Գլխավոր տեղեկություն
Номер
N 114
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1995 թ. N 114

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, էլեկտրաէներգիա արտադրողների, մատակարարների և սպառողների փոխհարաբերությունների կանոնակարգման, այդ բնագավառում պետական մարմինների դերի հստակեցման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) մեկամսյա ժամկետում «Հայէներգո» պետական կոնցեռնը վերակազմավորել պետական ձեռնարկության, իսկ նրա ենթակա ձեռնարկություններին (ջերմային էլեկտրակայաններին, հիդրոէլեկտրակայանների Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադներին), ինչպես նաև շրջանային ու քաղաքային էլեկտրական ցանցերի ձեռնարկություններին տալ դուստր ձեռնարկության կարգավիճակ (որպես ինքնուրույն հարկ վճարողներ), ընդ որում, ջերմային էլեկտրակայանները և հիդրոէլեկտրակայանների Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադները որպես ինքնուրույն հարկ վճարողներ հանդես են գալու 1995 թվականի հուլիսի 1-ից.

բ) լուծարել տարածաշրջանային էլեկտրական ցանցերի պետական ձեռնարկությունները.

գ) պահպանել «Երէլեկտրացանց» պետական ձեռնարկության կարգավիճակը` մեկամսյա ժամկետում նրա շրջանային էլեկտրական ցանցերի ձեռնարկություններին տալով դուստր ձեռնարկությունների կարգավիճակ (որպես ինքնուրույն հարկ վճարողներ).

դ) քաղաքներում, ավանային և գյուղական վայրերում բնակչության և այլ սպառողների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման համար շրջանային էլեկտրական ցանցերի դուստր ձեռնարկությունների կազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (տնտհաշվարկային տեղամասեր): Ընդ որում, գյուղական վայրերում այդ աշխատանքներն իրականացնել էներգաիրացման խմբերի, իսկ քաղաքներում` առանձնացված ստորաբաժանումների (տնտհաշվարկային տեղամասերի), անհրաժեշտության դեպքում նաև ԲՇՏ-ների միջոցով:

2. Հաստատել էլեկտրաէներգիայի արտադրության և իրացման հետևյալ կարգը`

ա) էլեկտրաէներգիայի միասնական սակագնի շրջանակներում «Հայէներգո» ՊՁ-ն հանդես է գալիս որպես էներգիայի մեծածախ գնորդ` իր դուստր ձեռնարկություններ` էլեկտրակայաններից և մեծածախ վաճառող` իր շրջանային էլեկտրացանցեր դուստր ձեռնարկություններին ու «Երէլեկտրացանց» պետական ձեռնարկությանը, հարաբերությունները կանոնակարգելով պայմանագրային հիմունքներով` նախարարության կողմից հաստատված էլեկտրաէներգիայի տարիֆային եկամտի նորմատիվային բաշխման գործակիցների հիման վրա: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը, ելնելով տնտեսական գործունեության հիմնավորված արդյունքներից ոչ շուտ, քան եռամսյակը մեկ անգամ, «Հայէներգո» ՊՁ-ի և «Երէլեկտրացանց» ՊՁ-ի ներկայացմամբ, արտադրողի, մատակարարի և իրացնողի միջև կատարում է տարիֆային եկամտի նորմատիվային բաշխման գործակիցների փոփոխություն.

բ) կենսաապահովման օբյեկտներին հատկացվող էլեկտրաէներգիայի սահմանաքանակները և բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի նվազագույն չափաքանակը հաստատում է օպերատիվ կառավարման հանրապետական շտաբը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու էներգետիկայի և վառելիքի նախարարության ներկայացմամբ: Օգտագործված էլեկտրաէներգիայի համար վճարումները ժամանակին կատարելու դեպքում սպառողներին կարող է տրվել հաստատված միասնական սակագնով էլեկտրաէներգիայի հավելյալ չափաքանակ` հաշվի առնելով վճարումների չափը.

գ) հաստատված և պայմանագրային սահմանաքանակների շրջանակներում մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներն ապահովելու համար քաղաքային և շրջանային էլեկտրացանցերի դուստր ձեռնարկությունները պայմանագրեր են կնքում`

բնակչությանը և այլ սպառողներին տրվող էլեկտրաէներգիայի մասով` քաղաքներում` առանձնացված ստորաբաժանումների (տնտհաշվարկային տեղամասերի), իսկ ավանային և գյուղական վայրերում` էներգաիրացման խմբերի հետ.

տեղական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներին տրվող էլեկտրաէներգիայի մասով` անմիջականորեն պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հաստատված սպառողների հետ,

ձեռնարկություններին, կազմակերպություններին և հանրապետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներին տրվող էլեկտրաէներգիայի մասով` անմիջականորեն այդ ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ու վառելիքի նախարարության համաձայնությամբ` պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների հետ, եթե վերջիններս պարտավորվում են կատարելու քաղաքին կամ շրջանին տրված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները: Այս դեպքում պատգամավորների քաղաքային կամ շրջանային խորհուրդների գործկոմներին իրավունք է վերապահվում տնօրինելու իրենց տարածքում օգտագործվող էլեկտրաէներգիայի սահմանաքանակները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անմիջական սպառողների հետ կնքելու էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել էլեկտրաէներգիա արտադրողի, մատակարարի և սպառողի միջև կնքվող էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` մինչև 1995 թվականի ապրիլի 10-ը ապահովել հանրապետության ամբողջ տարածքում սպառողների հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի կնքումը (հաստատված նոր օրինակելի ձևերով).

սահմանել, որ բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվում է անհատական կարգով:

5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ու շահագրգիռ պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ եռամսյա ժամկետում հաստատել միջոցառումների համալիր` բնակչության էլեկտրահաշվիչները, ինչպես նաև այլ ծառայությունների համար տեղադրվող հաշվիչները բնակարաններից դուրս բերելու և դրանք գործող տեխնիկական պահանջներին համապատասխան տեղերում տեղադրելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` եռամսյա ժամկետում էլեկտրական ցանցերի դուստր ձեռնարկությունների կողմից առանձնացված ստորաբաժանումներին (տնտհաշվարկային տեղամասերին) վաճառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելու նպատակով բնակչությանը և այլ սպառողներին մատակարարող տրանսֆորմատորային ենթակայաններում տեղադրել էլեկտրահաշվիչներ:

7. Իրավունք վերապահել «Հայէներգոարդ» ՊՁ-ին և «Երէլեկտրացանց» ՊՁ-ին իրականացնելու նաև դուստր ձեռնարկությունների կենտրոնացված ֆինանսավորում` կենտրոնացված ամորտիզացիոն հատկացումների և իրենց տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում քննության առնել բնակչության սոցիալապես անապահով խավերին օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցումներ տալու, ինչպես նաև օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման արտոնություններից օգտվող աբոնենտների ցանկը ճշտելու հարցերը և ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելուց հետո, մինչև 1995 թվականի մարտի 31-ը, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, մատակարարման և սպառման լրամշակված կանոնները:

10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել պայքարը բնակչության և այլ սպառողների կողմից էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործումների դեմ և յուրաքանչյուր ամիս այդ մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