Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.03.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.03.2025
Дата вступления в силу
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0033 Ն. 13.03.25

 

13 մարտի 2025 թվականի

թիվ 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

հիմք ընդունելով «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» կետերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույցը» թիվ 114-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Հավելվածի 2-րդ կետում «ֆոնդի կառավարիչը» բառից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային կազմակերպությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը, ապահովագրական միջնորդը, գրավատունը, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը)» բառերը,

2) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 181-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ մասնակցություն (այսուհետ՝ այլ մասնակցություն) ձեռք բերելու դիմումը մերժվում է, գրանցված ղեկավարը հանվում է գրանցումից, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցվում է, եթե անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը անցյալում կատարել է այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը չի կարող պատշաճորեն կառավարել ֆինանսական կազմակերպության գործունեության համապատասխան ոլորտը, կամ տվյալ անձի գործողությունները կարող են հանգեցնել ֆինանսական կազմակերպության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:»,

3) Հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1.Կենտրոնական բանկի կողմից մերժվում են ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու, նշանակալից մասնակցություն կամ այլ մասնակցություն ձեռք բերելու այն անձանց վերաբերյալ դիմումները.

1) որոնք Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունեն չմարված կամ չվերացված դատվածություն,

2) որոնք ներառված են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

Ընդ որում՝ Կենտրոնական բանկը կարող է մերժել ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու, նշանակալից մասնակցություն կամ այլ մասնակցություն ձեռք բերելու այն անձանց վերաբերյալ դիմումները, որոնց հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունեն չմարված կամ չվերացված դատվածություն։»:

4) Հավելվածի 4-րդ կետի․

ա․ «կամ նշանակալից մասնակցություն» բառերը փոխարինել «, նշանակալից մասնակցություն կամ այլ մասնակցություն» բառերով․

բ․ 7-րդ ենթակետից հանել «Անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձը» բառերը․

գ․ 9-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ծառայողների» բառը փոխարինել «աշխատակիցների» բառով:

5) Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Ղեկավարի, նշանակալից մասնակցի, իսկ նշանակալից մասնակցության դեպքում նաև իրական շահառուի մոտ սույն ուղեցույցի 3.1-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունում գրանցված ղեկավարը հանվում է գրանցումից, կամ գործող նշանակալից մասնակցությունը դադարեցվում է: Սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու, ինչպես նաև գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում և կարող են հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու դիմումները մերժելու, ինչպես նաև գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու համար:»:

6) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 8-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական: