Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-13-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.43
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2011
Дата вступления в силу
05.02.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով, իսկ «քննությունն» բառը փոխարինել «վարումն» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը։

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 4. Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը

 

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։

2. Դատարանում սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից միանձնյա։»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Պարտապանը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերը։».

2) 3-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով։

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան։».

Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հրապարակվում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան էլեկտրոնային կայքէջում։

Եթե կատարողական վարույթը կասեցնելու որոշումը հրապարակելուց հետո ի հայտ են գալիս նոր պարտատերեր կամ արդեն հայտնի պարտատերը կամ պարտապանը դիմում են հարկադիր կատարողին կատարողական վարույթը չվերսկսելու դիմումով, ապա հարկադիր կատարողն առաջարկում է նրանց սնանկության հայց ներկայացնել դատարան և կատարողական վարույթ չի վերսկսում։

Եթե սույն մասով սահմանված ժամկետում պարտապանի կամ պարտատիրոջ կողմից սնանկության հայց չի ներկայացվում դատարան կամ ի հայտ չեն գալիս նոր պարտատերեր, ապա հարկադիր կատարողը վերսկսում է կատարման վարույթը։

Սույն մասի իմաստով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված և գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից։ Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող անուղղակի հարկային պարտավորությունները։».

 2) 3-րդ մասի «և երկրորդ մասերում» բառերը փոխարինել «մասում» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով» բառերը` «սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին կառավարության որոշումը» բառերով։

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունը «ներկայացրած» բառից առաջ լրացնել «համատեղ» բառով, իսկ երկրորդ պարբերության «մինչև դիմումը վարույթ ընդունելը» բառերը փոխարինել «մինչև վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործը կարճվում է։»։

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`

«գ) «առաջարկ` ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`

«գ) «դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը։».

3) 4-րդ մասի «դիմումատուի» բառը փոխարինել «դիմողի» բառով։

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «դ» կետի «անդամների» բառը փոխարինել «մասնակիցների (լիակատար ընկերների)» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։»։

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «միաժամանակ» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով,» բառերով։

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «օրը» բառը փոխարինել «օրվանից եռօրյա ժամկետում» բառերով.

2) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։»։

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում.

 

1) 1-ին մասի «բ» կետը «պահանջներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե պարտապաններն ամուսիններ են և դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են» բառերով.

2) 2-րդ մասի «օրը» բառը փոխարինել «օրվանից եռօրյա ժամկետում» բառերով.

3) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Դիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։»։

 

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «Հարկադրված սնանկության» բառերից հետո լրացնել «վերաբերյալ» բառով, «7 օրվա» բառերը փոխարինել «15 օրվա» բառերով, «երկրորդ մասով» բառերը` «2-րդ մասի 2-րդ կետով» բառերով, իսկ «ութերորդ օրը» բառերը` «16-րդ օրը» բառերով.

2) 2-րդ մասի «7 օրվա» բառերը փոխարինել «15 օրվա» բառերով.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով`

 

«Հոդված 17.1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։»:

 

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 18. Կողմերի հաշտության համաձայնությունը

 

1. Կողմերը, մինչև դատավորի վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը կարող են կնքել հաշտության համաձայնություն։

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները։

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։

5. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան առողջացման ծրագրի հաստատման միջոցով։ Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագրի շրջանակներում առանձին պարտատիրոջ և պարտապանի միջև հաշտություն կնքելու իրավունքը կարող է իրականացվել տվյալ պարտատիրոջ կողմից միակողմանի պարտքի լրիվ կամ մասնակի ներմամբ կամ կատարման ժամկետի միակողմանի երկարաձգմամբ։»:

 

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «և» բառը փոխարինել «կամ սնանկ ճանաչելու» բառերով.

2) 1-ին մասի «զ» կետից հանել «հարկադիր կատարողը,» բառերը.

3) 2-րդ մասի վերջին պարբերությունը լրացնել «, բացառությամբ հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների» բառերով.

4) 6-րդ մասը «մերժելու» բառից հետո լրացնել «կամ գործի վարույթը կարճելու» բառերով, իսկ «և հինգերորդ մասերով» բառերը փոխարինել «մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։».

2) 2-րդ մասից հանել «և հարկադիր կատարողը` վերջինիս կողմից դիմում ներկայացնելու դեպքում» բառերը.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։»։

 

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր։».

2) 4-րդ մասի «Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժվելու, ինչպես նաև այն դեպքում, երբ» բառերը փոխարինել «Երբ» բառով։

 

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 22. Կառավարչի ընտրությունը և նշանակումը

 

1. Կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր։

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտապանը և գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (իսկ եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերի համաձայնության դեպքում` պարտատերերը) փոխադարձ համաձայնության գալով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացրած դատավորին են ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը։

3. Եթե պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կառավարչի թեկնածության վերաբերյալ ձեռք չեն բերում փոխադարձ համաձայնություն կամ եթե պարտատերը (պարտատերերը) կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չի ներկայացնում, կամ գործին որպես դիմող մասնակցած մի քանի պարտատերեր թեկնածուի հարցում ձեռք չեն բերում փոխադարձ համաձայնություն, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն ներկայացնում իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը, կամ նրանց ներկայացրած կառավարչի թեկնածուն չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ նրանց նախընտրած կառավարչի թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ապա դատարանը որպես կառավարիչ չի նշանակում պարտատիրոջ (պարտատերերի) կողմից ներկայացված կառավարչի թեկնածուին, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը։

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պահանջագիրն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում դատարան է ներկայացնում կառավարչի թեկնածություն։ Կառավարչի թեկնածուի ընտրության կարգը և չափանիշները սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ։

5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստանալով կառավարիչ ներկայացնելու դատարանի պահանջագիրը, այդ մասին նույն օրը պարտավոր է տեղեկացնել կազմակերպության անդամ հանդիսացող կառավարիչներին` հեռախոսային, փոստային կապով և հայտարարություն տալով կազմակերպության էլեկտրոնային կայքում, որում ներառվում են նաև կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր կառավարիչների տվյալները։ Այն կառավարիչները, ովքեր ցանկություն են հայտնում տվյալ գործով հանդես գալ որպես կառավարիչ, երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող են գրանցվել կազմակերպության էլեկտրոնային կայքում կամ գրավոր հայտ ներկայացնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն։ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը էլեկտրոնային կայքում գրանցված և հայտ ներկայացրած կառավարիչների տվյալները ներառում է համակարգչի մեջ և հատուկ ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն և հաջորդ աշխատանքային օրվա մինչև ժամը տասներկուսը դատարան է ներկայացնում տվյալ գործով կառավարչի թեկնածությունը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով ընտրված կառավարչին։

6. Եթե որևէ կառավարիչ ցանկություն չի հայտնում տվյալ գործը վարելու համար, ապա կազմակերպությունը, տարածքային սկզբունքից ելնելով, համակարգչում ներառում է տվյալ տարածքում գործունեություն իրականացնելու համար գրանցված իր անդամ հանդիսացող բոլոր կառավարիչների տվյալները և համակարգչային ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն և հաջորդող աշխատանքային օրվա մինչև ժամը տասներկուսը դատարան է ներկայացնում ընտրված կառավարչի թեկնածությունը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին։

7. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքները։ Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն ստանձնելուց, իսկ գործով որպես դիմող մասնակցած պարտատերը (պարտատերերը) այդ ընթացքում նոր թեկնածու չի ներկայացրել, ապա դատարանը կառավարիչ է նշանակում ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացրած այլ թեկնածուի, որը ընտրվում է կազմակերպության կողմից` սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված կարգով։

8. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը կամ դատարանն այդ մասին տեղյակ է պահում պետական լիազոր մարմնին։»:

 

Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «համար» բառից հետո լրացնել «պետական լիազոր մարմնի կողմից ստացել է սնանկության գործերով կառավարչի որակավորում և» բառերով.

2) 2-րդ մասի «ա» կետի «նկատմամբ» բառը փոխարինել «հետ» բառով.

3) 2-րդ մասի «դ» կետը «մարված» բառից հետո լրացնել «կամ հանված» բառերով.

4) 2-րդ մասի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) չունի սնանկության կառավարչի որակավորում կամ չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կամ հաշվառված չէ որպես անհատ ձեռնարկատեր.».

5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով`

«ժ) սահմանված ժամկետում չի կատարել իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։»։

 

Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության առաջարկած կառավարիչը դատարանի կողմից սնանկության գործով որպես կառավարիչ նշանակվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար։ Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից։ Եթե կառավարիչը սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը, ապա դատարանը որոշում է կայացնում տվյալ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` նոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու համար։ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանին է ներկայացնում նոր կառավարչի թեկնածությունը։»։

 

Հոդված 23. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «20» թվից հետո լրացնել «պետական լիազոր մարմնի կողմից որակավորված» բառերով.

