային արժեքների արտահանումը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում):

10. Լիազորված պետական մարմինը կարող է պահանջել մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկան ներկայացնելու լիազորված պետական մարմին, եթե մշակութային արժեքի փորձաքննությունն իրականացված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 630-Ն որոշման պահանջների խախտմամբ: Հայտատուի ցանկությամբ կարող է իրականացվել նույնականացում արտահանման համար ներկայացված առարկաների գտնվելու վայրում:

11. Լիազորված պետական մարմինը կարող է պահանջել կրկնակի փորձագիտական եզրակացություն ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկաների համար, եթե առկա է հայտատուի ներկայացրած առարկայի կեղծ և եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

12. Լիազորված պետական մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրումը, եթե չեն կատարվել սույն կարգի 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերի կամ ոչ արժանահավատ տեղեկություններ: Կրկին հայտ կարող է ներկայացվել մերժմանը հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:

13. Լիազորված պետական մարմինը երկու օրվա ընթացքում՝

1) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա հայտագրված առարկայի և հափշտակված, կորած մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում.

2) հափշտակված, կորած մշակութային առարկաների շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմում է դրա հափշտակված, կորած չլինելու մասին տեղեկանք.

3) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը հափշտակված, կորած չլինելու մասին տեղեկանքի հիման վրա կազմում է առարկան մշակութային արժեք համարելու և եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) ժամանակավոր արտահանելու վերաբերյալ որոշում.

4) նախապատրաստում և տրամադրում է եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը):

14. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

15. Լիազորված պետական մարմինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները և միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:

16. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կնքվում և վավերացվում է լիազորված պետական մարմնի կողմից մշակութային արժեքների արտահանման համապատասխան կնիքով: Եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալները՝ վավերացված կնիքով:

17. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները վերադարձից հետո ենթակա են նույնականացման:

18. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:

19. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է հայտում նշված ժամանակահատվածում:

20. Անհաղթահարելի ուժի առկայության պարագայում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը թղթային եղանակով ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

21. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը ստանալու հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջների համաձայն՝ հիմնական հայտով ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

22. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը: Եզրակացության վերին ձախ անկյունում գրվում է «Կրկնօրինակ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 712-Ն որոշման

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(թույլատրող փաստաթուղթ)

 

N AM /20 / ____  ______

___________________________________________________________________________

(լիազորված պետական մարմնի անվանումը)

 

Տրվում է _______________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

Տեղափոխման ձևը ______________________________________________________________________

(տեղափոխման ձևը)

 

___________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

 

___________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

     

 

Ստացողը/ուղարկողը ___________________________________________________________

(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

Նշանակման/ուղարկման երկիրը ___________________________________________________

Արտահանման նպատակը ________________________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը _________________________________________

Հիմքը _________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն _____________________________________________________ -

_______________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը ______________________________________________________________

(տարանցիկ տարածքը)

 

Ստորագրությունը _____________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ______

____________________

(ա. ա. հ.)

 

Կ. Տ.

____________________

(պաշտոնը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան