Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.01.2025
Подписан
Նախագահող
Дата подписания
15.01.2025
Дата вступления в силу
15.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

2025 թ. 

Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

Նախագահող դատավոր`

 Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի հունվարի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) դիմումի` Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 07.12.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է վերացնել Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները։

Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.12.2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15062022 թվականի որոշմամբ Դատարանի 07122021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Հակոբյանը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան): 

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանը (ներկայացուցիչ Կարո Ասատրյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 66-րդ ու 372-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման։

Վերաքննիչ դատարանը կայացրել է չհիմնավորված, չպատճառաբանված և անօրինական դատական ակտ, որով խաթարվել է արդարադատության բուն էությունն այնքանով, որքանով խախտվել է իր՝ որպես գործին մասնակից չդարձված անձի արդյունավետ դատական պաշտպանության ու արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոքարկվող 07.12.2021 թվականի դատական ակտի կայացմանն ինքը մասնակից չի դարձվել, Դատարանը որոշումը կայացրել է առանց դատական նիստ հրավիրելու և իր դիրքորոշումը լսելու, մինչդեռ այդ դատական ակտն առնչվել է այն գույքին, որի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատվել է վարչական ակտով ու անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով։ Մասնավորապես՝ 09.01.2017 թվականին հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներով կնքված առուվաճառքի պայմանագրով ինքը գնել է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը գործին մասնակցող անձի՝ պարտատիրոջ կարգավիճակ թեև ձեռք է բերել 15.11.2021 թվականին պահանջների վերաբերյալ կառավարչի վարած գրանցամատյանում կատարված փոփոխությունների հիման վրա, իսկ բողոքարկվող դատական ակտը կայացվել է 07.12.2021 թվականին, սակայն դատական ակտի կայացմանն ինքը մասնակից չի դարձվել, հետևաբար ինքը՝ որպես դատավարությանը (գործին) մասնակից չդարձված անձ, կարող էր բողոքարկել դատական ակտը, հատկապես այն պարագայում, երբ դատական ակտով խախտվում է սահմանադրորեն երաշխավորված իր սեփականության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ որոշում, քանի որ Արա Հակոբյանը նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն ներգրավվել է սնանկության վարույթում և գրանցել է իր պահանջը, ուստի դատական ակտի կայացման պահին ներգրավված է եղել սնանկության վարույթում ու իրացրել է իր դատավարական իրավունքները։

Ընդ որում՝ Արա Հակոբյանը Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը նախ բողոքարկել է որպես պարտատեր, այնուհետ առանց սպասելու բողոքարկման արդյունքում կայացվելիք դատական ակտին, նույնաբովանդակ բողոք է ներկայացրել նաև որպես գործին մասնակից չդարձած անձ՝ ակնհայտորեն թույլ տալով իրավունքի չարաշահում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 02.09.2014 թվականին Համայնքը դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու մասին դիմում (հավելված 1-ին, գ.թ. 4-7).

2) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ (հավելված 2-րդ, գ.թ. 23-30).

3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ, ի թիվս այլնի, գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով (հավելված 2-րդ, գ.թ. 38-40).

4) 08.11.2021 թվականին Արա Հակոբյանը դատարան է ներկայացրել պարտատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու մասին դիմում, որով խնդրել է իր ու Գագիկ Ղևոնդյանի միջև 03.11.2021 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Գագիկ Ղևոնդյանի փոխարեն իրեն գրանցել որպես պարտատեր: Արա Հակոբյանի պահանջը՝ 510000 ՌԴ ռուբլու չափով, նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15.11.2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված «է» հերթի պահանջ (հավելված 4-րդ, գ.թ. 41-42 և 08.08.2022 թվականին թիվ ԴԴ7-17587 ելքային համարով ուղարկված հավելված հատոր 3-րդ, գ.թ. 35, 36).

5) Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից 07.12.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացնելու մասին (08.08.2022 թվականին թիվ ԴԴ7-17587 ելքային համարով ուղարկված հավելված 4-րդ, գ.թ. 25-31).

6) Դատարանի 07.12.2021 թվականի որոշմամբ՝ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացնելու մասին սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է (08.08.2022 թվականին թիվ ԴԴ7-17587 ելքային համարով ուղարկված հավելված 4-րդ, գ.թ. 1-24, մյուս հավելվածում).

7) Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի՝ որպես սնանկության վարույթով պարտատիրոջ կողմից 16.12.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի վարույթ ընդունելը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11012021 թվականի որոշմամբ մերժվել է (հիմք՝ https://datalex.am/ տեղեկատվական համակարգ).

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 29.07.2022 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատն արձանագրել է. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցներով, ինչպես նաև 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն, իսկ սնանկության գործով կառավարիչն էլ գրանցամատյանում կատարել է պարտատերերի փոփոխություն։ Հետևաբար վերոգրյալ փաստական տվյալների համակցությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս հանգելու այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր արձանագրելու համար, որ Արա Հակոբյանը չի հանդիսանում գործին մասնակցող անձ» (հիմք՝ https://datalex.am/ տեղեկատվական համակարգ).

9) Արա Հակոբյանի՝ որպես գործին մասնակից չդարձած անձի կողմից 22.02.2022 թվականին Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի վարույթ ընդունելը Վերաքննիչ դատարանի 15.06.2022 թվականի որոշմամբ մերժվել է (08.08.2022 թվականին թիվ ԴԴ7-17587 ելքային համարով ուղարկված հավելված 6-րդ, գ.թ. 4-32).

10) Արա Հակոբյանը 26.11.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու պահանջի մասին դիմում (հավելված 3‑րդ, գ.թ. 54-57).

11) Արա Հակոբյանը 07.12.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է պահանջից հրաժարվելու և սնանկության վարույթն ավարտելու մասին դիմում (հավելված 3‑րդ, գ.թ. 113, 114).

12) Արա Հակոբյանը 15.12.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է պահանջից հրաժարվելու, սնանկության վարույթն ավարտելու մասին 06122021 թվականի դիմումն առանց քննարկման թողնելու և պահանջի չափն ավելացնելու մասին դիմում, որով պնդել է իր՝ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ 510.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջը, ինչպես նաև խնդրել է ավելացնել պահանջի չափը (08.08.2022 թվականին թիվ ԴԴ7-17587 ելքային համարով ուղարկված հավելված 4‑րդ, գ.թ. 46,47)

13) Արա Հակոբյանը 22.11.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու մասին դիմում (հատոր 6‑րդ, գ.թ. 43)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերը որպես գործին մասնակից չդարձած անձ բողոքարկելու իրավական հնարավորությանն այն դեպքում, երբ բողոքարկվող դատական ակտի կայացման պահին բողոք բերող անձը սնանկության վարույթում ներգրավված է եղել որպես պարտատեր և որպես պարտատեր արդեն իսկ օգտվել է նույն դատական ակտը բողոքարկելու իր իրավունքից։

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությանը, արդեն իսկ նշել է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Անդրադառնալով սնանկության վարույթի ընթացքում կայացվող որոշումների բողոքարկելիության հնարավորությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերի բողոքարկումը։ Ընդ որում, վերը նշված հոդվածով օրենսդիրը հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի քննության ընթացքում կայացվող ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը (տե՛ս ըստ «Էյչ‑Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը

Վերը նշված իրավական կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ բան սահմանված չլինելու հիմնավորմամբ սնանկության գործի վարումը` տվյալ դեպքում անշարժ գույքի նկատմամբ առկա սահմանափակումները վերացնելու մասին սնանկության կառավարչի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ դատարանի որոշումը՝ որպես միջանկյալ դատական ակտ, բողոքարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը պարզելու հարցը, ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1‑ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներով բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, դատարանի մատչելիության և այն սահմանափակելու մասով կիրառման ենթակա միջոցների ու հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն ապահովելու հանգամանքի հաշվառմամբ անդրադառնալով Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումն Արա Հակոբյանի կողմից նաև որպես գործին մասնակից չդարձված անձ լինելու հիմքով բողոքարկելու իրավունք ունենալուն, արձանագրում է հետևյալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը,

2) երրորդ անձինք,

3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտերը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կախված իրավահարաբերության էությունից և դատական քննության ենթակա վիճելի նյութաիրավական պահանջից դատավարության մասնակիցների կազմը կարող է փոփոխվել, այնուհանդերձ որպես ելակետ պետք է ընդունվի սուբյեկտի շահագրգռվածությունն ու գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտերի ազդեցությունը վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա։

Շարադրվածի համատեքստում անդրադառնալով արդեն սնանկության վարույթի մասնակիցներին և նրանց կազմը որոշելու առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս վարույթի կենտրոնական ու հիմնական մասնակիցներն են պարտապանը, պարտատերը և սնանկության կառավարիչը։ Այնուհանդերձ սնանկության վարույթը բարդ և տարաբնույթ նյութաիրավական պահանջներ պարունակող վարույթ է՝ համալիր ինստիտուտ, որին բնորոշ է վարույթի տարրերի բազմազանությունը, ուստիև կախված վարույթի ընթացքում քննության ենթակա հարցից՝ նյութաիրավական պահանջից, վարույթի հակադիր շահեր ունեցող մասնակիցների շրջանակը ևս կարող է ընդլայնվել։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1‑ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճելու կամ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների, ինչպես նաև նույն օրենսգրքի 383-րդ և 384-րդ հոդվածներով նախատեսված հարցերով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ (տե՛ս Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ու պարտականությունների վրա: Այլ կերպ ասած՝ դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքները և պարտականությունները, այլև խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի և ուրիշների թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Իրավունքի գերակայության բաղադրատարր համարվող իրավական որոշակիության, մասնավորապես՝ res jսdicata սկզբունքը հարգելու համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մաuնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին և պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող ու գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռությունը (տե՛ս Հովհաննես Վարդազարյանը և Մարիանա Ավետյանն ընդդեմ Անժելա Վարդազարյանի ու Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/3273/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2021 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը դատական ակտերի բողոքարկման հնարավորություն նախատեսել է նաև երկու խումբ անձանց պարագայում` գործին մասնակցող այն անձանց, որոնց համար կայացված դատական ակտն անբարենպաստ է, և գործին մասնակից չդարձած անձանց, որոնց իրավունքներին ու օրինական շահերին է առնչվում դատական ակտը, սակայն վերջիններս մասնակից չեն դարձվել այդ գործի կամ հարցի քննությանը։ Ընդ որում, գործին մասնակից չդարձած անձի կողմից դատավարությանը ներգրավվելու և համապատասխան դատավարական կարգավիճակ ստանալու արդյունքում վերջինս ձեռք է բերում գործին մաuնակցող անձանց իրավունքներն ու նրանց համար uահմանված պարտականությունները։

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունքի նախատեսումը ենթադրում է վիճելի իրավահարաբերության ամբողջ սուբյեկտային կազմի ներգրավում, որոնց իրավունքների և օրինական շահերի վրա կարող է ազդել գործի քննությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն այդ պարագայում կարող է ապահովվել գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ ու արդյունավետ քննություն։ Այսինքն՝ գործին մասնակից չդարձած անձն իր իրավունքների պաշտպանության նպատակով ներգրավվում է գործի քննությանը, ձեռք է բերում դատավարական իրավունքներ, որի արդյունքում էլ իրացնում է արդար դատաքննության և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքները։ Հետևաբար գործին մասնակից չդարձած անձին գործի քննությանը մասնակից դարձնելով՝ կանխվում է վիճելի իրավահարաբերության բոլոր մասնակիցներին գործի քննությանը մասնակից չդարձնելու հետևանքով առաջացող դատական սխալը:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ 02.09.2014 թվականին Համայնքը դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու մասին դիմում։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ, ի թիվս այլնի, գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով։

08.11.2021 թվականին Արա Հակոբյանը դատարան է ներկայացրել պարտատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու մասին դիմում, որով խնդրել է՝ իր ու Գագիկ Ղևոնդյանի միջև 03.11.2021 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Գագիկ Ղևոնդյանի փոխարեն իրեն գրանցել որպես պարտատեր:

15112021 թվականին Արա Հակոբյանի պահանջը՝ 510000 ՌԴ ռուբլու չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում՝ որպես չապահովված «է» հերթի պահանջ։

Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից 07.12.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացնելու մասին, որը Դատարանի 07.12.2021 թվականի որոշմամբ բավարարվել է։

Արա Հակոբյանի կողմից՝ որպես սնանկության վարույթով պարտատեր, 16.12.2021 թվականին Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի վարույթ ընդունելը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11012021 թվականի որոշմամբ մերժվել է, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 29.07.2022 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

Արա Հակոբյանի կողմից՝ որպես գործին մասնակից չդարձած անձ, 22.02.2022 թվականին Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի վարույթ ընդունելը Վերաքննիչ դատարանի 15.06.2022 թվականի որոշմամբ մերժվել է։

Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Բողոքաբերը դատական ակտը բողոքարկել է գործին մասնակից չդարձվելու հիմքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն հետևության, որ Արա Հակոբյանը մասնակցել է սույն սնանկության գործի քննությանը, մասնավորապես դառնալով պարտատեր՝ վերջինս սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է դիմում, միջնորդություններ, այսինքն՝ իր գրավոր դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ, բողոքարկել է դատական ակտը, ինչն ինքնին բացառում է գործին մասնակից անձ չդարձվելու հանգամանքը: Մասնավորապես 01.12.2021 թվականի «Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 15.12.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.03.2022 թվականին կայացրել է որոշում՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակից հանդիսացող անձը չի կարող իրավունք ունենալ բողոքարկելու դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ»։

Վերոգրյալ փաստերի առկայության պայմաններում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 03.11.2021 թվականին Արա Հակոբյանի ու Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն, որի հիմքով Արա Հակոբյանը դարձել է սույն սնանկության գործով պարտատեր և համապատասխանաբար սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է պարտատեր գրանցվելու ու գրանցված պարտատիրոջը փոխարինելու մասին դիմում: Այսինքն՝ 15112021 թվականին Արա Հակոբյանի պահանջը՝ 510000 ՌԴ ռուբլու չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն պարտատերերի պահանջների գրանցամատյանում գրանցվելու պարագայում Արա Հակոբյանը դարձել է սնանկության վարույթի մասնակից՝ պարտատեր, և ունեցել է օրենքով նախատեսված կարգով իր իրավունքներն իրացնելու, այդ թվում՝ դատական ակտերը բողոքարկելու իրավական հնարավորություն։

Ավելին՝ գործին նյութերից պարզ է դառնում, որ Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը Արա Հակոբյանի կողմից՝ որպես պարտատեր, նախ բողոքարկվել է 16.12.2021 թվականին, ինչի արդյունքում Արա Հակոբյանն օգտվել է օրենսդրությամբ իրեն ընձեռված բողոքարկման իրավունքից։ Արա Հակոբյանի կողմից Դատարանի 07.12.2021 թվականի որոշումը որպես սնանկության վարույթի մասնակից՝ պարտատեր, բողոքարկելու հնարավորությունը հաստատվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 29.07.2022 թվականի որոշմամբ, որով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատն արձանագրել է, որ Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն և Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր արձանագրելու համար, որ Արա Հակոբյանը չի հանդիսանում գործին մասնակցող անձ (տե՛ս փաստ թիվ 8)։ Այսինքն՝ Արա Հակոբյանը ոչ միայն ներգրավված է եղել սնանկության վարույթում որպես պարտատեր, այլ նաև՝ որպես վարույթի մասնակից լիարժեք իրացրել է իր իրավունքները և բողոքարկել է դատական ակտը։ Նման պայմաններում ակնհայտորեն առկա չէ Դատարանի կողմից թույլ տրված այնպիսի դատական սխալ, որ կարող է վերաբերել վարույթի ոչ բոլոր մասնակիցներին՝ սույն դեպքում Արա Հակոբյանին սնանկության վարույթին չներգրավելուն։

Ընդ որում՝ գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 29.07.2022 թվականի որոշման կայացումից հետո Արա Հակոբյանը, որպես պարտատեր, իրացրել է Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումն ըստ էության բողոքարկելու իր իրավունքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2022 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով, ինչի արդյունքում կայացվել է Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում։ Հիշյալ որոշման դեմ Արա Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 29.03.2023 թվականի որոշմամբ մերժվել է (հիմք՝ https://datalex.am/ տեղեկատվական համակարգ)։

Արա Հակոբյանը թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի ընթացքում որպես պարտատեր նաև կատարել է մի շարք դատավարական գործողություններ և ներկայացրել դիմումներ (տե՛ս փաստեր թիվ 10-13), ինչը ևս վկայում է այն մասին, որ Արա Հակոբյանը լիարժեքորեն ներգրավված է եղել սնանկության վարույթում ու ունեցել է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավոր միջոցներն ու գործնականում դրանք կիրառելու իրավական հնարավորությունը։

Ողջ վերոգրյալի համադիր վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արա Հակոբյանը, իրացնելով իրեն պատկանող քաղաքացիական իրավունքներն իր հայեցողությամբ իրականացնելու [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետ] և սեփական հայեցողությամբ իր դատավարական իրավունքներն իրականացնելու ու դատական պաշտպանության միջոցները և եղանակները տնօրինելու [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս] օրենքով երաշխավորված հնարավորությունները, 15.11.2021 թվականին դարձել է պարտատեր, վերջինիս պահանջը գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում, հետևաբար Արա Հակոբյանը ներգրավվել է սնանկության վարույթում՝ ձեռք բերելով գործի քննությանը մասնակցող անձի կարգավիճակ: Արա Հակոբյանը պարտատեր դառնալու արդյունքում կատարել է մի շարք դատավարական գործողություններ, ընդ որում՝ որպես պարտատեր բողոքարկել է Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը, հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արա Հակոբյանի պարտատեր հանդիսանալու արդյունքում արդեն իսկ բացակայում է ենթադրյալ գործին մասնակից չդարձած անձ Արա Հակոբյանին գործի քննությանը ներգրավվելու անհրաժեշտությունը։ Հակառակ պարագայում կիմաստազրկվի ինչպես բողոքարկման ինստիտուտի, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձին՝ գործի քննությանը մասնակից դարձնելու իրավական նպատակներն ու երաշխիքները, ինչպես նաև հնարավոր չի լինի երաշխավորել գործին մասնակից դարձած և գործի քննությանը մասնակից չդարձած անձանց իրավունքների միջև հավասարակշռությունը։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման, քանի որ Արա Հակոբյանը չի կարող համարվել գործին մասնակից չդարձած անձ և այդ հիմքով բողոք ներկայացնել այն պայմաններում, երբ վերջինս, լինելով դատավարության մասնակցի իրավահաջորդ, արդեն իսկ օգտվել է դատական ակտը բողոքարկելու իր իրավունքից՝ որպես դատավարության մասնակից։ Այսինքն՝ դատավարությանն արդեն իսկ մասնակից դարձած անձը՝ տվյալ դեպքում Արա Հակոբյանը, չի կարող որպես գործին մասնակից չդարձած անձ բողոքարկել դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ, վերջինս արդեն իսկ օգտվել է բողոքարկման իր իրավունքից։

Հաշվի առնելով Արա Հակոբյանի կողմից Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը որպես գործին մասնակից չդարձած անձ բողոքարկելու իրավասության բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանն Արա Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի այլ հիմքերին և հիմնավորումներին չի անդրադառնում։

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը Արա Հակոբյանի՝ որպես գործին մասնակից չդարձած անձի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, կայացրել է օրինական ու պատճառաբանված դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական: