Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 18.04.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2025
Дата вступления в силу
19.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2025 թվականի N 436-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-998-20.01.2025-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-998-20.01.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

1. Նախագծով առաջարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խստացնել դրա դեմ տարվող պատժողական քաղաքականությունը՝ պատիժների խստացման եղանակով:

Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված քրեական պատասխանատվության խստացմանը՝ հարկ է նկատել, որ քրեական իրավունքի տեսության մեջ հանցավորության դեմ պայքարի միջոցների համակարգում պատժի դերը կարևոր է, սակայն հանցավորության աճի միտումը կախված է նաև այլ գործոններից՝ տնտեսական, քաղաքական, կազմակերպակառավարչական։ Պատիժն այն միջոցներից մեկն է, որի օգնությամբ պետությունը, ազդելով հանցավորության վրա, փորձում է պահել այն որոշակի սահմանների մեջ։ Այս համատեքստում, պետք է նկատի ունենալ, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոցներից են օրենքների գործնական, օպերատիվ կիրառումը և հանցագործությունների հուսալի բացահայտումը։

Հարկ է ընդգծել, որ քրեական օրենսգրքում յուրաքանչյուր արարքի համար քրեական պատասխանատվության, սույն դեպքում՝ պատժի տեսակը և չափը սահմանված են որոշակի չափորոշիչներ հաշվի առնելով: Մասնավորապես, ՀՀ սահմանադրությամբ ամրագրված պատժի համաչափության սկզբունքի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Հետևաբար, այս կամ այն հանցավոր արարքի համար պատժատեսակ և պատժաչափ որոշելիս պետության կողմից պետք է ապահովվի պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին:

Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագծի առաջարկը՝ պատիժների խստացման վերաբերյալ, չի բխում ՀՀ քրեական օրենսգրքում հանցավոր արարքների համար նախատեսված պատժատեսակների և պատժաչափերի հիմքում դրված տրամաբանությունից։ Մասնավորապես, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախագծով առաջարկվում են այնպիսի պատժաչափեր, որպիսիք նախատեսված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական ծանրագույն հանցագործությունների, ծանրացնող հանգամանքներով սպանության, պետական դավաճանության, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենք փորձարկելու հանցակազմերով, ինչն ակնհայտորեն խաթարում է արարքի և հանցավորի հանրային վտանգավորության և պատժի միջև համաչափության սկզբունքը:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ պատժաչափերի՝ առաջարկվող խստացումները չեն բխում պետության կողմից որդեգրված քրեական քաղաքականության հիմնարար սկզբունքներից, ավելին՝ խաթարում են քրեական ներգործության միջոցների համակարգային համաչափությունը: Ուստի, գտնում ենք, որ հիմնավորված չէ պատիժների խստացման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը:

2. Միևնույն ժամանակ անդրադառնալով նախագծի մյուս առաջարկին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքների շարքը լրացնելու վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. նկատի ունենալով վերջին տարիներին համացանցային տարբեր հավելվածների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցանքների կատարմանը անչափահասների ներգրավման դեպքերի աճը՝ դրանց դեմ առավել արդյունավետ պայքարելու և դրանց պատշաճ քրեաիրավական արձագանք տալու նպատակով համապատասխան հոդվածներում այդ արարքները ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքների նախատեսումը հնարավորություն կտա հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակելու ավելի խիստ և համարժեք պատիժ։ Այդ կարգավորումներով կիրացվի նաև նախագծի նպատակը՝ խնդրո առարկա արարքների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ։

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ հետևյալը.

2.1. Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել և որպես հանցանքի ծանրացնող տեսակ նախատեսել արարքի կատարումը «անչափահասի ներգրավմամբ»:

Գտնում ենք, որ «անչափահասի ներգրավմամբ» եզրույթի օգտագործումը գործնականում կարող է տարբեր մեկնաբանություններ առաջացնել այն առումով, թե արդյո՞ք նշված եզրույթի բովանդակությունը ներառում է նաև թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալներն անչափահասներին իրացնելը, քանի որ իրացնելու դեպքում տերմինաբանական տեսանկյունից ներգրավելու հատկանիշը բացակայում է:

