Գլխավոր տեղեկություն
Номер
N 1518-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2010.05.05/18(752) 23.04.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
23.04.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
23.04.2025
Дата вступления в силу
24.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1518-Ա

«23» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Վարթան Թեյմուրազյանի 2025 թվականի մարտի 24-ի թիվ Դ-31221-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Վարչարարության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 16-ին հրավիրվել է լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և լսումներին ներկայացել է Վարթան Թեյմուրազյանը:

Ուսումնասիրելով Վարթան Թեյմուրազյանի 2025 թվականի մարտի 24-ի թիվ Դ-31221-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից և ի լրումն դրա ներկայացված ապացույցները, վարույթի լսումների մասին 2025 թվականի ապրիլի 16-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի մարտի 24-ի թիվ Դ-31221-25 դիմումով (այսուհետ՝ Դիմում), ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում հայտնած դիրքորոշմամբ, Վարթան Թեյմուրազյանը, հիմք ընդունելով Դիմումում նշված իրավական և փաստական հիմքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6410/05/22 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 27-ին կայացված և 2025 թվականի հունվարի 22-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը, խնդրեց փոխհատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր ճանաչված՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2022 թվականի օգոստոսի 5-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-31/53 որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) հետևանքով պատճառված՝ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասը:

Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի Որոշման 1-ին կետով Վարթան Թեյմուրազյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և վերջինիս նկատմամբ նշանակվել է վարչական տույժ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Նույն որոշման 2-րդ կետով նախազգուշացվել է Վարթան Թեյմուրազյանին, որ վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շինարարական աշխատանքներն ինքնակամ շարունակվելու դեպքում այն կառաջացնի վարչական տույժ՝ 2,000,000-2,500,000 ՀՀ դրամ գումարի չափով:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6410/05/22 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 27-ին կայացված վճռով (այսուհետ՝ Վճիռ) Վարթան Թեյմուրազյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է, այն է՝ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2022 թվականի օգոստոսի 5-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-31/53 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, Վճռով փաստել է, որ գործում առկա գրավոր ապացույցների, ինչպես նաև դատաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցների անմիջականորեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության, դրանց բովանդակության վերլուծության և գնահատման հիման վրա դատարանը կատարել է եզրահանգում, որ Վարթան Թեյմուրազյանի կողմից Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 6 բնակարանի պատշգամբում արտաքին և կողային պատերի կառուցման և նոր պատերի կառուցման, մասնավորապես՝ պատերի քանդման և նոր պատերի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը չի հիմնավորվել:

2023 թվականի փետրվարի 20-ին Որոշումն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարմանը, որի հիման վրա հարուցվել է թիվ 10095198 կատարողական վարույթը և հինգ հարյուր քսանհինգ հազար ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Վարթան Թեյմուրազյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

2023 թվականի փետրվարի 23-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով՝ թիվ 10095198 կատարողական վարույթը կարճվել է:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/6410/05/22 վարչական գործով 2025 թվականի հունվարի 22-ին կայացված որոշման ուժով Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42738-25 դիմումին կից Վարթան Թեյմուրազյանը, որպես լրացուցիչ ապացույցներ, ներկայացրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին մուտքի բնակիչների կողմից ստորագրված և շենքի լիազոր Հ.Արզոյանի ստորագրությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին հաստատված՝ «Դիմում» վերտառությամբ փաստաթղթի և նույն շենքի թիվ 6 բնակարանի վերանորոգման ընթացքը պատկերող լուսանկարների պատճենները:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ նույն օրենքի յոթերորդ բաժնի դրույթներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի բովանդակությունից և դրա հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյո՞ք դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ.

1) Որոշման հետևանքով Վարթան Թեյմուրազյանը կրել է 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնաս,

2) Վարթան Թեյմուրազյանի կողմից 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասի հատուցման պահանջն իրենից ներկայացնում է իրական, անհրաժեշտ և ողջամիտ պահանջ,

3) Վարթան Թեյմուրազյանի կրած՝ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասը հանդիսանում է Որոշման անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը,

4) Որոշման անվավերության և 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը որպես վնաս դիտարկել է խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված ծախսը, գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները (բաց թողնված օգուտ), հետևաբար Դիմումով ներկայացված պահանջի քննարկման շրջանակներում ենթակա է պարզման, արդյո՞ք Վարթան Թեյմուրազյանի կողմից ներկայացված վնասը համապատասխանում է մեջբերված իրավանորմով նախատեսված վնասի տեսակներից որևէ տեսակի բնորոշմանը:

Դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում հայտնած դիրքորոշմամբ Վարթան Թեյմուրազյանը հստակեցրել է, որ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասից՝

- 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով վնասն իրենից ներկայացնում է Որոշման 1-ին կետով նշանակված 500,000 ՀՀ դրամի և Որոշման 2-րդ կետով նախազգուշացված՝ 2,500,000 ՀՀ դրամի չափերով տուգանքների հանրագումարը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտի արդյունքում ակնկալվող գումար, որը Երևանի քաղաքապետարանը կստանար Որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման դեպքում,

- 4,500,000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասն իրենից ներկայացնում է 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2025 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում բնակության նպատակով այլ բնակարան վարձակալելու արդյունքում վճարված վարձավճարի ձևով կատարված ծախս,

- 2,500,000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասն իրենից ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարությամբ արտահայտված գործողությունների հետևանքով՝ Վարթան Թեյմուրազյանին և վերջինիս ընտանիքի պատիվը, բարի համբավը և արժանապատվությունը խաթարելու ոչ գույքային վնաս:

Դիմումով ներկայացված՝ վնասի հատուցման պահանջի հիմքում դրվել է Վճիռը, որով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի Որոշումն անվավեր է ճանաչվել, իսկ որպես փաստական հանգամանքներ՝ նշվել է, որ Որոշումը վերջնական դատական ակտով դեռևս անվավեր ճանաչված չլինելու և Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 6 բնակարանը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, բնակության համար ոչ պիտանի լինելու պայմաններում, վարձակալվել է այլ բնակարան՝ կրելով վարձավճարի տեսքով ծախս:

Դիմումի բովանդակությունից հետևում է, որ դիմումատուի ընդհանրական դիրքորոշումը հանգում է նրան, որ պահանջվող վնասն առաջացել է Որոշումն օրենքի խախտմամբ կայացված լինելու հետևանքով, որի ընդունման պահից մինչ Վճռի օրինական ուժի մեջ մտնելը, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 6 բնակարան այցելություններ իրականացնելու, շենքի շքամուտքում կեղծ մեղադրանքներ բարձրաձայնելու արդյունքում, դիմումատուն և վերջինիս ընտանիքի անդամները կրել են պատվի, բարի համբավի և արժանապատվության արատավորման ձևով դրսևորված ոչ գույքային վնաս:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04.10.2013 թվականի որոշումը)։»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03 Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել են հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։

Մասնավորապես, վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ և ողջամիտ։

Իրական՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։

Անհրաժեշտ՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։

Ողջամիտ՝ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Դիմումով ներկայացված պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:

Դիմումով պահանջված՝ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասից 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով գումարը Վարթան Թեյմուրազյանը ներկայացրել է որպես Որոշման 1-ին կետով նշանակված 500,000 ՀՀ դրամի և Որոշման 2-րդ կետով նախազգուշացված՝ 2,500,000 ՀՀ դրամի չափերով տուգանքների հանրագումար, սակայն Որոշման 1-ին կետի պահանջը չի կատարվել, իսկ 2-րդ կետի բովանդակությունից ակնհայտ է դրա նախազգուշացնող բնույթը, ինչից կարելի է փաստել, որ 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով վնասը իրական չէ, բխում է դիմումատուի ենթադրություններից և հիմնված է այնպիսի փաստերի ու իրադարձությունների վրա, որպիսիք տեղի չեն ունեցել:

Դիմումով պահանջված՝ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասից 4,500,000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գումարը Վարթան Թեյմուրազյանը ներկայացրել է որպես Որոշման ընդունման արդյունքում 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2025 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում բնակության նպատակով այլ բնակարան վարձակալելու արդյունքում վճարված վարձավճարի ձևով կատարված ծախս, ինչի կապակցությամբ գրավոր ապացույցներ չեն ներկայացվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգավորումների համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր, որը ենթակա է նոտարական վավերացման: Նույն օրենսգրքի 611-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Վարույթի լսումների ընթացքում Վարթան Թեյմուրազյանը ներկայացրել է բանավոր պարզաբանում՝ նշելով, որ Որոշման գոյության պայմաններում բնակվել են Կասյան փողոցի թիվ 4 շենքում, վճարել 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով վարձավճար: Վարթան Թեյմուրազյանը հայտնել է, որ վարձակալության պայմանագիր չի կնքվել, սակայն առկա են հարևանների վկայություններ, որպիսիք Դիմումին կից, վարույթի լսումների ընթացքում և լրացուցիչ ապացույց ներկայացնելու համար սահմանված ժամկետում, այն է՝ մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը, Վարթան Թեյմուրազյանի կողմից չեն ներկայացվել:

