Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-58-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.03.2011-26.06.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.645
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.06.2006
Дата вступления в силу
01.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

1. Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:

2. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

 

Հոդված 2.

Սահմանադրական դատարանի լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը

 

Սահմանադրական դատարանի լիազորությունները և կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը` Սահմանադրությամբ և սույն օրենքով:

 

Հոդված 3.

Սահմանադրական դատարանի անդամին ներկայացվող պահանջները

 

1. Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաև իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին։

2. Սահմանադրական դատարանի անդամ նշանակելիս Ազգային ժողովը և Հանրապետության Նախագահը պետք է հաշվի առնեն նաև սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի բարոյական հատկանիշները:

3. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որը չպետք է խոչընդոտի սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների իրականացմանը և չի կարող հարգելի պատճառ համարվել սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու համար։

4. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

 

Հոդված 4.

Սահմանադրական դատարանի անդամի երդումը 

 

Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը:»:

 

Հոդված 5.

Սահմանադրական դատարանում գործերի քննության հիմնական սկզբունքները

 

Սահմանադրական դատարանում գործերի քննության հիմնական սկզբունքներն են՝

1) սահմանադրական դատարանի անկախությունը.

2) գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը.

3) կողմերի իրավահավասարությունն ու մրցակցությունը.

4) կոլեգիալությունը.

5) հրապարակայնությունը։


Հոդված 6.

Սահմանադրական դատարանի գործունեության երաշխիքները

 

1. Սահմանադրական դատարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

2. Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանված ժամկետում սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտ) ներկայացնում է կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

3. Սահմանադրական դատարանի բյուջեն պետական բյուջեի մաս է:

4. Սահմանադրական դատարանի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:

Կառավարությունը Ազգային ժողով և սահմանադրական դատարան է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանադրական դատարանի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

6. Սահմանադրական դատարանն ինքնուրույն է ձևավորում իր աշխատակազմը և տնօրինում իր միջոցները:

7. Կառավարությունը սահմանադրական դատարանին հատկացնում է առանձին շենք և անհրաժեշտ գույք՝ նրա բնականոն գործունեության ապահովման համար:

8. Սահմանադրական դատարանի զբաղեցրած շենքերի, շինությունների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

9. Սահմանադրական դատարանի անդամի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ ներգործության սպառնալիքի դեպքում սահմանադրական դատարանի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանադրական դատարանի անդամի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

10. Սահմանադրական դատարանի անդամներից և աշխատակազմի աշխատակիցներից բացի, այլ անձինք սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով:

 

Հոդված 7.

Սահմանադրական դատարանի նստավայրը

 

1. Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում՝ սահմանադրական դատարանի նստավայրում:

2. Սահմանադրական դատարանն անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանի նիստեր կարող է անցկացնել նաև այլ վայրում:

 

Հոդված 8.

Պետական խորհրդանիշների օգտագործումը սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանի կնիքը

 

1. Սահմանադրական դատարանի նստավայրի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

2. Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և Հայաստանի Հանրապետության դրոշը:

3. Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանումով կնիք: 
 

Գ Լ ՈՒ Խ  2


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ


Հոդված 9.

Սահմանադրական դատարանի անդամի անկախությունը

 

1. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանի անդամն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին:

2. Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու կամ ստանալու որևէ ցուցում:

3. Սահմանադրական դատարանի անդամի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով։

4. Սահմանադրական դատարանի անդամի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին սահմանադրական դատարանի անդամն անհապաղ իրազեկում է սահմանադրական դատարանին, որն իր որոշմամբ կարող է իրավասու մարմիններից պահանջել անհապաղ պատասխանատվության ենթարկել միջամտություն թույլ տված և (կամ) այն կազմակերպած անձին:

Հոդված 10.

Սահմանադրական դատարանի անդամի անփոփոխելիությունը

 

1. Սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի է:

2. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Հոդված 11.

Սահմանադրական դատարանի անդամի անձեռնմխելիությունը

 

1. Սահմանադրական դատարանի անդամն անձեռնմխելի է։

2. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց սահմանադրական դատարանի և իրեն նշանակող մարմնի` Ազգային ժողովի կամ Հանրապետության Նախագահի համաձայնության: Սահմանադրական դատարանի համաձայնությունը տրվում է եզրակացությամբ, Ազգային ժողովի համաձայնությունը` Ազգային ժողովի որոշմամբ, իսկ Հանրապետության Նախագահի համաձայնությունը` հրամանագրով:

3. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Սահմանադրական դատարանի անդամի ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և սահմանադրական դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և սահմանադրական դատարան:

Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել սահմանադրական դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է սահմանադրական դատարանի ձերբակալված անդամը, և ապահովել նրա տեսակցությունը սահմանադրական դատարանի անդամի հետ:

4. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող բերման ենթարկվել: Իրավասու մարմին առանց փաստաթղթերի բերման ենթարկված սահմանադրական դատարանի անդամը պետք է անմիջապես ազատ արձակվի նրա ինքնությունը պարզելուց հետո:

5. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար սահմանադրական դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:  

6. Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:

7. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

8. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածով ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

9. Սահմանադրական դատարանի անդամին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր:

 

Հոդված 12.

Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը

 

1. Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ։

2. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների վարձատրության չափը սահմանվում է օրենքով։ Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվում է նաև հավելավճար` սահմանադրական դատարանի անդամի, դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժից ելնելով` դատավորների համար նախատեսված կարգով:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման դեպքերում նրան տրվում է կենսաթոշակ՝ իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի 75 տոկոսի չափով:

Սահմանադրական դատարանի նախագահի և անդամի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակները համամասնորեն վերահաշվարկվում են:

4. Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ։

5. Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել:

Արձակուրդից հետ կանչվելու դեպքում սահմանադրական դատարանի անդամը պահպանում է արձակուրդի չօգտագործված օրերն օգտագործելու իրավունքը:

 

Հոդված 13.

Սահմանադրական դատարանի անդամների համազգեստը

 

Սահմանադրական դատարանի անդամները դատական նիստի ժամանակ կրում են հատուկ համազգեստ, որի նկարագրությունը սահմանվում է սահմանադրական դատարանի կանոնակարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ


Հոդված 14.

Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման, դադարեցման և կասեցման հիմքերը

 

1. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա 65 տարին.

2) նա մահացել է.

3) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նա իրեն նշանակած պետական մարմին հրաժարական ներկայացնելուց և միաժամանակ այդ մասին սահմանադրական դատարանին տեղեկացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցվել է, որ նա պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում, եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո:

3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նրան նշանակած մարմնի կողմից, եթե նա՝

1) մեկ տարվա ընթացքում երեք օր անհարգելի պատճառով չի մասնակցել սահմանադրական դատարանի նիստերին.

2) ժամանակավոր անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները.

3) խախտել է սահմանադրական դատարանի անդամին վերաբերող` սույն օրենքով սահմանված անհամատեղելիության կանոնները.

4) նախապես կարծիք է հայտնել սահմանադրական դատարանում քննվելիք գործի վերաբերյալ կամ այլ գործողություններով կասկածի տակ է դրել իր անաչառությունը կամ տեղեկություններ է հայտնել դռնփակ խորհրդակցության ընթացքի մասին կամ այլ կերպ դրժել է սահմանադրական դատարանի անդամի իր երդումը.

5) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նշանակած սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի նշանակած սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման հարցի մասին եզրակացություն ստանալու համար Հանրապետության Նախագահը դիմում է սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության Նախագահն իր հրամանագրով կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները:

Եզրակացությունն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները չդադարեցվելու դեպքում նույն հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել:

6. Սահմանադրական դատարանի անդամին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում նրա լիազորությունները կասեցվում են դատավորների լիազորությունների կասեցման համար նախատեսված կարգով:

7. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարելու դեպքերում սահմանադրական դատարանի նախագահը երկօրյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ սահմանադրական դատարանի նոր անդամ նշանակելու համար։

 

Հոդված 15.

Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի թափուր տեղերը համալրելու կարգը

 

1. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարելուց հետո թափուր տեղում նոր անդամի նշանակումը կատարվում է երկամսյա ժամկետում՝ սահմանադրական դատարանի անդամի նշանակման համար Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով։

2. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում սահմանադրական դատարանի նախագահ նշանակվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


Հոդված 16.

Սահմանադրական դատարանի գործունեության ապահովումը

 

1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովում է սահմանադրական դատարանի նախագահը:

2. Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի անդամներից մեկի վրա նախապես դնում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունը, իսկ փոխարինողի բացակայության դեպքում սահմանադրական դատարանի նախագահին փոխարինում է սահմանադրական դատարանի տարիքով ավագ անդամը:

 

Հոդված 17.

 Սահմանադրական դատարանի նախագահը 

 

1. Սահմանադրական դատարանի նախագահը, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, կազմակերպում և ղեկավարում է սահմանադրական դատարանի գործունեությունը:

2. Սահմանադրական դատարանի նախագահը՝

1) գործով զեկուցողի (զեկուցողների) հետ համատեղ նախապատրաստում է սահմանադրական դատարանի նիստերը.

2) սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումները նախապատրաստելու համար հանձնարարություններ է տալիս սահմանադրական դատարանի անդամներին.

3) հրավիրում և նախագահում է սահմանադրական դատարանի նիստերը.

4) սահմանադրական դատարան է ներկայացնում նիստերում քննարկման ենթակա հարցերը.

5) սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստին ներկաներին, որոնք պարտադիր են կատարման.

6) ներկայացնում է սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

7) իրականացնում է սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը՝ նշանակում և ազատում է աշխատակազմի ղեկավարին, հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը և հաստիքացուցակը.

8) տնօրինում է սահմանադրական դատարանի ֆինանսական միջոցները.

9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 18.

Սահմանադրական դատարանի աշխատակազմը

 

1. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ` սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար:

2. Ծառայությունը սահմանադրական դատարանի աշխատակազմում Հայաստանի Հանրապետությունում նախատեսված պետական ծառայության հատուկ տեսակ է` դատական ծառայություն, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և սահմանադրական դատարանի կանոնակարգով:

3. Սահմանադրական դատարանի դատական ծառայողներին դասային աստիճաններ շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


Հոդված 19.

Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

 

Գործի բոլոր հանգամանքները սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով։

 

Հոդված 20.

Կոլեգիալությունը

 

1. Սահմանադրական դատարանը գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

2. Սահմանադրական դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանի անդամն ունի մեկ ձայնի իրավունք։

 

Հոդված 21.

Սահմանադրական դատավարության իրականացումը կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա

 

Սահմանադրական դատարանը պարտավոր է անաչառ կերպով ապահովել, որպեսզի կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

 

Հոդված 22.

Հրապարակայնությունը

 

1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործի դատաքննության ընթացքը կարող է գրառվել, ձայնագրվել:
Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել սահմանադրական դատարանի որոշմամբ:

3. Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ՝ սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում և լուծվում է դռնփակ նիստում:

5. Դռնփակ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Դռնփակ նիստին ներկա անձինք սահմանադրական դատարանի կողմից նախազգուշացվում են դռնփակ նիստում իրենց հայտնի դարձած տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության մասին:

6. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում:

 

Հոդված 23.

Անընդհատությունը

 

1. Սահմանադրական դատարանի՝ յուրաքանչյուր գործով նիստը շարունակվում է անընդհատ, բացի հանգստի և սահմանադրական դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից։

2. Մինչև գործի քննության ավարտը կամ դատաքննության հետաձգումն այլ գործեր քննելն արգելվում է: Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո սահմանադրական դատարանը առանձին նիստում կարող է սկսել այլ գործի դատաքննություն կամ շարունակել հետաձգված գործի դատաքննությունը:

 

Հոդված 24.

Գործերի քննության լեզուն

 

1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով։

2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին սահմանադրական դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

3. Թարգմանիչների վարձատրության կարգը սահմանվում է օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ


Հոդված 25.

Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը

 

Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված մարմինները և անձինք, ընդ որում, Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետում նշված դեպքում սահմանադրական դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 26.

Սահմանադրական դատարանում գործի քննության առիթը

 

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

 

Հոդված 27.

Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց) կողմից ստորագրված։

2. Դիմումում պետք է նշվեն՝

1) սահմանադրական դատարանի անվանումը.

2) դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն).

3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք.

4) Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս.

5) սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.

6) դիմումին կցվող նյութերի ցանկը, եթե կան այդպիսիք։

3. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է սահմանադրական դատարան ներկայացնել նաև սույն օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

Պետական տուրքը ֆիզիկական անձանց սահմանադրական դատարան դիմելու համար սահմանվում է բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար` քսանապատիկի չափով:

Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 28.

Դիմումին կցվող նյութերը

 

1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝

1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.

2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

3) վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում.

4) դիմողի հայեցողությամբ` այլ նյութեր:

2. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր նյութեր կարող է ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ։

 

Գ Լ ՈՒ Խ  7


ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 29.

Դիմումի ընդունումը սահմանադրական դատարանի կողմից

 

1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է սահմանադրական դատարանի նախագահին:

2. Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է սահմանադրական դատարանի կանոնակարգով:

3. Եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ սահմանադրական դատարանին, կամ այն ներկայացրել են սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմինը, անձը (անձինք), ապա սահմանադրական դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումը:

4. Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում սույն օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ, 3.1-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` 24 ժամվա ընթացքում սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին, և դիմումին հետագա ընթացք է տրվում երկօրյա ժամկետում` այն հիշյալ պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

Նշված ժամկետում դիմումի համապատասխանությունը սույն օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում այն վերադարձվում է դիմողին:

5. Դիմողը դիմումը վերադարձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին, որն այդ հարցով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո ընդունում է վերջնական որոշում:

 

Հոդված 30.

Դիմումի նախնական ուսումնասիրումը

Սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով և 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի մեկ կամ մի քանի անդամների հանձնարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը:

 

Հոդված 31.

Գործը քննության ընդունելը

 

1. Դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով սահմանադրական դատարանի անդամը (անդամները) սահմանադրական դատարանի նախագահին զեկուցում է (զեկուցում են) դիմումի ուսումնասիրման արդյունքների մասին:

2. Զեկուցումից հետո սահմանադրական դատարանի կանոնակարգով նախատեսված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է սահմանադրական դատարանի նիստ՝ գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար:

3. Գործն ընդունվում է քննության, եթե առկա չեն սույն օրենքի 32-րդ հոդվածում նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:

4. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածի 6-8-րդ մասերով:

5. Գործը քննության ընդունելու մասին որոշմամբ սահմանադրական դատարանը լուծում է նաև գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր:

6. Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մասին դատավարության կողմերը տեղեկացվում են եռօրյա ժամկետում:

 

Հոդված 32.

Գործի քննությունը մերժելը

 

Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն սահմանադրական դատարանին.

2) եթե դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան.

3) եթե սույն օրենքի 68-75-րդ և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը.

4) եթե սույն օրենքի 76-րդ, 78-80-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը, և այդ հարցով ներկայացված նոր դիմումում չեն արծարծվում այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք դիմողից անկախ պատճառներով հայտնի չէին եղել իրեն մինչև սահմանադրական դատարանի որոշումն ընդունելը և ի հայտ չէին եկել գործի քննության ընթացքում.

5) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

6) սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 33.

Դիմումը հետ վերցնելը

 

1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է դիմողը հետ վերցնել մինչև գործի դատաքննությունը սկսվելը:

2. Այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, կարող է մերժել սահմանադրական դատարանը, եթե սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճմանը:

 

Հոդված 34.

Դիմումի ապահովումը սահմանադրական դատարանի որոշմամբ

 

1. Գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար:

2. Վիճարկվող իրավական ակտի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ մասին հանրությունն անհապաղ իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցներով, իսկ համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ


Հոդված 35.

Սահմանադրական դատարանի նիստը

 

1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է սահմանադրական դատարանի նիստերում:

2. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում կայացնելու համար սույն օրենքի 62-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված քվորումը:

3. Սահմանադրական դատարանում յուրաքանչյուր գործի դատաքննությունն իրականացվում է դատարանի առանձին նիստում:

 

Հոդված 36.

Նիստի հրավիրումը

 

Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է սահմանադրական դատարանի նախագահը, իսկ վերջինիս բացակայության ժամանակ` սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխարինողը:

 

Հոդված 37.

Գործը դատաքննության նախապատրաստելը

 

1. Սահմանադրական դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։

2. Դիմումների և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները սահմանադրական դատարանի անդամներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ:

Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սույն օրենքի 75-րդ հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իր կանոնակարգով կարող է սահմանել սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված նյութերն ուղարկելու ավելի սեղմ ժամկետներ:

3. Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է սահմանադրական դատարանի աշխատակազմը` սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված ժամկետներում։

 

Հոդված 38.

Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը

 

1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:

2. Գրավոր ընթացակարգով գործերի դատաքննության կանոնները սահմանում է սահմանադրական դատարանը` իր կանոնակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:

 

Հոդված 39.

Սահմանադրական դատարանում գործերը միավորելը

 

Մինչև դատաքննությունն սկսվելը սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:

 

Հոդված 40.

Սահմանադրական դատարանի պահանջները

 

1. Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաև սահմանադրական դատարանի կողմից որպես տվյալ գործով զեկուցող նշանակված սահմանադրական դատարանի անդամը (անդամները) սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու է (են) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, եզրակացություններ և այլ նյութեր, հանձնարարելու կատարել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձաքննություններ, հետազոտություններ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` պահանջելու նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

2. Սահմանադրական դատարանի և զեկուցողի պահանջները և հանձնարարականները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն սահմանադրական դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում:

Եթե այդ ժամկետում սահմանադրական դատարանի կամ զեկուցողի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կատարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ սահմանադրական դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանը և զեկուցողը կարող են երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում սահմանադրական դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանադրական դատարանի պահանջները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, դրանց կատարումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում սահմանադրական դատարանն այդ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է նշանակել օրենքով սահմանված պատասխանատվության միջոց:

Պատասխանատվության միջոցի նշանակումը չի ազատում սահմանադրական դատարանի պահանջների կատարումից:

Սույն մասում նշված գործողությունների կամ անգործության համար ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձի ղեկավարը կարող են տուգանվել` օրենքով սահմանված չափով:

4. Պատասխանատվության միջոց նշանակվելուց հետո սահմանադրական դատարանի պահանջները վերստին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ դրանց կատարումից խուսափելը կամ կատարման ժամկետները խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

Հոդված 41.

Ապացույցները սահմանադրական դատարանում

 

1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, կարող են ձեռք բերվել`

1) վկաների բացատրությունների միջոցով.

2) փորձագետի եզրակացության միջոցով.

3) գրավոր փաստաթղթերի, նյութերի և իրերի (գրավոր և իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքների և այլ տեղեկությունների միջոցով.

4) զննման միջոցով.

5) դատավարության կողմերի` որպես վկա տրված բացատրությունների միջոցով:

2. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ ապացուցման բեռը կրող կամ ապացույցներ ներկայացնելու իր իրավունքից օգտվող դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։

 

Հոդված 42.

Սահմանադրական դատարանի անդամի իրավունքները

 

Սահմանադրական դատարանի անդամն իրավունք ունի՝

1) ծանոթանալու գործի նյութերին.

2) նիստում քննվող հարցերի առնչությամբ հարցեր տալու, պատասխաններ, պարզաբանումներ ստանալու.

3) աշխատակարգային հարցերի վերաբերյալ արտահայտելու իր կարծիքը.

4) առաջարկություններ անելու, միջնորդություններ հարուցելու:

 

Հոդված 43.

Սահմանադրական դատարանի անդամի պարտականությունները

 

Սահմանադրական դատարանի անդամը պարտավոր է՝

1) կատարել սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությունները դատարանի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ.

2) մասնակցել դատարանի նիստերին և քվեարկություններին.

3) պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների և քվեարկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 44.

Սահմանադրական դատավարության մասնակիցները

 

Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`

1) դատավարության կողմերը`

ա) դիմողը` սույն օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող մարմինները և անձինք.

բ) պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք.

2) վկան, փորձագետը և թարգմանիչը.

3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են կողմի իրավունքներից:

 

Հոդված 45.

Որպես պատասխանող կողմ ներգրավելը

 

Եթե դիմողը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում չի նշել պատասխանող կողմին կամ նշել է ոչ պատշաճ կողմի, ապա սահմանադրական դատարանը գործը քննության ընդունելու մասին որոշմամբ դատավարությանը որպես կողմ ներգրավում է պատասխանողին կամ պատշաճ պատասխանողին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև հարակից պատասխանողների:

 

Հոդված 46.

Ներկայացուցչությունը դատարանում

 

1. Կողմերը սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ) ներկայացուցիչների միջոցով:

2. Կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը ներկայացնող որևէ պատգամավոր` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

4. Յուրաքանչյուր կողմ սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ:

5. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վճռաբեկ դատարանի, մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել սահմանադրական դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը, իսկ դատաքննության ընթացքում կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ սահմանադրական դատարանի հարցերին:

 

Հոդված 47.

Կողմերի իրավունքները

 

Կողմերն իրավունք ունեն՝

1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ.

2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր.

3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.

4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին, վկային.

5) միջնորդություններ հարուցելու, առաջարկություններ անելու։

 

Հոդված 48.

Կողմերի պարտականությունները

 

Կողմերը պարտավոր են՝

1) ներկայանալ սահմանադրական դատարանի հրավերով.

2) բացատրություններ տալ և պատասխանել հարցերին.

3) սահմանադրական դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող նյութեր.

4) ենթարկվել սահմանադրական դատարանում գործերի քննության կանոններին և սույն օրենքի այլ պահանջներին.

5) բարեխղճորեն օգտվել իրենց դատավարական իրավունքներից:

 

Հոդված 49.

Նիստի ընթացակարգը

 

1. Դատական նիստերի դահլիճ սահմանադրական դատարանի անդամների մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:

2. Նախագահողը, նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը։

3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների և հրավիրված անձանց ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը։ Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա որոշում է կայացնում այն հետաձգելու մասին։

4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները։

5. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ և իրենց բացատրությունները, պարզաբանումները կամ պատասխանները տալիս են կանգնած: Այլ կերպ դատարանին բացատրություններ, պարզաբանումներ կամ պատասխաններ տալը կատարվում է միայն դատարանի թույլտվությամբ:

6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ սահմանադրական դատարանի անդամները։

7. Զեկուցման ավարտից հետո սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի անդամների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է որոշում։ Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել։ Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ սահմանադրական դատարանի անդամների առաջարկությունները քննարկվում են անհապաղ։

 

Հոդված 50.

Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

(վերնագիրը խմբ. 08.02.11 ՀՕ-45-Ն)

 

1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակ հետապնդի:

Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին բացատրություն տվող վկայի նկատմամբ: Սահմանադրական դատարան դիմողի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

3. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով` դատական կարգադրիչների միջոցով:

4. Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող` դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը և դատարանի քննարկմանը դնել սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու հարցը: Այդ հարցով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:

(50-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 51.

Կողմերի բացատրությունները

 

1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:

2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:

3. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ սահմանադրական դատարանի անդամները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաև փորձագետը:

4. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:

5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկությունները ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո տրամադրում են սահմանադրական դատարանին:

 

Հոդված 52.

Կողմի հանդես գալը որպես վկա

 

Եթե կողմին հայտնի է տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա նա կարող է իր նախաձեռնությամբ հանդես գալ որպես վկա:
Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, և կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:

Որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են սույն օրենքի 54-րդ հոդվածի 2-4-րդ մասերի և 55-րդ հոդվածի կանոնները:

 

Հոդված 53.

Փորձագետի եզրակացությունը, իրավունքներն ու պարտականությունները

 

1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի արդյունքով:

2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել սահմանադրական դատարանի նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Սահմանադրական դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

5. Փորձագետն իրավունք ունի՝

1) սահմանադրական դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին.

2) սահմանադրական դատարանի թույլտվությամբ հարցեր տալու կողմերին և վկաներին, ինչպես նաև դատական նիստում իր եզրակացությունը ներկայացրած այլ փորձագետի.

3) իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ հարուցելու:

6. Եզրակացության շարադրումից հետո փորձագետը պարտավոր է պատասխանել դատարանի անդամների և կողմերի հարցերին:

7. Եզրակացությունը գրավոր ներկայացվում է սահմանադրական դատարան՝ փորձագետի ստորագրությամբ:

8. Փորձագետի եզրակացության` իրավական հարցերին վերաբերող մասը չունի ապացուցողական նշանակություն:

 

Հոդված 54.

Վկաների բացատրությունները

 

1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ սահմանադրական դատարանը նիստին հրավիրում և որպես վկա լսում է այն անձանց բացատրությունները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված որոշմամբ:

2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել սահմանադրական դատարանի նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ բացատրություն տալու և բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործի էությանն առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատարանի անդամների և կողմերի հարցերին:

5. Դատական նիստին ներկայացած վկաները մինչև իրենց հարցաքննությունն սկսվելը դուրս են հրավիրվում դատական նիստի դահլիճից: Նիստը նախագահողը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հարցաքննված վկաները չհաղորդակցվեն չհարցաքննված վկաների հետ:

 

Հոդված 55.

Փորձագետի, վկայի և թարգմանչի պատասխանատվությունը

 

Սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն կամ ակնհայտ կեղծ բացատրություն տալը կամ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, ինչպես նաև եզրակացություն և բացատրություն տալուց հրաժարվելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 56.

Գործի վարույթը կասեցնելը

 

1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը`

1) եթե նշանակել է փորձաքննություն.

2) եթե տվել է դատական հանձնարարություններ.

3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ ապացույցներ է պահանջել.

4) եթե դատավարության կողմերից մեկն իր հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով խնդրել է կասեցնել գործի վարույթը.

5) սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, սահմանադրական դատարանի կանոնակարգով և սահմանադրական դատարանի որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:

 

Հոդված 57.

Գործի վարույթի վերսկսումը

 

1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո կամ մինչև այդ հիմքերը վերանալը` սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ:

2. Սահմանադրական դատարանը կողմերի եզրափակիչ ելույթներից հետո որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր:

3. Վերսկսված վարույթից հետո կողմերը եզրափակիչ ելույթների իրավունք ունեն՝ հետազոտված նոր հանգամանքների և նյութերի առնչությամբ:

4. Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

 

Հոդված 58.

Սահմանադրական դատարանի նիստի արձանագրությունը

 

1. Սահմանադրական դատարանի նիստերն արձանագրվում են:

2. Նիստի արձանագրությունն ստորագրում են նախագահողը և արձանագրողը:

3. Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը և ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

 

Հոդված 59.

Գործով որոշումների կամ եզրակացությունների ընդունումը

 

1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն սահմանադրական դատարանի անդամները։

2. Խորհրդակցությունում դատարանի անդամն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ։

3. Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում։

4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը՝ սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ։ Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները։

5. Արձանագրությունն ստորագրում են խորհրդակցությանը մասնակցած սահմանադրական դատարանի անդամները։

6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։

7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի:

8. Խորհրդակցության ավարտից հետո խորհրդակցական սենյակ է հրավիրվում դատարանի աշխատակազմի իրավասու աշխատակիցը, որը գրառում է դատարանի որոշումը և այն փոխանցում համակարգիչ:

9. Մինչև որոշման հրապարակումը սահմանադրական դատարանի նիստում դատարանի անդամները և աշխատակազմի աշխատակիցը պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց:

 

Հոդված 60.

Գործի վարույթը կարճելը

 

Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը՝

1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր.

2) եթե իրավական ակտը կամ դրա դրույթը, որի համապատասխանությունը Սահմանադրությանը վիճարկվում է, վերացվել է կամ ուժը կորցրել գործի դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում և չի կիրառվել.

3) սույն օրենքի 76-րդ, 78-80-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.

4) սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է:


Գ Լ ՈՒ Խ  9


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Հոդված 61.

Սահմանադրական դատարանի ակտերը

 

1. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ և 9-րդ կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

2. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 5-8-րդ կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է եզրակացություններ:

3. Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու և դատաքննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ՝ սահմանադրական դատարանի անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

5. Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

6. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների և դրանց այլ հասցեատերերի համար:

7. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի որոշմամբ նշանակվել է տուգանք, և այդ որոշումը կամովին չի կատարվել, ապա այն ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով:

8. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

 

Հոդված 62.

Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը

 

1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ անդամների անվանական հարցման միջոցով:

2. Նախագահողը քվեարկում է վերջում:

3. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքի 80-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

4. Սահմանադրական դատարանն ընդունում է եզրակացություններ՝ անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից:

6. Եթե սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված:

7. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործերով որոշում ընդունելիս սահմանադրական դատարանի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք` որոշման ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որը դատարանի որոշման հետ հրապարակվում է սահմանադրական դատարանի տեղեկագրում:

 

Հոդված 63.

Որոշումներին և եզրակացություններին ներկայացվող պահանջները

 

1. Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։

2. Սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։

3. Սահմանադրական դատարանի որոշման և եզրակացության հիմքում չեն կարող դրվել գործի դատաքննության ընթացքում չհետազոտված հանգամանքներ:

4. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են նիստում և կցվում գործին։

 

Հոդված 64.

Որոշման կամ եզրակացության շարադրանքը

 

1. Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) կողմերի և դատավարության այլ մասնակիցների մասին անհրաժեշտ տվյալներ.

3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.

4) Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն` դատարանն իրավասու է քննելու տվյալ գործը.

5) դիմումի համառոտ բովանդակությունը.

6) փաստական և իրավական հանգամանքներ, որոնք հետազոտվել են դատարանի կողմից.

7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.

8) դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող փաստարկները, այդ թվում` նաև այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները.

9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մասին.

10) որոշման կամ եզրակացության վերջնական լինելու մասին նշումը.

11) որոշման՝ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին կամ սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին նշումը:

2. Սահմանադրական դատարանի` գործով ըստ էության ընդունված որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է նիստը նախագահողը:

 

Հոդված 65.

Որոշման կամ եզրակացության առաքումը և հրատարակումը

 

1. Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են՝

1) դատավարության կողմերին.

2) Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն, վճռաբեկ դատարան, մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին:

2. Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրատարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև սահմանադրական դատարանի տեղեկագրում:

 

Հոդված 66.

Որոշումը չկատարելու հետևանքները

 

Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 67.

Որոշումների կատարման վիճակի ամփոփումը

 

Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Այն ուղարկվում է պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 68.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործերի քննությունը Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերում նշված մարմինների և անձանց դիմումների հիման վրա (իրավական նորմերի սահմանադրականության վերացական վերահսկողություն)

 

 

1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործերով կարող է վիճարկվել այդ կետում նշված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացնելու դեպքերի:

Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ Ազգային ժողովի որոշումների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ որոշման ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից:

3. Հանրապետության Նախագահը, Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործերով սահմանադրական դատարան դիմելուց առաջ կասեցնում է տվյալ որոշման գործողությունը` մեկ ամիս ժամկետով: Տվյալ գործով Հանրապետության Նախագահը սահմանադրական դատարան կարող է դիմել կասեցման վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրը:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:

Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Ազգային ժողովը, իսկ որպես հարակից պատասխանող` սահմանադրական դատարանի որոշմամբ կարող է ներգրավվել կառավարությունը, եթե նա է ներկայացրել տվյալ օրենքը հանրաքվեի դնելու առաջարկը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով:

Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում ոչ ուշ, քան դիմումը մուտքագրելուց մեկ ամիս հետո:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որոշում ընդունելիս սահմանադրական դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը` մասնավորապես հաշվի առնելով`

1) իրավական ակտի պահանջվող տեսակը.

2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածությունը.

3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.

4) Սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման ապահովվածությունը.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.

6) Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը։

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1) վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին:

9. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը: Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը հակասելու մեջ` սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները:

10. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի:

Այդ ակտերի վրա հիմնված սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն:

Չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ:

11. Անվավեր ճանաչված նորմատիվ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

12. Սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը սահմանադրական դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

13. Քրեական օրենսգրքի կամ վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթն իրավաբանական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից:

Այդ դրույթի կիրառման վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական և վարչական ակտերը օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:

14. Սահմանադրական դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ գործով ընդունված ըստ էության որոշումից առնվազն 7 տարի հետո, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել իր հիշյալ որոշումը, եթե`

1) փոփոխվել է Սահմանադրության` տվյալ գործով կիրառված դրույթը.

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել սահմանադրական դատարանի այլ որոշում, և եթե տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված դիմումը չի կարող վերաբերել այն իրավական ակտերին (դրանց առանձին դրույթներին), որոնք սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված դիմումների հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվում է սահմանադրական դատարանի անդամների 7 ձայնով:

Սույն մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, եթե առկա են սահմանադրական դատարանի որոշումը վերանայելու` սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված հիմքերը:

15. Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, եթե սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:

Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող:

16. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և անհրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերությունում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցառումները:

17. Հետաձգման մասին որոշումը պետք է ընդունվի այն հաշվարկով, որպեսզի դրանով իրապես կանխվեն անխուսափելի և ծանր հետևանքները հանրության և պետության համար, և ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին:

 

Հոդված 69.

Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա (անհատական դիմումների քննություն)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը:

2. Անհատական դիմումները կարող են ներկայացվել ինչպես Ազգային ժողովի ընդունած, այնպես էլ հանրաքվեով ընդունված օրենքների դրույթների սահմանադրականության վերաբերյալ:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը` իր ընդունած օրենքների առնչությամբ:

Հանրաքվեով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ նույնպես ներգրավվում է Ազգային ժողովը, իսկ որպես հարակից պատասխանող` սահմանադրական դատարանի որոշմամբ կարող է ներգրավվել կառավարությունը, եթե նա է ներկայացրել տվյալ օրենքը հանրաքվեի դնելու առաջարկը:

4. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ:

5. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

6. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 14-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի, կայացվում է սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով, որը որոշում է ընդունում սահմանադրական դատարանի անունից: Դատական կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ, որի անցկացման կարգը սահմանվում է սահմանադրական դատարանի կանոնակարգով:

7. Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

8. Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այն պետք է ընդունվի միաձայն, հակառակ դեպքում դիմումը քննության ընդունելու հարցը սահմանադրական դատարանը վերստին քննում և լուծում է ամբողջ կազմով, իսկ այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

9. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված ժամկետներում:

10. Անհատական դիմումների ընդունման և նախնական ուսումնասիրման կարգը սահմանվում է սահմանադրական դատարանի կանոնակարգով, իսկ դրանց հիման վրա գործերը քննության ընդունելու կամ գործերի քննությունը մերժելու հատուկ կանոնները սահմանվում են սույն օրենքով:

11. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-17-րդ մասերի կանոնները:

12. Սույն հոդվածում նշված գործերով օրենքի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

(69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթները 15.04.2008 ՍԴՈ-751 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը)

 

Հոդված 70.

Նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա

 

1. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարան կարող են դիմել տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնց` Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները խախտվում են Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված այն իրավական ակտով, որն ունի նորմատիվ բնույթ, կամ դրա որևէ դրույթով:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները սահմանադրական դատարան կարող են ներկայացվել այն պահից սկսած, երբ տեղական ինքնակառավարման մարմինն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքների խախտման կամ դրանց խախտման իրական հնարավորության մասին, բայց ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին:

4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:

5. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված ժամկետներում:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-17-րդ մասերով նախատեսված կանոնները:

 

Հոդված 71.

Նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների և գլխավոր դատախազի դիմումների հիման վրա (իրավական նորմերի կոնկրետ վերահսկողություն)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը:

2. Դատարանները սահմանադրական դատարան դիմելուց առաջ պարտավոր են, իսկ գլխավոր դատախազը կարող է կասեցնել կոնկրետ գործի վարույթը մինչև սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

3. Դատարանները կարող են դիմել սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:

4. Դատարանները և գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումներում դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

6. Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո:

7. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:

8. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է միայն գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչև գործի դատաքննությունն սկսվելը սահմանադրական դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումն արտահայտող գրավոր բացատրություններ:

9. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված ժամկետներում:

10. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-17-րդ մասերով նախատեսված կանոնները:

 

Հոդված 72.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը)

 

1. Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով սահմանադրական դատարան է դիմում Հանրապետության Նախագահը:

2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը` մինչև բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը:

Այդ գործերից յուրաքանչյուրով ըստ էության որոշումն ընդունվում է միևնույն դռնփակ խորհրդակցության արդյունքում, և բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հաջորդականության:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

5. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին։

 

Հոդված 73.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերի լուծումը)

 

1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է հանրաքվեների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն իրավասու է ձևավորելու հանձնախմբեր` ներգրավելով սահմանադրական դատարանի անդամներից մեկին (որպես հանձնախմբի կամ հանձնախմբերի ղեկավար) և տարբեր կամ միևնույն մարմինների աշխատակիցների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ` Ազգային ժողովի պատգամավորների, տեղական և միջազգային դիտորդների:

Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում:

6. Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:

7. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը, և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ չընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

 

Հոդված 74.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը)

 

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

2. Պատգամավորների ընտրությունների (համամասնական և մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորության թեկնածուները` մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով, ինչպես նաև կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները` համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:

3. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։

4. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։

Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես հարակից պատասխանող (պատասխանողներ), սահմանադրական դատարանը կարող է ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:

5. Այն թեկնածուները կամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են սահմանադրական դատարանի որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարության մեջ` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կերպով տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարության մեջ:

6. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

8. Սահմանադրական դատարանում քննվող գործով որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերման առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները:

9. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի դատաքննությունը սահմանադրական դատարանը, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, կարող է իրականացնել գրավոր ընթացակարգով:

10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը խուսափում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հակասում սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցների:

11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:

12. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը Սահմանադրությամբ և սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետում ավարտելուն:

13. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները, և իրավասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի և անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների:

14. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`

ա) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ) ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների,

գ) ընտրությունները ճանաչել չկայացած,

դ) նշանակել ընտրության երկրորդ փուլ:

15. Եթե գործի քննության արդյունքում սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

16. Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

17. Պատգամավորների` համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

18. Պատգամավորների` մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

19. Սույն հոդվածի 18-րդ մասում նշված գործերով, սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով, սահմանադրական դատարանի որոշմամբ գործերի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

(74-րդ հոդվածը փոփ. 16.11.07 ՀՕ-220-Ն)

 

Հոդված 75.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սահմանադրական դատարանը գործն ընդունում է քննության, գործը քննում և գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։

5. Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:


Հոդված 76.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով Ազգային ժողովը Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ընդունած իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության Նախագահի այն որոշումը, գործողությունը կամ անգործությունը, որի ընդունումը կամ իրականացումն իր մեջ պարունակում է պետական դավաճանության կամ Քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հանցագործության հատկանիշներ:

2. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես դատավարության մասնակից պետք է ներգրավվի Հանրապետության Նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:

4. Հանրապետության Նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Սույն հոդվածում նշված գործերի վարույթը չի կարող կարճվել Հանրապետության Նախագահի հրաժարականի կամ այլ հիմքով նրա լիազորությունների դադարման դեպքերում:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

7. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո:

8. Գործը քննության ընդունելուց հետո մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը չի կարող հետ վերցվել:

9. Գործը դատաքննության նախապատրաստելիս սահմանադրական դատարանը կարող է ձևավորել նախաքննության մարմնի` օրենքով սահմանված լիազորություններով օժտված հատուկ հանձնախումբ, որում ընդգրկում է վճռաբեկ դատարանի պալատներից մեկի նախագահին (որպես հանձնախմբի ղեկավար) և վճռաբեկ դատարանի երկու դատավորների: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

10. Հատուկ հանձնախմբի ձևավորումը պարտադիր է, եթե դիմող կողմը կամ Հանրապետության Նախագահը միջնորդել է դրա ձևավորման վերաբերյալ:

11. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում սահմանադրական դատարանը կամ հատուկ հանձնախումբը մասնավորապես իրավասու է՝

1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.

2) հրավիրելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:

12. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) ներկայացնում է (են) դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես է գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, և Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը, որին (որոնց) տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Այնուհետև սահմանադրական դատարանը լսում է տվյալ գործով ձևավորված հանձնախմբի դիրքորոշումը գործի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչն ունեն վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո սահմանադրական դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով որոշում կայացնել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չկայացվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

13. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից մեկը.

1) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին.

2) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:

15. Եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանն իրավասու է նաև գնահատելու Քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` սահմանադրական դատարանն ընդունում է սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:

16. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում սահմանադրական դատարանը պետք է նշի`

1) Հանրապետության Նախագահի այն որոշումները, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են ծանր հանցագործության հատկանիշներ և այդ հանցագործության ճշգրիտ որակավորումը.

2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության Նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները և դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց հետազոտման վերաբերյալ:

17. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով և հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:

 

Հոդված 77.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան 5 օր հետո:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իրավասու է`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու նյութեր, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.

2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով եզրակացություն ընդունելու համար:

6. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:

7. Եզրակացությունն ընդունվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է Ազգային ժողով, կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:

 

Հոդված 78.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դատարանի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին եզրակացություն է տրվելու, դատավարությանը պետք է ներգրավվի որպես դատավարության մասնակից, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

4. Մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը կարող է հետ վերցվել դիմողի կողմից, եթե սահմանադրական դատարանի անդամը տասնօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ:

5. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և սահմանադրական դատարանի անդամը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի քննությունը ենթակա է կարճման:

6. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները:

7. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

8. Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

9. Սույն հոդվածում նշված գործերով եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանը գնահատում է նաև սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ամրագրող օրենքների և Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված այլ իրավական ակտերի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը և հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` եզրակացություն է ընդունում համապատասխան հիմքերի բացակայության մասին:

 

Հոդված 79.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով որպես դատավարության մասնակից պետք է ներգրավվի այն համայնքի ղեկավարը, որին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն է տրվելու: Նա օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

4. Մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը կարող է հետ վերցվել դիմողի կողմից, եթե համայնքի ղեկավարը տասնօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ:

5. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի քննությունը ենթակա է կարճման:

6. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները:

7. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

8. Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 30 օրով:

9. Սույն հոդվածում նշված գործերով եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանը գնահատում է նաև համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերն ամրագրող օրենքի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը և հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` եզրակացություն է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին:

 

Հոդված 80.

Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման հատկանիշներ բացահայտելու դեպքում։

2. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես դատավարության մասնակից, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները։

6. Սահմանադրական դատարանն իրավասու է նաև որպես դիմումի ապահովման միջոց արգելանք դնելու տվյալ կուսակցության գույքի վրա:

7. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից` երեք ամսվա ընթացքում:

8. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:

9. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) դիմումը մերժելու մասին.

2) կուսակցության գործունեությունը որոշակի ժամկետով կասեցնելու մասին, և կարող է այդ ժամկետում կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություններ.

3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:

10. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև կուսակցությունների մասին օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը, և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին:

11. Որոշումն ընդունվում է սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ


Հոդված 81.

Դատական ծառայությունը և դատական ծառայողները

 

1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, դատական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները դատական ծառայողներ են:

2. Սահմանադրական դատարանում դատական ծառայության վրա տարածվում են դատական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքները այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

3. Սահմանադրական դատարանում դատական ծառայության առանձնահատկությունները սահմանվում են սահմանադրական դատարանի կանոնակարգով` սույն օրենքի և դատական ծառայության հարաբերությունները կարգավորող այլ օրենքների հիման վրա:

 

Հոդված 82.

Դատական ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Դատական ծառայության պաշտոնները սահմանադրական դատարանում դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ:

2. Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի:

 

Հոդված 83.

Դատական ծառայողների դասային աստիճանները

 

1. Սահմանադրական դատարանի դատական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի, արդարադատության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` արդարադատության 1-ին կամ 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ կամ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` դատական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ կամ արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` դատական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի ծառայողի դասային աստիճաններ կամ 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դասային աստիճանները շնորհում է սահմանադրական դատարանի նախագահը, իսկ մյուս դասային աստիճանները` սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

3. Դատական ծառայության դասային աստիճանները հավասար են քաղաքացիական ծառայության համար նախատեսված դասային աստիճաններին:

4. Սահմանադրական դատարանի աշխատակազմում սույն օրենքի 82-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական ծառայողին շնորհվում է դատական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի դատական կամ պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դասային աստիճանը:

5. Դատական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է օրենքով և սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով նրա գործունեության գնահատման արդյունքում:

6. Դատական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին դատական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է փորձաշրջանի ավարտից հետո:

7. Դատական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելու, ինչպես նաև պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքում, այդ թվում` դատական ծառայության համակարգում:

 

Հոդված 84.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սահմանադրական դատարանի նոր կանոնակարգն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

3. Սահմանադրական դատարանի կանոնակարգի` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում դատական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքների ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

4. Սահմանադրական դատարանի դատական ծառայողներին դասային աստիճաններ շնորհվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (20 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-19):

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

 Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 14
Երևան
ՀՕ-58-Ն