ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1995 թ. N 117
քաղ. Երևան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնի կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի նոյեմբերի 13-ի «Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի բաժինների կանոնադրությունները հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 2-ի N 117 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
1. Պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժինը (վարչությունը) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծվում է պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի կողմից և իր գործունեությամբ ենթարկվում է պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդին, նրա գործադիր կոմիտեին ու օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը:
2. Ժողովրդական կրթության բաժինը (այսուհետև` բաժին) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների որոշումներով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հրամաններով, հրահանգներով, ցուցումներով և սույն կանոնադրությամբ:
3. Բաժնի պահպանման ծախսերը կատարվում են համապատասխան տեղական բյուջեի հաշվին:
4. Բաժինն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
5. Բաժնի հիմնական խնդիրներն են`
ա) նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.
բ) իր ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մանկապատանեկան արտադպրոցական հաստատություններում (այսուհետև` լուսհաստատություն) կրթության և դաստիարակության կազմակերպումը, ուսումնանյութական բազայի ստեղծումն ու ամրապնդումը, ինչպես նաև լուսհաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու նորոգումը.
գ) երեխաների առողջության պահպանման վերահսկողությունը.
դ) ծնողական խնամքից զրկված երեխաների հանդեպ հոգածությունը և անչափահասների իրավունքների պաշտպանությունը:
6. Բաժինն իր հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) ապահովում է ուսումնահասակ երեխաների ընդգրկումը համապատասխան վարչական տարածքի հանրակրթական հաստատություններում.
բ) իրականացնում է իր ենթակայության լուսհաստատություններում կրթության և դաստիարակության կազմակերպումը.
գ) մշակում և պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի գործադիր կոմիտեի հաստատմանն է ներկայացնում լուսհաստատությունների ցանցի զարգացման տարեկան և հեռանկարային պլանների նախագծերը, ինչպես նաև ուսումնանյութական բազայի ամրապնդման միջոցառումները և ապահովում դրանց իրականացումը.
դ) կազմակերպում է ուսումնական սարքավորումների, տեխնիկական միջոցների, գրենական պիտույքների, տնտեսական նյութերի ձեռքբերման, ինչպես նաև ուսումնական լաբորատորիաների ստեղծման և դրանց հարստացման գործը.
ե) ապահովում է լուսհաստատությունների շենքերի ընթացիկ և հիմնական նորոգումը, օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, ինչպես նաև շրջակայքի բարեկարգումը, կազմակերպում է սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջերմամատակարարման աշխատանքները.
զ) իրականացնում է լուսհաստատությունների բյուջեի նախագծերի կազմման ու կատարման աշխատանքները և վերահսկողություն է սահմանում նրանց նախահաշիվներով հաստատված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ.
է) կոորդինացնում է լուսհաստատությունների հաշվապահական հաշվառման աշխատանքները.
ը) վերահսկում է ֆինանսատնտեսական նորմատիվ փաստաթղթերի, հրամանների ու հրահանգների կատարումը, ինչպես նաև լուսհաստատություններից ստանում, ամփոփում և համապատասխան պետական կառավարման մարմիններին է ներկայացնում անհրաժեշտ հաշվետվություններ.
թ) սահմանված կարգով վերահսկում է մանկավարժների սոցիալական վիճակի բարելավման վերաբերյալ պետական կառավարման վերադաս մարմինների և գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհրդի և նրա գործադիր կոմիտեի որոշումների ու կարգադրությունների կատարումը.
ժ) կոորդինացնում է մանկավարժներին հատկացված մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները.
ի) առողջապահական մարմինների, հիմնարկների հետ համատեղ վերահսկում է լուսհաստատություններում երեխաների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործը.
լ) իրականացնում է անապաստան, ծնողազուրկ և կրթություն ստանալու համար պետության հովանավորության կարիքն ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման, երեխաների խնամակալության, հոգաբարձության և որդեգրման գործը, զբաղվում անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով.
խ) կազմակերպում է լուսհաստատությունների, ինչպես նաև արձակուրդների ժամանակ մանկական ճամբարներում ընդգրկված երեխաների սնունդը.
ծ) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության տարածքային տեսչության հետ համատեղ կազմակերպում է լուսհաստատություններին հատկացված դասագրքերի, այլ ուսումնական գրականության բաշխման աշխատանքները:
7. Բաժինն իր հիմնական խնդիրներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության տարածքային տեսչության, ներկայացուցչական մարմինների, լուսհաստատություններին աջակցող կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
8. Բաժինն անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության տարածքային տեսչության հետ արձակում է համատեղ հրամաններ:
9. Բաժինն իր գործունեությամբ հաշվետու է պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդին և նրա գործադիր կոմիտեին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը:
10. Բաժնի կառուցվածքը և հաստիքները սահմանված կարգով հաստատվում են պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի կողմից:
11. Բաժինը գլխավորում է վարիչը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում պատգամավորների տեղական խորհուրդների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Բաժնի վարիչը`
ա) ղեկավարում է բաժնի գործունեությունը, ապահովում է նրա առջև դրված խնդիրների կատարումը և պատասխանատվություն է կրում դրանց իրագործման համար.
բ) սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում բաժնի աշխատողներին.
գ) սահմանում է բաժնի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները.
դ) բաժնի խնդիրների շրջանակներում որոշումների, կարգադրությունների, հրամանների նախագծեր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի ու նրա գործադիր կոմիտեի քննարկմանը.
ե) բաժնի իրավասության սահմաններում, պատգամավորների շրջանային (քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի, նրա գործադիր կոմիտեի որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև գործող օրենսդրության հիման վրա, արձակում է հրամաններ և ապահովում դրանց կատարումը.
զ) կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմում-գանգատների, առաջարկությունների քննարկումը, կատարում քաղաքացիների ընդունելություն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|