Տվյալ դեպքում, երբ հենց անչափահասին է իրացվում թմրամիջոց, վերջինս չի ներգրավվում արարքի կատարման մեջ, քանզի ներգրավելը հանցանքի օբյեկտիվ կողմի գործողություններից որևէ մեկին ամբողջությամբ կամ մասամբ մասնակից դարձնելն է, սակայն անչափահասին թմրամիջոց իրացնելու դեպքում վերջինս չի մասնակցում հանցակազմի որևէ արարքի կատարման:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով նաև նախագծի ընդունման հիմնավորումները, կարգավորման նպատակը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նաև անչափահասների շրջանում՝ առաջարկում ենք «անչափահասի ներգրավմամբ» բառերը փոխարինել «անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ» բառերով: Ընդ որում, նույն դիտարկումները հավասարապես վերաբերում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 394-րդ հոդվածի՝ նախագծով առաջարկվող կարգավորումներին:

Կարծում ենք նշված առաջարկությունն էլ ավելի է ապահովելու նախագծի իրավական որոշակիությունը, բացի այդ հստակ ու կոնկրետ ընդգծվելու է անչափահասներին թմրամիջոցներ իրացնելու հատուկ անհանդուրժողականությունն ու դրա դեմ պայքարի նպատակով առանձնակի պատժողական քաղաքականությունը:

2.2. Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը «վիճակի խոցելիությունը» բառերից հետո լրացնել «, անօգնական վիճակում գտնվելը» բառերով, որով, ըստ էության, քրեական պատասխանատվություն է նախատեսելու անօգնական վիճակում գտնվող անձին թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի տրամաբանությունը պահպանելու նպատակով առաջարկում ենք «, անօգնական վիճակում գտնվելը» բառերը փոխարինել «, անօգնական վիճակը» բառերով:

Միևնույն ժամանակ, նախագծի ընդհանուր տրամաբանությունը պահելու նպատակով, առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «անչափահասի նկատմամբ» բառերը փոխարինել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով» բառերով, իսկ 3-րդ մասը լրացնել նոր՝ արարքը առավել ծանրացնող հանգամանք՝ արարքը անչափահասի նկատմամբ կատարելը:

2.3. Անդրադառնալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում կատարվող փոփոխությանը՝ հարկ ենք համարում նշել, որ օրենսդրական տեխնիկայի կանոններից ելնելով՝ հանցանքի որակյալ տեսակի մեկից ավելի ծանրացնող հանգամանքները նպատակահարմար է թվարկել հոդվածի մասում կետեր ավելացնելով և կետերում նշված ծանրացնող հանգամանքների միջև «կամ» շաղկապն օգտագործելով: Բացի դրանից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածն ունի նաև 3-րդ մաս, որում նշված է «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը», ուստի հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում կատարվող փոփոխության հետ մեկտեղ անհրաժեշտ է հոդվածի 3-րդ մասում «1-ին» բառը փոխարինել «1-ին կամ 2-րդ» բառերով, որպեսզի 2-րդ մասում ավելացվող նոր ծանրացնող հանգամանքը վերաբերի նաև հոդվածի 3-րդ մասին:

2.4. Բացի դրանից, նկատի ունենալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նշանակությունը և կարևորությունը, նույնասեռ հանցանքների կատարման համար քրեական պատասխանատվության միատեսակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք նաև.

- արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով և անչափահասի ներգրավմամբ կատարելը որպես արարքը ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ նախատեսել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, ՀՀ քրեական օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում,

- արարքը անչափահասի ներգրավմամբ կատարելը որպես արարքը առավել ծանրացնող հանգամանք նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասում և ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասում,

- ՀՀ քրեական օրենսգրքի 401-րդ հոդվածում նախատեսել արարքը ծանրացնող հանգամանք, այն է՝ արարքը անչափահասի նկատմամբ կատարելը և որպես պատիժ նախատեսել ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով,

- ՀՀ քրեական օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում որպես արարքը ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ նախատեսել արարքը համապատասխանաբար տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով և անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելը:

Այսպիսով, հարկ ենք համարում ընդգծել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված արարքների կատարման համար նախատեսված պատիժների խստացման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը բացակայում է, իսկ այդ արարքները նախատեսող համապատասխան հոդվածներում արարքը ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքների շարքը լրացնելու և՛ անհրաժեշտությունը, և՛ նպատակահարմարությունը հիմնավորված են, ավելին՝ առաջարկում ենք դրանք նախատեսել նաև ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 40-րդ գլխի մյուս հոդվածներում: