ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Տ. Գրիգորյան |
ԵԴ/0339/06/23 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ռ. Պապոյան |
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
7 փետրվարի 2025 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Ռոբերտի Ավագյանի պաշտպան Գ. Մխիթարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է թիվ 60870623 քրեական վարույթը:
2023 թվականի ապրիլի 1-ին Տիգրան Ռոբերտի Ավագյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
2023 թվականի ապրիլի 2-ին որոշում է կայացվել Տ.Ավագյանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու մասին։
Երևան քաղաքի դատախազության դատախազ Կ.Իսրայելյանի՝ 2023 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Տ.Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ հաստատվել է ձերբակալման ընթացքում մեղադրյալ Տ.Ավագյանի իրավունքների խախտման փաստը, մասնակի բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Տ.Ավագյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավը՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
3. Դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի որոշումը, բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Տ.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, կալանավորման ժամկետի սկիզբը հաշվելով նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի ապրիլի 1-ից՝ հաշվակցելով տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Տ.Ավագյանի պաշտպան Գ.Մխիթարյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
5․1․Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչված ձերբակալումը Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել, քանի որ հսկող դատախազի բողոքը նման պահանջ չի բովանդակել, հետևաբար Վերաքննիչ դատարանը՝ ի վնաս մեղադրյալի դուրս է եկել բողոքի քննության սահմաններից՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, և բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ, սակայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ, պետք է չբավարարեր դատախազի բողոքը, քանի որ հիշյալ հոդվածն ունի իմպերատիվ պահանջ։
5.2. Անդրադառնալով հիմնավոր կասկածին, բողոքաբերը նշել է, որ Տ.Ավագյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնի խախտման վերաբերյալ առկա չէ որևէ փաստական տվյալ, ապացույց, չկա փորձագետի եզրակացություն կամ մասնագետի կարծիք, հետևաբար՝ այս պայմաններում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելը եղել է ոչ իրավաչափ: Բողոքաբերը նշել է, որ Տ.Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը պարեկային ծառայության էլեկտրոնային ռեգիստրով պարզել է, որ վերջինս ունեցել է վարորդական իրավունք, սակայն այն ուժը կորցրել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ և 343-րդ հոդվածների դիսպոզիցիաների համապարփակ վերլուծությամբ պարզ է դառնում, որ ուժը կորցրած վարորդական իրավունքով վարելը, որպես առանձին որակյալ հատկանիշ, որևէ հոդվածով նախատեսված չէ։
5.3. Անդրադառնալով կալանավորման հիմքերին, բողոքաբերը նշել է, որ Տ.Ավագյանը մեղադրվում է նյութական շահ չհետապնդող, անզգուշությամբ կատարված հանցագործության մեջ, հետևաբար այն տեսակետը, որ Տ.Ավագյանը կարող է կատարել նոր հանցանք, հիմնված է ենթադրությունների վրա:
Բողոքի հեղինակը նաև նշել է, որ 2022 թվականի մայիսի 18-ի դրությամբ Տ.Ավագյանի դատվածությունը եղել է մարված։ Մասնավորապես, պրոբացիոն ծառայությունից ստացված գրության համաձայն՝ Տ.Ավագյանը նշանակված տուգանքն ամբողջությամբ վճարել է 2021 թվականի մայիսի 18-ին և հանվել հաշվառումից։
Բողոքաբերը փաստել է, որ հարցաքննված վկաներից որևէ մեկը չի տվել այնպիսի ցուցմունք, որով կարող է հաստատվել կամ հերքվել Տ.Ավագյանի առնչությունը կատարված դեպքին, քննությանը հայտնի չէ վկաների այնպիսի շրջանակ, որոնք կարող են տալ գործի համար էական նշանակություն ունեցող ցուցմունքներ, Տ.Ավագյանն ընդունել է դեպքի պահին ավտոմեքենան վարելու հանգամանքը, իսկ քրեական վարույթի համար էական մյուս հարցերի պարզումը՝ ճանապարհային երթևեկության կանոններ խախտելու կամ խախտած չլինելու հանգամանքը, կարող է որոշվել միայն դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ։ Ցուցմունք տալը կամ չտալը մեղադրյալի իրավունքն է, բացի այդ, երկրորդ ցուցմունքով մեղադրյալն ընդունել է, որ դեպքի պահին ավտոմեքենան վարել է ինքը, այլևս չի մեղադրել ոչ ոքի, և նույնիսկ պատրաստ է իր ցուցմունքի դատական դեպոնացման, եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից կլինի նման նախաձեռնություն։ Բողոքաբերը եկել է հետևության, որ մեղադրյալի նման զղջումն ինքնին հիմք էր ողջամտորեն ենթադրելու, որ Տ.Ավագյանը հետագայում այլևս նման վարքագիծ դրսևորել չի կարող:
Բողոք բերած անձը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալի պարագայում դրսևորվելիք օրինական վարքագիծն ապահովելու ռիսկերի տեսանկյունից հիմք է ընդունել 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակ կայացված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, սակայն չի մեկնաբանել, թե ինչու է այն նոր օրենսդրության պայմաններում կիրառելի: Մինչդեռ, 2023 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած տնային կալանքն ինքնին ունի բավարար գործիքակազմ վարույթի բնականոն ընթացքն ապահովելու և մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար, հակառակ պայմաններում կիմաստազրկվի տնային կալանքը որպես խափանման միջոց ինստիտուտի ներմուծումը և նշանակությունը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ և Տ.Ավագյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Տիգրան Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ (...) «նա, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, իր վարած ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ճանապարհային երթևեկության ապահովմանն ուղղված պահանջը, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է հետիոտն Կարեն Երեմի Խաչատրյանի մահը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում․
Տիգրան Ռոբերտի Ավագյանը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և դրանով խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի պահանջը՝ 2023 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, փաստացի իրեն պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի 36 RP 060 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցով՝ Տիգրան Մեծ պողոտայի կողմից Վարդանանց փողոցի ուղղությամբ և հասնելով Երվանդ Քոչար փողոցի թիվ 5/2 հասցեի դիմացի հատվածին՝ թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ և 103 կետերի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ հետիոտն Կարեն Երեմի Խաչատրյանի կողմից չկարգավորվող հետիոտնային անցումներով իր ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ երթևեկելի մասը ձախից դեպի աջ դանդաղ քայլքով հատելու ժամանակ ի վիճակի լինելով հայտնաբերել նրան՝ ժամանակին միջոցներ չի ձեռնարկել ավտոմեքենան մինչև վրաերթի տեղին հասնելը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու համար այն հաշվով, որպեսզի վերջինս դուրս գա վտանգավոր գոտուց, որի արդյունքում այդ գծանշումների վրա իր վարած ավտոմեքենայի առջևի աջ հատվածով վրաերթի է ենթարկել Կարեն Խաչատրյանին` անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը՝ իր այդ գործողություններով պայմանավորելով տվյալ վրաերթի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու հնարավորությունից»1։
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Վերոգրյալ իրավանորմերի և դատողությունների համատեքստում քննարկելով մեղադրյալ Տիգրան Ավագյանի ձերբակալման իրավաչափությունը` դատարանն արձանագրում է, որ ըստ ձերբակալման արձանագրության` 2023 թվականի ապրիլի 1-ին ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Երևան քաղաքի Գրիբոյեդովի 58 հասցեի մոտից Տիգրան Ավագյանը ձերբակալվել է: Դատարանը փաստում է, որ ձերբակալման արձանագրության մեջ որպես ձերբակալման պատճառ նշվել է վրաերթի ենթարկելու հիմնավոր կասկածը, իսկ որպես ձերբակալման հիմք` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը, սակայն արձանագրության մեջ չի նշվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող հանգամանքներից որևէ մեկը, ինչպես նաև ձերբակալման պայմանն ու նպատակը:
2023 թվականի ապրիլի 2-ին ժամը 00:30-ին, որոշում է կայացվել Տիգրան Ավագյանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին` նկատի ունենալով, որ Տիգրան Ավագյանն առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք, միաժամանակ, նրա վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի, 36 RP 060 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ հետքեր ու վնասվածքներ, հետևաբար, հայտնաբերվել են նշված հոդվածով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր: Մինչդեռ, դատարանը փաստում է, որ ձերբակալման որոշման մեջ բացակայում է ձերբակալման նպատակի առկայությունը փաստող որևէ հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա դատարանը հանգում է հետևության, որ Տիգրան Ավագյանի ձերբակալումը չի կարող համարվել իրավաչափ և այդ գործողությունների արդյունքում խախտվել են ձերբակալված անձի իրավունքները (…)»2։
9. Դատախազը հատուկ վերանայման բողոքում նշել է հետևյալը. «(...) Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերը և հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, փաստում են, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու, կալանքը միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և չեզոքացնել մեղադրյալի փախուստը կանխելու և սույն օրենսգրքով նրա վրա դրված պարտականությունները չկատարելու վտանգը, հետևաբար դատարանի որոշումը ենթակա է բեկանման ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ 2 ամիս ժամկետով (...)»3։
10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոց հանդիսացող տնային կալանքը չի կարող չեզոքացնել մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունները չկատարելու և նոր հանցանք կատարելու բարձր հավանականությունը՝ հաշվի առնելով այն, որ մեղադրյալ Տիգրան Ավագյանի վարքագծի նկատմամբ չի կարող իրականացվել այն հսկողությունը, որն իրականացվում է կալանք խափանման միջոցի դեպքում։ Ընդ որում, անգամ տնային կալանքի կիրառմամբ մեղադրյալին նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ ունենալու, հաղորդակցության այլ ձևերից օգտվելու իրավունքից արգելելու հանգամամնքները նույնպես չեն կարող գործուն երաշխիք հանդիսանալ ապացուցներ հավաքելու փուլում նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար, քանի որ դատարանը չի կարող արգելել նրա հետ համատեղ բնակվող անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցություններ վարելու և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու իրավունքը։ Հետևաբար, առկա է ողջամիտ ենթադրություն, որ մեղադրյալ Տիգրան Ավագյանը կարող է վարույթին միջամտելու նպատակով օգտագործել այլ անձանց հեռախոսները, և այդ եղանակով կապ հաստատել որոշակի անձանց հետ։
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ խափանման միջոց տնային կալանքը, նույնիսկ գրավ խափանման միջոցի հետ համակցված կիրառմամբ, չի կարող ծառայել իր իրավաչափ նպատակին, և այդ առումով Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն։
Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն կարծիքի հետ, որ թեև մեղադրյալի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ, սակայն վերջինս փաստացի գտնվում է ազատության մեջ և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տանն իր կամ իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսներից չի կարող հաղորդակցվել կամ նրանց միջոցով նամակագրություն հաստատել Սևակ Ղարիբյանի կամ քննության համար կարևոր նշանակություն ունեցող հարցաքննված և դեռևս չհարցաքննված այլ վկաների հետ, իր օգտին ցուցմունքներ տալու համար:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի հետ տուժող կողմի հնարավոր հաշվեհարդար տեսնելու ենթադրությունը չի բխում քրեական գործի նյութերից, և ինչպես դրանից, այնպես էլ ակնկալվող պատժից խուսափելու նպատակով Տիգրան Ավագյանի կողմից փախուստի դիմելու հավանականության վերաբերյալ Դատախազի ենթադրություններն իրատեսական չեն։
(...)
Հաշվի առնելով սույն որոշման նախորդ կետում բերված հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խափանման միջոց կալանքը 2 (երկու) ամիս ժամկետով կիրառելու հարցի քննարկման համատեքստում մեղադրյալ Տիգրան Ավագյանի՝ մշտական բնակության վայր ունենալու, անչափահաս երեխայի՝ Վահան Տիգրանի Ավագյանի խնամքը միայնակ իրականացնելու, առողջական խնդիրներ ունենալու հանգամանքները բավարար չեն արձանագրելու, որ ազատությունից փաստացի զրկմամբ չպայմանավորված այլընտրանքային խափանման միջոցների, այդ թվում՝ դրանց համակցված կիրառումը կարող է երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այն է՝ չեզոքացնել կամ էապես նվազեցնել նոր հանցանք կատարելու և դատավարության մասնակիցների վրա ազդեցություն գործադրելու միջոցով քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկը, ուստի վարույթի քննության տվյալ փուլում կալանավորումն այն բացառիկ խափանման միջոցն է, որը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Միևնույն ժամանակ, խափանման միջոցի հարցը քննարկելիս կարևորելով մեղադրյալի առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը (նրա մոտ առկա է հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F19) ախտորոշումը), Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ քրեական վարույթի շրջանակներում անազատության մեջ պահվող անձանց առողջության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է։ Մեղադրյալ Տիգրան Ավագյանը անազատության պայմաններում զրկված չէ իր առողջությունը պատշաճ պահպանելու հնարավորությունից։
Հետևաբար, Վերաքննիչ դատարան արձանագրում է, որ մեղադրյալ Տիգրան Ավագյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջների խախտում (...)»4։
11. 2023 թվականի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել թիվ ԵԴ1/1911/01/23 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Տիգրան Ռոբերտի Ավագյանի։ Նախնական դատալսումների ընթացքում 2024 թվականի հունվարի 12-ի որոշմամբ Տ.Ավագյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոցներ ընտրված բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը թողնվել են անփոփոխ5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումը։
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար (...)»:
13.1. Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արձանագրել է, որ հաշվի առնելով անձի անձնական ազատության իրավունքին կալանավորման առավել ինտենսիվ միջամտող բնույթը, վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում այն ընտրելուց առաջ պարտավոր է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հիմնավորված կերպով բացառել մնացած բոլոր, ավելի մեղմ խափանման միջոցների ընտրության հնարավորությունը6։
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով7:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում. (...)»։
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝
1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ:
(...)
3. Արձանագրության մեջ նշվում են`
1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն.
2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները, պատճառները և հիմքերը.
(...)
5. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաև մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների և պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն և վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը:
9. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
1) վարչական հսկողությունը, տնային կալանքը կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու մասին.
2) միջնորդությունը մասնակի բավարարելու մասին.
3) միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։
2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝
(...)
5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած (...)»։
14.1. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձը ձերբակալվել է, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, դատարանը առաջնահերթ պետք է անդրադառնա ձերբակալման իրավաչափությանը։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ վերոնշյալ դեպքում, երբ դատարանը հանգում է հետևության, որ նույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, մերժում է խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Այսինքն, դատարանը չունի այլընտրանք, քան մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը, ուստի իրավասու չէ նաև միջնորդությունը մասնակի բավարարելով՝ առավել մեղմ խափանման միջոց կիրառել։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Տ.Ավագյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ նա, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, իր վարած ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ճանապարհային երթևեկության ապահովմանն ուղղված պահանջը, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է հետիոտն Կարեն Երեմի Խաչատրյանի մահը8։
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Տ.Ավագյանի ձերբակալման իրավաչափությանը, արձանագրել է, որ Տ.Ավագյանի ձերբակալման արձանագրության մեջ որպես ձերբակալման պատճառ նշվել է վրաերթի ենթարկելու հիմնավոր կասկածը, իսկ որպես ձերբակալման հիմք` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը, սակայն արձանագրության մեջ չի նշվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող հանգամանքներից որևէ մեկը, ինչպես նաև ձերբակալման պայմանն ու նպատակը:
Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Տ.Ավագյանին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին որոշմանը, նշել է, որ թեև դրանում նշված է, որ Տ.Ավագյանի վարած ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ հետքեր ու վնասվածքներ, հետևաբար, հայտնաբերվել են նշված հոդվածով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր, սակայն որոշման մեջ բացակայում է ձերբակալման նպատակի առկայությունը փաստող որևէ հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա, Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ Տ.Ավագյանի ձերբակալումը չի կարող համարվել իրավաչափ և այդ գործողությունների արդյունքում խախտվել են ձերբակալված անձի իրավունքները:
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա է Տ.Ավագյանի կողմից հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը, և վերջինս ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել քրեական վարույթին, չկատարել իր վրա օրենսգրքով դրված պարտականությունները և կատարել նոր հանցանք, սակայն այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավի՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը9:
- Դատախազն իր հատուկ վերանայման բողոքում չի վիճարկել Տ.Ավագյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի հետևությունը10։
- Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող չեզոքացնել մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունները չկատարելու և նոր հանցանք կատարելու բարձր հավանականությունը, Առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանել է՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Տ.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով11։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, նախևառաջ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Տ.Ավագյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է համարել այն հիմքով, որ բացակայել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող հանգամանքներից որևէ մեկը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելով և Տ.Ավագյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելով, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, քանզի Տ․Ավագյանին ձերբակալելիս անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը Վերաքննիչ դատարանի կողմից չի հաստատվել և չէր էլ կարող հաստատվել, քանի որ այդ մասով դատախազը հատուկ վերանայման բողոք չէր ներկայացրել։
17. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելով, դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի սահմաններից, քանզի ձերբակալման մասով դատախազը հատուկ վերանայման բողոք չէր ներկայացրել, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր որոշման պատճառաբանական հատվածում որևէ հետևության չէր հանգել ձերբակալման իրավաչափության վերաբերյալ։
18. Ինչ վերաբերում է մեղադրյալ Տ․Ավագյանի կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ բողոքաբերի կողմից սույն որոշման 5.2-րդ կետում բարձրացված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, զրկված է դրան անդրադառնալու հնարավորությունից, քանի որ բողոքաբերն այդ հիմքով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը չի բողոքարկել Վերաքննիչ դատարանում12։
19. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․3-րդ կետում վկայակոչված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումն իրավաչափ չէ։
21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբողջությամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի խախտում՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանելու համար։
Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով նախաքննության ընթացքում Տ.Ավագյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոփոխվել են, մինչդատական վարույթն ավարտվել է, և Տ.Ավագյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախնական դատալսումների ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է որոշում13, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
22. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Տիգրան Ռոբերտի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 48-49:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 89-107:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-19:
4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 53-76:
5 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/1911/01/23 գործը։
6 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը։
7 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուբիկ Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 և ,Արդշինինվեստբանկե փակ բաժնետիրական ընկերության գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշումները։
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|