Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-268
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2011-28.04.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.12.27/42(174) Հոդ.1034
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.12.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.2001
Дата вступления в силу
27.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության զարգացումը, սույն օրենքով նպատակ ունի նպաստելու հասարակական կազմակերպությունների, որպես իրավաբանորեն կանոնակարգված գործունեություն ծավալող միավորումների, ստեղծմանն ու գործունեությանը:

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրեքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց հետ միավորումներ կազմելու և դրանց անդամագրվելու մարդու` սահմանադրորեն ամրագրված իրավունքն իրականացնելիս ծագող իրավահարաբերությունները` կապված հասարակական կազմակերպությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ:

2. Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների` օրենքով նախատեսված այլ ձևերի ու տեսակների վրա:

 

Հոդված 2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Եթե միավորումը, սույն կետում նշված նպատակների հետ միասին, ունի նաև քաղաքական, կրոնական, արհեստակցական նպատակներ, ապա հասարակական կազմակերպություն չէ և կարող է պետական գրանցում ստանալ որպես հասարակական միավորման կազմակերպական-իրավական այլ տեսակի կազմակերպություն:

2. Մարդու` միավորումներ կազմելու իրավունքը ներառում է այլոց հետ ազատորեն միավորում ստեղծելու, նրան անդամագրվելու (մասնակցելու), նրա գործունեությանը մասնակցելու և անդամությունից (մասնակցությունից) անարգել դուրս գալու իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից և քաղաքացիությունից: Այս իրավունքն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է սահմանափակվել զինված ուժերում և իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:

3. Միավորումը, եթե նրա նպատակները համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետում նշված նպատակներին, կարող է պետական գրանցում ստանալ որպես հասարակական կազմակերպություն` գրանցման պահից ձեռք բերելով իրավաբանական անձի կարգավիճակ: Միավորման պետական գրանցումը, ապահովելով միավորման նպատակների իրականացումն իրավաբանական անձի կազմավորման միջոցով, չի սահմանափակում միավորումներ կազմելու մարդու իրավունքը` առանց պետական գրանցման այդպիսի միավորումներ ստեղծելու, դրանց միջոցով գործունեություն ծավալելու առումով:

4. Առանց պետական գրանցման միավորումը չունի իրավաբանական անձի կարգավիճակ և դրանից բխող իրավունքներ ու պարտականություններ, չունի սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 3-ից 6-րդ ենթակետերով սահմանված իրավունքները և չի կրում սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները: Այդ միավորումը կարող է գործել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան` չխախտելով սույն օրենքի, այլ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները:

[Այսուհետ «անդամ» բառը համարժեք է նաև «մասնակից» բառին, «անդամակցել», «անդամագրվել» բառերը` նաև «մասնակցել» բառին, «անդամակցություն», «անդամություն» բառերը` նաև «մասնակցություն» բառին:]

 

Հոդված 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:

Կազմակերպություններն իրավահավասար են:

2. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը:

3. Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:

 

Հոդված 5. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

2. Պետությունը կազմակերպություններին օգնություն և աջակցություն է ցուցաբերում օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:

3. Կազմակերպություններն իրենց կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող են պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձևերով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերի, այլ միջոցառումների:

4. Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը կազմակերպության գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ և ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

1. Կազմակերպության հիմնադիրներից յուրաքանչյուրը կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության անդամ է այնպիսի իրավունքներով ու պարտականություններով, ինչպիսիք ունեն կազմակերպության մյուս անդամները:

2. Անձը, որը կազմակերպության հիմնադիր չէ, կազմակերպության անդամ կարող է դառնալ իր կամքի ազատ արտահայտման հիման վրա` այդ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անչափահաս անդամների իրավունքների ու պարտականությունների առանձնահատկությունները:

3. Անձի անդամակցությունը կազմակերպությանը նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք չէ:

 

Հոդված 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի`

1) ներկա գտնվել կազմակերպության ժողովին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել.

2) ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը).

3) կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել կազմակերպության վերադաս մարմիններ` կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Կազմակերպության մարմնի (այդ թվում` բարձրագույն մարմնի) որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարել է կազմակերպության կամ կազմակերպության անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

 

Հոդված 8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

1. Կազմակերպությունը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ հասարակական միավորման որևէ կազմակերպական-իրավական տեսակ ունեցող կազմակերպության (կազմակերպությունների) վերակազմակերպման հետևանքով:

2. Կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

3. Կազմակերպությունն ստեղծվում է անժամկետ, եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետ չի սահմանվում:

 

Հոդված 9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

1. Կազմակերպություն հիմնադրել ցանկացող առնվազն երկու ֆիզիկական անձ (հիմնադիրները) կնքում են պայմանագիր, որով սահմանվում են մինչև կազմակերպության պետական գրանցումը հիմնադիրների համատեղ գործունեության կարգը, նրանց գույքը կազմակերպությանը հանձնելու պայմանները:

Եթե կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձը մինչև տասնչորս տարեկան անչափահաս է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, պայմանագիրը կնքում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

2. Կազմակերպության հիմնադրման մասին պայմանագիրը հիմնադիրներից որևէ մեկի պահանջով ենթակա է վավերացման նոտարական կարգով:

3. Հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

4. Հիմնադիրները, կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի հիման վրա, մշակում են ստեղծվող կազմակերպության կանոնադրությունը, որը ներկայացվում է կազմակերպության հիմնադիրների ժողովի հաստատմանը:

5. Կազմակերպության հիմնադիրների ժողովը կարող է տեղի ունենալ ինչպես նրանց համատեղ հավաքի ձևով, այնպես էլ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ, կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշելու, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից: Հիմնադիր ժողովը կարող է տեղի ունենալ մեկ կամ մի քանի նիստով կամ փուլով` առանց դրանց միջև ընկած ընդհատումների ժամկետային սահմանափակումների:

6. Հիմնադիրների ժողովը, կազմակերպության կանոնադրությունը հաստատելու հետ մեկտեղ, որոշում է ընդունում պետական գրանցման նպատակով իրավաբանական անձանց պետական գրանցման մարմին (այսուհետ` պետական գրանցման մարմին) դիմելու մասին և իր կազմից ընտրում է լիազորած անձ, ինչպես նաև նշանակում է (ընտրում է) գործադիր մարմնի ղեկավար (կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար): Եթե կանոնադրությամբ սահմանված է բարձրագույն մարմնից բացի այլ մարմինների ձևավորում, ապա հիմնադիրների ժողովը կարող է ընտրել բացառապես կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձևավորման ենթակա մարմինները, կամ դրանց ընտրությունը թողնել բարձրագույն մարմնին` կազմակերպության պետական գրանցումից հետո:

7. Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է կազմակերպության այլ մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերահսկողություն իրականացնող մարմնի կազմում:

(9-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-170-Ն)

 

Հոդված 10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ և ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

 

1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ:

2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով արտահայտի կազմակերպության գործունեության բնույթը և բովանդակի «հասարակական կազմակերպություն» բառերը: Կազմակերպության անվանումը, այդ թվում` կրճատ անվանումը, եթե այդպիսին նախատեսված է, չպետք է պարունակի կազմակերպական-իրավական տեսակ մատնանշող այլ բառեր (ֆոնդ, հիմնադրամ, միություն, կոոպերատիվ, համատիրություն, ընկերություն, ընկերակցություն, ներկայացուցչություն, մասնաճյուղ և այլն), ինչպես նաև այնպիսի բառեր (ազգային ժողով, գերագույն խորհուրդ, կառավարություն, նախարարություն, դատարան, բանակ, դեսպանատուն, հյուպատոսություն, մարզ, համայնք և այլն) և այնպիսի ձևով, որոնք կազմակերպության անվանումը կնմանեցնեն պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին:

3. Կազմակերպության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի` մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կազմակերպության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կազմակերպության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կազմակերպությանը զրկելու պահանջով դիմել դատարան:

4. Կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 5. Կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշները, այդ թվում` կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշը, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ընդունելի լինեն հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվեն այլ կազմակերպության, ինչպես նաև որևէ պետության, միջազգային և օտարերկրյա հանրահայտ կազմակերպությունների ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից), խորհրդանիշներից և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց:

6. Կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող վերադաս մարմնի գտնվելու վայրն է:

 

Հոդված 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը պարտադիր պետք է բովանդակի կազմակերպության`

1) անվանումը և գտնվելու վայրը.

2) գործունեության առարկան և նպատակները.

3) անդամ դառնալու և անդամությունից դուրս գալու կարգը.

4) անդամների իրավունքները և պարտականությունները.

5) կառավարման կարգը` բարձրագույն մարմնի հրավիրման կարգը և ժամկետները, բացառապես նրա կողմից լուծվող հարցերի շրջանակն ու որոշումներ ընդունելու կարգը, բարձրագույն մարմնի կողմից ձևավորվող (եթե կազմակերպությունը, բացի բարձրագույն մարմնից, ունի այլ մարմիններ, այդ թվում` միանձնյա) մարմինների ընտրության և նրանց կազմի փոփոխման, նրանցից յուրաքանչյուրի լիազորությունների ժամկետներն ու բովանդակությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

6) այն պաշտոնատար անձի պաշտոնը, նրա ընտրության կարգը և լիազորությունները, որն իրավասու է ներկայացնելու կազմակերպությունն առանց լիազորագրի (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե նման իրավասություն չի տրվում).

7) այն մարմինները, որոնք իրավասու են որոշում ընդունել գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում` օտարելու և դուրս գրելու վերաբերյալ` ըստ գույքի տեսակների ու չափերի (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե նախատեսվում է նշված գործառույթների իրականացումը միայն բարձրագույն մարմնի կողմից).

8) այն մարմինը, որն իրավասու է սահմանել անդամավճարի չափը և դրա գանձումը կազմակերպելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե անդամավճարի գանձում չի նախատեսվում, կամ դրա չափն ու գանձման կարգը սահմանվում է կանոնադրությամբ).

9) առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ ստեղծելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե դրանց ստեղծում չի նախատեսվում).

10) գործունեությունը վերահսկելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե վերահսկողությունն իրականացնում է միայն բարձրագույն մարմինը).

11) մարմինների որոշումները կազմակերպության անդամների կողմից բողոքարկելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե բացի բարձրագույն մարմնից կազմակերպության այլ մարմինների ձևավորում չի նախատեսվում).

12) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.

13) վերակազմակերպման և լուծարման կարգը:

Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Եթե կազմակերպությունն ունի խորհրդանիշներ, ապա կանոնադրությանը, որպես անբաժանելի մաս, պետք է կցված լինեն դրանց, այդ թվում` կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշի, պատկերը և նկարագրությունը:

2. Կազմակերպության պետական գրանցման նպատակով ներկայացվող կանոնադրության կամ կանոնադրության փոփոխությունների ու լրացումների յուրաքանչյուր օրինակ պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորած անձի կողմից և ամրակարված այնպես, որ ամրակարման վրա պետական գրանցման մարմնի կողմից դրվելիք կնիքի դրոշմը հուսալիորեն ապահովի կանոնադրության ամբողջականությունը:

3. Եթե կազմակերպության կանոնադրությունը հակասում է օրենքներին, այդ թվում` նոր ընդունված օրենքներին, ապա կազմակերպությունը պարտավոր է բարձրագույն մարմնի առաջիկա նիստում իր կանոնադրությունը համապատասխանեցնել օրենքների պահանջներին, իսկ մինչ այդ շարունակել գործել օրենքներին համապատասխան:

4. Կազմակերպության կանոնադրությունն իրավաբանական ուժ է ձեռք բերում կազմակերպության պետական գրանցման պահից:

Կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր կանոնադրությունն իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից:

Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

5. Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխությունը նույն բնակավայրի սահմաններում կանոնադրության փոփոխություն չի պահանջում: Այդ փոփոխության մասին պետական գրանցման մարմինը տեղեկացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

 

Հոդված 12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև կազմակերպության կանոնադրության փոփոխությունների ու լրացումների կամ նոր կանոնադրության պետական գրանցումը և կազմակերպության լուծարման (գործունեության դադարման) պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով` սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Կազմակերպությունը պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին է ներկայացնում`

1) պետական գրանցման մասին դիմում.

2) կազմակերպության հիմնադիրների ժողովի արձանագրությունը` կազմակերպության կանոնադրության հաստատման, պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին դիմելու և կազմակերպության լիազորած անձի ընտրության մասին որոշումներով, որոնցից պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին դիմելու մասին որոշումը պետք է ընդունված լինի սույն հոդվածում նշված փաստաթղթերը պետական գրանցման մարմին հանձնելու կամ առաքելու օրվանից ոչ ավելի վաղ, քան 60 օրացուցային օր առաջ.

3) հիմնադիրների, իսկ եթե նրանց թիվը հինգից ավելի է, ապա հիմնադիրներից առնվազն հինգի, ինչպես նաև կազմակերպության լիազորած անձի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը (անձի ցանկության դեպքում` նաև հայրանունը), ծննդյան օրը, ամիսը և տարին, անձնագրի սերիան, համարը և մարմինը, որի կողմից տրված է անձնագիրը, հաշվառման հասցեն, հեռախոսների համարները, էլեկտրոնային հասցեն.

4) կանոնադրության առնվազն երկու օրինակ.

5) պետական գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը.

6) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաև իրավաբանական անձին հանձնվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը և ծագման աղբյուրները, եթե հանձնվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:

Սույն կետում նշված հայտարարությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պետական գրանցման մարմինը դրա պատճենը պատվիրված նամակով առաքում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

3. Պետական գրանցման մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու մասին գրանցման մատյանում գրառում կատարելուց հետո` 21 օրացուցային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը և գրանցել կազմակերպությունը կամ մերժել նրա գրանցումը: Եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված չեն, կամ անընթեռնելի են, կամ դրանցում առկա են ոչ բովանդակային թերություններ, ապա պետական գրանցման մարմինը յոթ օրացուցային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է կազմակերպությանը: Այդ դեպքում պետական գրանցման մասին դիմումի քննարկման` սույն հոդվածով սահմանված ժամկետը կասեցվում է, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

4. Կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը հանվում է քննարկումից, եթե մինչև դրա կապակցությամբ պետական գրանցման մարմնի որոշում կայացնելն ստացվել է կազմակերպության դիմումը` պետական գրանցման մասին իր նախորդ դիմումը քննարկումից հանելու մասին:

5. Կազմակերպության պետական գրանցումը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն օրենքի պահանջները, այդ թվում`

1) պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված չլինելու, կամ անընթեռնելի լինելու, կամ դրանցում ոչ բովանդակային թերություններ լինելու մասին կազմակերպությանը տեղյակ պահելուց հետո` 10 օրացուցային օրվա ընթացքում, կազմակերպությունը չի վերացրել այդ թերությունները և չի դիմել պետական գրանցման մասին իր դիմումը քննարկումից հանելու մասին.

2) կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշները չեն համապատասխանում սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին.

3) ներկայացված կանոնադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

6. Կազմակերպության պետական գրանցման դեպքում պետական գրանցման մարմինը, ոչ ուշ, քան պետական գրանցման մասին դիմումի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետն ավարտվելը, կազմակերպություն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է հանձնում կազմակերպության պետական գրանցման վկայականը և կազմակերպության` պետական գրանցման մարմնի հաստատած կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է կազմակերպության պետական գրանցման գործում:

7. Կազմակերպության պետական գրանցումը մերժվելու կամ կազմակերպության նախաձեռնությամբ պետական գրանցման մասին դիմումը քննարկումից հանվելու դեպքում պետական գրանցման մարմինը, ոչ ուշ, քան պետական գրանցման մասին դիմումի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետն ավարտվելը, կազմակերպություն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է վերադարձնում կազմակերպության պետական գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը և կազմակերպության ներկայացրած կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է կազմակերպության պետական գրանցման վարույթում: Կազմակերպության պետական գրանցումը մերժվելու դեպքում պետական գրանցման մարմինը կազմակերպությանը նաև գրավոր հայտնում է կազմակերպության պետական գրանցումը մերժելու հիմքերը` դրանք հիմնավորող իրավական համապատասխան նորմերին հղումներով:

8. Պետական գրանցման մասին դիմումի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպության պետական գրանցումը չկատարվելու և չմերժվելու, ինչպես նաև կազմակերպության նախաձեռնությամբ պետական գրանցման մասին դիմումը քննարկումից չհանվելու դեպքում կազմակերպությունը համարվում է գրանցված, և պետական գրանցման մարմինը, մեկ օրվա ընթացքում, կազմակերպություն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է հանձնում կազմակերպության պետական գրանցման վկայականը և կազմակերպության` պետական գրանցման մարմնի կողմից հաստատված կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է կազմակերպության պետական գրանցման գործում:

9. Կազմակերպության պետական գրանցումը մերժվելուց կամ կազմակերպության նախաձեռնությամբ պետական գրանցման մասին դիմումը քննարկումից հանվելուց հետո` ցանկացած ժամանակ, կազմակերպությունը պետական գրանցման համար կարող է սույն հոդվածով սահմանված կարգով նորից դիմել պետական գրանցման մարմին:

10. Կազմակերպության պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

11. Հիմնադիրների միջև կազմակերպության ստեղծման ընթացքի հետ կապված վեճը լուծվում է դատական կարգով: Դատարանը, մինչև որոշում կայացնելը, կարող է իր որոշմամբ կասեցնել պետական գրանցման մարմնում կազմակերպության պետական գրանցման մասին դիմումի քննարկման ժամկետի ընթացքը:

(12-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 13. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր կանոնադրության պետական գրանցման համար կազմակերպությունը պետական գրանցման մարմին է ներկայացնում`

1) պետական գրանցման մասին դիմումը.

2) բարձրագույն մարմնի որոշման պատճենը` կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ նոր կանոնադրություն հաստատելու մասին.

3) կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր կանոնադրության առնվազն երկու օրինակ.

4) պետական գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը:

2. Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր կանոնադրության պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում: Կանոնադրությունը քննարկվում է ամբողջական տեքստով` պետական գրանցման ներկայացված փոփոխությունների ու լրացումների հաշվառմամբ:

 

Հոդված 14. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ և ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Կազմակերպության կառուցվածքը սահմանվում է նրա կանոնադրությամբ և (կամ) կանոնադրությանը համապատասխան` նրա մարմինների որոշումներով:

Կազմակերպությունը կառավարվում է իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:

Կազմակերպության մարմիններն ստեղծվում են, և նրանց կազմը ձևավորվում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: Կազմակերպության ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:

2. Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամից ոչ պակաս, կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով` դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից:

Կազմակերպության կանոնադրությամբ կարող է նախատեսվել բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ նրանցից ընտրված պատվիրակների մասնակցությունը ժողովին:

Կազմակերպության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:

3. Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում, հրավիրվում և տեղի է ունենում կազմակերպության արտահերթ ժողով, որի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան այդ ժողովի անցկացման օրվանից 3 օր առաջ:

Եթե կանոնադրությամբ սահմանված է, որ կազմակերպության ժողովին մասնակցում են կազմակերպության անդամների պատվիրակները, և սույն կետում նշված ժամկետում հնարավոր չէ նոր պատվիրակներ ընտրել, ապա արտահերթ ժողովի են հրավիրվում կազմակերպության նախորդ ժողովին մասնակցելու համար ընտրված պատվիրակները:

4. Կազմակերպության ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է կանոնադրությամբ սահմանված կարգով, և եթե մասնակիցների թիվն ավելի է բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի` կանոնադրությամբ սահմանված մասից, որը չի կարող պակաս լինել այդ ընդհանուր թվի կեսից:

5. Կազմակերպության ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող 3 տարուց պակաս լինել:

6. Կազմակերպության բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությունն է`

1) կազմակերպության կանոնադրության հաստատումը (եթե այն չի հաստատել հիմնադիրների ժողովը), նրանում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը.

2) կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.

3) բացառապես կազմակերպության բարձրագույն մարմնին ենթակա և հաշվետու մարմինների (եթե կազմակերպությունը, բացի բարձրագույն մարմնից, ունի այլ մարմիններ), այդ թվում` կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ընդ որում, նրանց լիազորությունների ժամկետները չեն կարող սահմանվել ավելին, քան կազմակերպության հերթական ժողովի հրավիրման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է.

4) կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից.

5) կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը, բացի դատարանի վճռով լուծարումից.

6) այլ հարցերի լուծումը, եթե կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է դրանց լուծումը բացառապես բարձրագույն մարմնի կողմից:

Կազմակերպության բարձրագույն մարմինը չի կարող իր բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը փոխանցել կազմակերպության այլ մարմնի:

7. Կազմակերպության ժողովը որոշումներ է ընդունում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն մարմնի բացառիկ իրավասության հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին, եթե օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

8. Կազմակերպության գործունեության կամ կազմակերպության ժողովի ընթացքում օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ չկանոնակարգված իրադրություն առաջանալու դեպքում հարցերը լուծվում են բարձրագույն մարմնի որոշմամբ:

 

Հոդված 15. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

2) կազմակերպել և անցկացնել հավաքներ.

3) օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.

4) համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.

5) իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ.

6) ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:

2. Օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաև այլ իրավունքներ:

(15-րդ հոդվածը փոփ. 14..04.11 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 16. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

 

1. Կազմակերպությունը պարտավոր է`

1) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) վարել իր անդամների հաշվառումը.

4) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին` ներկա գտնվելու կազմակերպության ժողովին.

7) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.

8) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:

2. Օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաև այլ պարտականություններ:

3. Անօրինական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունը և նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 17. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

 

1. Կազմակերպության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրներից:

2. Կազմակերպության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության սեփականությունն է:

Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան` օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:

3. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին և անդամներին:

 

Հոդված 18. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության կարգ կարող է սահմանվել կազմակերպության կանոնադրությամբ:

Եթե կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ձևավորում, ապա կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության հետ մեկտեղ:

2. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) իրավասու է`

1) ցանկացած ժամանակ անցկացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2) ծանոթանալ կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել կազմակերպության մարմիններ.

3) կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն.

4) իրականացնել կազմակերպության կանոնադրությունից կամ բարձրագույն մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ:

3. Կազմակերպության կողմից օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև այլ իրավասու պետական մարմինները` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

4. Կազմակերպության կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, պետական լիազորված մարմինը կազմակերպություն է ուղարկում գրավոր նախազգուշացում` առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

 

Հոդված 19. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ: Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Կազմակերպությունը կարող է միաձուլվել այլ կազմակերպության (կազմակերպությունների) հետ:

Կազմակերպությունը կարող է միանալ այլ կազմակերպության:

Կազմակերպությանը կարող է (են) միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):

Կազմակերպությունը կարող է բաժանվել այլ կազմակերպությունների:

Կազմակերպությունից կարող է (են) առանձնանալ կազմակերպություն (կազմակերպություններ):

Կազմակերպությունը կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որևէ այլ կազմակերպական-իրավական տեսակի կամ հիմնադրամի:

2. Կազմակերպության (կազմակերպությունների) վերակազմակերպման հետևանքով նրանց կանոնադրությունների փոփոխությունները և (կամ) լրացումները կամ գործունեության դադարումը, ինչպես նաև նոր ստեղծված իրավաբանական անձինք պետական գրանցում են ստանում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 20. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

1. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու: Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:

2. Կազմակերպությունը կարող է կամավոր լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է կազմակերպությունը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

3. Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

4. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման` օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

5. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

6. Կազմակերպության լուծարման մասին կազմակերպության բարձրագույն մարմնի որոշումը, կազմակերպության այլ մարմինների ու լուծարման հանձնաժողովի` լուծարման գործընթացին վերաբերող որոշումները, դրանք կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, դատարան բողոքարկելու իրավունք ունի կազմակերպության ցանկացած անդամ: Այդ դեպքում դատարանը կարող է իր որոշմամբ կասեցնել վիճարկվող որոշման կատարման ընթացքը` մինչև գործի դատական քննության ավարտը:

7. Կազմակերպության լուծարման պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 21. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Պետական լիազորված մարմինը կարող է կազմակերպությունը լուծարելու պահանջով դիմել դատարան, եթե`

1) կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն և պատերազմ քարոզելուն.

2) կազմակերպությունը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

3) կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ լիազորած անձը կազմակերպությունը հիմնադրելիս թույլ են տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

2. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատական ընթացակարգը կիրառվում է, եթե անարդյունավետ կամ սպառված են օրենքով պաշտպանվող իրավունքի խախտումը վերացնելու մյուս միջոցները:

3. Կազմակերպությունը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

 

Հոդված 22. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

 

Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր:

Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 23. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. Սույն օրենքի` կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաև միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) գործունեության վրա:

2. Միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով և գործում են հիմնադրի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել ինչպես հիմնադրի որոշմամբ, այնպես էլ դատարանի վճռով` պետական լիազորված մարմնի պահանջով, սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

3. Միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության դադարումից (կազմալուծումից) հետո մնացած գույքը հիմնադրի սեփականությունն է:

 

Հոդված 24. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ կազմակերպությունների պարտադիր վերագրանցման ու ստորաբաժանումների և հիմնարկների պարտադիր վերահաշվառման պահանջ չի դրվում:

3. Սույն օրենքի նորմերը գերակա են կազմակերպությունների, ինչպես նաև նրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների նկատմամբ:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հոկտեմբերի 22-ի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
24 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-268

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան