Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-69-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2011-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.30/18(821) Հոդ.319
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.03.2011
Дата вступления в силу
09.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «104-րդ հոդվածի երկրորդ մասով,» բառերից հետո լրացնել «132-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 132.2-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով,» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 132.

Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը

 

1. Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:

5. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 132.1-ին հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132.2-րդ հոդվածով.

 

 «Հոդված 132.2.

Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը

 

1. Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքը օգտագործելով,

4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

5) առևանգման միջոցով,

6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132.3-րդ հոդվածով.

 

 «Հոդված 132.3. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը

 

1. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար, և եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) ակնհայտ անչափահասի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 165-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «առավելագույնը երեք տարի» բառերը փոխարինել «մեկից հինգ տարի» բառերով.

2) 2-րդ մասի «առավելագույնը երեք տարի» բառերը փոխարինել «երկուսից վեց տարի» բառերով.

3) 3-րդ մասի «երկուսից յոթ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա» բառերով.

4) 4-րդ մասի «հինգից յոթ տարի ժամկետով» բառերը փոխարինել «հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 166.

Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

 

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`

1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 166.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 166.1.

Երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

 

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`

1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 167-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «կամ երեխային փոխելը» բառերից հետո լրացնել «, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 168-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 168.

Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը

 

1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) կեղծ որդեգրում կատարելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 261.

Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը

 

1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

 

 Հոդված 262.

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը

 

1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջը օգտագործելով,

5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով,

6) անչափահասին օգտագործելով,

7) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 263-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի «տարածելը» բառից առաջ հանել «ապօրինի» բառը, ինչպես նաև 1-ին մասը «պատրաստելը» բառից հետո լրացնել «, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները» բառերով.

2) 2-րդ մասից հանել «Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաև» բառերը:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-69-Ն