Ինչ վերաբերում է 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Դ-42738-25 դիմումին կից ներկայացված՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին մուտքի բնակիչների կողմից ստորագրված և շենքի լիազոր Հ.Արզոյանի ստորագրությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին հաստատված՝ «Դիմում» վերտառությամբ փաստաթղթին, ապա դրանում նշված է հետևյալը. «Սույնով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլից Վարթան Թեյմուրազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Ամիրյան 3 շենքի թիվ 6 բնակարանում ընթանում էր բնակարանի վերանորոգման աշխատանքներ: Նշված տարվա մայիս ամսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն անընդհատ այցելում էին թիվ 6 բնակարան՝ նշելով, որ բնակարանի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են օրենքի պահանջներին հակառակ, պահանջելով, որ բնակարանի վերանորոգումը կանգնեցվի, հակառակ դեպքում սպառնալով դիմելու պատժամիջոցների կիրառմանը: …..»: Նշված «Դիմում» վերտառությամբ փաստաթղթի բովանդակության ամբողջական ուսումնասիրությունից պարզվում է, որ այն չի պարունակում տեղեկատվություն Վարթան Թեյմուրազյանի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2025 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, ամսական 150,000 ՀՀ դրամ գումարի չափով վարձավճարով այլ բնակարան վարձակալած լինելու փաստի վերաբերյալ, հետևաբար նշված «Դիմում» վերտառությամբ փաստաթուղթը վարձավճարի գումարի ձևով և 4,500,000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնաս կրած լինելու փաստի ապացուցման նկատմամբ հանդիսանում է ոչ վերաբերելի ապացույց:

Նշված հանգամանքների գնահատմամբ կարելի է փաստել, որ Վարթան Թեյմուրազյանի կողմից Դիմումի հիման վրա իրականացվող վարույթով չեն ներկայացվել փաստաթղթային ապացույցներ, որոնց հետազոտմամբ հնարավոր կլիներ ապացուցված համարել Որոշման ընդունման արդյունքում, որպես ոչ իրավաչափ վարչական ակտի ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանք, դիմումատուի կողմից երեսուն ամիս տևողությամբ այլ բնակարան վարձակալված լինելու և այդ նպատակով վարձավճարի ձևով 4,500,000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ծախս կատարված լինելու հանգամանքները:

Դիմումով պահանջված՝ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասից 2,500,000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գումարը Վարթան Թեյմուրազյանը ներկայացրել է որպես վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարությամբ արտահայտված գործողությունների իր և իր ընտանիքի պատիվը, բարի համբավը և արժանապատվությունը խաթարելու ոչ գույքային վնաս, ինչը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներ վարույթի շրջանակներում չեն ներկայացվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում՝ պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

Քննարկվող պարագայում՝ Վարթան Թեյմուրազյանի կողմից չեն ներկայացվել պատշաճ ապացույցներ, որոնց հետազոտմամբ հնարավոր կլիներ ապացուցված համարել 2,500,000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ոչ նյութական վնաս կրած լինելու և այն վարչական մարմնի՝ Վճռով անվավեր (ոչ իրավաչափ) ճանաչված Որոշման ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքները:

Այսպիսով, Դիմումի հիման վրա իրականացված վարույթում առկա ապացույցների և դիմումատուի կողմից բանավոր կերպով ներկայացված փաստարկների բազմակողմանի, ամբողջական և լրիվ հետազոտման արդյունքում՝ Դիմումով ներկայացված պահանջը գնահատվում է չապացուցված և անհիմն:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Վարթան Թեյմուրազյանի կողմից, ի հիմնավորումն Դիմումով ներկայացված պահանջի իրավաչափության, չեն ներկայացվել վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ, չի ապացուցվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6410/05/22 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 27-ին կայացված և 2025 թվականի հունվարի 22-ին օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2022 թվականի օգոստոսի 5-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-31/53 որոշման և 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի ապացուցվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2022 թվականի օգոստոսի 5-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-31/53 որոշման ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 17-րդ, 135-րդ, 162.1-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 95-րդ, 96-րդ և 104-րդ հոդվածների դրույթներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Վարթան Թեյմուրազյանի` վնասի հատուցման պահանջի մասին 2025 թվականի մարտի 24-ի թիվ Դ-31221-25 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան