Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Принят
Թումանյան համայնքի ավագանի
Дата принятия
08.04.2025
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
08.04.2025
Дата вступления в силу
12.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 ապրիլի 2025 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -10

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

 

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

 

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

 

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

 

ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ

 

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

 

ՄԱՐՈՒՔՅԱՆ ՌԱՖԻԿ

 

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

 

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

 

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Թումանյան համայնքի

ավագանու 2025 թվականի ապրիլի 08

N 22-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի (այսուհետ՝ Համայնք) տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար Համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) աղբ` կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ՝ թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետևանքով.

2) շինարարական աղբ` շենք-շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության հետևանքով առաջացող աղբ.

3) խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որի չափերը գերազանցում են մեկ խորանարդ մետրը և, ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ), անհնար է դրա հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.

4) տեսակավորված աղբ` վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի տեսակ, որի տարանջատումն ու առանձին հավաքումն իրականացվում է աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում։

3. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է Համայնքի ղեկավարը՝ համաձայն սույն պայմանների և կարգի։

4. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:

5. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:

6. Շինարարական և խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբ առաջացնող անձինք (այդ թվում՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր) աղբի հավաքման և տեղափոխման թույլտվություն ստանալու համար՝ գրավոր դիմում են ներկայացնում Համայնքի ղեկավարին։

7. Դիմումում պետք է նշվի աղբի տեսակը, գտնվելու վայրը, ծավալը կամ զանգվածը, աղբի հավաքման և փոխադրման նախատեսվող ժամկետները, պարբերականությունը, այլ անհրաժեշտ տվյալներ:

8. Դիմողը պետք է ներկայացնի հավաստի տվյալներ այն մասին, որ տիրապետում է այդ աշխատանքների կատարման համար բավարար նյութատեխնիկական միջոցներով:

9. Դիմումը համայնքապետարանում մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում կազմվում է թույլտվության նախագիծը:

10. Թույլտվության նախագծում սահմանվում են`

1) աղբի տվյալ տեսակի հավաքման և փոխադրման համար առաջադրվող պայմանները.

2) աղբի տեղափոխման երթուղին.

3) աղբի տեղադրման վայրը.

4) թույլտվության տրամադրման վճարի չափը.

5) աշխատանքների կատարման ժամկետները.

6) այլ անհրաժեշտ պայմաններ և ցուցումներ:

11. Համայնքի ղեկավարի կողմից հաստատված թույլտվությունը դիմողին տրամադրվում է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերով հաշվարկված և թույլտվության նախագծում նշված վճարի անդորրագիրը ներկայացնելուց հետո:

12. Շինարարական, խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբի աղբահանությանը թույլտվություն ստացած անձինք՝ աղբահանությունն իրականացնում են այն պայմանով, որ`

1) նվազեցվի և չեզոքացվի աղբի բացասական (վտանգավոր) ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

2) աղբահանության ընթացքում ապահովվի բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ.

3) աղբի հավաքումն ու փոխադրումը կատարվի պարբերաբար` աղբի առաջացումից (գոյացումից) հետո երեք օրվա ընթացքում,

4) բացառվի աղբի մնացորդներով շրջակայքի աղտոտումը:

13. Շինարարական, խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը հավաքում և փոխադրում են սեփական միջոցներով` Համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, կամ նման թույլտվություն ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

14. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն ստացած անձինք Համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում:

15. Առանց թույլտվության շինարարական և խոշոր եզրաչափի աղբը ինքնուրույն փոխադրելը և տեղադրելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասի» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով:

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Որոշման նախագծով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը՝ համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համապատասխան` Համայնքի ավագանին իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

«Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով»:

Հետևաբար աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ համայնքի ղեկավարը կարող է տրամադրել միայն Համայնքի ավագանու սահմանված կարգով և հաստատած պայմաններով: Ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է Համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրման իրավակարգավորմանը:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն Համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման (այդ թվում՝ ինքնուրույն) թույլտվություն ստանալու պայմանները և կարգ

 

ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու կարգավորելու համայնքի ղեկավարի կողմից աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան