Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.01.2025
Подписан
Նախագահող
Дата подписания
17.01.2025
Дата вступления в силу
17.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Դ. Ղուկեյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԿԴ/0023/11/24

նախագահող դատավոր՝

 ԳՀովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

Հ. Գրիգորյանի

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 17 հունվարի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ դիմող Հարություն Կարապետի Սերոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 49144622 քրեական վարույթը։

2024 թվականի մայիսի 27-ին հսկող դատախազ Ա.Եղիազարյանի կողմից որոշում է կայացվել քննիչ Ս.Սմբատյանի միջնորդությունը բավարարելու և Սամվել Ազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ հիշյալ որոշման դեմ Հարություն Սերոբյանի բողոքի քննության արդյունքում, Կոտայքի մարզի դատախազ Ս.Պողոսյանը 2024 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է և հաստատել վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։

2 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ ՍՊողոսյանի՝ «Բողոքը քննության առնելու մասին» 2024 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ՀՍերոբյանի կողմից ներկայացված բողոքը վերադարձվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի և նույն հոդվածի 2-րդ մասի պայմանները պահպանված չլինելու հիմքով։

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ՀՍերոբյանի բողոքը՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Ս.Պողոսյանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի՝ «թիվ 49144622 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 2024 թվականի մայիսի 27-ի որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ մերժվել է։

3ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հ.Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Հ.Սերոբյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից իր բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ վերջինս պարունակում է անպարկեշտ արտահայտություններ և վիրավորանքներ, իրավաչափ չէ։

Բողոք բերած անձը փաստել է, որ ինքը որևէ հայհոյանք կամ արտահայտություն չի գործածել, որը նսեմացնում է անձի արժանապատվությունը։

Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքը վերոնշյալ հիմքով առանց քննության է թողնվել այն դեպքում, երբ ներկայացվել են հիմնավորված փաստեր պետական ունեցվածքի հափշտակության մասին, որոնց որևէ անդրադարձ չի կատարվել։

6. Բողոքաբերը փաստարկել է, որ քննիչը բազմակողմանի քննություն չի իրականացրել, չի հարցաքննել մի շարք կարևոր վկաների, ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք։

Բողոքաբերը, վկայակոչելով մի շարք փաստաթղթեր, գտել է, որ ԶԻՊ-Օ կցասայլակը պատկանում է «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությանը, և այն երբևէ չի հանդիսացել «Պատնեշ» գործարանի սեփականությունը։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը «(․․․) Սույն որոշմամբ նշված իրավակարգավորումները և իրավական դիրքորոշումները կիրառելով նշված փաստական տվյալների նկատմամբ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբեր Հարություն Կարապետի Սերոբյանը, չարաշահելով վերաքննիչ բողոք ներկայացնելու իր իրավունքը, վերաքննիչ բողոքում օգտագործել է հասարակությունում ընդունված համակեցության և էթիկայի կանոնների հետ անհամատեղելի՝ անձնավորված վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, անպարկեշտ ձևով անձի հեղինակությունը նսեմացնող բառեր:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբեր Հարություն Կարապետի Սերոբյանի կողմից արված անպարկեշտ արտահայտություններն և վիրավորանքները հասցեագրված են եղել ինչպես Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված թիվ ԿԴ/0023/11/24 դատական գործով նախագահող դատավորին, այնպես էլ քրեական վարույթով մասնակցող հանրային մասնակիցներին՝ քննիչին, դատավարական հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի դատախազ ՍՊողոսյանին։

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի հիմքերն և հիմնավորումները պարունակող, սակայն միևնույն ժամանակ անձանց պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող վերաքննիչ բողոքը չի կարող համարվել օրինական, քանի որ այն չի բխում անձի անօտարելի արժանապատվությունը հարգելու սկզբունքից։

Այսինքն՝ բողոքաբերը թեև առերևույթ պահպանել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին ներկայացվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները, այդուհանդերձ ներկայացված բողոքը չի համապատասխանում անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքին: Մինչդեռ քրեական օրենսդրության սկզբունքներն այն ելակետային, հիմնարար, ղեկավար դրույթներն են, որոնք ընկած են քրեական օրենսդրության հիմքում. այդ դրույթների վրա հենվում, դրանց համապատասխան է կառուցվում քրեական իրավունքի համակարգը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեադատավարական սկզբունքի խախտումը հանգեցրել է վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վերաքննիչ բողոքի ներկայացման։

Ավելին, հաշվի առնելով Բողոքաբերի հասցրած վիրավորանքների և ոչ հարիր արտահայտությունների լրջությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման անհանդուրժելի վարվելակերպն անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ և բողոք ներկայացնելու իրավունքի չարաշահում։

Այս տեսանկյունից Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթին մասնակցող որևէ կողմի անհարգալից վերաբերմունքի դեպքում դատարանի կողմից վճռական ու անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը պահանջվում է դատական գործընթացի ամբողջականությունը պահպանելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից նման վերաքննիչ բողոքների առթիվ անհապաղ և վճռական քայլեր չձեռնարկելը չի բխի նաև դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատարանի պարտականությունից։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում թույլ տրված վերոնշյալ խախտումներն իրենց բնույթով դատական բողոքարկման իրավունքի իրացման համար էական խոչընդոտ հանդիսացող խախտումներ են, որոնց հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը նախադրյալներ կստեղծի, որ դիմողները կրկին չարաշահեն բողոք ներկայացնելու իրենց իրավունքը: Ուստի նման պայմաններում Հարություն Կարապետի Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու դեպքում չի խախտվի անձի իրավունքների սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում Հարություն Կարապետի Սերոբյանը, դատարանի հեղինակությունը խաթարող բողոք բերելու և ըստ այդմ՝ բողոք ներկայացնելու իրավունքը չարաշահելու փաստերի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար նրա կողմից ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության (․․․1։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը։

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը.

4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.

5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները.

6) բողոքին կցվող նյութերի ցանկը.

7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին»։

 11. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ՝ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:

13. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում8:

14Վճռաբեկ դատարանը Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ գործով, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ9 արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող10:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը` 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ դիմող Հ.Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը պարունակում է վիրավորանքներ և անհարիր արտահայտություններ, որն անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ, ուստի ԳՍերոբյանը դատարանի հեղինակությունը խաթարող բողոք է բերել և բողոք ներկայացնելու իրավունքը չարաշահելու փաստերի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը11։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում անհարիր արտահայտություններ և վիրավորանքներ ներկայացնելու պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը պետք է առնվազն վերադարձներ վերաքննիչ բողոքը՝ հնարավորություն ընձեռելով բողոք բերած անձին ներկայացնելու պատշաճ ձևակերպված բողոք։ Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող Հ.Սերոբյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է անձի` դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Հ.Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումն իրավաչափ չէ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը պետք է բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար12:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված՝ ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, որի համաձայն՝ վարույթի մասնավոր մասնակիցները պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն և չչարաշահեն իրենց իրավունքները, հարկ է համարում հատուկ ընդգծել, որ տվյալ դեպքում բողոքաբերն իր իրավունքներից պետք է օգտվի բարեխղճորեն13։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չի դարձվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Դիմող Հարություն Կարապետի Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

__________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 159-166։

2 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

3 Տե՛ս նույն տեղում:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տե՛ս, mutatis mutandis` Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1185/01/22 որոշման 11-12․1․-րդ կետերը, Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

9 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-րդ կետը:

10  Տե՛ս, մեջբերված որոշման 15-րդ կետը։

11 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

13 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսանդր Բաղդագյուլյանի վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ/0060/01/19 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան