ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 410-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է։
3. Սույն որոշումն ընդունվելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին (այսուհետ՝ թվային համակարգ) ներկայացվող պահանջները, կարգավորվում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները։
2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի։
2. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ
3. Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ գործատու) աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը (այսուհետ՝ փաստաթուղթ) կազմում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված փաստաթուղթն ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
5. Գործատուի կողմից ստորագրված փաստաթուղթն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
7. Աշխատանքի ընդունվող անձը (աշխատողը) աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրի բովանդակության հետ համաձայնվելու դեպքում, ոչ ուշ, քան դրանցում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին նախորդող աշխատանքային օրը, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը։
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով CoSign էլեկտրոնային ստորագրության տեսակով)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ սահմանված պահանջների:
9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, թվային համակարգի միջոցով, ինքնաշխատ ձևավորվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտ (վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ), որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա և գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։
10. Գործատուների կողմից ինքնաշխատ ձևավորված գրանցման հայտը հարկային մարմին է հանձնվում մինչև գրանցման հայտը ձևավորվելու աշխատանքային օրվա ավարտը՝ լրացնելով նաև գրանցման հայտում ներառվող այն տեղեկությունները, որոնք ներառված չեն աշխատանքային պայմանագրում։
11. Թվային համակարգով գրանցման հայտ ինքնաշխատ ձևավորվում է նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուի կողմից անհատական իրավական ակտ կազմելու դեպքում։
12. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետևյալ դաշտերը՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը՝ լրացվում է ինքնաշխատ)*.
4) գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
5) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
6) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը՝ բացառությամբ, եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ և փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.
7) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաև բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
8) աշխատանքի վայրը*.
9) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
10) աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը*.
11) պաշտոնի անվանումը*.
12) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
13) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
14) աշխատավարձը որոշելու ձևը*.
15) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
16) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաև պայմանագրի գործողության ժամկետը*.
17) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
18) աշխատաժամանակի ռեժիմը*.
19) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.
20) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը*.
21) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաև հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
25) այլ պայմաններ։
13. Սույն կարգի 12-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
14. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:
15. Սույն կարգի 14-րդ կետը տարածվում է նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, եթե այդ անձանց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
3. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
16. Թվային համակարգին հասանելիություն է տրամադրվում`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաև աշխատողի համար հաշվարկված և վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական և պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար.
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված մարմիններին հասանելիություն տրամադրվում է թվային համակարգի միջոցով կնքված՝
1) աշխատանքային պայմանագրերին.
2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին.
3) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական: