ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Գ. Աբելյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ՍԴ1/0065/01/24 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
Հ. Գրիգորյանի Լ. Թադևոսյանի Ա. պ ողոսյանի |
7 մարտի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ մեղադրյալ Սերգեյ Արմենի Ասկարյանի պաշտպան Կ․Ալավերդյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Սերգեյ Արմենի Ասկարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ ամսական եկամտի հնգապատիկի՝ 849.850 (ութ հարյուր քառասունինը հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով։
2․ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպան Կարեն Ալավերդյանը։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ որոշմամբ արձանագրված թերությունները հնգօրյա ժամկետում վերացնելու համար։
4․ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին պաշտպան Կ․Ալավերդյանի կողմից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել։
5. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին և հոկտեմբերի 17-ին ներկայացված վերաքննիչ բողոքները թողնվել են առանց քննության։
6. Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը։
Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում հանգելով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ հետևության, թույլ է տվել քրեադատավարական ելակետային դրույթների այնպիսի հիմնարար խախտում, որը կանխորոշել է գործի ելքը՝ բողոքն առանց քննության թողնելու առումով, ինչի հետևանքով նման որոշում կայացնելու օրենսդրական հիմքերի ակնհայտ բացակայության և բողոքի ընդունելիության պահանջների լիարժեք պահպանված լինելու պարագայում, վերաքննիչ բողոքը փաստացի քննարկման առարկա չի դարձվել և լուծում չի ստացել, որպիսի պայմաններում հնարավոր չի եղել հասնել քրեական դատավարության նպատակներին, մեղադրյալը զրկվել է իր նկատմամբ նշանակված պատժի իրավաչափության դատական ստուգման հնարավորությունից և տեղի է ունեցել անձի իրավունքների դատական պաշտպանության և դրան ուղղված դատական իշխանության գործառույթների և դրանց իրավական նշանակության բովանդակային արժեզրկում։
Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտը կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի իմաստով՝ քրեադատավարական օրենքի էական խախտման ձևով դրսևորված դատական սխալ, այն է՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու հետևանքով տեղի են ունեցել մի շարք քրեադատավարական հիմնարար սկզբունքների՝ վարույթի հանրայնության, օրինականության, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սկզբունքների խախտումներ։
8․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9․ Պաշտպան Կ․Ալավերդյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պաշտպան Կ․Ալավերդյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում բացակայում է պաշտպանի ստորագրությունը, ինչպես նաև բողոքին կցված չէ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)1։
10․ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին պաշտպան Կ․Ալավերդյանը վերստին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կցելով վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը2։
11. Վերաքննիչ դատարանը, պաշտպանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(...) Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ, գտնելով, որ մեղադրյալ Ս․Ասկարյանի պաշտպան Կ․Ալավերդյանի վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին՝ բողոքին կցված չէ էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), ինչպես նաև բացակայում է բողոքաբերի ստորագրությունը, այն վերադարձրել է վերակազմման՝ արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանելով որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետ: Մինչդեռ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է մեղադրյալ Ս․Ասկարյանի պաշտպան Կ․Ալավերդյանի կողմից ի սկզբանե ներկայացված բողոքից բովանդակությամբ տարբերվող, ըստ էության նոր վերաքննիչ բողոք։
Այսինքն, պաշտպան Կ.Ալավերդյանն ի սկզբանե՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացրած վերաքննիչ բողոքը ստորագրելու և էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) նշված բողոքին կից կրկին ներկայացնելու փոխարեն 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որն իր բովանդակությամբ տարբերվում է 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացրած վերաքննիչ բողոքից: Մասնավորապես՝ ներկայացված նոր բողոքում պաշտպանը հեռացրել է Առաջին ատյանի դատարանի դատավճռից մեջբերված ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ և 69-րդ հոդվածների բովանդակությունը՝ թողնելով միայն դրանց տրված հղումը, վկայակոչել է ՀՀ Վճռաբեկ դատարանի Հ․Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ՎԲ-13/08 գործով 2008 թվականի փետրվարի 29-ի որոշումը, ինչպես նաև կատարել է այլ փոփոխություններ՝ «Բողոքի փաստարկները և կիրառելի իրավունքը» բաժնից հեռացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 4-րդ մասին և 72-րդ հոդվածի 2-րդ մասին տրված հղումները։ Այլ կերպ՝ պաշտպանը, ըստ էության, ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որն էլ ստորագրված է և կցված է համապատասխան էլեկտրոնային կրիչը:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նկատում է նաև, որ պաշտպան Կ.Ալավերդյանը վերստին ներկայացված բողոքին կից գրությամբ նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 04․01․2024 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները վերացվել են բողոքը ստորագրելու և վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը բողոքին կցելու միջոցով։
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրած խախտումները մեղադրյալ Ս․Ասկարյանի պաշտպան Կ․Ալավերդյանը չի վերացրել, այլ ըստ էության ներկայացրել է տարբերվող՝ նոր բողոք, որը, սակայն, ներկայացվել է վիճարկվող դատական ակտը ստանալուց հետո բողոքի ներկայացման համար սահմանված՝ մեկամսյա ժամկետի խախտմամբ։
Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները սահմանված ժամկետում չվերացնելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում թողնվում է առանց քննության, միևնույն ժամանակ այն, որ մեղադրյալ Ս․Ասկարյանի պաշտպան Կ․Ալավերդյանը 2024 թվականի հոկտեմբերի 17-ի նոր վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետի խախտմամբ, իսկ հարուցված բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն բողոքաբերի կողմից չի ներկայացվել, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առկա են ներկայացված՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի և 2024 թվականի հոկտեմբերի 17-ի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու՝ օրենքով սահմանված հիմքերը։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելը չի հանգեցնի բողոքի պահանջների չափազանց ձևականացման և պաշտպանության կողմի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման, քանի որ օրենսդրի տրամաբանությունը հանգում է նրան, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է բացառապես այն վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերությունները վերացնելու, այլ ոչ խմբագրելու կամ որևէ այլ կերպ փոփոխելու համար՝ նկատի ունենալով նաև իրավունքի չարաշահման հնարավոր իրավիճակները։ (Նշվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ բողոքաբերին վերադարձվում է ոչ թե բողոքի պատճենը, այլ բողոքի բնօրինակը։)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում մեղադրյալ Ս․Ասկարյանի պաշտպան Կ․Ալավերդյանն իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իրավունքը, ուստի ներկայացված բողոքները պետք է թողնել առանց քննության՝ 23.09.2024թ. բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու, իսկ 17.10.2024թ. բողոքը՝ ժամկետանց լինելու հիմքով»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ պաշտպանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը։
12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին: (․․․)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը.
4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.
5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները.
6) բողոքին կցվող նյութերի ցանկը.
7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին»։
13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով4,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը5,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն6,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա7: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի8:
14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ՝ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»9:
15. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում10:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ որոշմամբ արձանագրված թերությունները հնգօրյա ժամկետում վերացնելու համար, նկատի ունենալով, որ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում բացակայում է պաշտպանի ստորագրությունը, ինչպես նաև բողոքին կցված չէ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)11։
- 2024 թվականի հոկտեմբերի 17-ին պաշտպան Կ․Ալավերդյանը վերստին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կցելով վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը12։
- Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ժամկետանց լինելու հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը չի վերացրել Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրված թերությունները, այլ ըստ էության ներկայացրել է տարբերվող՝ նոր բողոք, որը, սակայն, ներկայացվել է վիճարկվող դատական ակտը ստանալուց հետո բողոքի ներկայացման համար սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ13:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված՝ ոչ իրավաչափ վարքագծի արգելքի համատեքստում, համաձայն որի՝ վարույթի մասնավոր մասնակիցները պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն և չչարաշահեն իրենց իրավունքները, ինչն ի թիվս այլնի կարող է վնաս հասցնել արդարադատության շահին14, հիմքեր չկան չհամաձայնվելու Վերաքննիչ դատարանի դիրքորոշման առ այն, որ համապատասխան թերությունները մատնանշելով և ժամկետ տրամադրելով, վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերադարձվում է բացառապես այն վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերությունները վերացնելու, այլ ոչ խմբագրելու կամ որևէ այլ կերպ փոփոխելու համար։ Սակայն հարկ է փաստել, որ կոնկրետ դեպքում պաշտպանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում կատարված և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված փոփոխությունները15, մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանի դատավճռից մեջբերված իրավանորմերի բովանդակությունը հեռացնելը, առանց վերաբերելի հիմնավորումների Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վկայակոչումը, ինչպես նաև «Բողոքի փաստարկները և կիրառելի իրավունքը» բաժնից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին տրված հղումները հեռացնելը, ըստ էության չեն փոխել վերաքննիչ բողոքի բովանդակությունն ու ինքնին հիմք չէին կարող հանդիսանալ այն իբրև տարբերվող՝ նոր բողոք դիտարկելու և բողոքարկման ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու համար։
Վերաքննիչ բողոքի թերությունները վերացնելուց հետո պաշտպան Կ․Ալավերդյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության թողնելը, որի արդյունքում սահմանափակվել է վերջինի բողոքարկման իրավունքը, իրավաչափ համարվել չի կարող, նկատի ունենալով, որ կրկին բերված վերաքննիչ բողոքում տեղ գտած և Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված փոփոխությունները բովանդակային բնույթ չեն կրել, քանի որ դրանց արդյունքում չեն փոփոխվել վերաքննիչ բողոքի հիմքն ու պահանջը, դրանք հաստատող նոր փաստեր կամ հիմնավորող նոր փաստարկներ չեն ներկայացվել։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ բողոքաբերը Վերաքննիչ դատարան վերստին ներկայացված վերաքննիչ բողոքին կից գրությամբ նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված թերությունները վերացվել են՝ բողոքը ստորագրելու և վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը բողոքին կցելու միջոցով, որպիսի հանգամանքն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը16, որի պայմաններում բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ դեպքում պաշտպանն անբարեխղճորեն է գործել և հետևաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա էր սահմանափակման։
18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Կ․Ալավերդյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումն իրավաչափ չէ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը պետք է բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար17:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Սերգեյ Արմենի Ասկարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 17։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 20-27։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 32-33։
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
5 Տե՛ս նույն տեղում:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
10 Տե՛ս, mutatis mutandis` Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1185/01/22 որոշման 11-12․1․-րդ կետերը, Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը։
12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
14 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսանդր Բաղդագյուլյանի վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ/0060/01/19 որոշումը։
15 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
16 Տե՛ս սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերը։
17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Հ. Գրիգորյան Լ. Թադևոսյան
|
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|