2) 2-րդ մասից հանել «անդամների քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումն ապացուցող տեղեկություններ» բառերը.

3) 6-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 24. Օրենքի 27-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անդամները պարբերական վճարներ են կատարում անդամության համար, որի չափը որոշվում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում։».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով`

«զ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը։».

3) 4-րդ մասի վերջին նախադասությունը «ղեկավարը» բառից հետո լրացնել «պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական, սակայն» բառերով, իսկ «որևէ սնանկության գործով կառավարիչ կամ» բառերը հանել.

4) 5-րդ մասը «անդամը» բառից հետո լրացնել «պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական և» բառերով։

 

Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «գ» կետում «հանդես է եկել որպես հայցվոր» բառերը փոխարինել «հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Յուրաքանչյուր կառավարիչ պետք է ունենա իր անուն-ազգանունով կնիք։»:

 

Հոդված 26. Օրենքի 30-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «գոյացած միջոցներից» բառից հետո լրացնել «, չներառելով իրացումից ստացված անուղղակի հարկերի գումարը» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով վաղաժամկետ ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` աշխատաժամանակին և կատարած աշխատանքին համապատասխան` աշխատանքային օրենսդրության սկզբունքներից ելնելով։»։

 

Հոդված 27. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացնել «սնանկության գործը վարող» բառերով։

 

Հոդված 28. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։ Դատավորի կողմից կառավարչի պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում դատավորն այդ մասին անհապաղ տեղեկացնում է տվյալ կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, պարտապանին և պարտատերերին։ Նոր կառավարչի նշանակումը կատարվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով`

«1.1 Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելը հիմք է լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու համար։».

3) 3-րդ մասը «որոշումը» բառից հետո լրացնել «կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու,» բառերով։

 

Հոդված 29. Օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասության «դատարան» բառը փոխարինել «գործը վարող դատավորին» բառերով։

 

Հոդված 30. Օրենքի 39-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ա» կետը «բավարարում տալը» բառերից հետո լրացնել «, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը» բառերով։

2) 2-րդ մասի «բ» և «գ» կետերի «պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող» բառերը փոխարինել «պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով» բառերով։

 

Հոդված 31. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասը «կատարված» բառից հետո լրացնել «, սակայն» բառով։

 

Հոդված 32. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2. Առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։»:

 

Հոդված 33. Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը «Խորհրդի» բառից հետո լրացնել «կամ ժողովի» բառերով։

 

Հոդված 34. Օրենքի 76-րդ հոդվածում`

 

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով`

«8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 35. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «Խորհրդի» բառից հետո լրացնել «կամ ժողովի» բառերով։

 

Հոդված 36. Օրենքի 82-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

 

«5. Եթե առկա միջոցները բավարար չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու համար, ապա աշխատավարձի վճարումը կատարվում է համամասնորեն կամ աշխատավարձի վճարումն իրականացվում է` հիմք ընդունելով աշխատավարձի չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ։»։

 

Հոդված 37. Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «հարգելիությունը» բառից հետո լրացնել «և պահանջների հիմնավորվածությունը» բառերով, իսկ չորրորդ նախադասությունը «հարգելիության» բառից հետո` «և պահանջների հիմնավորվածության» բառերով։

 

Հոդված 38. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի կամ պարտապանի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են (այդ թվում` հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման համար սնանկության հատուկ հաշվին անհատույց դրամական միջոցներ փոխանցելու միջոցով), կամ նրանք հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, կամ պահանջներ չեն ներկայացվել, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից և առկա չէ որևէ պարտավորության գծով 60 օրից ավելի կետանց։ Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով։»:

 

Հոդված 39. Օրենքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 40. Օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2. Գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացվում է օրենքով սահմանված կարգով։»:

 

Հոդված 41. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 42. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ սնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր և ստանալ որակավորման վկայական` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում։

3. Սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջները` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու մասով, գործը վարող կառավարիչների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

4. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 30-րդ, 33-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դատարանում առկա սնանկության գործերի դատական վարույթի վրա։

5. Սույն օրենքը չունի հետադարձ ուժ և հիմք չէ մինչև սույն օրենքի ընդունումն ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման համար։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-13-Ն