Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 08.05.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2025
Дата вступления в силу
09.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 562-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 58-րդ հոդվածի 3-րդ մասում «հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով։

Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է.

«3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:»:

Նախ հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում «և թիկունքով դեպի պատը» բառեր առկա չեն, ինչով պայմանավորված փոխարինվել չեն կարող:

Անդրադառնալով նախագծի բուն էությանը` հարկ է նկատել, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության հիմնավորման համաձայն նախագծով առաջարկվում է քվեարկության սենյակում քվեախցիկները տեղադրվեն այն դիրքով, որ քվեարկելիս ընտրողը լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք և հանձնաժողովի անդամները հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչ է կատարվում քվեախցիկի ներսում, մասնավորապես. «անհնար կլինի նկարել քվեաթերթիկը կամ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»:

Գտնում ենք, որ առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 7-րդ և Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածներով երաշխավորված քվեարկության գաղտնիության սկզբունքի համատեքստում:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում կիրառվող քվեախցիկների առկա կառուցվածքի պայմաններում, ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովվում է միայն այն դիրքով, որը սահմանված է Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով, քանի որ քվեախցիկում գտնվելիս գաղտնիության ապահովման տեսանկյունից ընտրողի կամարտահայտման ակտը կարող է վտանգվել միայն թիկունքից, քանզի ընտրողի աջ և ձախ կողմերից և դիմացից քվեախցիկի պատերն ապահովում են քվեարկության գաղտնիությունը։ Եթե հնարավորություն տրվի թիկունքից դիտելու ընտրողի քվեարկելու ընթացքը, ուղղակիորեն կխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հետևաբար, քվեախցիկի դիրքի փոփոխության դեպքում ինքնին կիմաստազրկվի հենց քվեախցիկների տեղադրման պահանջը:

Ավելին, Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ իրականացվում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Սահմանված է, որ տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն Ընտրական օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ: Տեսախցիկներն ունեն կադրը մոտեցնելու հնարավորություն և նման պայմաններում քվեարկության գաղտնիության խախտման վտանգը ծայրահեղ մեծ է։

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ եթե քվեախցիկները տեղադրվեն ընտրական գործընթացի մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ապա անհնարին կլինի նկատել, թե ընտրողն ինչպես է ընտրում։

Այս առումով հարկ է նշել սակայն, որ Հայաստանի Հանրապետությունում որպես քվեարկության սենյակ հատկացված տարածքները կարող են չապահովել նշված հնարավորությունը։ Դրանից բացի, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք (վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները) ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք և կարող են լուսանկարել, տեսանկարահանել քվեարկության ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Նախագծով առաջարկվող քվեախցիկի դիրքի պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ ապահովել պատշաճ հանրային վերահսկողությունն ու քվեարկության գաղտնիությունը։

Վերոնշյալի հաշվառմամբ գտնում ենք, որ նախագիծը սկզբունքորեն անընդունելի է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան