ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 1. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:
ՀՈԴՎԱԾ 2. |
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ |
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները և ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(2-րդ հոդվածը խմբ. 03.05.05 ՀՕ-95-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 3. |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:
ՀՈԴՎԱԾ 4. |
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են.
ա) գործավարությունը կատարել հայերեն,
բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը,
գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
ՀՈԴՎԱԾ 5. |
ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության և կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2022, ՀՕ-406-Ն | 24.11.2022, ՀՕ-52 | |
23.03.2018, ՀՕ-305-Ն | 09.04.2018, ՀՕ-52 | |
28.04.2014, ՀՕ-8-Ն | 30.05.2014, ՀՕ-52 | |
23.05.2011, ՀՕ-162-Ն | 17.07.2011, ՀՕ-52 | |
14.04.2011, ՀՕ-91-Ն | 02.05.2011, ՀՕ-52 | |
22.12.2010, ՀՕ-31-Ն | 05.02.2011, ՀՕ-52 | |
03.05.2005, ՀՕ-95-Ն | 18.06.2005, ՀՕ-52 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|